10/14/2019

Նշվեց Ուսանողների միջազգային օրը

1946 թվականից նոյեմբերի 17-ը նշվում է որպես Ուսանողության միջազգային օր, որ անվանում են նաեւ Ուսանողների միջազգային համերաշխության օր: Տոնի նախօրեին Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի եւ Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա էին Սյունիքի մարզում գործող բուհերի եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմը եւ ուսանողները:

Ուսումնական հաստատությունների ուսանողներին ողջունեց մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանը, ով կարեւորեց ուսանողների դերը մեր երկրի վաղվա օրվա կերտման ճանապարհին, ինչպես նաեւ շեշտեց այն հանգամանքը, որ պետությունը պիտի նպաստավոր պայմաններ ստեղծի ուսանողների գործունեության եւ առաջխաղացման համար:

Իրենց ուսումնական հաստատությունների համառոտ գործունեության, ունեցած ձեռքբերումների եւ առկա հնարավորությունների մասին համառոտ ներկայացնելով` ուսանողները շեշտը դրեցին գիտելիքն ուժ է գաղափարի վրա: Նրանք միմյանց շնորհավորական խոսքեր հղեցին` մաղթելով վայելել ուսանողական կյանքի ամեն վայրկյանը, ինչպես նաեւ հանդես եկան գրական-երաժշտական համարներով:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի ղեկավար Նվարդ Հարությունյանը, շնորհավորելով ուսանողներին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունից նվերներ հանձնեց միջոցառման մասնակիցներին, իսկ մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանը` ուսանողական խորհուրդների նախագահներին:

Տոնի առթիվ նոյեմբերի 17-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ուսման մեջ առաջադիմություն ունեցող սյունեցի 26 ուսանողի հանձնեց շնորհակալագրեր եւ դրամական պարգեւներ: Մեջբերելով Գարեգին Նժդեհի խոսքերը. «Եթե ուզում ես իմանալ ազգիդ ապագան, նայի՛ր նրա երիտասարդությանը»` նա ասաց, որ ուսանողներն են երկրի ապագան, եւ յուրաքանչյուրի մեջ պիտի լինեն սյունիքյան ոգի, սյունիքյան շունչ ու մտածելակերպ, իսկ մեր երկրի հզորությունը մարդկային ներուժի մեջ է, այդ թվում` երիտասարդների:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը շնորհավորական խոսքում նշեց, որ մեր վաղվա օրը կախված է ուսանողների նպատակներից ու երազանքներից: Նա կոչ արեց զինվել գիտելիքներով, քանզի այսօրվա մարտահրավերներին հնարավոր է դիմակայել միայն գիտական հզոր մտքի ուժով:

Ուսանողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետին` մշտապես աջակցելու, իրենց դերը կարեւորելու համար, ինչպես նաեւ խոստացան ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել եւ ծավալել ակտիվ հասարակական գործունեություն:

Միջոցառումն ավարտվեց տոնական համերգով` Կապանի մշակույթի կենտրոնի երաժիշտ-կատարողների մասնակցությամբ:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: