10/14/2019

Արմեն Կարապետյանի գիտական սխրանքը

Արմեն Կարապետյանի գիտական սխրանքը

Ռեպլիկ


Համաշխարհային պատմագիտությունը (այդ թվում` հայոց պատմագիտությունը) դարեր շարունակ մեզ հրամցրել է (այսօր էլ հրամցնում է), որ սելջուկյան թուրքերը (օղուզական ցեղերից մեկի առաջնորդ Սելջուկի հետեւորդները) պատմական ասպարեզ են իջել 10-րդ դարում: Պատմական աղբյուրները վկայում են նաեւ, որ սելջուկյան թուրքերը Հայաստանի վրա հարձակվել եւ երկիրը նվաճել են 1047/48-1072թթ. ընթացքում:

Կապանի տոնի օրը` հոկտեմբերի 19-ին, սակայն, պարզվեց, որ դարեր շարունակ պատմագիտությունն աղավաղել է ե՛ւ հայ ժողովրդի, ե՛ւ սելջուկյան թուրքերի պատմությունը:

Գիտական այդ հայտնագործության հեղինակը ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Կարապետյանն է:

Ելույթ ունենալով տոնական օրվա առիթով Կապանի մշակույթի կենտրոնում, անդրադառնալով Կապանի պատմական անցյալին` նա մասնավորապես ասաց. «Կապանցին միշտ եղել ա հայրենասեր ժողովուրդ, դա է վկայում դեռեւս 5-րդ դարում սկսված մեր նախահայրերի պատերազմական-ազատագրական շարժումները թուրք սելջուկների…. հետ»:

Սկզբում մեզ թվաց, թե խնդիր ունենք լսողության հետ կամ էլ մեր լսածն ընդամենը վրիպակ է, բայց հետո իմացանք, որ պատգամավորը գիտական այդ նորույթը նույն օրն էլի է արտահայտել:

Պատգամավորի գիտական հայտնագործությունը հնչել է նաեւ տեղական հեռուստաընկերությունների` Կապանի տոնի առթիվ հեռարձակված ռեպորտաժներում:

Մենք, անկեղծ ասած, հիացած ենք Արմեն Կարապետյանի գիտական սխրանքով:

Մենք նաեւ չենք կարող մեր զարմանքը չարտահայտել պատմաբանների ներկա ու նախորդ բոլոր սերունդների ծանծաղ իմացության վրա: Բա ինչո՞վ էին զբաղված մեր պատմաբանները, որ 1500 տարի շարունակ այդպես էլ չիմացան ճշմարտությունը` ա) օղուզ Սելջուկը պատմական ասպարեզ է եկել 5-րդ (եւ ոչ թե 10-րդ) դարում, բ) Սելջուկի հետեւորդները Կապանի վրա հարձակվել են ոչ թե 11-րդ , այլ` 5-րդ դարում:

Շատ ապրի պարոն Կարապետյանը, չլիներ ինքը` այդպես էլ չէր վերականգնվի պատմական ճշմարտությունը, եւ մենք չէինք իմանա, որ սելջուկները 5-րդ դարում արդեն կային, որ այդ ժամանակ նրանք հասցրել էին լինել Կապանում (թեեւ տեսնող չի եղել):

Եվ ոմանք, այդքանից հետո, հանիրավի մեղադրում են ադրբեջանցի պատմաբաններին, ովքեր հետեւողական կեղծարարությամբ իրենց ժողովրդի ծագումը դարերով հետ են տանում եւ հասցնում մինչեւ մեր թվարկության սկիզբ:

Ոմանք էլ, այդքանից հետո ու անամոթաբար, քննադատում են թիվ 38 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր նշանակված Արմեն Կարապետյանին` անգործության համար:

Դե թող հիմա ամաչեն բոլոր այդ չարախոսները, իսկ մենք սպասենք Հայաստանի գիտությունների ակադեմիայի երախտագիտությանն ու գնահատանքին:

Դժբախտաբար, քաղաքի բնակիչները համարյա չէին մասնակցում Կապանի տոնին եւ բախտավորություն չունեցան առաջին ձեռքից լսելու գիտական այդ նորության մասին:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: