09/17/2019

Համո Սահյանի բանաստեղծական գլուխգործոց «Պապի» հերոսը՝ բրոնզաձույլ արձանի տեսքով

Համո Սահյանի բանաստեղծական գլուխգործոց «Պապի» հերոսը՝ բրոնզաձույլ արձանի տեսքով

Համո Սահյանի ստեղծագործական ակունքները, հիրավի, իր բնաշխարհում են: Նրա գրի ու գեղագիտության հիմքերն իր լեռների ու ձորերի մեջ են:

Սահյանական բնաշխարհի առանցքը Լորն ու Լորաձորն են: Իսկ Լորաձորը, որտեղ Սիսիանի տարածաշրջանի հինգ գյուղերն են՝ Դարբաս, Լոր, Գետաթաղ, Շենաթաղ, Լծեն, մի ուրիշ ձոր էլ ունի՝ Դարբասի ձորը, որտեղ հավերժորեն փռված է Սյունյաց աշխարհի հնամենի գյուղերից մեկը՝ Դարբասը:

Դեռեւս 1953թ. Համո Սահյանը երկու բանաստեղծություն է նվիրել Դարբասին ու համանուն ձորին՝ «Դարբասի ձորը» եւ «Երբ ամեն անգամ»:

Դա, իհարկե, երիցս խոսում է Համո Սահյանի՝ իր մայր գյուղի հարեւանությամբ գտնվող Դարբասի, Լորաձորի այդ հատվածի հանդեպ ունեցած սիրո մասին: Բայց այդ սերն ու վերաբերմունքը փոխադարձ էին: Դարբասում նույնպես բանաստեղծին համարել եւ համարում են իրենց զավակը, հպարտանում նրանով: Եվ ինչպես Լորում, Դարբասում նույնպես, շատերն են Համո Սահյանի մասին խոսելիս հիշում նրա գործերը եւ հանպատրաստից արտասանում:

Դարբասում, պարզվում է, խնկարկելի է ոչ միայն ինքը՝ բանաստեղծը, այլեւ նրա կերպարներից շատերը՝ իրենց խոհականությամբ, իմաստնությամբ:

Եվ դրանցից մեկը, անշուշտ, մեր գրականության լավագույն կերպարներից մեկն է, Համո Սահյանի քնարերգության կարեւոր գործող անձանցից մեկը՝ Խաչիպապը կամ պարզապես Պապը:

Պապը ոչ միայն գերդաստանի նահապետն է, այլեւ աշխատասիրության, բարության եւ ազնվության խորհրդանիշը:

Այդ թեմայով գրված գործերից լավագույնը, անտարակույս, «Պապը» բանաստեղծությունն է, որը նաեւ Համո Սահյանի գլուխգործոցներից է, դասական արժեքի վերածված ստեղծագործություն:

Պապը երեւում է նաեւ «Վերադարձ», «Եվ ի՞նչ իմանա», «Չտեսնեի» գործերում, «Դաղձի ծաղիկ» ժողովածուում:

Առաջին հայացքից Համո Սահյանի պապն իր նմաններից ոչնչով չտարբերվող նահապետական մի կերպար է.

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է…

Մինչդեռ պապը, կարծեք, կեցության չափանիշ է դառնում բոլորի եւ բոլոր ժամանակների համար:

Եվ քանի որ ինքն էլ բնության մի մասն է՝ որպես մի բուռ արդար հող, խառնվում է իր գոյության հազարամյա պատմությանը:

Բանաստեղծությունն ավարտվում է մարդու փոխակերպության եւ այլագոյության փիլիսոփայությամբ.

Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Եվ ահա ոչ միայն Դարբասում ու Սիսիանում, այլեւ ամբողջ Սյունիքում հայտնի Ստեփանյան գերդաստանի զավակներ Արամ եւ Արմեն Ստեփանյանների մեջ միտք է հղացել՝ քանդակի տեսքով հավերժացնել պապի կերպարը՝ հիմքում դնելով Համո Սահյանի «Պապը» բանաստեղծությունը:

Շատ հետաքրքիր եւ աննախադեպ այդ գաղափարը բարձր մակարդակով կյանքի է կոչել քանդակագործ, Երեւանի գեղարվեստի ակադեմիայի քանդակի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, վաստակավոր նկարիչ, ՀՀ նախագահի եւ պետական մրցանակների դափնեկիր Գետիկ Բաղդասարյանը:

Արդյունքում՝ բարձրարժեք ու բարձրաճաշակ մի գործ, բրոնզաձույլ մի արձան (ճարտարապետ՝ Նունե Պետրոսյան): Քանդակն ավելի քան բնական է, ինչպես բնական է Համո Սահյանի բառն ու բանը:

Գետիկ Բաղդասարյանը Համո Սահյանի մտերիմներից էր եւ նրա արվեստի երկրպագուներից: Համո Սահյանի մի քանի փոքրածավալ քանդակներ է ստեղծել, հեղինակն է նաեւ բանաստեղծի հուշարձանի, որ 2004թ. տեղադրվեց Սիսիանի կենտրոնական հրապարակում:

Մեզ հետ զրույցում ահա թե ինչպես ներկայացրեց պապի հուշարձանը Գետիկ Բաղդասարյանը. «Դասական ոճի քանդակ է, ֆիգուրը՝ բրոնզաձույլ, 2,5մ բարձրությամբ: Պատվանդանը բազալտից է՝ 3մ x 3մ x 50սմ չափսերով: Պապը հիշեցնում է ծառ՝ արմատներով հայրենի հողի մեջ ընկղմված, որը հավերժորեն կենդանի է: Կերպարը լրացվում է դեռահաս աղջկա քանդակով, ով գրկին գառ ունի. դա մաքրության, անմեղության, ազնվության, նոր ու գալիք սերունդների խորհրդանիշն է: Մեծ իմաստով դա հայի հավերժության խորհրդանիշն է, մեր հող ու ջրի տիրոջ խորհրդանիշը»:

Պապի արձանի մասին մեր պատկերացումն ամբողջացնում է Արամ Ստեփանյանը. «Այս հողը մեզ են ավանդել մեր նախնիները, մենք պետք է արժանապատիվ տերը լինենք մեր երկրի եւ նույն կերպ փոխանցենք գալիք սերունդներին: Պապը՝ հայրենի հողից սկիզբ առած, այս հողի տերն է, իսկ մաքրության եւ ապագայի խորհրդանիշ աղջիկը նոր սերնդի կերպավորումն է: Եվ այդ ամենը միասին հայի ու Հայաստան աշխարհի հավերժությունն են արտացոլում»:

Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը, ով նույնպես մասնակցում էր տոնակատարությանը, ուղիղ կապ չի տեսնում «Պապը» բանաստեղծության եւ ստեղծված քանդակի միջեւ (թեեւ հիմքում, նրա կարծիքով, այդ բանաստեղծությունն է ընկած), բայց եւ բրոնզաձույլ պապի մեջ յուրաքանչյուր ոք, արդարացիորեն, իր պապին է տեսնում:

Ըստ Նաիրի Սահյանի. «Պապի արձանն ինձ շատ դուր եկավ, հրաշալի գործ է: Մտահղացումը շատ լավն է, գործն էլ հիանալի է արել Գետիկ Բաղդասարյանը: Արձանը խոր իմաստ ունի. դա մեծերի, ավագ սերնդի հանդեպ հարգանքի արտահայտություն է, ինչը հիմա մեզանում պակասում է»:

Պապի բրոնզաձույլ արձանը տեղադրվել է Դարբասի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու բակում, որտեղ հոկտեմբերի 4-ին հավաքվել էին հարյուրավոր մարդիկ Սիսիանից, Գորիսից, Կապանից, մարզի գյուղերից ու մայրաքաղաքից:

Ողջույնի եւ օրհնության խոսքով հանդես եկավ Դարբաս համայնքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու եւ հարակից յոթ գյուղական համայնքի հոգեւոր հովիվ, արժանապատիվ տեր Ընծա քահանա Միրզոյանը:

Ելույթներ ունեցան Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Ստեփանյան գերդաստանի ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը, Դարբասի համայնքի ղեկավար Մայիս Միրզոյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյանը, ուրիշներ:

Արձանի բացման արարողությունը վերածվեց մեծ ու հաճելի տոնակատարության, որին առանձնակի շուք հաղորդեցին Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի երգի ու պարի խմբակների սաների ելույթները:

Եկեղեցուն կից գործող բրուտագործության, նկարչության եւ ուլունքագործության խմբակների սաներն էլ ցուցադրեցին իրենց լավագույն ստեղծագործությունները:

Ի դեպ, կիրակնօրյա դպրոցը եւս գործում է Ստեփանյան եղբայրների հովանավորությամբ:

Հանդեսը, ինչպես եւ սպասվում էր, չէր կարող լինել առանց ասմունքի. սահյանական պոեզիայի մի շարք գործեր ներկայացրին Լորի դպրոցի աշակերտները:

Հուշարձանի բացման, այդ առիթով հայրենի բնօրրանին ու ամբողջ Լորաձորին տոնական օր պարգեւած Ստեփանյան գերդաստանին վերստին երախտագիտության խոսք ենք հղում:

Պապի հուշարձանի ստեղծումը այդ գերդաստանի հերթական նախաձեռնությունն է: Բայց առաջինը՝ ընտանիքի ավագի՝ Ներսես Ստեփանյանի մահվանից հետո: Եվ պապի՝ բրոնզաձույլ արձանի տեսքով վերադարձով, կարծեք, յուրօրինակ սեր եւ պատկառանք է արտահայտվում նաեւ Ներսես Ստեփանյանի, գերդաստանի մյուս մեծերի հիշատակի հանդեպ:

Այդ գերդաստանի մտքով ու ջանքով է կառուցվել Դարբասի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին (նավակատիքը տեղի է ունեցել 2010թ. մայիսի 5-ին):

Ներսես Ստեփանյանի եւ որդիների ներդրումով է 2012-ին վերակառուցվել գյուղի մերձակայքի միջնադարյան կամուրջը՝ Արզվանի կամուրջը:

Այդ գերդաստանի ներդրումով են 2010թ. Շամբում գործարկվել պահածոների եւ ջրերի գործարանները, որոնք ոչ միայն հանրապետության ամենաարդիական ձեռնարկությունների շարքում են, այլեւ մոտ 100 հոգու համար կայուն աշխատատեղ են, ինչը մեծ նպաստ է Լորաձորի գյուղերի բնակչության զբաղվածության խնդրի լուծման, ինչպես եւ տարածաշրջանի գյուղերում աճեցվող պտղի ու բանջարեղենի մթերման գործում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: