09/23/2019

Սերյոժա Հայրապետյան. «Սուրեն Այվազյանը Խնձորեսկի բոլոր ժամանակների ամենամեծ ու ամենանշանավոր դեմքն է»

(Գրողի հոբելյանի առիթով «Սյունյաց երկրի» հարցերին պատասխանում է Խնձորեսկի գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը)


- Պարոն Հայրապետյան, նախ՝ Սուրեն Այվազյանը Ձեզ համար, Խնձորեսկի ու խնձորեսկցու համար:

- Սուրեն Այվազյանը մեր հպարտությունն է, Խնձորեսկի պատմությունը, Խնձորեսկի սովորույթներն ու ավանդույթները գեղարվեստականացրած գրողը, իր գյուղի, իր երկրամասի, իր հայրենիքի մեծ նվիրյալը: Նման մարդկանց մասին երբեմն նաեւ վատ ու հակասական բաներ են պատմում, բայց Սուրեն Այվազյանի մասին, հավատացեք, ոչ մի վատ բան չեմ լսել: Աշխարհի ամենաբարի, ամենամաքուր մարդկանցից մեկն էր, հումանիստ էր՝ բառի ամբողջ իմաստով:

Նրա ստեղծագործություններից հայրենասիրություն է ծորում, նրա հերոսների, գրական կերպարների օրինակը մեզ համար՝ դեռեւս պատանեկության տարիներից, ոգեշնչման աղբյուր է եղել եւ շարունակում է մնալ այդպիսին:

Սուրեն Այվազյանն այս հողից ծնված անհատականությունն է, ով կարողացավ 20-րդ դարի երկրորդ կեսին իր համեստ ներդրումն ունենալ հայ արձակի, մեր գրական-մշակութային կյանքի զարգացման գործում:

Սուրեն Այվազյանը խնձորեսկյան ծագումով այն նշանավորների բույլի հանրահայտ ներկայացուցիչն է, որով ոչ միայն Խնձորեսկը, այլեւ Գորիսն ու Սյունիքը ներկայանում են հոգեւոր Հայաստանին եւ արժանավոր մաս կազմում նույն հոգեւոր Հայաստանի: Ահա՝ Աշոտ եւ Արամ Սաթյաններ, Տաթեւիկ Սազանդարյան, Գարեգին Սեւունց…

Բայց ես, այդ բոլորով հանդերձ, համամիտ չեմ այն շեշտադրումին եւ մոտեցումին, որ Սուրեն Այվազյանին փորձում են ներկայացնել ավելի շատ Խնձորեսկի համապատկերի վրա, որքան էլ այդ մղումը պայմանավորված լինի տեղական հայրենասիրությամբ:

Սուրեն Այվազյանն ամբողջ հայ ժողովրդինն է, եւ, ինչպես Համո Սահյանն է ասում, նրա «ընտրանու տեղը մեր դասական գրականությունն է»:

- Ինչպե՞ս է հիշում Խնձորեսկն իր նշանավոր զավակին՝ Սուրեն Այվազյանին:

- Քայլեք, խնդրեմ, Խնձորեսկի փողոցներով, զրուցեք մեծ ու փոքրի հետ եւ հարցրեք՝ ո՞ւմ գիտեք հայ ժողովրդի նշանավոր զավակներից: Տարբեր մարդկանց անուն կլսեք: Բայց բոլորն առաջինը Սուրեն Այվազյանի անունը կտան:

Նրա ծննդյան օրը, առանց չափազանցության, մեր տոնացույցի կարեւոր օրերից է: Ամեն տարի հունվարի 15-ին համագյուղացիներն այցելում են նրա շիրիմին, հարգանքի տուրք մատուցում, վերհիշում գրողի ստեղծագործությունները, հուշեր պատմում, քննարկում գրողի ստեղծագործություններին առնչվող նոր հրապարակումները:

Այդ օրը միջոցառումներ են կազմակերպվում դպրոցում, մշակույթի տանը:

- Չե՞ք կարծում, որ Սուրեն Այվազյանի հիշատակն ինչ-որ կերպ հավերժացնելու խնդիր ունենք դեռ:

- Մեծ իմաստով Սուրեն Այվազյանի հիշատակը չի էլ հավերժացվել ըստ պատշաճի:

Խնդիր ունենք, նախեւառաջ, գյուղի կենտրոնում կամ գրողի առանձնատան բակում՝ շիրիմի վրա, հուշարձան կանգնեցնել: Ինչո՞ւ Գորիսում, նաեւ մայրաքաղաքում նրա հիշատակը հավերժացնելու մասին նույնպես չմտածել: Ավելի քան համոզված եմ՝ Սուրեն Այվազյանն արժանի է նման վերաբերմունքի:

- Գրողը կենդանության օրոք ցանկություն էր հայտնել, որ գյուղի իր առանձնատունը վեր ածվի տուն-թանգարանի:

Շենքի կարգավիճակի հարցում էլ ինչ-որ անորոշություն կա: Բայց Այվազյանի եղբորորդին՝ Վանիկ Այվազյանը, պատրաստակամություն է հայտնում շենքը նվիրաբերել համայնքին՝ պայմանով, որ այն դառնա տուն-թանգարան: Հիմա ի՞նչն է խանգարում, ինչո՞ւ գոնե որոշակիություն չմտցնել շենքի հարցում, չէ՞ որ պահպանության խնդիր էլ կա: Կամ՝ որքանո՞վ է սազական գյուղի կենտրոնից դեպի այդ առաձնատուն ձգվող ճանապարհի վիճակը:

- Հիմա այդ փողոցը համայնքի ուժերով բարեկարգում ենք եւ մոտ մեկ ամսում ավարտին կհասցնենք: Գյուղի մուտքի մոտ էլ՝ վահանակի միջոցով, այցելուներին կհիշեցնենք գրողի տան մասին եւ ցույց կտանք ճանապարհը, մանավանդ որ քիչ զբոսաշրջիկներ չեն այցելում հին գյուղ:

Գրողի առանձնատան հարցն ինքս էլ քննարկել եմ Վանիկ Այվազյանի հետ, ուրախ եմ, որ շենքը նվիրաբերում է համայնքին: Կարելի է ասել միայն տեխնիկական խնդիր է մնացել, բայց…

Եթե շենքը մեզ հանձնելուց հետո դարձյալ մնալու է նույն անմխիթար վիճակում, ապա դա կլինի կարգավիճակի սոսկ ձեւական փոփոխություն: Ներկայումս ֆինանսական միջոցներ ենք հայթայթում, ներդրող փնտրում՝ շենքը հիմնանորոգելու համար:

Ինչ վերաբերվում է տուն-թանգարան դարձնելուն, ապա ակնկալում ենք հանրապետության մշակույթի նախարարության աջակցությունը: Գրողի տուն-թանգարանն այն հաստատությունը չէ, որ հիմնադրենք-ձեւավորենք առանց մասնագիտական մոտեցումների: Սա այն դեպքը չէ, որ կարելի է սիրողական մոտեցում ցուցաբերել:

Պատրաստվում եմ այդ հարցով դիմել ՀՀ մշակույթի նախարարին:

- Գրողի 100-ամյակն էլ, կարծեք, չի նշվում ըստ պատշաճի: Բայց դեռ ժամանակ կա, միգուցե քայլե՞ր ձեռնարկվեն այդ ուղղությամբ:

- Սուրեն Այվազյանի պես նշանավոր մարդու հոբելյանը, անտարակույս, պետք է նշվի հանրապետության մասշտաբով, հանրապետության բարձր ղեկավարության նախաձեռնությամբ ու ակտիվ դերակատարմամբ: Եվ մենք հավատում ենք, որ մինչեւ տարեվերջ Սուրեն Այվազյանը նման գնահատության կարժանանա:

Իսկ Խնձորեսկը… Մեր հնարավորության սահմաններում նշել ենք եւ նոր միջոցառումներով կնշանավորենք գրողի հոբելյանը:

- Գրողի գրական ժառանգության արժեւորման, նորովի գնահատման խնդիր նույնպես կա: Իհարկե, դա գրականագիտության, գրաքննադատության ոլորտի հարց է, բայց դե չմոռանանք նաեւ հայտնի ասացվածքը՝ «Խաչը տերով է զորավոր»: Գիտության բնագավառում էլ, խոստովանենք, այնպիսի ժամանակներ են, որ պետք է նախաձեռնություն ցուցաբերվի, շահագրգռություն դրսեւորվի:

- Նման խնդիր իրոք որ կա: Բայց դա, անկեղծ լինեմ, մեր հնարավորություններից վեր է: Դա, նախեւառաջ, գրականագիտական միջավայրի խնդիրն է, գրողների միության, ակադեմիայի համապատասխան ինստիտուտի, պետական բարձրագույն կրթական հաստատությունների համապատասխան ամբիոնների խնդիրն է: Երբեմն տեսակետ է հնչում, թե ամեն մի գրողի մասին տվյալ գրողի ստեղծագործությունները պետք է հիշեցնեն նախեւառաջ: Ես գրականագետ չեմ եւ չեմ կարող ճիշտ չափորոշիչներ նշել այդ առումով, բայց նման տեսակետը, թույլ տվեք ասել, ընդունում եմ մասնակիորեն:

Միայն մասնագետները կարող են ճիշտ արժեւորել Սուրեն Այվազյանի գրական ժառանգությունը եւ ներկայացնել ընթերցողին: Իսկ դրա համար ինչ-որ չափով ուղղորդել է պետք համապատասխան կառույցների կողմից: Իհարկե, Սուրեն Այվազյանն իր դարաշրջանի գրողն է, եւ չենք կարող նրան չդիտարկել այդ դարաշրջանի գաղափարական համակարգի մեջ: Բայց նա, այդ ամենով հանդերձ, ստեղծել է կերպարներ, արժեքներ, որոնք այսօր էլ արդիական են, մնայուն են եւ մեր ազգային արժեհամակարգի մեջ են: Այնպես որ Սուրեն Այվազյանի ստեղծագործությունները նորովի արժեւորման, վերագնահատման կարիք ունեն: Եվ ես համոզված եմ, որ գրականագիտությունն իր խոսքը, իր նոր խոսքը դեռ ասելու է:

Հարցազրուցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

6 սեպտեմբերի 2015թ.

գ. Խնձորեսկ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: