09/17/2019

Սիսիանում նշվեց ուսուցչի օրը

Սիսիանում նշվեց ուսուցչի օրը

Տարվա մեջ մեկ օրը քիչ է շնորհակալ լինելու եւ գնահատելու ուսուցչի վաստակը՝ համոզված են Սիսիանում, որտեղ ուսուցչի օրվա առիթով մի խումբ մանկավարժներ պարգեւատրվեցին մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Միջոցառմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, հյուրեր ու մանկավարժներ Սիսիանի եւ տարածաշրջանի գյուղական համայնքներից:

Սեր, նվիրում, ջերմություն, բարություն, գիտելիք. այդ ամենը սերմանվում է դպրոցում: Նաեւ հայրենիքը սիրելու եւ այն անսասան պահելու բոլոր դասերն են երեխաներն առնում դպրոցում. այդ մասին իրենց խոսքում նշում էին ելույթ ունեցողները: Նաեւ շեշտվում էր այն միտքը, որ հայոց անկախ պետականության ձեռքբերման ու պահպանման գործում, ինչպես եւ ազգային մեր ներկա ընթացքի մեջ իրենց համեստ լուման ունեն կրթության ոլորտի նվիրյալները՝ մանկավարժները:

Ազգային ժողովի, վարչապետի, պաշտպանության,  կրթության եւ գիտության նախարարությունների հուշամեդալները հացերատերերին հանձնեցին Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավոր Ռուզան Մուրադյանը եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Ուսուցիչներին իրենց մասնագիտական օրվա կապակցությամբ պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:

Հերմինե Նաղդալյան եւ Դավիթ Բեգլարյան ամուսինները (իրենց սեփական միջոցների հաշվին) Սիսիան քաղաքի հանրակրթական եւ մասնագիտացված դպրոցներին հանձնեցին հեռուսատացույցներ, իսկ տարածաշրջանի գյուղական դպրոցներին ու նախակրթարաններին՝ գումար:

Օրն իրենց կատարումներով տոնի վերածեցին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը եւ երաժշտական դպրոցի սաները:

Կրթության ոլորտում տիրող վիճակի եւ առկա հիմնախնդիրների շուրջ ԱԺ փոխխոսնակի, Սյունիքի մարզպետի, ԱԺ պատգամավորի, Սիսիանի քաղաքապետի եւ տարածաշրջանի մանկավարժների անկեղծ զրույցը շարունակվեց տոնի պաշտոնական արարողության ավարտից հետո եւս՝ «Լալաներ» ռեստորանային համալիրում:

Ուսուցչի օրվա առթիվ Սիսիանում կազմակերպված միջոցառումներին մասնակցում էին նաեւ Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանն ու Սյունիքի մարզպետարանի կրթության եւ մշակույթի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը:

ԱՐՄԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: