10/14/2019

Սիսիանի գյուղերը «մարդկությունից» կտրված են

Այս տարածաշրջանի տասնյակ գյուղեր տրանսպորտ չունեն. հարեւան գյուղում, Սիսիանում բարեկամ է մահանում, չեն կարողանում գնալ` վերջին հրաժեշտը տալ:

Սյունիքի մարզի մի շարք համայնքներ բառի ուղիղ իմաստով կտրված են իրարից ու մարզկենտրոնից: Մի քանի տասնյակ համայնքների բնակիչներ 21-րդ դարին հարիր տեղաշարժվելու հնարավորություն չունեն: Բնակիչները կատակում են` նախնադարյան տրանսպորտից են օգտվում. ով ձի կամ էշ ունի, հավեսն էլ տեղն է, ժամանակ էլ ունի` ձիով կամ էշով է ճամփա ընկնում, որ հասնի հարեւան գյուղ կամ մարզկենտրոն: Ով էլ հնարավորություն կամ ցանկություն չունի չորքոտանի կենդանին որպես տրանսպորտային միջոց օգտագործելու, դուրս է գալիս գլխավոր մայրուղի ու սպասում Աստծու միջնորդությամբ օտար վարորդների օգնությանը:
Մի շարք համայնքներում ներմարզային տրանսպորտ չի գործում, անգամ որոշ քաղաքներից մարզկենտրոն տրանսպորտ չի աշխատում:

«Այ բալա ջան, որ շրջկենտրոնում` Սիսիանում, գործ ենք ունենում, գյուղից ավտոյով մարդ չկա էդ կողմերը գնացող, դուրս ենք գալիս ճամփին կանգնում, ձեռի հետ էլ` աղոթում, որ մեր ճամփեքով անցնող մի ավտո լինի, նստելու տեղ էլ ունենա, որ ուղեւոր վերցնի: Ամիսներով բարեկամի երես չենք տեսնում. ախպորս ընտանիքին 2-3 ամիսը մեկ էլ չեմ կարում հյուր գնամ, ինչո՞վ գնամ, տրանսպորտ չկա, տաքսո՞վ, մի հատ տաքսի կա գյուղում, էն էլ կամ փող չկա, փող էլ որ էդ պահին լինում ա, տաքսին ազատ չի լինում: Սիսիանում բարեկամս մեռավ, չկարացա գնամ. մարդկությունից, բարեկամությունից կտրվել ենք», – «Առավոտի» հետ զրույցում պատմեց Շենաթաղ համայնքի մի բնակիչ, որը չցանկացավ` անունը հրապարակենք: Շենաթաղը գտնվում է Սիսիանից 35կմ հեռավորության վրա. եթե բնակիչները Սիսիան կարողանում են գոնե տաքսիով գնալ, ապա մարզկենտրոն` Կապան, շատ քչերը. գյուղը Կապանից հեռու է 139 կիլոմետր: «Աստված չանի` մարդ ծանր հիվանդանա, էդ էլ մի ուրիշ դարդ ա, հո սաղ ավտո չունե՞ն, հիվանդին հո էշի վրա չե՞նք տանի Սիսիանի հիվանդանոց, տաքսով ենք տանում: Էլ չեմ ասում, որ Կապանում գործ ենք ունենում, մի հատ փաստաթղթի համար պիտի 25 հազար դրամից ավելի փող տանք տաքսուն, որ գնանք ու հետ գանք Կապանից: Քյասիբ ժողովուրդ ենք, որտեղի՞ց մեզ էդքան փող», – դժգոհեց շենաթաղցին:
Հայաստանի ամենափոքր քաղաքը համարվող Դաստակերտի բնակիչներն էլ նույն վիճակում են` համ «քյասիբ», համ էլ տրանսպորտ չունեն, ու մարզկենտրոնից էլ, կարելի է ասել` կտրված: Դաստակերտի բնակիչներից մեկն էլ «Առավոտին» պատմեց, որ արդեն մի քանի ամիս է, ինչ հասարակական տրանսպորտից չեն օգտվում. «Ոչ հարեւան գյուղ գնացող ավտոբուս կա, ոչ Սիսիան, ոչ էլ Կապան: Ոնց որ աշխարհից կտրված լինենք` ոչ խանութ ունենք, ոչ դեղատուն»:

Դաստակերտցու պատմելով` գյուղի դպրոցում 1-ին դասարան չկա, մյուս դասարանների համար Սիսիանից են գալիս ուսուցիչները. այդ օրերին, երբ ավտոբուսը ուսուցիչներին բերում է Դաստակերտ, ու բնակիչները թոշակ են ստացած լինում, այդ ավտոբուսով գնում են, Սիսիանում են առեւտուր անում, բայց արդեն հետ գալը խնդիր է լինում. ճարահատյալ` տաքսի են նստում. «Էն որ ուտելու համար մի բան ավելի կարայինք առնեինք, տաքսուն ենք տալիս: Հիմա ոտքս բռնվել ա, ահավոր ցավում ա, մի դեղատուն չկա, որ մի բան առնեմ, չեմ էլ կարա տաքսով գնամ Սիսիանի հիվանդանոց: Մի անգամ մի կերպ գնացել էի բարեկամի տուն` Լոր գյուղ, պիտի ընդեղից գնայի Սիսիան, Սիսիանից էլ ավտոբուս նստեի գայի. չկար էդ ավտոբուսը, Լորից Սիսիան էլ ավտոբուս չկար: Գյուղացիք ասում են` գլոբուսից դուրս ենք»:

Այս համայնքում իրենց պատգամավորի անունն էլ չգիտեն, դաստակերտցիք ասում են` երեւի միայն համայնքապետը կիմանա պատգամավորի անունը. ընտրությունից ընտրություն, ինչպես բնակիչներն ասացին` ինչ-որ «գալստուկավոր» մարդիկ են գալիս, ասում` հա, խնդիրը կլուծենք, մեզ ձայն տվեք. «Գնում ենք, ձայն ենք տալիս ու մնում կոտրած տաշտակի առաջ: Ոչ մեկի պետքը չի, որ ստեղ 300-ից ավելի շունչ կա, մարդավարի ապրել ենք ուզում, հո չենք ասում` եկեք մեզ պահեք, ի սեր Աստծո, մենք մեզ յոլա ենք տանում, բայց մի հատ ավտոբուս էլ չունենա՞նք»:

Նշենք, որ այս տարածաշրջանը N37 ընտրատարածքն է, որի պատգամավորն է հանրապետական Հայկ Գրիգորյանը. այս անունը, սակայն, բնակիչներին ոչինչ չասաց, երբ հուշեցինք` Հայկ Գրիգորյանին գոնե դիմեն. «Մենակ մարզպետի անունը գիտեինք, էն էլ հանեցին (նկատի ունեն Վահե Հակոբյանին-Ա. Մ.)»:

Սյունիքի մարզպետարանի կայքէջից տեղեկացանք, որ Կապանի տարածաշրջանի 54 համայնքից էլ 13-ն են ապահովված հասարակական տրանսպորտով, իսկ Մեղրու տարածաշրջանի 16 համայնքում միայն մեկ` Մեղրի-Կապան երթուղայինն է աշխատում: «Առավոտի» հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարությանը վստահեցրեց, որ չգործող երթուղագծերի համար մրցութային հանձնաժողովն այս տարվա հունվարի 14-ին, 15-ին եւ 16-ին մրցույթ է հայտարարել, սակայն հայտեր չեն ներկայացվել, այսինքն` ոչ մի ընկերություն ցանկություն չի հայտնել երթուղագծերը շահագործելու: Հանձնաժողովը, ինչպես օրենքն է պահանջում, նույն չգործող երթուղագծերի համար այս տարվա մարտի 20-ին էլ է մրցույթ հայտարարել, ու էլի հայտ չի ներկայացվել. հաջորդ մրցույթը հոկտեմբերին է հայտարարվելու:

Թե ինչն է պատճառը, որ մրցույթներին հայտեր չեն ներկայացվում, մեր այս հարցին մարզպետարանի լրատվական ծառայության ղեկավարն ասաց` շահագրգռված չեն. «Ձեռնտու չէ, ճանապարհներն էլ լավը չեն»:

Մարզպետարանի աշխատակիցը մեկ այլ ուշագրավ դիտարկում էլ արեց տրանսպորտի խնդրի մասին.  «Կան գյուղեր, որտեղ մի քանի ընտանիք է ապրում, գյուղից դուրս չեն գալիս, իրենց տրանսպորտ պետք չի գալիս, իրենք էլ չեն պահանջում համապատասխան կառույցից տրանսպորտի հարց լուծել: Գուցե տեղեկատվության պակաս կամ գրագիտության խնդիր ունեն, որ այդ մարդիկ մարզպետարանին չեն դիմում, այլ թերթերով են բողոքում»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ», 09.09.2014

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: