10/21/2019

Քաղաքական բռնությունները Հայաստանում եւ դրանց առանձնահատկությունը պայմանավորող գործընթացները

Հատված ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համանուն հոդվածից

....Այդ նույն շրջանում Կապանի Առաջաձոր գյուղում, օրինակ, ընդհակառակը, քաղաքական բռնությունների զոհերի հիշատակի հավերժացման եւ քաղաքական բռնությունները դատապարտելու նպատակով հուշարձան է կանգնեցվում` «Եվ մի ասիր, թե ժամանակն էր մեղավոր, եւ անմեղ ես դու» մակագրությամբ: Բոլորը, ովքեր ապրում են քաղաքական բռնությունների ժամանակաշրջանում, քաղաքական բռնությունների բուն փաստի հնարավորությամբ ունեն մեղքի իրենց բաժինը, - ահա սա է հուշարձանի մակագրության բովանդակությունը: Այս մակագրությունը չի հավասարեցնում զոհերին եւ դահիճներին, չի փորձում դահիճներին էլ զոհ ներկայացնել` «ժամանակաշրջանի զոհ», ընդհակառակը, այս մակագրությունը բոլորին մեղքի բաժին է ներկայացնում` ամեն մեկն ինչ-որ չափով թույլ է տվել, որ այդ «ժամանակաշրջանը» լինի:

Հիշյալ մակագրության «հեղինակը» Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանն էր, ով ինքն իրեն «հանձնարարել էր» սեփական նյութերով հասկանալ` ի՞նչ եւ ինչպե՞ս եղավ ոչ այնքան հեռավոր երեսնական թվականներին Կապանի բնակչության հետ: Կապան քաղաքի եւ Կապանի գյուղական բնակչությանը հայտնի բոլոր զոհերի ընտանիքներում մեկ առ մեկ զրուցելով, գրանցելով նրանց հիշողությունները, գրանցելով համագյուղացիների հիշողությունները, հնարավորինս համադրելով դրանք արխիվային իրեն մատչելի նյութերի հետ, հընթացս նաեւ թանգարանի համար «առգրավելով» գրավոր նյութերը` փաստաթղթեր, ձեռագրեր, հուշագրություններ, լուսանկարներ եւ այլն, Գրիշա Սմբատյանը գրել է քսանականների-երեսնականների բռնությունների եւ դրանց հանրային ընկալումների մասին մի հիանալի աշխատանք (Գ.Սմբատյան, Երկաթե վարագույրից այս կողմ, Երեւան, 2009): Աշխատանքի ընթացքը եւ բուն աշխատանքը, վավերական եւ վերլուծական լինելուց զատ, խաղացել է նաեւ այլ դեր` հարություն է տվել տագնապների եւ գուցե գիտակցված մոռացության տակ թաղված թեմային եւ «այն տարիների» դերակատարների մասին հարուցել հասարակական քննարկումներ մի տարածքում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են: 2012-13թթ., երբ մենք` երկու ազգագրագետներ, Կապանում հանդիպումներ էինք ունենում մարդկանց հետ` նրանց ընտանեկան հիշողությունները գրանցելու նպատակով, համարյա բոլորի տներում առկա էր Գ.Սմբատյանի գիրքը, որի առանձին դրվագների ու կերպարների շուրջ դեռեւս տաք քննարկումներ կային, բայց մեծ հաշվով առարկություններ չկային: Ահա իր այս գրքում Գ.Սմբատյանն ինքը կարծես թե առաջնորդվել է «Եվ մի ասիր, թե ժամանակն էր մեղավոր, եւ անմեղ ես դու» կարգախոսով:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: