10/21/2019

ԱՂԱՍԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ. «Մեծ թիմով, մեծ ոգեւորությամբ ու ակտիվությամբ մասնակցում եմ հանրահավաքներին»

ԱՂԱՍԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ. «Մեծ թիմով, մեծ ոգեւորությամբ ու ակտիվությամբ մասնակցում եմ հանրահավաքներին»

Տղայակա՞ն, թե՞ գաղափարական

«Ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր զեղումներից հետո ԲՀԿ-ական քաղաքապետերից ոմանք եւ մի շարք համայնքապետեր պատրաստվում են վերանայել իրենց կուսակցական պատկանելությունը` ավելորդ խնդիրներից խուսափելու համար: Նրանց մի մասը, ովքեր բնույթով ընդդիմադիր չեն եւ չեն էլ կարող լինել, ստիպված են կուսակցության լիդերների պարտադրանքով ներկա լինել հանրահավաքներին, ավելին` իրենց հետ կոնկրետ թվով մարդ բերել, ինչը լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում: Տարբեր պատճառաբանություններով հրաժարվել եւս չի ստացվում: Վերջիվերջո, «բերման են ենթարկվում» եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի օրինակով կանգնեցվում առաջին շարքերում` երեւալու համար, որ նրանք եւս ներկա են:

«Ժամանակը» փորձեց ԲՀԿ-ական մյուս քաղաքապետերից պարզել` մասնակցո՞ւմ են հանրահավաքներին, եւ արդեն իսկ հաջողվո՞ւմ է իրենց` որպես ընդդիմադիր ղեկավարել իրենց համայնքը: Եղեգնաձորի ԲՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանրահավաքներին մասնակցում է, բայց չի կիսում կուսակցության տեսակետը: «Հա, մասնակցել եմ միտինգներին, բայց ոչ մի բան չեմ կիսում», - ասաց նա: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ստիպողաբա՞ր է մասնակցել հանրահավաքներին ու հնարավո՞ր է` կուսակցությունը լքի նույն տեսակետը չունենալու պատճառով, ԲՀԿ-ական քաղաքապետը, պատճառաբանելով, թե «թաղման տեղում է», հարմար չէ խոսելը, անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական սկանդալային պատգամավոր Կարո Կարապետյանը` Յուվեցի Կարոն, եւս վերջերս հայտարարել էր, որ «իրենից ընդդիմադիր դուրս չի գա, եւ որ ինքը միտինգի մասնակցող չի, քանի որ նախորդ ընտրություններին ամենաշատ ձայնը Սերժ Սարգսյանի համար հենց ինքն է ապահովել»:

Գեղարքունիքի մարզի Մաքենիսի ԲՀԿ-ական համայնքապետ Հարություն Մանուկյանը նույնպես մեզ հետ զրույցում չընդունեց, թե ինքն ընդդիմադիր է:

Միայն Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը մեզ հետ զրույցում, հակառակ վերը թվարկված կուսակիցների, վստահաբար հայտարարեց, թե «կիսում է կուսակցության կարծիքը, մեծ թիմով եւ մեծ ոգեւորությամբ ու ակտիվությամբ մասնակցում է հանրահավաքներին»:

http://news.am, 1 նոյեմբերի 2014թ.

Խմբագրության կողմից

Ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում Աղասի Հակոբջանյանը` տղայակա՞ն, թե՞ գաղափարական։ Երկու դեպքում էլ, անշուշտ, իր գործն է։ Մի բան չէ հասկանալի. ինչպե՞ս կարելի է ե՛ւ իշխանության մեջ լինել, ե՛ւ նույն իշխանության դեմ պայքարել։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: