10/21/2019

Ըստ Լեհվազի բնակչի` փոքր հէկի կառուցումից հետո Մեղրի գետում միայն կոյուղաջրերն են մնալու

Սույն թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ Սյունիքի մարզի Լեհվազի գյուղապետարանում տեղի ունեցան «Գրին Փաուեր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Մեղրի-1» փհէկի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Նախագծող «Գիդէպինվեստ» ՍՊԸ-ի գլխավոր ճարտարագետ Էդվարդ Մկրտչյանը ներկայացրեց նախագծի տեխնիկատնտեսական մասը:

««Մեղրի-1» փհէկն ունենալու է 2.4 մեգավատ ընդհանուր հզորություն` բաղկացած գլխամասային հանգույցից, մոտ 1.9 կիլոմետր երկարությամբ ճնշումային խողովակաշարից եւ հէկի շենքից: Գլխամասային հանգույցում տեղադրվելու են ձկնանց կառուցվածք, ճնշումային ավազան, ջրընդունիչ հանգույց եւ ջրթափային պատվար: Ճնշումային խողովակաշարը լինելու է 1420 մմ խողովակաշարով: Հէկի շենքում տեղադրվելու է երկու հիդրոագրեգատ` 2.4 մեգավատ ընդհանուր հաշվարկային հզորությամբ: Բնապահպանական սանիտարական ելքը կազմում է 100 լ/վրկ: Խողովակաշարն անցկացվելու է գոյություն ունեցող ոռոգման ջրատարի կողքով», – ասաց Էդվարդ Մկրտչյանը:

Լեհվազի համայնքապետ Սասուն Զաքարյանը նշեց, որ համայնքը, իհարկե, ողջունում է նախագիծը, բայց բոլոր չափանիշները եւ նորմատիվները պետք է պահպանվեն:

Բնակիչները հարց ուղղեցին` ո՞վ է վերահսկելու, որպեսզի 100 լ/վրկ ջուրը պարտադիր պահպանվի:

«Դա վերահսկողության կարիք չի զգում, այդ ջուրն ավտոմատ գնալու է: Մեր նախագծով ձկնուղու նիշը գտնվում է ավելի ցածր, քան ջրընդունիչի նիշը», – պատասխանեց Էդվարդ Մկրտչյանը:

Լեհվազ համայնքի բնակչուհին հարց ուղղեց. «Ի՞նչ է շահելու լեհվազեցին այդ կառույցից…ի՞նչ եք ակնկալում, որ մենք մեր համաձայնությո՞ւնը տանք, թե՞… »:

«Գրին Փաուեր» ՍՊԸ-ի մենեջեր Խաչատուր Ավետիսյանն ասաց. «Հիմնական աշխատողները լինելու են համայնքի բնակիչները: Մենք համայնքի ղեկավարի հետ քննարկել ենք, որ ուզում ենք խաղահրապարակ կառուցել համայնքի համար, եւ մեր անելիքը լինելու է շարունակական»:

«Ինչ-որ խաղահրապարակ ստեղծելով, ինչ որ բարեգործություն անելով…դա մի քանի տարվա խնդիր է, բայց չէ՞ որ մարդիկ այստեղ տարիներով ապրում են», – արձագանքեց բնակիչը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ անցկացվող հասարակական լսումները պետք է վերաբերեն ոչ թե նախագծի տեխնիկական մասին, այլ ռիսկերին, որոնք պետք է արտացոլված լինեն ՇՄԱԳ փաստաթղթում:

«Դուք պետք է ներկայացնեք բոլոր բնապահպանական ռիսկերը, որպեսզի մենք հասկանանք` ինչ պետք է քննարկենք», – ասաց Ինգա Զարաֆյանը:

«Խողովակաշարն անց է կացվելու գոյություն ունեցող ոռոգման ջրատարի կողքով: Այսինքն ոչ մի անտառահատում, ոչ մի թուփ, ոչ մի ազդեցություն չի ունենալու շրջակա միջավայրի վրա», – պատասխանեց նախագծող «Գիդէպինվեստ» ՍՊԸ-ի գլխավոր ճարտարագետ Էդվարդ Մկրտչյանը:

«Դուք ռիսկերի մասին ոչինչ չեք ասում...ՇՄԱԳ-ի մասին ոչ մի խոսք չկա», – ասաց Ինգա Զարաֆյանը:

ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Զարուհի Զուռնաչյանն արձագանքեց. «Նա գլխավոր ճարտարագետն է, ոչ թե բնապահպանը, այդ պատճառով բնապահպանական տեսանկյունից ներկայացնելը լավ չի ստացվում, թե չէ նախագծում ներկայացված է եւ կենսաբազմազանությունը, եւ բուսականությունը, եւ ջրային ռեսուրսների պահպանությունը…ամեն ինչ ներկայացված է»:

«ԷկոԼուրը» հետաքրքրվեց, թե ինչ ազդեցություն կունենա փոքր հէկը Մեղրի գետի էկոհամակարգի վրա:

Էդվարդ Մկրտչյանը պնդեց, որ ոչ մի բացասական ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ պահպանվելու են ՀՀ-ում գործող բոլոր նորմատիվները:

«ԷկոԼուրի» հարցին` ունի՞ արդյոք գետը սանիտարական ֆունկցիա բնակչության համար, բնակիչները պատասխանեցին. «Վերեւի գյուղերի բոլոր կոյուղաջրերը լցվում են գետը, եւ գետում միայն կոյուղաջրերն են մնալու»:

Հարցին, թե պոտենցիալ որքան ջուր կարող է վերցվել գետից խողովակների մեջ, նախագծող ընկերությունը պատասխանեց, որ հաշվարկային ելքից ավելի չի կարող վերցվել, քանի որ տուրբինի թողունակությունը հաշվարկային ելքով է որոշվում` 3.8 մետր խ/վ:

Հարցին, թե ինչու է այդ դեպքում ընկերությունը վերցնում այդքան մեծ խողովակներ, – Էդվարդ Մկրտչյանը պատասխանեց. «Դա տեխնիկատնտեսական հաշվարկ է, դա մասնագիտական հարց է, երկար քննարկում կլինի»:

Բնակիչներն արձագանքեցին` հէկի համար պահեստային ջուր է:

Ի պատասխան Էդվարդ Մկրտչյանն ասաց. «Պահեստային ջրի ոչ մի խնդիր չկա, մեկ խողովակ է լինելու»:

Նա նաեւ նշեց, որ փհէկը տարվա մեջ աշխատելու է երկու ամիս` վարարման ժամանակ, իսկ մնացած ամիսներին փոքր հզորությունով է աշխատելու:

Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացված «Մեղրի-1» փհէկի կառուցման նախնական գնահատման հայտում նշված է, որ փհէկը նորոգումների պատճառով տարեկան կշահագործվի 11 ամիս կամ 330 օր եւ ոչինչ այն մասին, որ ամբողջ հզորությամբ փհէկը աշխատելու է միայն երկու ամիս վարարման սեզոնին: Հայտում նաեւ նշված է, որ փհէկը տարեկան կարտադրի 10.56 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որը կապահովի տարեկան 214.2 միլիոն դրամ գումարի զուտ իրացում:

«Մեղրի-1» փհէկի կառուցման համար նախնական հաշվարկված ներդրումային գումարը կազմում է 1022.86 մլն դրամ, առանց ԱԱՀ-ի: Արտաքին ֆինանսավորման գումարը կազմում 716.0 միլիոն դրամ` 70%: Նախատեսվում է, որ «Մեղրի 1» փհէկը կկառուցվի եւ կշահագործվի 2014-2021թթ.:

Շահագործումը կսկսվի 2016թ. սեպտեմբեր ամսից։

Մեղրի գետի վրա արդեն իսկ կառուցված է երեք փհէկ, որոնք խողովակի մեջ են վերցրել գետի գումարային երկարության 20.81%-ը` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար:

14 նոյեմբերի 2014թ., ecolur.org

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: