09/17/2019

Մեդալներ եւ շնորհակալագրեր՝ Ուսուցչի օրվա առթիվ

Մեդալներ եւ շնորհակալագրեր՝ Ուսուցչի օրվա առթիվ

Հոկտեմբերի 5-ը՝ որպես Ուսուցչի օր, եւս մեկ առիթ է արժեւորելու, պատկառանքի խոսք ասելու սերունդներ կրթող, դաստիարակող, մեծ կյանք ճանապարհող անձանց մասին:

Թեկուզեւ ամեն օր պիտի ոգեշնչենք ուսուցիչներին, քանզի նրանց ձեռքերում է մեր երկրի վաղվա օրը: Դե իսկ իրենց բնագավառում ներդրում ունեցող անձանց մեծարելու տարբերակներից մեկն էլ տոն օրերին հուշամեդալներ, շնորհակալագրեր, պատվոգրեր ու նվերներ հանձնելն է:

Տոնի առթիվ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը կրթության բնագավառում ներդրած ավանդի, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի, մանկավարժական երկարամյա աշխատանքի եւ Ուսուցչի օրվա կապակցությամբ շնորհակալագրեր հանձնեց մարզի 80 մանկավարժի, ինչպես նաեւ հինգ հոգու՝ Ակսել Բակունցի հուշամեդալ:

Իր շնորհավորական խոսքում մարզպետը, կարեւորելով եւ բարձր գնահատելով ուսուցչի աշխատանքը, մասնավորապես նշեց. «Ճակատագրի դաժան հարվածների առաջ կանգնած հայրենիքի փրկության ու հարատեւման դեղատոմսը միշտ եղել է հայ ուսուցչի ձեռքերում: Դարերից եկած մեր ազգային արժեքների պահպանման, երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության գործը, վստահ եմ, հոգատար ու հուսալի ձեռքերում է: Դուք ձեր առաքելությունն իրականացնում եք արժանապատվորեն, որովհետեւ գիտակցում եք, որ առաջին հերթին ձեզանից են կախված մեր պետության ապագան, երիտասարդ սերնդի գիտակրթական ու բարոյական նկարագիրը»:

Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը, շնորհավորելով տոնի առթիվ, մասնավորապես նշեց. «Ուսուցիչն այն մարդն է, ով չի կարող վրիպել, որովհետեւ դա կլինի պետության վրիպում: Դժվարին աշխարհաքաղաքական պայմաններում չէինք կարող գոյատեւել, եթե չունենայինք ուսուցչի լուսավոր կերպարը, այն ուսուցչի, որ կարողացել է մեր հոգիներից հանել խավարը եւ այնտեղ բերել արշալույսներ»:

ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության, որի նախագահն է մարզպետ Սուրեն Խաչատրյանը, եւ ՀՀԿ կանանց մարզային խորհրդի, որի նախագահն է մարզպետի օգնական Վիկտորյա Դավթյանը, կողմից մի քանի վետերան-ուսուցիչներ արժանացան դրամական պարգեւի եւ հուշանվերների: Վիկտորյա Դավթյանը, շնորհավորելով ներկաներին, պատգամեց՝ հպա՛րտ քայլեք:

Արդեն 20 տարի վաստակած հանգստի անցած, երկարամյա, փորձառու ուսուցչուհի Էլզա Հակոբյանը երիտասարդ ուսուցիչներին պատգամեց սիրել դպրոցը, երեխաներին՝ անկախ գենետիկ կառուցվածքից, ընդունակություններից: «Ուսուցիչ չեն դառնում, ուսուցիչ ծնվում են, ուսուցիչ անունն ինքնին պարտավորեցնող է: Եթե ընտրել եք ուսուցչի մասնագիտությունը, ապա անմնացորդ նվիրվեք այդ գործին: Մեր երեխաներն անկախությունը կերտողն էին, ձեր երեխաներն ամբողջական Հայաստանի վերականգնողը պիտի լինեն», - եզրափակեց նա:

Մարզի քաղաքային իշխանությունները նույնպես իրենց համայնքների նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների, ինչպես նաեւ որոշ համայնքներում գրադարանավարների համար տոնի առթիվ նախապատրաստել էին շնորհակալագրեր եւ հուշանվերներ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին նշվում է գրադարանավարի օրը:

Նշենք, որ, բացի շնորհակալագրեր եւ հուշանվերներ հանձնելուց, որոշ համայնքապետներ այցելել են նաեւ տարբեր ուսումնական հաստատություններ, գրադարան՝ շնորհավորելով տոների առթիվ: Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը դրամական պարգեւ է հանձնել տարբեր ուսումնական հաստատությունների:

Գորիսում հոկտեմբերի 6-ին Ուսուցչի օրվա կապակցությամբ տեղի կունենա հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ներկաները կվայելեն Գորիսի մշակույթի տան Գուսան Աշոտի անվան ժողգործիքների համույթի գեղեցիկ կատարումները:  

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: