10/14/2019

Երկրագիտական թանգարանում ցուցահանդես է...

Երկրագիտական թանգարանում ցուցահանդես է...

Քաղաքի տոնի առթիվ Կապանի երկրագիտական թանգարանի ցուցասրահում բացվեց գեղանկարիչ Լորիկ Մինասյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որ գործելու է մինչեւ նոյեմբերի 18-ը: Ցուցադրանքում դիմանկարներ են, բնանկարներ, գեղանկարչական կոմպոզիցիաներ: «Այլակերպություն», «Ռեքվիեմ», «Ավետում», «Մտորում», «Դեպի հավերժություն», «Թատրոն», «Հիշողություն» խորագրերը բացահայտում են կտավների բովանդակությունը: Բացման խոսքում թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը նշեց. «Գեղանկարչի աշխատանքների գնահատականը թողնելով արվեստաբաններին, կարելի է փաստել, որ Լորիկ Մինասյանը կապանցի արվեստասերին է ներկայացել փոքր, բայց արժեքավոր ցուցադրանքով: Մեր երկրամասի, մեր քաղաքի հարստությունը, նախեւառաջ, մարդիկ են, այդ մարդկանցից մեկը գեղանկարիչ Լորիկ Մինասյանն է, ով քաղաքի տոնի առթիվ ցանկություն է հայտնել ներկայացնել իր կտավները մի հարկի տակ, որոնցում քիչ չեն իր քաղաքի հարազատ վայրերը պատկերող բնապատկերները»: Գրիշա Սմբատյանը նշեց, որ Լորիկի նախնիները բրուտագործներ են եղել: Ակնարկը հասկանալի էր. ստեղծագործելու խոր արմատներ ունի: Գեղանկարչի նախաձեռնությունը ողջունեց նաեւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ով արվեստագետին հանձնեց պատվոգիր` քաղաքի մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար:

Լորիկ Մինասյանն ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի ֆակուլտետը, աշակերտել ճանաչված արվեստագետներ ՀՀ վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանին, Լեւոն Կոջոյանին, Ղուկաս Չուբարյանին, Արտաշես Հունանյանին: Լորիկ Մինասյանը ստեղծագործում է 1986 թվականից, 1992 թվականից ՀՀ նկարիչների միության անդամ է, մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, նրա աշխատանքները տեղ են գտել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իրանի եւ այլ երկրներում գտնվող մասնավոր հավաքածուներում: Լորիկ Մինասյանը Կապան քաղաքի զինանշանի հեղինակն է:

Հիշում է, երբ մեր քաղաքը հրետակոծվում էր, բնակելի շենքի առաջին հարկում գտնվող իր արվեստանոցը վերածվել էր ապաստարանի: Երբ օդային տագնապ էր հայտարարվում, երեխաներն իջնում էին այնտեղ, շրջապատում գեղանկարչին, իսկ նա շարունակում էր նկարել եւ մանուկներին բացատրել գեղանկարի բովանդակությունը: Ե՛վ ինքը, ե՛ւ երեխաները միառժամանակ մոռանում էին, որ քաղաքը հրետակոծվում է …

Նկարչության մեջ ո՞ր գույնն է նախընտրում գեղանկարիչը: «Կարմիրը, - պատասխանում է եւ փորձում կատակել, - ի վերջո շիկահողցի եմ, չէ՞»: Այնուամենայնիվ նրա կտավներում բոլոր գույներն էլ իրենց տեղն ունեն, ավելի ստույգ, դրանցում բոլոր գույների ներդաշնակություն է: «Դեպի հավերժություն» կոմպոզիցիայում առաջին պլանում անիվն է, որ գլորվում է դեպի հավերժություն, իսկ հետեւի պլանում Կապան քաղաքն է` նույնքան հավերժական Խուստուփ լեռան ֆոնին: Կտավը շատերի ուշադրությունը գրավեց: «Պատկերել եմ մեր քաղաքի ընթացքը՝ իր առաջընթացով, իր լավ կողմերով, հոգսերով, դժվարություններով, անկումներով», – այսպես է մեկնաբանում հեղինակն իր գործը:

Լորիկ Մինասյանը ցուցահանդեսային «շրջագայություն» է ունեցել. սեպտեմբերի 24-ին Գորիսի քաղաքային պատկերասրահում` ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի օժանդակությամբ եւ Ֆրանսիայի Վիեն քաղաքի հայ մշակույթի տան հովանավորությամբ, բացվել էր Լորիկ Մինասյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որ տեւեց տասը օր: Գեղանկարիչն արժանացել էր Գորիսի քաղաքապետի շնորհակալագրին: Եվս տասը օր՝ հոկտեմբերի 2-ից, Սիսիանի պատկերասրահում ցուցադրվել են նրա գեղանկարչական աշխատանքները: Սյունիքյան այդ շրջագայության առիթով նա ասում է, որ Սյունիքի ամեն մի քաղաքում արվեստասերը տարբեր է: Իր հավաստմամբ` վերջին ժամանակաշրջանում ստեղծագործական ակտիվ կյանքով է ապրում, մասնակցում է ցուցահանդեսների եւ սիմպոզիումների, մտադիր է իր կտավները ցուցադրել հանրապետության մյուս մարզերում: «Բոլոր տեղերում եղել եմ, ամենահրաշալի անկյունը մեր Կապանն է», – իր խոսքն է ամփոփում Լորիկը: Իսկ ինչ վերաբերում է բուն ստեղծագործական ծրագրերին, մտադիր է մի աշխատանքով մասնակցել Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդեսին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: