10/14/2019

Ընդունելության գործը կշահեր, եթե...

Ընդունելության գործը կշահեր, եթե...

Արդեն քսան տարի Կապանում գործում է ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղը: Մեծ է բուհի նշանակությունը տարածաշրջանի համար` սկսած համապատասխան կառույցներին մասնագետ կադրերով ապահովելուց մինչեւ երիտասարդներին իրենց բնօրրանում ապրելու եւ կրթություն ստանալու հնարավորության ընձեռումը: Ինչպես ասում են, բուհն ու աշխատաշուկան` տան-դռանը, սա առավելություն է, որ կապանցին չպետք է անտեսի:

Բուհի մասնաշենք մուտք գործելու պահից ամենուրեք զգացվում է հոգատար ձեռքի առկայությունը. հարմարավետ կահավորված լսարաններ, տրամադրող ջերմություն, հարուստ գրադարան, ընթերցասրահ, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով ապահովված դասասենյակներ եւ օժանդակ հարմարություններ:

Ներկայում ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում սովորում է 425 ուսանող (56` անվճար եւ 369` վճարովի): Հիմնական դասախոսական կազմում ընդգրկված է 35, իսկ լրիվ դասախոսական կազմում` 43 դասախոս: Հիմնական դասախոսական կազմում գիտական աստիճան ունի 34.3 տոկոսը, իսկ լրիվ կազմում` 30.2 տոկոսը: Մասնաճյուղի դասախոսական հիմնական կազմի միջին տարիքը կազմում է 45 տարի: Բուհն ուսուցանում է յոթ մասնագիտություն:

Նոյեմբերի 7-ին կայացավ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի գիտական խորհրդի ամենամյա հաշվետու նիստը, որին ներկա էին ՀՊՃՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Աղաբալյանը, մասնաճյուղի ղեկավարությունը, դասախոսական կազմը, ուսանողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը ներկայացրեց 2013-14 ուսումնական տարում մասնաճյուղի գործունեությունը:

Սահիկահանդեսի ձեւով ներկայացվեցին բուհի կառուցվածքային միավորները, մասնաճյուղում ուսուցանվող մասնագիտությունները, ուսումնական գործընթացի հսկողությունը, բուհի որդեգրած ռազմավարական նպատակները եւ դրանց կատարողական արդյունքները:

Բուհի առաջնահերթ նպատակն է ապահովել մուտքի բազմազանեցում եւ համապատասխանություն արտաքին միջավայրի պահանջներին, բավարար մակարդակի հասցնել ուսանողական համակարգը: Ի դեպ, 2014թ. մասնաճյուղում առաջին անգամ ընդունելություն կատարվեց բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ «Փոխադրումների եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպում եւ կառավարում» ու «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտություններով:

Մեծ աշխատանք է կատարվել դիմորդների մասնագիտական կողմնորոշման, ընդունելության գործընթացի նախապատրաստման եւ կազմակերպման ուղղությամբ: Ընդունելության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը ժամանակին տեղադրվել է մասնաճյուղի կայքում: Կազմակերպվել է նաեւ «Բաց դռների օր», որի բոլոր միջոցառումները ցուցադրվել են տեղական հեռուստաալիքներով:

Զեկուցողը նշեց, որ կազմակերպված միջոցառումներն անշուշտ տվեցին իրենց դրական արդյունքները, սակայն մասնաճյուղի ընդունելության գործընթացն ավելի կշահեր, եթե մասնաճյուղի կազմում գործեր հենակետային ավագ դպրոց:

Բուհի ռազմավարական հաջորդ նպատակն է մասնաճյուղում ապահովել կրթական ծրագրերին եւ պետական միասնական չափանիշների պահանջներին համապատասխանող որակյալ կրթություն: Բուհը նաեւ խնդիր է դնում ապահովել արդի միջազգային չափանիշներին եւ աշխատաշուկայի պահանջներին համահունչ նոր ծրագրերի ներդրումը մասնաճյուղում:

Ուսումնական պլանների բարելավման գործընթացի շրջանակներում 2013-14 ուստարվանից մասնաճյուղն իրականացնում է մոդուլային կրեդիտային հենքով ձեւավորված ճկուն ուսումնական ծրագրեր` բարձրացնելով ուսանողների ինքնուրույն աշխատանքի դերը եւ ուսումնական արդյունավետությունը: Ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ եւ մեխանիզմներ` ուսումնառության, դասավանդման եւ գնահատման գործընթացների էական բարելավման համար:

Լ.Պետրոսյանը հաջորդաբար ներկայացրեց ռազմավարական նպատակներն ու խնդիրները, դրանց լուծման ուղիները: Նա նշեց, որ անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել գիտական կադրերի (հատկապես` երիտասարդ) պատրաստման գործընթացին, միաժամանակ ձեռնարկել միջոցներ` վերապատրաստման եւ որակավորման բարձրացման դասընթացներին դասախոսների մասնակցության համար: Դասախոսների մասնագիտական առաջընթացի նպատակով ներկայումս ակտիվորեն գործում է գիտական հայցորդների ինստիտուտը:

Բուհում իր առօրյա եւ բնականոն գործունեությունն է ծավալել նաեւ ուսանողական խորհուրդը, որը համակարգել է ուսանողության մասնակցությունը մասնաճյուղի կառավարման գործընթացում եւ աջակցել տարաբնույթ միջոցառումների կազմակերպմանը: Ուսանողական խորհրդի ներկայացուցիչներն ընդգրկված են սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող տարբեր հանձնաժողովների կազմում: Ուսանողական խորհուրդն ակտիվորեն մասնակցում է մասնաճյուղի եւ այլ երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնած բազմաթիվ միջոցառումների` պատվով ներկայացնելով մասնաճյուղը:

Բուհը շարունակում է կրթական եւ հետազոտական ծրագրերին համապատասխանող նյութատեխնիկական բազայի ձեւավորման գործընթացը: Մասնաճյուղում բավականին բարելավվել են ուսումնական գործընթացի իրականացման նյութատեխնիկական պայմանները: Ավարտման փուլում են «Հանքահարստացման եւ մետալուրգիայի» ուսումնական լաբորատորիայի վերանորոգման աշխատանքները: Մեծ ուշադրություն է դարձվում գրադարանային ռեսուրսների համալրման եւ զարգացման խնդիրներին: Գրադարանի ընթերցասրահին կից գործում է էլեկտրոնային ընթերցասրահ:

Մասնաճյուղում աշխատանքներ են իրականացվել նաեւ մշակութային եւ մարզական ծրագրերի համակողմանի զարգացման ուղղությամբ, կազմակերպվել են սպորտային եւ մշակութային տարբեր միջոցառումներ: Արտաբյուջետային լրացուցիչ ֆինանսական միջոցների բացակայությունը, ցավոք, դեռեւս թույլ չի տալիս մասնաճյուղի աշխատակիցների համար իրականացնել սոցիալական ծրագրեր: Առաջիկայում այդ ուղղությամբ հարկ կլինի ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ: Բյուջետային համակարգի կատարելագործման ճանապարհով ապահովվել է ֆինանսական ռեսուրսների արդյունավետ ու թափանցիկ բաշխում եւ բոլոր բնագավառների կառավարման գործընթացների համաձայնեցում: Մասնաճյուղի ֆինանսական աղբյուրներն են պետական բյուջեից տրվող ֆինանսավորումը (միայն ուսման վարձեր եւ կրթաթոշակ) եւ արտաբյուջետային մուտքերը (գերակշիռ մասը` վճարովի ուսուցման վարձեր):

Մասնաճյուղի ֆինանսական կառավարումն իրականացվում է ՀՊՃՀ ֆինանսական գործունեության նորմատիվային բազային համապատասխան:

Բուհը լուրջ աշխատանքներ է իրականացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռքբերման եւ կիրառման ոլորտում: Ներկայումս ներքին ցանցին եւ համացանցին միավորված է 73 համակարգիչ, որոնք օգտագործվում են ուսումնական գործընթացում եւ գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար: Ներմասնաճյուղային կառավարման համակարգում, ուսանող-դասախոս փոխհարաբերություններում լայնորեն կիրառվում են տեղեկացման էլեկտրոնային ձեւերը: ՀՊՃՀ ղեկավարությունը խթանում է մասնաճյուղի գիտական ներուժի զարգացման եւ միջազգային գիտական ծրագրերում ընդգրկվելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Ստեղծված են բոլոր հնարավորությունները` ազատորեն օգտվելու հանրապետական եւ արտասահմանյան անվճար գիտատեղեկատվական ցանցերից, տպագիր տեղեկատվական աղբյուրներից: 2012 թվականից մասնաճյուղն ընդգրկված է Իլմենաուի (Գերմանիա) տեխնիկական համալսարանի համակարգմամբ իրականացվող TEMPUS «Արտադրական համագործակցություն եւ հեռավար ու վիրտուալ գործիքամիջոցների վրա հիմնված ստեղծագործական ճարտարագիտական կրթություն» նախագծում: Նախագծի շրջանակներում իրականացվում են աշխատանքներ հեռավոր լաբորատորիաների ցանցի ստեղծման ուղղությամբ, որից կարող են օգտվել նախագծի մասնակից բուհերի ուսանողները: Ծրագրի հաջող ավարտի դեպքում մասնաճյուղում կստեղծվի շուրջ 27000 եվրո արժողությամբ հիբրիդային լաբորատորիա, որն էականորեն կօժանդակի ուսանողների մասնագիտական կարողությունների եւ գործնական հմտությունների ձեռքբերմանը:

Մասնաճյուղի զարգացման, ճարտարագիտական կրթությամբ որակյալ մասնագետների ուսուցման համար կարեւոր գործոններից են նաեւ արտաքին շահակիցների (գլխավորապես` տարածաշրջանի արտադրական ձեռնարկությունների) հետ գործընկերային կապերի ամրապնդումը եւ ընդլայնումը: Մասնաճյուղի գործունեության լուսաբանման նպատակով շարունակվել է ակտիվ համագործակցությունը «Սոսի» եւ «Խուստուփ թիվի» հեռուստաալիքների, «Սյունյաց երկիր» մարզային թերթի հետ: Նշված ԶԼՄ-ների շնորհիվ հանրությունն իրազեկվել է ներմասնաճյուղային կյանքին առնչվող առավել հետաքրքիր եւ կարեւոր միջոցառումների եւ իրադարձությունների մասին:

ՀՊՃՀ պրոռեկտոր Սուրեն Աղաբալյանն իր ելույթում փաստեց մասնաճյուղի գործունեության ակնհայտ առաջընթացը եւ դրական արդյունքները:

ՆԻՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: