06/05/2020

Տեղացած ձյունը անակնկալ չէր ճանապարհաշինարարի համար

Տեղացած ձյունը անակնկալ չէր ճանապարհաշինարարի համար

Ձմռանը «Մեղրու ճանապարհների շինարարություն եւ շահագործում ձեռնարկություն» ՍՊ ընկերության (տնօրեն՝ Ազատ Գասպարյան) ճանապարհաշինարարների ջանքերով Մեղրի-Քաջարան միջպետական ճանապարհը բանուկ է լինում: Բայց այս օրերի եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով, որոնք արտահայտվեցին ձյան տեսքով, նշված ճանապարհի ձմեռային պահպանությունն ավելի վաղ սկսվեց: Եղանակն անակնկալ մատուցեց հոկտեմբերի 19-ի գիշերը, ավելի ստույգ՝ երեկոյան ժամը ութից սկսեց ձյուն տեղալ, ինչը գիշերային ժամերին ճանապարհը դարձրեց դժվար անցանելի: Ձյան շերտն առավել հաստ էր Դիբագի լեռնանցքի ամենաբարձր կետից (2535մ) դեպի Քաջարան ընկած հատվածում: Գիշերը ձնամարտի էր նետվել երեք միավոր տեխնիկա (ամբարձիչ, աղ ցանող մեքենա, գրեյդեր): Այդ կրիտիկական ժամերին հերթապահում էր յոթ-ութ մարդ: Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց «Մեղրու ճանապարհների շինարարություն եւ շահագործում ձեռնարկություն» ՍՊ ընկերության աշխղեկ Գրիշա Թումանյանը, առաջին ձյունն անակնկալի բերեց ոչ թե ճանապարհաշինարարներին, այլ վարորդներին, ովքեր իրենց մեքենաների ամառային (կապրոնե) անվադողերը չէին փոխարինել ձմեռայինով: Շատերն անվադողերի շղթաներ չէին վերցրել: Գրիշա Թումանյանը հավաստիացրեց, որ ձմեռային պահպանության համար անհրաժեշտ ավազն ու աղն ընկերությունը կուտակել է: Նրա ասածի մեջ դժվար չէ համոզվել. այդ մասին էր վկայում Դիբագի լեռնանցքի՝ հերթապահության համար նախատեսված տնակի մերձակայքում կուտակված ավազը: Ձմեռային տարերքի դիմագրավմանը կազմ ու պատրաստ է ժամանակակից տեխնիկան:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: