10/14/2019

Առաջնային է, նախեւառաջ, հղի կնոջ զգոնությունը

Оրերս Կապանի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում մեռելածին երեխայի դեպք է գրանցվել: Բաժանմունքի վարիչ Սամվել Միկոյանի խոսքերով` երբ հղի կինը եկավ հիվանդանոց, պտուղն արդեն մահացել էր, այժմ նշանակվել է համապատասխան փորձաքննություն` բացահայտելու պտղի մահվան պատճառը: Կնոջ վիճակը նորմալ է գնահատվում:

Կնոջ հղիության ողջ ընթացքը նորմալ է եղել` առանց բարդությունների, եւ նա սահմանված ժամկետում անցել է համապատասխան ստուգում: Ըստ կարգի` հղիության նորմալ ընթացքի դեպքում կինն այցելում է բժշկին 4 անգամ` 1.5 ամսվա կտրվածքով: Բնական է, որ բժիշկն ամեն պահ չի կարող վերահսկել հղի կնոջը, եւ այստեղ հատկապես կարեւոր են կնոջ, ինչպես նաեւ ընտանիքի այդ հարցում փորձառու անդամների ուշադրությունն ու զգոնությունը: Օրինակ` պտղի խաղը շատ արագ կամ դանդաղ լինելու դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի: ,Հնարավոր չէ, որ պտուղը մի քանի վայրկյանի ընթացքում մահանա, պարզապես կինը պիտի ուշադիր լինի, հատկապես պտղի խաղի հանդեպե, – նշեց մանկաբարձ-գինեկոլոգ Սամվել Միկոյանը եւ ավելացրեց, որ աշխարհում կատարյալ բժշկություն չկա, եւ բժիշկն էլ երբեմն կարող է սխալվել:
Անցյալ տարի Կապանի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում գրանցվել է 450 ծնունդ, որից 5-6-ը` մեռելածին, որ կարելի է միջին վիճակագրական համարել:

Նշենք, որ երբ հղի կինը առաջին անգամ այցելում է բժշկի, նրան պարտադիր տրամադրվում է հուշաթերթիկ, որում նշված է, թե վտանգավոր ինչ նշանների դեպքում պիտի անհապաղ դիմել բժշկի։
Բացի դրանից այսօր բազում տեղեկատվական միջոցներ կան, որտեղից կարելի է ծանոթանալ հղիության ընթացքին, դրա պաթոլոգիական երեւույթներին, նախածննդյան եւ հետծննդյան փուլերին եւ այլն: Այնպես որ միանշանակ ասել, որ բժիշկն է մեղավոր ծննդյան անհաջող ելքի համար, ճիշտ չի լինի:

Փորձաքննության արդյունքները պատրաստ լինելու դեպքում կհրապարակվեն թերթում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: