10/14/2019

Թեման Սյունիքի թագավորությունն էր

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՓՈՐՁ

Նոյեմբերի 10-ին Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում կազմակերպվեց «Սյունիքի թագավորությունը» թեմայով գիտաժողով: Նախաձեռնությունը Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդինն էր, բանախոսները մարզկենտրոնի երիտասարդ պատմաբաններն էին, նպատակը` լուսաբանել Կապան աշխարհի պատմության 9-12-րդ դարաշրջանին վերաբերող պատմական իրողությունները, երիտասարդ մասնագետներին մղել պրպտումների, լայնացնել գիտական հետաքրքրությունների շրջանակը, հանրությանը ճանաչել տալ հայրենի երկրամասի պատմական անցյալը:

Բացելով գիտաժողովը` Կապանի քաղաքապետի տեղակալ Ռուդոլֆ Սարգսյանը ողջունեց բոլոր նրանց, ովքեր արձագանքել են իրենց նախաձեռնությանը եւ համոզմունք հայտնեց, որ հաջողության դեպքում կկրի շարունակական բնույթ` իր շրջանակի մեջ ներառելով մարզի մյուս տարածաշրջանների երիտասարդ պատմաբաններին:

Գիտաժողովի անդրանիկ բանախոսը Լիլիթ Առաքելյանն էր, ով հանդես եկավ «Ստեփանոս Օրբելյանի երկը` որպես Սյունիքի պատմության հիմնական աղբյուր» թեմայով զեկուցումով: Նախ ներկայացվեց Ստեփանոս Օրբելյան պատմիչի գրական հարուստ ժառանգությունը, նաեւ նշվեց, որ նրա ամենանշանակալի երկը` «Պատմութիւն տանն Սիսական» կամ «Պատմութիւն նահանգին Սիսական» ծավալուն աշխատությունն է` Սյունիքի միջնադարյան ժամանակաշրջանի սոցիալ-քաղաքական կյանքի մասին գրական մի ամբողջական հուշարձան: Լ.Առաքելյանը քննության առարկա էր դարձրել Ստեփանոս Օրբելյանի աշխատության սկզբնաղբյուրները, երկի հրատարակությունները, Ստեփանոս Օրբելյանի շարադրած Սյունյաց նահանգի պատմությունը` վաղնջական ժամանակներից մինչեւ իր ապրած ժամանակաշրջանը: Որպես տիրապետող դասի ներկայացուցիչ եւ Սյունյաց իշխանազուն` Օրբելյանը ջանում է արդարացնել Սյունիքի (Կապանի) թագավորության ստեղծումը, որը, պատմիչի կարծիքով, երեւան էր եկել պատմական անհրաժեշտությամբ եւ ժամանակի թելադրանքով: Վիմական արձանագրությունների օրբելյանական ընթերցումների շնորհիվ հնարավոր է դարձել ամբողջապես վերականգնել Ամաղուի Նորավանքի, Տաթեւի, Գնդեվանքի, Վահանավանքի, Վանեվանի, այլ տաճարների պատերին փորագրված բազմաթիվ արձանագրություններ, առանց որոնց միջնադարով զբաղվող պատմաբաններին չափազանց դժվար էր լինելու որոշակի պատկերացում ունենալ ժողովրդի սոցիալ-քաղաքական վիճակի եւ այլնի մասին, - այս եզրահանգմամբ ավարտեց իր խոսքը բանախոսը:

Սյունիքի պատմաաշխարհագրական դիրքի եւ բերդերի տեղադրության մասին առանձին զեկուցումներով հանդես եկավ Վրեժ Բադալյանը, Կապան տեղանունը ստուգաբանեց Հասմիկ Գրիգորյանը, Սյունյաց թագավորության հռչակումը ներկայացրեց Գոռ Հովհաննիսյանը, Սյունյաց թագավորության անկումը` Սուսաննա Ռուբենյանը, Վահանավանքում ամփոփված իշխանազուն անձանց մասին խոսեց Էդգար Հարությունյանը:

Միջոցառմանը մասնակից Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ողջունեց Սյունիքի թագավորությանը վերաբերող գիտաժողով անցկացնելու նախաձեռնությունը` համոզմունք հայտնելով, որ ապագայում երիտասարդ պատմաբանները կանդրադառնան պատմական այլ կարեւոր թեմաների: Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանն իր խոսքում նշեց, որ հասունացել է ժամանակը մարզի դպրոցներում դասավանդելու Սյունիքի պատմությունը:

Միջոցառման ավարտին զեկուցողներին հանձնվեցին հավաստագրեր:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: