10/14/2019

3.8 մլրդ դրամի թաքցված հարկ` ստուգման արդյունքում

3.8 մլրդ դրամի թաքցված հարկ` ստուգման արդյունքում

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ


ՀՀ ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 1-10-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների եւ գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման եւ մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Ստուգումների արդյունքում «Դանդի փրիշս մեթալս Կապան»  ՓԲ ընկերությունում արձանագրվել է 3 մլրդ 809 մլն դրամի (կամ 9.5 մլն դոլարի) չափով հարկային լրացուցիչ պարտավորություն:

Այս տարվա հուլիս ամսից սկսած, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հռչակած ստվերի դեմ պայքարի շրջանակներում, ՀՀ հարկային ծառայությունը տասնօրյակը մեկ հրապարակում է հաշվետվություն այն մասին, թե ինչ ստուգումներ են անցկացվել, որ ընկերությանը որքան լրացուցիչ հարկային պարտավորություն է ներկայացվել:

Վերը նշված 3.8 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորությունը խոշորագույնն է այդ ստուգումների ընթացքում:

Սա արտառոց է գոնե այնքանով, որ նշված ընկերությունը մասնավորապես անցած ողջ տարվա ընթացքում ընդամենը 5.5 մլրդ դրամի հարկ է վճարել, եւ միայն մի ստուգմամբ հարկայինը հայտնաբերել է 3.8 մլրդ դրամի թաքցված հարկ:

Ինչպես էլ վերաբերվենք հանքարդյունաբերության ոլորտում գործող խոշոր ընկերությունների գործունեությանը, 3.8 մլրդ դրամի հարկային լրացուցիչ պարտավորությունն ակնհայտորեն արտասովոր երեւույթ է:

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի ֆինանսական գծով տնօրեն Նորայր Աղայանն իր տարակուսանքն է հայտնել հարկային ծառայության առաջադրած այդ պարտավորության կապակցությամբ. «Մենք, իհարկե, համաձայն չենք հարկայինի ներկայացրած ակտին եւ բնականաբար բողոքարկելու ենք այն: Շուտով գործը կգնա դատարան, եւ ինքներդ կարող եք ծանոթանալ գործի մանրամասներին»:

Եթե հարկային մարմնի առաջադրած լրացուցիչ պարտավորությունը հաստատվի դատարանում, ապա «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի սնանկացման հավանականությունը կմեծանա:

Ըստ մամուլի հրապարակումների

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: