09/18/2019

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դեսպանի երկօրյա այցը Սյունիք

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դեսպանի երկօրյա այցը Սյունիք

Աշխատանքային այցով սեպտեմբերի 30-ին Սյունիքի մարզ այցելեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: ԵԱՀԿ գրասենյակի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի օժանդակությամբ եւ Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ վերականգնվել է Սյունիք եւ Աճանան համայնքները ոռոգման ջուր մատակարարող մայր առվի չորս կիլոմետրանոց հատվածը: Դեսպանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանի հետ եղավ մայր առվի՝ Կապանի թռչնաֆաբրիկայի հարեւանությամբ գտնվող հատվածում, որտեղ տեղի ունեցավ ջրագծի բացման արարողություն: Ինչպես տեղեկացնում էր այդտեղ տեղադրված վահանակը, չորս կմ ջրատարի նորոգումը մինչեւ 100 հեկտար վարելահողերի ոռոգման, նաեւ մոտ 30 հեկտար վարելահողերի աղտոտվածությունից զերծ մնալու հնարավորություն է ընձեռում: Ջրատարի վերականգնումը հատկապես կարեւորվում է նրանով, որ Սյունիք համայնքը մարզկենտրոնի բնակչությանը մատակարարում է բանջարաբոստանային մշակաբույսեր, եւ հողերի աղտոտումը, բանջարանոցները եւ տնամերձերը թափոնաջրերով ոռոգելը բնապահպանական վտանգ են պարունակում: Ի դեպ,

Սյունիքի գյուղապետ Սամվել Սարգսյանը նշեց, որ Սյունիք համայնքի տարածքում ջրատարի նորոգման հարց կա եւ խնդրեց աջակցել այդ խնդրում, ինչը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել ոռոգման ջրի կորուստները: Նաեւ հավաստիացրեց, որ աջակցության դեպքում համայնքն էլ որոշակի ֆինանսական ներդրումով հանդես կգա:
Սյունիքի մարզպետն իր խոսքում կարեւորեց ջրատարի նորոգումը, նաեւ նշեց, որ կարեւոր է ինչքան նորոգելը, այնքան էլ եղածը պահպանելը: Խորհրդային տարիներին այդտեղով էլ ջրագիծ էր անցնում, բայց պատշաճ խնամքի չարժանանալով՝ շարքից դուրս էր եկել:

Այնուհետեւ Սյունիքի մարզպետը եւ ԵԱՀԿ դեսպանն այցելեցին Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր՝ արեւային ջրատաքացուցիչ համակարգի ներդրման ծրագրի դիտարկման համար: Այս ծրագիրը եւս կյանքի է կոչվել ԵԱՀԿ գրասենյակի եւ ՄԱԿ-ի զարգացման գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի օժանդակությամբ: Ծրագիրն իրականացրել է «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը: Նոր համակարգը հնարավորություն է տվել բավարարել դիսպանսերի սանիտարական պահանջները, մասնավորապես տաք ջրի մատակարարումը: Դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանի փոխանցմամբ՝ արեւային ջրատաքացուցչի գործարկումով տարեկան տնտեսվում է երկու միլիոն դրամ: Ա.Սորոկինը եւ Սյունիքի մարզպետը ծանոթացան դիսպանսերի աշխատանքային պայմաններին, օժանդակ տնտեսությանը, զրուցեցին բուժանձնակազմի հետ, հետաքրքրվեցին կադրերով ապահովվածությամբ, հայտնվեց, որ այս պահին դիսպանսերում 63 հիվանդ է բուժվում:

Օրվա երկրորդ կեսին մարզկենտրոնի «Ոսկե Կապան» ռեստորանում կազմակերպվեց ընդունելություն դեսպան Անդրեյ Սորոկինի անունից՝ կապված Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) փաստաթղթի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-րդ տարեդարձի առթիվ: Ընդունելությանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Դեսպանը ներկայացրեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) սկզբնավորումը, նրա գործունեության ուղղությունները, նշեց, որ տասնհինգ տարի առաջ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հիմնումը խթան եղավ ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության համար: Կապանում Սյունիքի մասնաճյուղի գրասենյակը գործում է 2006 թվականից:

Նախօրեին Սյունիքի մարզպետն ու դեսպանն այցելել էին Գորիսի տարածաշրջանի Շինուհայր գյուղում գործող բրդի վերամշակման արտադրամաս եւ կարպետի գործման արհեստանոց՝ ծանոթացել բրդի վերամշակման, թելի, գորգագործական արտադրամասում իրականացվող աշխատանքներին: Այն հիմնվել է «Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնի» կողմից ԵԱՀԿ-ի աջակցությամբ: Արվեստանոցում աշխատում է 43 կին, ովքեր մշակում են տեղացի մատակարարներից ստացված բուրդը եւ գործում կարպետ, գորգ, գուլպաներ ու այլ բրդյա արտադրանք:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: