10/22/2019

Առայժմ միայն չոր, հետո նաեւ` տաք սնունդ դպրոցականներին

Այս տարվա սեպտեմբերից Սյունիքում մեկնարկած «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրով մարզի բոլոր դպրոցների տարրական դասարանների 5800 աշակերտ դպրոցում մեկ անգամ չոր սնունդ է ստանում:

Նախորդ տարվա փորձնական` միջազգային ծրագրով ֆինանսավորվող ծրագրից հետո այն այժմ ֆինանսավորում եւ ներդրել է ՀՀ կառավարությունը` մեկ սովորողի հաշվով հատկացնելով օրական 140 դրամ: Ըստ կառավարության հաստատած ծրագրի` այն իր մեջ ընդգրկում է կաթ (200մլ) եւ թխվածք/բուլկի (50գրամ): Երեխաների նախաճաշի բազմազանությունն ապահովելու նպատակով դպրոցական կաթ ծրագրով, որպես այլընտրանքային կերակրատեսակներ, նախատեսվում է երեխաներին հատկացնել նաեւ կակաո, կեֆիր, յոգուրտ, հյութ եւ այլն:

Ծրագիրը նախատեսում է, որ դպրոցներն աստիճանաբար` համապատասխան հարմարություններ ունենալուց հետո, աշակերտներին տան նաեւ տաք ճաշատեսակներ: Դրա փորձը նախորդ տարի մարզի որոշ դպրոցներում կիրառվել է: Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի առաջատար մասնագետ Նելլի Կարապետյանը տեղեկացնում է, որ դրա համար նույն ծրագրով դպրոցներին պետք է հատկացվի համապատասխան տեխնիկա` սառնարան, սալօջախ եւ այլն, որը դեռ տեղ չի հասել, պիտի կարգի բերվեն դպրոցական ճաշարանները: Եվ այդ պատճառով տաք սննդի տրամադրումը դեռ չի մեկնարկել: Ըստ մասնագետի` դա ավելի շուտ կկարողանան կազմակերպել խոշոր դպրոցները, որովհետեւ փոքր դպրոցներին ծրագրի համար հատկացված ֆինանսավորումը կարող է չբավականացնել:

Մինչ այդ խմբագրությունը դեռեւս հոկտեմբերի սկզբին բողոք է ստացել ծնողներից` ծրագրի շրջանակներում կրթօջախում դրամահավաքության համար: Խոսքը մասնավորապես Գորիսի Սերո Խանզադյանի անվան N6 դպրոցի մասին է: Դպրոցից մեզ պարզաբանեցին, որ չոր սննդի համար ոչ ոք գումար չի հավաքում, այլ` տաք սննդի, որի վերաբերյալ պետության մոտեցումն էլ այն է, որ ծնողը պիտի օգնի: «Մեզ տալիս են 16 հազար դրամ եւ ասում` երկու աշխատող պետք է պահել` խոհարար եւ խոհանոցի աշխատող: 182 երեխա պիտի կերակրենք, ո՞վ այդ գումարով ճաշ կեփի եւ աման կլվանա: Իսկ ծնողական խորհուրդն էլ առաջարկեց` քանի որ բանջարեղենն էժան է, հիմիկվանից պահեստավորենք, - ասաց փոխտնօրեն Գյուլնարա Խաչատրյանը: - Ամեն աշակերտից հավաքել են 500 դրամ, անապահովներից չենք հավաքի, ամեն կոպեկը երեւում է, թափանցիկ գործընթաց է, ինքներս գումար չենք հավաքում, դա կատարում է ծնողական խորհուրդը, հաշվետվությունները ներկայացվում են: Անցած տարի էլ է նույն գործընթացը եղել, ոչ ոք չի բողոքել»:

Կրթության բաժնի աշխատակից Նելլի Կարապետյանը եւս տեղեկացնում է, որ ծրագիրը նախատեսում է ծնողների, ինչպես նաեւ համայնքի մասնակցությունը երեխաների տաք սննդի ապահովմանը` մատնանշելով ՀՀ կառավարության 2013թ. օգոստոսի 22-ի նիստի N 33 արձանագրային որոշումը, որով սահմանվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունն ու դրա իրականացման միջոցառումների ծրագիրը: Դրա 13-րդ կետում ասվում է. «Ներդնելով ծրագրին ծնողների ֆինանսական մասնակցության արդյունավետ մեխանիզմներ, որի փորձն արդեն իսկ կա ՊՀԾ ծրագրի շրջանակում, հնարավոր կլինի ապահովել դպրոցականների տաք սնունդը եւ սննդի առավել հավասարակշռվածությունը: Ծրագիրը կընդլայնի ծնող-դպրոց-համայնք համագործակցությունը: Ծնողները եւ համայնքը մեծ ներգրավվածություն կարող են ունենալ ծրագրում ե՛ւ նյութապես, ե՛ւ ֆինանսապես, ինչպես նաեւ սեփական աշխատուժի ձեւով: Ծնողների եւ համայնքի մասնակցությունը ծրագրին ծրագրի կայունության եւ արդյունավետության ապահովման հիմնական գործոններից մեկն է, որի շնորհիվ դպրոցներում անհրաժեշտ պայմաններ են ստեղծվում տաք սննդով ապահովելու ոչ միայն տարրական, այլեւ բարձր դասարանների աշակերտներին»:

Նելլի Կարապետյանն ասում է, որ ցանկալի է նաեւ համայնքների օգնությունը, որի օրինակներն ունեն գյուղական դպրոցներում, ինչպես նաեւ ավելի մատչելի սննդամթերք ունենալու համար դպրոցները կարող են զարգացնել իրենց օժանդակ տնտեսությունները, որի օրինակները եւս ունեն:

«Սա միայն սնվել չէ, այդ ընթացքում երեխաները շփվում են, սնվելու վարվելակերպ սովորում, սա նաեւ դաստիարակություն է», – ասում է տիկին Կարապետյանը:

Իսկ ի՞նչ անեն այն ընտանիքները, որոնք ունեն տարրական դասարաններում սովորող մեկից ավելի երեխա, եւ ծնողն ի վիճակի չէ տաք սննդի գումարը վճարել: Մեր զրուցակիցը պատասխանում է, որ ցանկալի չէ երեխայի` ծրագրից հրաժարվելը, հենց ծրագիրն ինքը ենթադրում է աշակերտների միջեւ հավասարություն եւ միատեսակ սնունդ, պարզապես դպրոցները գումար հավաքելիս պետք է հաշվի առնեն, որ կան անվճարունակ ընտանիքներ:

Հավելենք, որ այս ծրագրի մշակմանը մասնակցել են փորձագետներ Ռուսաստանից եւ Իսրայելից: Այն առայժմ իրականացվում է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: