10/14/2019

ՀՐԱՉ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. «Սիսիանի` ծայրահեղ վատ վիճակում գտնվող ներհամայնքային ճանապարհներում ոչ մի լումայի աշխատանք չի նախատեսվել համայնքային բյուջեով, ինչպե՞ս հասկանալ»

ՀՐԱՉ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. «Սիսիանի` ծայրահեղ վատ վիճակում գտնվող ներհամայնքային ճանապարհներում ոչ մի լումայի աշխատանք չի նախատեսվել համայնքային բյուջեով, ինչպե՞ս հասկանալ»

Հրաչ Գաբրիելյանի ծննդավայրը պատմական Բռնակոթ գյուղն է: Ծնվել է 1956-ին, 1973 թվականին ավարտել միջնակարգը, ընդունվել Երեւանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմոբիլային ճանապարհների շինարարության բաժինը: Բուհն ավարտելուց հետո` 1978-ին, աշխատանքի է անցել Գորիսի N919 շինվարչությունում: Մեկ տարի հետո վերադարձել է Սիսիան` աշխատանքը շարունակել Սիսիանի ճանապարհների շինարարության եւ նորոգման վարչությունում (ДРСУ)` որպես աշխղեկ, 1982-ից` գլխավոր ճարտարագետ, 1989-ից գլխավորել է վարչությունը: 1995-ին ազատվել է աշխատանքից, մեկ տարի աշխատել Վայքում: 1996-ին հիմնել է «Սիսիանի ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որ ղեկավարում է մինչեւ այժմ: Ամուսնացած է, ունի երեք զավակ, անկուսակցական է: Սա այցեքարտ` նախաբանի փոխարեն:

Ընկերությունը, ինչպես ներկայացնում է, ստեղծվել է զրոյից, ասֆալտգործարանը եւ ջարդիչ սարքավորումը ձեռք է բերել Գորիսի N919 ճանշինվարչությունից: Մարդիկ կային, որ հավատ չունեին, թե դրանք նորմալ կգործեն, թե նրա ձեռնարկածը կդառնա կազմակերպություն (ճանշինվարչություն), բայց ինքն այլ կարծիքի էր: Երբ դպրոցական ընկերոջը հայտնել էր, թե ինչ կստացվի (դե դուրս գրած սարքավորումն ի՜նչ պիտի լինի), պատասխանել էր. եթե պահանջվող պահեստամասերը գտնի, էլեկտրականության հետ կապված ամեն ինչ ինքը կանի:

Այդ օրվանից հետո շատ ջրեր են հոսել, ավելի ստույգ` անցել է 18 տարի: Արդեն ընկերությունը ոչ մի բանի կարիք չունի, կադրերով եւ մեքենասարքավորումներով հագեցած է. «Որեւէ աշխատանք կատարելու համար որեւէ ընկերությունից տեխնիկա վարձակալելու խնդիր չունեմ» – ասում է տնօրենը:

Դժվար չէ՞ր զրոյից նոր կազմակերպություն ստեղծել, մանավանդ կադրերի համալրման առումով, կրկին հարց եմ տալիս: «Դժվարն առաջին տարին էր, երբ ես ե՛ւ գլխավոր ճարտարագետ էի, ե՛ւ աշխղեկ, ե՛ւ ամեն-ամեն ինչ: Կամաց-կամաց մարդկանց սովորեցրինք, աստիճանաբար գործին տիրապետեցին, դարձան մասնագետներ: Գրեյդերավար պատրաստեցինք, ասֆալտ պատրաստող եւ փռող, նախկին կազմակերպությունից, որտեղ տարիներ ի վեր աշխատել եմ եւ վեց տարի ղեկավարել, ոչ մի կադր չենք հրավիրել, որովհետեւ մեր ընկերությանը զուգահեռ գործում էր»:

Բնականաբար, ընկերության տնօրենից նախեւառաջ փորձեցինք տեղեկանալ, ավելի ճիշտ` ընթերցողի հիշողությունը թարմացնել (մեր թերթն ընկերությունն առանձին հրապարակմամբ ներկայացրել է 2007 թվականին («Սյունյաց երկիր», 20 նոյեմբերի, «Ձմռանը բաց մայրուղի ունենալու եւ հարակից այլ հարցերի մասին»), թե որն է «Սիսիանի ճանշին» ընկերության ձմեռային սպասարկման տարածքը: Մանավանդ որ այս տարի նախորդ տարվա համեմատ ձմեռն ավելի վաղ է թակել մեր դուռը, դրանով լրացուցիչ հոգս պատճառել ճանապարհաշինարարներին: Նոյեմբերի 3-ին տեղացած առատ ձյունը լուրջ փորձություն էր (ասենք, որ առաջին ձյունն ավելի վաղ էր տեղացել` հոկտեմբերի 17-ին) ճանապարհաշինարարների համար, տնօրենը տեղեկացնում է, որ ունեն պահանջվող քանակությամբ շլաք եւ ավազ, եւս երեք բեռնատար աղ պիտի ներկրեն: Իսկ ընկերությունը սպասարկում է Սյունիքի դարպասներից մինչեւ Գորիսի սահմանն ընկած 51.5կմ միջպետական, Սիսիան-Դաստակերտ 26կմ հանրապետական, նաեւ Սիսիանի խաչմերուկից մինչեւ Շաղատ մարզային նշանակության ճանապարհները: Պետբյուջեից (տրանսպորտի եւ կապի նախարարություն) ձմեռային սպասարկման համար հատկացվել է 31 մլն դրամ, եւս 11-12 մլն դրամ հատկացվում է մարզային ճանապարհների սպասարկման համար: Տնօրենի փոխանցմամբ` ձմռան տարեշրջանին ընդառաջ տեխնիկան նորոգվել է (բնական տարերքի դեմ մարտի կնետվեն մեկ գրեյդեր, երեք շլաք շաղ տվող մեքենա, ձյուն մաքրող եւս մի մեխանիզմ): Ձնառատ օրերին առավել վտանգավոր վիճակ է ստեղծվում Սյունիքի դարպասներից մինչեւ Գորայք ընկած հատվածում, որտեղ անպակաս են լինում բուքն ու քամին: Ընդհանրապես մարզի ճանշին կազմակերպություններից յուրաքանչյուրն իր նեղ օղակն ունի: Մեղրեցի ճանապարհաշինարարի համար դա Դիբագի լեռնանցքն է, գորիսեցիներինը` Թասի ոլորանները, «Սիսիանի ճանշին»-ին «բաժին է ընկել» Սիսիանի լեռնանցքը: «Սարն անցնում ես, արդեն տանն ես», - ասում են ճանապարհ կտրողները:

«Սիսիանի լեռնանցքը մեր ռազմավարական նշանակություն ունեցող հատվածն է: Երբ տեսնում ենք` եղանակը կտրուկ սկսվում է փոխվել, «Վիլիսով» ստուգայց ենք կատարում, որը հիմնականում լինում է խոր գիշերով, - ասում է զրկուցակիցս եւ հավելում, որ իրենց վստահված միջպետական ճանապարհը հեշտ վերահսկելի է, երբ ձյունը սկսում է տեղալ, դուրս է գալիս Սիսիանի խաչմերուկ, եւ Սյունիքի դարպասի, եւ Գորիսի կողմից եկող ավտոմեքենաներից տեղեկություն ստանում ճանապարհի վիճակի մասին եւ ըստ այդմ գործում: Ի դեպ, Սիսիանի ռելիեֆն ու եղանակային պայմաններն այնպիսին են, որ բուքը, քամին ձյունը դաշտերից քշում, լցնում են միջպետական ճանապարհը` դժվար անցանելի դարձնում, երբեմն էլ կաթվածահար անելով երթեւեկությունը: Ժամանակին մայրուղու երկայնքով փայտե ցանցապատնեշներ էին տեղադրում, որ ճանապարհը փոքրիշատե պաշտպանում էր ձյան հաստ շերտով պատվելուց: Հրաչ Գաբրիելյանը կողմ է դրանք տեղադրելուն, բայց նաեւ մտավախություն ունի. «Դրանք, ասենք, տեղադրեցինք, ո՞վ պիտի տիրություն անի: Այսօր դրեցիր, վաղը տերը չես»:

Ինչպես տեղեկացանք, այս պահի դրությամբ ընկերությունում 30 մարդ է աշխատում, իսկ թե, այնուամենայնիվ, ինչ մասնագետի կարիք ունեն, պատասխանում է` մեխանիզատորի: «Պրոֆտեխուսումնարանները, որտեղ ժամանակին մեխանիզատոր կադրեր էին պատրաստում, Խորհրդային Միության փլուզումից հետո փակեցին դռները, մենք էլ մասնագետ ենք պատրաստում, բայց իրավունք չունենք մի թղթի կտոր տալ որպես վկայական»:

Մինչեւ ընկերության տնօրեն Հրաչ Գաբրիելյանին հանդիպելը նույն օրը «Սյունյաց երկրի» լրագրողներս աշխատանքային այցով եղանք Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան գյուղում: Ճանապարհը բարեկարգ էր այլ համայնքներ տանող ճանապարհների համեմատ: Համայնքի ղեկավար Արմեն Բեգլարյանը տեղեկացրեց, որ շաբաթներ առաջ համայնքի հիմնախնդիրներին ծանոթանալու նպատակով Աշոտավան էր այցելել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Գյուղի բնակչությունը մարզի ղեկավարին դիմել էր միջհամայնքային ճանապարհը բարեկարգելուն օժանդակելու խնդրանքով: Այդ գործն օպերատիվորեն իրականացրեց «Սիսիանի ճանշինը», ինչը մատչելի է դարձրել Սիսիան եւ մոտակա բնակավայրերը հասնելը` այդ ուղղությամբ գտնվող Հացավան, Սալվարդ, Թասիկ: Համայնքի ղեկավարի ցանկությունն այն էր, որ հողային աշխատանքներին հաջորդի ասֆալտապատումը, այլապես արվածը ջուրը կընկնի, իսկ ուղղակի իմաստով եթե ձեւակերպենք` անձրեւաջրերը, ձնհալոցքի ջրերը նախկին վիճակին են հասցնելու համայնքային ճանապարհը:

Տնօրենի հետ զրույցում խոսվեց նաեւ «արտաճանապարհային» թեմաներից: Սյունիքի մարզ այցելողն առաջին տպավորությունը ստանում է Սյունիքի դարպասներից, իր ծարավը հագեցնում այդտեղի սառնորակ աղբյուրի ջրով: Բայց… տարածքը աղբատեղի է հիշեցնում, աղբամաններ են տեղադրված, սակայն դրանք դատարկ են մնում, իսկ աղբը թափում են` ուր պատահի: Որ շատերի կենցաղավարման կուլտուրան հեռու է բավարար լինելուց, կարելի է դատել այդ օրինակով: Հ.Գաբրիելյանը մտադիր է մի հաստիքով հավաքարար պահել, որ Սյունիքի դարպասի մերձակայքում հետեւի սանիտարական մաքրությանը…

Փորձառու ճանապարհաշինարարից չէինք կարող չհետաքրքրվել միջպետական մայրուղուց թեքվող եւ Զորաց քարերի մոտով Սիսիան քաղաք մտնող ճանապարհի վիճակի մասին: Նորագույն տեխնիկայով այդ ճանապարհի հողային պաստառը նորմալ տեսքի էր բերվել: Բայց արվածը երկար կյանք չունեցավ, եւ վարորդները նախկինի պես շարունակում են երթեւեկել խորդուբորդ ճանապարհով: Դրան նախորդ տարի հանրապետական ճանապարհի կարգավիճակ են տվել: Այդքանը: Լուծումը ճանապարհի հիմնանորոգումն է եւ ասֆալտապատումը: Տարբեր ատյաններում այդ խնդիրը բարձրաձայնվել է, պատճառաբանությունը նույնն է` բյուջեում փող չկա: Ինչ վերաբերում է Սիսիան քաղաքի փողոցների անմխիթար վիճակին, մեր զրուցակիցը փոխանցեց, որ իր ղեկավարած ընկերությունն անցած տարի Սիսիան քաղաքում հազար քառակուսի մետր փոսային նորոգում է իրականացրել, նման աշխատանք համայնքում ընթացիկ տարում չեն իրականացրել: Այս առումով նա իր տարակուսանքը հայտնեց. «Սիսիանի` ծայրահեղ վատ վիճակում գտնվող ներհամայնքային ճանապարհներում ոչ մի լումայի աշխատանք չի նախատեսվել համայնքային բյուջեով, ինչպե՞ս հասկանալ»: «Սիսիանի ճանշին» ՍՊ ընկերությունն աշխատուժ եւ տեխնիկա ունի իրականացնելու ճանապարհաշինարարական աշխատանքներ, բայց այդ նպատակով անցկացվող մրցույթներն էլ իրենց կասկածելի տրամաբանությունն ունեն…

Մեր զրույցի ընթացքում խոսվեց գնաց այն մասին, որ փոսային նորոգումների որակը հեռու է բավարար լինելուց, դրանք կարճ կյանք ունեն, մանավանդ, Գորիսի եւ Սիսիանի ճանապարհներին:

Տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ ասֆալտապատման աշխատանքներում այս տարվանից նոր տեխնոլոգիա են կիրառում։ Ավելի ստույգ, ցանցեր են տեղադրվում, նոր ասֆալտը փռում, ինչը թույլ չի տալիս` ճաքեր գոյանան:

Երբ հետաքրքրվում ենք, թե, այնուամենայնիվ, որն է ընկերության գործունեության ամենանեղ օղակը, չի հապաղում պատասխանել. «Ֆինանսավորումը: Թող պատվեր տան, մենք բոլոր չափանիշները բավարարող աշխատանք կանենք»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: