10/14/2019

Ասուլիս Կապանի քաղաքապետարանում

Հոկտեմբերի 23-ին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ընթացքում մարզկենտրոնի լրատվամիջոցներին ներկայացրեց քաղաքապետարանի բաժինների` այս տարվա ինն ամսվա կատարած աշխատանքները: Համայնքի ղեկավարը թվական տվյալներով ներկայացրեց ֆինանսաբյուջետային բաժնի գործունեությունը, ըստ որի՝ 2014 թվականի ինն ամսում եկամուտները հավաքվել են նախատեսվածի 93.3 տոկոսով կամ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճը կազմել է 5.6%: Սեփական եկամուտները հավաքվել են մոտ 80%-ով: Հարկերի եւ տուրքերի հավաքման մակարդակը 20%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի ցուցանիշը:

Այնուհետեւ համայնքի ղեկավարն անդրադարձավ տարբեր բաժինների գծով կատարված աշխատանքներին՝ մատնանշելով դրանց ֆինանսավորման աղբյուրները: Այսպես, համայնքի միջոցներով նորոգվել է թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատության տանիքը (9.8 մլն դրամ), «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության կողմից նորոգվել է մի խմբասենյակ եւ դահլիճը, ձեռք է բերվել 14.4 մլն դրամ արժողությամբ գույք: Արամ Մանուկյան փողոցի «Շարմ» հանրախանութից մինչեւ շուկա տանող վերգետնյա կամուրջն ընկած մայթի բարեկարգման, կանաչապատման աշխատանքներ են իրականացվել պետբյուջեից հատկացված 7 մլն 350 հազար դրամ գումարով: «Կապան» բարեգործական հիմնադրամի միջոցներով (ավելի քան 8.5 մլն դրամ) Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանում կատարվել են մասնակի նորոգման աշխատանքներ: Ասֆալտապատվել է Բարաբաթում թաղամաս տանող ճանապարհը՝ պետբյուջեի տրամադրած միջոցներով, որ կազմում է 30 մլն դրամ: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության միջոցներով վերակառուցվում է քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի ճակատային հատվածը (281.0 մլն) եւ բարեկարգվում Գ.Նժդեհի հրապարակը, կառուցվում հրապարակին հարակից ջրային գոտին (287.0 մլն դրամ):

Խոսվեց նաեւ կատարվելիք գործերի մասին. մասնավորապես, քաղաքապետարանի մշակույթի կենտրոնում թվային գրադարան ստեղծելու աշխատանքներ են տարվում: Ընդ որում՝ նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, հայտարարվել է մրցույթ՝ սկսելու շինմոնտաժային աշխատանքները: Համաձայնություն է ձեռք բերվել նաեւ «Քաունթերփարթ» միջազգային կազմակերպության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի միջեւ՝ 6.0 մլն դրամ ներդրում ապահովելու նպատակով:

Անդրադարձ եղավ նաեւ վարչական իրավախախտումներին: Նշվեց, որ տասնմեկ քաղաքացու նկատմամբ կիրառվել է վարչական պատասխանատվության միջոց, ինչի արդյունքում համայնքային բյուջե է մուտքագրվել 2 մլն ավելի դրամ:

Քաղաքապետը թվարկեց կրթության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում իրականացված միջոցառումները, քաղաքապետարանի հովանավորությամբ անցկացված մրցումներն ու առաջնությունները, որոնք նպաստել են բնակչության ֆիզիկական դաստիարակությանը: Մասնավորապես, քաղաքապետարանն ապահովել է կապանցի աթլետների մասնակցությունը ՀՀ աթլետիկայի առաջնությանը, որում կապանցի մարզիկները գրավել են ինը մրցանակային տեղ:
Քաղաքապետարանը պարբերաբար կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն: «Սյունյաց երկիրը» հետաքրքրվեց, թե հիմնականում որ մասնագիտությունների տեր մարդիկ են դիմում քաղաքապետին՝ աշխատանքի տեղավորվելու խնդրանքով: Տեղեկացանք, որ առավել դիմում են բուժքրոջ մասնագիտություն ունեցողները եւ նախադպրոցական ուսումնական հիմնարկներում աշխատել ցանկացողները` նկատի ունենալով, որ այդ հիմնարկները քաղաքապետարանի ենթակայության են: Իհարկե, այլ մասնագիտություն ունեցողներն էլ են դիմում՝ ոստիկանից մինչեւ ճարտարագետ: Քաղաքապետարանում հաշվառվում են բոլոր դիմումները եւ հնարավորության դեպքում փորձում օգտակար լինել:

Ասուլիսին մասնակցող լրագրողների՝ քաղաքապետին ուղղված հարցերն առնչվում էին Կապանի օդանավակայանի հնարավոր վերագործակմանը, քաղաքի Վաչագան թաղամասի գազիֆիկացմանը, քաղաքապետարան-մարզային իշխանություն փոխհարաբերությանը, համայնքի մայթերի նորոգմանը, մարզկենտրոնի բնակչության զբաղվածությանը: Եղան նաեւ այլ ոլորտների վերաբերող հարցադրումներ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: