10/21/2019

Կապան. հիմնանորոգում միջպետական մայրուղում եւ խմելու ջրի ներքին ցանցում

Կապան. հիմնանորոգում միջպետական մայրուղում եւ խմելու ջրի ներքին ցանցում

Երեւան-Մեղրի միջպետական մայրուղում «Կապանի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ՍՊԸ-ն պետբյուջեի միջոցներով 2.5 կմ ճանապարհաշինական աշխատանքներ է իրականացրել, եւս 2.5 կմ-ը կհիմնանորոգվի եկող տարի:

Բարեկարգվել է Մ2-ի կապանամերձ հատվածը

«Կապանի ՃՇՇ» ՍՊԸ տնօրեն Արարատ Կարապետյանը տեղեկացնում է, որ առհասարակ Երեւան-Մեղրի միջպետական Մ2 մայրուղու` իրենց սպասարկած հատվածի 277-297 կմ-ը բարեկարգման կարիք է զգում, բայց առայժմ այդ ճանապարհահատվածից 5 կմ-ի (ամենավատթար վիճակում գտնվող տարբեր հատվածներում) հիմնանորոգման ծրագիրն է հաստատվել: Այս տարվա համար նախատեսված աշխատանքներն ավարտվել են. հիմնանորոգված 2.7 կմ-ից 2.3 կմ-ը արդեն ասֆալտապատվել է, մնացածը նախատեսված է ասֆալտապատել եկող տարի: 2014-ին մոտ 450 մլն դրամի աշխատանք է կատարվել, եւս այդքանը նախատեսվում է 2015թ.:

Մայրուղով Կապան մտնողների համար հատկապես տեսանելի ու կարեւոր է Սյունիք համայնքի տարածքին կից ճանապարհահատվածի ընդլայնումը: Արարատ Կարապետյանը նշում է, որ այն միշտ վթարավտանգ հատված էր, եւ իրենք այդտեղ նախագծից դուրս բավականին աշխատանքներ են կատարել ձեռնարկության միջոցների հաշվին. «Նախագծով այդտեղ զուտ վերանորոգում էին նախատեսել, իսկ մենք, քանի որ արդեն իսկ այդտեղ աշխատանք էինք անում, որոշեցինք ընդլայնել»:

Մայրուղում կատարվող աշխատանքները ոչ թե զուտ ասֆալտապատում, այլ հիմնանորոգում են, միջպետական ճանապարհը դրա համար իր պահանջներն ունի: «Խորքային աշխատանք է արվում, - փաստում է ընկերության տնօրենը. - սա 1960-ականներին կառուցված ճանապարհ է, որի պաստառը վերացել էր, հողն էլ ենք հանել-փոխել, խողովակներ են փոխվում, առանձին ինժեներական կառույցներ են ավելանում, ինչ որ նախատեսված է միջպետական ճանապարհի համար, կատարվում է»:

Ի սկզբանե այս մայրուղին կառուցված է եղել 10 տոննա առավելագույն բեռնատարողությամբ ավտոմեքենաների համար, իսկ անկախացումից հետո, երբ այն ծառայում է արդեն խոշոր բեռնափոխադրումների համար, բեռնատար ծանր մեքենաներն են հատկապես վնասում ու քայքայում ճանապարհները: Ճանապարհաշինական ընկերության ղեկավարն ասում է, որ այժմ հիմնանորոգման պահանջներից է նաեւ ճանապարհի դիմացկունության ավելացումը, եւ նոր աշխատանքների արդյունքում դրանք արդեն կարող են դիմանալ մինչեւ 50-60տ բեռնատարողությամբ մեքենաների: Այդուհանդերձ, նշելով, որ տուժում են այն համայնքները, որոնց միջով նույնպես անցնում են այդ ծանրաքարշ մեքենաները` պարոն Կարապետյանը կարծում է, որ պետությունը պետք է հաշվի առնի դա, եւ տվյալ համայնքներին գումար հատկացնի համայնքային ճանապարհների պահպանության համար. «Քաղաքապետարանը պետք է դրա համար նախատեսված գումար ունենա, որպեսզի ինքն էլ կարողանա ընթացիկ աշխատանքներ անել: Կոնկրետ մեզ հատկացվող պահպանության գումարները քիչ են, եւ ինչքան հնարավոր է, այդ սահմաններում ենք կարողանում պահպանել, դա բավարար չէ: Այս ընթացքում դեռ մի քիչ հեշտ է, երբ շահած տենդեր ունենք, դրա հաշվին կարողանում ենք ճանապարհն էլ նորմալ պահպանել, թե չէ` պետությունը պահպանման ծախսերի համար շատ քիչ գումար է նախատեսում»:
Ինչ վերաբերում է Սյունիք համայնքի տարածքում Կապանի քաղաքային գերեզմանոցին, որն ուղղակի հասել է միջպետական մայրուղի, ու քաղաք մտնողի աչքի համար առաջին տեսարանն է, ու որտեղից սգո պարագաները հաճախ հայտնվում են ճանապարհին, մեր զրուցակիցը, դա համարելով նուրբ հարց, նշում է, որ ի սկզբանե այդտեղ հողահատկացում չպիտի կատարվեր: Հիմա արդեն ոչինչ չես կարող անել, մինչդեռ եթե գերեզմաններն այդքան մոտեցած չլինեին ճանապարհին, կարելի էր ավելի լայնացնել ու առավել ապահով դարձնել:

Ճանապարհների պահպանություն

Հանրապետական նշանակության եւ մարզային ենթակայության ճանապարհներին այս տարի վերանորոգման աշխատանքներ ընկերությունը չի իրականացրել, պետությունը Կապանի ճանշինի առջեւ միայն սպասարկման եւ պահպանման խնդիր է դրել: Իսկ Մ2 եւ Մ17 միջպետական մայրուղիներում «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն մոտ 100 կմ ճանապարհ է սպասարկում:

Արարատ Կարապետյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած ընկերությունը պատրաստ է ձմեռային պահպանության եւ շահագործման աշխատանքներին, ապահովված են համապատասխան տեխնիկայով, պահեստավորված են աղն ու ավազը: «Ինձ համար հաճելի չէ պարտականությունների մեջ թերանալը: Եթե գործից չհասկանաս, ու նկատողություն անեն, այլ հարց է, բայց երբ գործից հասկանում ես, պիտի խոսակցությունների տեղիք չտաս, քո գործից դժգոհություններ չլինեն»: Ինչ վերաբերում է գյուղական ճանապարհների սպասարկմանը, բարդության առումով կապանյան ռելիեֆի պարագայում դրանք բոլորն էլ նույնն են: Եվ չնայած 180 կմ մարզային ճանապարհային ցանցից պետբյուջեից ֆինանսավորվում է ձմռանը ընդամենը 45.6 կմ-ի, տարվա մնացած ժամանակահատվածում` 21.5 կմ-ի սպասարկումը, իրենք պարտավորված են զգում ձմռանը մաքրել-սպասարկել բոլոր գյուղերի ճանապարհները: «Ապրում ենք փոքր քաղաքում, անկախ նրանից` նախատեսված է, թե ոչ, եթե պետք է, մաքրում ենք: Օրինակ գումար է հատկացվել Կապանից մինչեւ Ագարակ գյուղ հատվածի համար, բայց ինչպե՞ս կարող ենք մինչեւ Ուժանիս չմաքրել…»:

Անդրադառնալով Մեղրի-Կապան նոր այլընտրանքային ճանապարհին (Մ17)` ճանապարհաշինարարը նշում է, որ դրա անհրաժեշտությունն իրոք կար: Էական չէ, որ տաք ամիսներին մի քիչ վառելիք ու ժամանակ տնտեսելու համար երթեւեկությունն այստեղ այնքան էլ ակտիվ չէ: Մ17-ի դերը կարեւորվում է հատկապես ձմռան ցրտաշունչ օրերին, ու շատ վարորդներ արդեն գերադասում են ոչ թե Դիբագի լեռնանցքով, այլ այստեղով երթեւեկել: Պակաս կարեւոր չէ այս ճանապարհի նշանակությունը Ծավի ենթաշրջանի գյուղերի համար, որոնք, ի վերջո, սահման են պահում:

Ջրատար նոր ցանց` Կապանին

Կապանի ճանապարհաշինական ընկերությանն այս տարի նաեւ լուրջ աշխատանքներ են վստահվել Կապանի խմելու ջրամատակարարման ներքին ցանցի նորացման աշխատանքներում:
Պատվիրատու «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն տվյալ աշխատանքներն իրականացնում է երկու ծրագրով, որոնք ֆինանսավորում են Ասիական զարգացման բանկը (860 մլն դրամ) եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (ընդհանուր 1 մլրդ 383 մլն դրամի, որից 300 մլն դրամի աշխատանքներն է կատարում Կապանի ճանշինը): Աշխատանքները նախատեսվում են ավարտել 2015թ. հուլիսին: Ըստ նախագծի` քաղաքի փողոցների` ցանցը փոխելու համար քանդված ու վնասված հատվածներն ընկերությունն աշխատանքների ավարտից հետո նաեւ ասֆալտապատելու է: «Այնտեղ, որտեղ աշխատանքներն ավարտել ենք, դեռեւս չենք ասֆալտապատում, որովհետեւ հողի շերտը պետք է նստվածք տա, ապա ասֆալտով ծածկենք. դրա համար ժամանակ է պետք, - տեղեկացնում է Ա.Կարապետյանը: - Հատվածներ կան, որ ասֆալտապատ չեն, բնականաբար, դրանք չենք ծածկելու, այլ` միայն մեր քանդածը»:

Ճանապարհաշինությունից դուրս

«Կապանի ՃՇՇ» ընկերության տնօրենը ցավով է նկատում, որ կապանցի արհեստավորներն այսօր ստիպված են աշխատանք փնտրել դրսում. «Քաղաքում արհեստավոր չկա, ինչո՞ւ չենք պահում նրանց, դժվար է մասնագետ գտնել, բայց եթե այստեղ մշտական աշխատանք լինի, Ռուսաստան չեն գնա»: Այս պահին (երբ շահել են շինարարական մրցույթում) կոնկրետ իրենց ձեռնարկությունում 140–150 մարդ է աշխատում, իսկ ընդհանրապես նույնիսկ ամենադժվար պահերին ձգտում են մշտական 120-130 աշխատող պահել. եթե նրանց բաց թողնես, հետո` մրցույթ շահելու դեպքում չես կարող աշխատել. «Հնարավոր է անհրաժեշտ տեխնիկան ու սարքավորումներն ունենաս, բայց աշխատեցնող չլինի: Եթե նրանց պահած չլինեի, ճանապարհի նորոգումը երկու ամսում չէինք կարող ավարտել»: Կապանի ճանշինում ձգտում են ընդունել-սովորեցնել նաեւ աչքի ընկնող ու խելացի երիտասարդներին` ինժեներական կազմի սահուն սերնդափոխություն ապահովելու համար:

Արարատ Կարապետյանը շարունակում է նաեւ իր սոցիալական ծրագրերը Կապանում, հնարավորության սահմաններում ձեռք մեկնում տարբեր հարցերով իրեն դիմող համաքաղաքացիներին. «Չկա այլ ճանապարհ. ինչքան մեր շահույթը թույլ է տալիս, եթե նեղն ընկած մարդը դիմում է բուժօգնության գումարի համար կա՛մ շինանյութ է խնդրում, կա՛մ երիտասարդներին է հովանավորություն պետք, ինչու օգտակար չլինես, եթե կարող ես…»:

Ընտրական գործընթացներում միշտ ակտիվություն ցուցաբերող, մնացած ժամանակներում զուտ տնտեսական գործունեությամբ աչքի ընկնող Ա.Կարապետյանը կարծում է, որ բոլոր ոլորտներում էլ սերնդափոխություն է պետք: Նա համոզված է, որ երիտասարդներն ավելի լավ են աշխատում, ավելի ճկուն ու ակտիվ են, պարզապես փորձն է քիչ, ինչի հնարավորությունն ավագ սերունդը պիտի նրանց տա:

Կապանյան «Խուստուփ Թիվի» հեռուստաընկերության գլխավոր բաժնետեր Արարատ Կարապետյանը չի հերքում լուրերը, որ մի քանի ամիս առաջ ցանկացել է վաճառել այն, քանի որ իրենից շատ ջանք ու ժամանակ է պահանջում, այժմ դա իր ծրագրերում արդիական չէ: Ինչ վերաբերում է հեռուստաընկերության թեմատիկ ու քաղաքական ուղղվածությանը, պարոն Կարապետյանը նշում է, որ դա միանշանակ ինքն է որոշում:

Իսկ առաջիկա բիզնես-ծրագրերից է Կապանի կենտրոնում ժամանակակից առեւտրի կենտրոնի կառուցումը (վերափոխվում է նախկին քաղաքային հանրախանութի շենքը), որում այժմ մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: