06/20/2019

Մեղրու սահմանապահ ջոկատը 60 տարեկան է

Մեղրու սահմանապահ ջոկատը 60 տարեկան է

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրու սահմանապահ ջոկատը հունիսի 10-ին նշեց կազմավորման 60-ամյակը: Առավոտից զորամասի տարածքում տոնական տրամադրություն էր տիրում: Նախկին մարտական ընկերները շնորհավորում էին միմյանց, հուշեր պատմում, լուսանկարվում: Հոբելյանին նվիրված հանդիսությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Հայաստանում ռուս-հայկական միացյալ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչներ, սահմանապահ զորքերի վետերաններ, ջոկատի նախկին հրամանատարներ, մարզի համայնքի ղեկավարներ, հրավիրված անձինք: Հանդիսությունը կայացավ Մեղրու սահմանապահ ջոկատի դահլիճում: Հոբելյանի առթիվ ներկաներին շնորհավորեց Մեղրու սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Անդրեյ Կորչանովը: Բարեմաղթանքի իր խոսքում նա արժանին մատուցեց սահմանապահ վետերաններին, ովքեր հիմա շարքում են եւ օգնություն են ցուցաբերում ջոկատի մարտիկներին ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: «Միշտ արդիական է մնում այն հանգամանքը, որ պետական սահմանը պահպանում է ողջ ժողովուրդը, ինչի համար երախտագիտություն եմ հայտնում այն կառույցների ներկայացուցիչներին, ովքեր մեզ հետ են եւ միշտ զգում ենք նրանց աջակցությունը»:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի անունից մեղրեցի սահմանապահներին շնորհավորեց Հայաստանում հայ-ռուսական միացյալ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը՝ մեղրեցի մի խումբ սահմանապահների հանձնելով «Մարշալ Բաղրամյան» մեդալ, պատվոգրեր: Բարեմաղթանքի խոսք ասաց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, իսկ Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակազմի ներկայացուցիչ, գնդապետ Սերգեյ Մելչարիկը շնորհավորանքներից հետո պատվոգրեր հանձնեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին: Հոբելյանի առթիվ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինի շնորհավորական ուղերձը հրապարակեց դեսպանատան դեսպանորդ Անդրեյ Իվանովը՝ պատմական փաստերով ներկայացնելով Մեղրու սահմանապահ ջոկատի մարտական ուղին: Շնորհավորանքի խոսք ասաց նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Հանդիսությանը մասնակցում էին Մեղրու սահմանապահ ջոկատի նախկին հրամանատարներ, ՌԴ վաստակավոր սահմանապահ Վլադիմիր Շկուրատովսկին եւ գնդապետ Անատոլի Շադրինը, ովքեր երախտագիտություն հայտնեցին ջերմ ընդունելության համար եւ նույնքան ջերմ խոսքեր հղեցին իրենց նախկին ծառայակիցներին:

Ջոկատի անցած մարտական ուղուն պատմական անդրադարձ կատարեց սահմանապահ զորքերի ծերունազարդ վետերան Սերգեյ Հովհաննիսյանը՝ նշելով որ հանրապետության սահմանների անձեռնմխելիության երաշխիքներից մեկը Մեղրու սահամանպահ ջոկատի սերտ համագործակցությունն է տեղի բնակչության հետ:

Տոնական միջոցառմանը հանդես եկան օրիգինալ ժանրի վարպետ Արմեն Ադոնցը, երգիչ-երգչուհիներ: Հանդիսությանը տոնական երագներ հաղորդեց սահմանապահ վարչության ռազմական նվագախումբը, ով մասնավորապես կատարեց «Մեղրու ճամփան» կոմպոզիցիան:

Խրախուսանքների, հուշանվերների, դրամական պարգեւների արժանացան մի ստվար խումբ սահմանապահներ:

Այդ մասին ավելի հանգամանորեն կարդացեք թերթի առաջիկա համարում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: