06/05/2020

ԱԼԵՔՍԵՅ ՎԱՍՍԱՎ. «Հայաստանը մեր երկրորդ հայրենիքն է, եւ մենք միասին ենք հավերժ»

ԱԼԵՔՍԵՅ ՎԱՍՍԱՎ. «Հայաստանը մեր երկրորդ հայրենիքն է, եւ մենք միասին ենք հավերժ»

«Սյունյաց երկիրը» իր գործունեության տասը եւ ավելի տարիների ընթացքում մշտապես համագործակցել է Մեղրու սահմանապահ ջոկատի հետ, լուսաբանել այդ զորամասի առօրյան, որի գլխավոր նպատակը հանրապետության հարավային սահմանի անվտանգության ապահովումն է: Եվ, բարեբախտաբար, այդ զորամասը գլխավորել ու գլխավորում են մարդիկ, ովքեր իրենց ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելուց զատ նաեւ համագործակցել են տեղական իշխանությունների ու լրատվամիջոցների հետ, ապրել տեղի բնակիչների հոգսերով ու մտահոգություններով:


Գնդապետ Անատոլի Շադրինի՝ ծառայության այլ վայր տեղափոխվելուց հետո Մեղրու սահմանապահ ջոկատի հրամանատարի պաշտոնակատարն է ջոկատի շտաբի պետ, գնդապետ Ալեքսեյ Յուրեւիչ Վասսավը, ով տարբեր պաշտոններում ծառայել է Ռուսաստանի Դաշնությունում: Արիության շքանշանի ասպետ է, պարգեւատրվել է «Պետական սահմանի գերազանց պահպանության համար» մեդալով:

Ջոկատի հրամանատարի պաշտոնակատարի հետ մեր զրույցը հայ-իրանական պետական սահմանի օպերատիվ իրավիճակի, ինչպես եւ սահմանապահներին առնչվող մի քանի հարցերի մասին է:

– Պարո՛ն գնդապետ, զրույցը սկսենք սահմանապահներին առնչվող ու առաջին հայացքից սովորական, բայց բոլորիս հետաքրքրող մի հարցով. ինչպիսի՞ն է օպերատիվ իրավիճակն Իրան-Հայաստան սահմանում:

– Պետական սահմանում օպերատիվ իրավիճակը կայուն է, սահմանապահներն ամենայն պատասխանատվությամբ կատարում են իրենց պարտականությունները: Այսպես ձեւակերպեմ. եթե որեւէ մեկը փորձի անցնել սահմանը, մեզ անկասկած հայտնի կլինի, եւ մենք կկանգնենք սահմանախախտի ճանապարհին: Իսկ այս պահի դրությամբ կասեմ, որ ամեն ինչ հանգիստ է: Ինչ վերաբերում է տեղի բնակչությանը, ապա նրա հետ նույնպես համագործակցում ենք եւ մշտապես զգում մարդկանց աջակցությունը:

Այստեղ եկել եմ վեց ամիս առաջ, հասցրել եմ հանդիպել տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ` Մեղրի, Ագարակ, Շվանիձոր, Նյուվադի համայնքներում, բոլորի հետ գործնական զրույցներ ենք ունեցել, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկել:

– Գիտենք, որ Ձեր զորամասը, ծառայության բերումով, համագործակցում է Մեղրու մաքսակետի հետ: Միաժամանակ՝ հանրապետական մամուլում երբեմն կարծիքներ են շրջանառվում, որ Հայաստան թմրանյութ թափանցող ճանապարհներից մեկն Իրան-Հայաստան պետական սահմանն է: Ինչպե՞ս եք վերաբերվում նման խոսակցություններին, ինչպե՞ս եք գնահատում մաքսակետի հետ համագործակցությունը, եւ ինչպիսի՞ն է իրավիճակը հայ-իրանական սահմանում` մեզ մտահոգող հարցի առումով:

– Մաքսային ծառայության հետ արդյունավետ համագործակցության հիմքը վաղուց է դրված, դրա արդյունքները նկատելի են: Եվ չէի ասի, որ թմրանյութի տեղափոխման այդպիսի խոշոր «խողովակ» է գործում պետական սահմանի այս հատվածում, որովհետեւ Իրանից եկող մեքենաները մանրազնին ստուգվում են, մենք նույնպես ընդգրկվում ենք մաքսային զննության պրոցեսում: Թաքցված ապրանքներ հայտնաբերելիս դրանք հանձնվում են մաքսային ծառայությանը, եւ այդ ծառայության աշխատակիցները շարունակում են դրանց հետագա ճակատագրով զբաղվել: Հարկ եղած դեպքում գործը հանձնվում է ոստիկանությանը: Այնպես որ սերտ հարաբերություններ ունենք ե՛ւ մաքսային ծառայության, ե՛ւ ոստիկանության, ե՛ւ անձնագրերի ու վիզաների վարչության հետ, ու այդ համագործակցության ոլորտում մինչեւ այսօր ոչ մի խնդիր չի ծագել:

– Որքանով տեղյակ ենք, Մեղրու մաքսակետում արդիական սարքավորումներ են վերջին տարիներին տեղադրվել, որոնք հնարավորություն են ընձեռում ավելի մանրակրկիտ զննություն կատարել, հուսալի դարձնել պետական սահմանի հսկողությունը:

– Այդ սարքավորումների աշխատանքի սկզբունքն այն է, որ սինթետիկ նյութը տարբերում է բնականից, նաեւ երեւակում է մեքենայի ողջ բեռը, եւ եթե որեւէ բան թաքցված է, հայտնաբերում է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է թմրանյութերին:

– Այնուամենայնիվ, կուզենայինք, որ Մեղրու սահմանապահ ջոկատի այս տարվա գործունեությունը ներկայացնեիք թվերով ու փաստերով:

– 2014թ. ջոկատի սահմանապահների կողմից բացահայտվել է մաքսանենգության 20 դեպք, ընդհանուր գումարը` երկու միլիոն 608 հազար 800 ռուբլի: Բացահայտվել է նաեւ սահմանով թմրանյութերի անցկացման ութ փորձ` 0.146կգ ընդհանուր քաշով, 69 միավոր սառը զենքի, թունավոր նյութերի փոխադրման հինգ դեպք՝ 0.22կգ քաշով, պայթուցիկ նյութերի փոխադրման մեկ դեպք` 0.15կգ ընդհանուր քաշով: Այդ ամենը բռնագրավվել է: Պետական սահմանի ռեժիմը խախտել է հինգ մարդ:

– Կա մի խնդիր, որ մեր նախորդ հարցազրույցներում եւս շոշափել ենք. խոսքը զորամասի կադրերի մասին է: Թափուր տեղերը լրացնում եք տեղացի բնակիչների՞ց, թե՞ ԱՊՀ երկրների քաղաքացիներից:

– Մեր ջոկատը Ռուսաստանի Դաշնության ենթադասության ներքո գտնվող զորամաս է, ծառայողները Ռուսաստանի քաղաքացիներ են, իսկ տեղացի կադրերը ծառայում են պայմանագրային հիմունքով: Այդ մասին Ռուսաստանի Դաշնությունը եւ Հայաստանի Հանրապետությունը համապատասխան պայմանագիր են ստորագրել, ասել է թե` պետական սահմանի պահպանությունը կազմակերպելու, այդ թվում Հայաստան-Իրան սահմանի մեր տեղամասը պահպանելու համար ծառայության են զորակոչվում միայն Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները: Ինչ վերաբերում է ԱՊՀ այլ երկրների քաղաքացիներին, այդպիսիք մեր սահմանապահ ջոկատում չկան: Այս պահին մեզ մոտ զորակոչը ժամանակավորապես դադարեցված է, խնդիրն առաջիկայում կլուծվի երկու երկրների կառավարությունների մակարդակով: Եվ միայն դրանից հետո կսկսենք մարդկանց ընդունել ծառայության: Այո, կադրերի պակաս սահմանապահ ջոկատում կա: Ասեմ նաեւ, որ շատերն են ցանկանում մեր զորամասում ծառայել, բայց սահմանապահ ջոկատում ծառայելու համար պահանջվում են որոշակի որակներ, ամեն ցանկացող չէ, որ կարող է ծառայության անցնել մեր զորամասում: Մեղրու քաղաքապետն ինձ ասաց` եթե ջոկատում տեղացի կադրերի ներգրավման հնարավորությունը մեծանա, իրենք կողջունեն, քանզի դրանով նաեւ երիտասարդության մի մասի զբաղվածության խնդիրը կլուծվի: Ի դեպ, ավելի ցանկալի է, որ տեղացի բնակչին ընդունենք ծառայության, դա մեծ առավելություն ունի, քանի որ տեղացին ապահովված է բնակարանով:

– Ակներեւ է, որ Մեղրու սահմանապահ ջոկատը մարզում ու հատկապես Մեղրու շրջանում նաեւ սոցիալական կարեւոր խնդիր է լուծում` բնակչության զբաղվածության խնդիրը, ինչի մասին Դուք նույնպես նշեցիք:

– Հավանաբար այստեղ ծառայող ՀՀ քաղաքացիների 90 տոկոսը Սյունիքի մարզից է: Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է: Բացի դրանից սերտ է համագործակցությունը տեղացի բնակչության հետ: Պիտի հայտնեմ, որ մեզանում, այսպես ասած, լիազորների ինստիտուտ է հիմնվում, այդ կամավորներն աշխատելու են Մեղրու, Ագարակի, Շվանիձորի համայնքային վարչական շենքերում, անձնագրերի հարցն այսուհետ ավելի դյուրին է լուծվելու, նաեւ բնակչությունն օպերատիվ վիճակի մասին անհրաժեշտ տեղեկություն է ստանալու:

– Իսկ կրիտիկական իրավիճակներ հաճա՞խ են լինում պետական սահմանում:

– Կրիտիկական պահե՞ր… (ծիծաղում է), այս պահին մեզ արջերն են անհանգստացնում, ինժեներական կառույցներն են ջարդում, այստեղից թափանցում Իրանի տարածք, այնտեղի մեղվափեթակներից օգտվում, նորից հետ գալիս:

– Ինչպիսի՞ն է սահմանապահ ջոկատի` ռազմական տեխնիկայով հագեցվածությունը եւ մարտական պատրաստվածությունը:

– Մարտական պատրաստվածությունը եւ տեխնիկական հագեցվածությունը բարձր մակարդակի վրա են: Ինչ վերաբերում է զենքին ու տեխնիկային… Մեր ունեցածը մեզ բավարարում է: Մեզ անհրաժեշտ չեն ո՛չ տանկեր, ո՛չ զրահամեքենաներ, ո՛չ էլ ժամանակակից նռնականետեր: Սահմանապահների մարտունակությունը բարձր է, եւ ով այստեղ ծառայում է, լավ գիտի իր գործը: Դա է կարեւորը:

– Կարծեք ձգձգվում է սահմանապահ ջոկատի նոր հրամանատարի նշանակումը:

– Ինչպես լրագրողներն են ասում` առանց մեկնաբանության:

– Սահմանապահներին դժվար է պատկերացնել առանց հավատարիմ «ընկերոջ»՝ վարժեցված շների:

– Իրոք որ սահմանապահն ու շունը միշտ միասին են: Դա ունիկալ կենդանի է, որի հոտառությունն օգնում է սահմանապահին՝ իր ծառայողական պարտականությունները կատարելիս: Նա ե՛ւ վերին, ե՛ւ ներքին հոտառություն ունի: Այնտեղ, որտեղ մարդը ոչինչ չի հայտնաբերում, շունը շարունակում է փնտրտուքը: Շներ կան, որոնք հետքերով են որոնումներ կատարում, շներ կան, որոնց «վերին» հոտառությունն է գործ տեսնում: Յուրաքանչյուր դեպքում, երբ շունը լավ վարժեցված է, իր «գործը» մինչեւ վերջ հասցնում է: Սահմանապահ ջոկատը կինելոգի (շուն վարժեցնող) հաստիք ունի, այդ մասնագետը մայրաքաղաք է գնում՝ ազգային անվտանգության ծառայություն՝ վերապատրաստման: Շուտով մեզ կմիանա մի սպա, ով այդ մասնագիտությամբ հիմնարար կրթություն ունի: Նրա այստեղ գալով՝ մեր գործը կթեթեւանա, որովհետեւ շներին անընդհատ պիտի վարժեցնել ու վարժեցնել:

– Ի՞նչ կավելացնեք ասվածին:

– Կարեւոր հարցեր տվեցիք, այն ամենը, ինչ որ անհրաժեշտ էր եւ առնչվում է սահմանի պահպանությանը: Միայն կուզենայի ավելացնել, որ առաջիկա վեց-յոթ ամսում նախատեսում ենք մեծ շուքով նշել Մեծ հայրենականում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի 70-ամյակը, մեր սահմանապահ ջոկատի հիմնադրման 60-ամյակը: Եվ մի տխուր տարելից կա. լրանում է Հայոց մեծ եղեռնի 100-ամյակը: Մենք էլ ենք ցանկանում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչել` զորամասի տարածքում հուշակոթող կանգնեցնելով: Հայաստանը մեր երկրորդ հայրենիքն է, եւ մենք միասին ենք հավերժ, այստեղ մեր զինծառայողներն ամուսնանում են, ընտանիք կազմում, երեխաներ ունենում...

Զրույցը` ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: