09/17/2019

Մխիթար Զաքարյան. «Հասարակությունը պիտի ավելի համախմբված լինի, որպեսզի չարի սերմը բույն չդնի… »

Մխիթար Զաքարյան. «Հասարակությունը պիտի ավելի համախմբված լինի, որպեսզի չարի սերմը բույն չդնի… »

Օգոստոսի 4-ին Ագարակում հնչած կրակոցների, դրանց հետեւանքների վերացման, քաղաքում իրականացվող ծրագրերի, ինչպես նաեւ դրանց խոչընդոտների մասին է զրույցն Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ:


- Պարո՛ն Զաքարյան, օգոստոսի 4-ին Ագարակում հնչած կրակոցների վերաբերյալ մամուլում տարաբնույթ, հակասական կարծիքներ հնչեցին, ընդհուպ մինչեւ Ձեզ մեղադրանք ներկայացնելը: Կուզենայինք, որ Դուք՝ որպես համայնքի ղեկավար, գնահատեիք ստեղծված իրավիճակը:

- Եթե պատկերավոր ասեմ, փոթորիկ մի բաժակ ջրում: Եղել է շարքային իրավախախտում, որին գնահատական կտանք դատարանի վճռից հետո: Վերջին անգամ Ագարակում կրակոց հնչել էր 4 տարի առաջ էլի նույն ընտանիքի անդամների կողմից: Իմ տեղեկություններով՝ տվյալ անձնավորությունը կրակել է, երիտասարդներն էլ նույնությամբ պատասխանել են: Բայց քննությունն ամեն ինչ կպարզի, այժմ նախաքննության փուլն է: Չգիտեմ՝ այդ մարդը նպատակ ունի հասարակության մեջ սեփական անձի դի՞րքը բարձրացնել, թե՞ չի հարմարվում քաղաքային համակեցության կանոններին: Նրանք միշտ իրենց օրենքից դուրս են կարծել եւ շրջապատին փորձել են պարտադրել սեփական հոռի բարքերը, բայց ներկայումս մոռանում են, որ նոր սերունդը կարողանում է պաշտպանել սեփական իրավունքները՝ անկախ դիմացինի՝ հովանավոր ունենալուց:  Այդ գործով ձերբակալվել է երեք անձ, որից երկուսը՝ միջադեպի մասնակից, իսկ երրորդ անձն ընդհանրապես կապ չունի այդ միջադեպի հետ, պարզապես նրան կապում են իմ անվան հետ, ավելին ասեմ՝ այդ անձը նույնիսկ դեպքի վայրում չի եղել: Հրաձգությունն առաջինը սկսողն ազատության մեջ է, եւ համարձակվում եմ ասել, հովանավորներ ունի: Անկախ ամեն ինչից՝ ես համոզված եմ, որ ճշմարտությունն անպայման կբացահայտվի, իրական մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը: Դեպքը կատարվել է բազմամարդ վայրում, եւ, ինչպես ժողովուրդն է ասում, մախաթը պարկում չես թաքցնի: 

- Մամուլում լույս տեսած հրապարակումներից ակնհայտ է, որ հիմնական մեղադրանքը Ձեր դեմ է ուղղված: Ինչո՞վ եք պայմանավորում այդ մարդկանց կողմից հնչեցվող բացահայտ մեղադրանքը:

- Ագարակը փոքր համայնք է, եւ այստեղ յուրաքանչյուրը տեղյակ է, թե իրականում ինչ է կատարվել: Բայց այդ մարդկանց հրահրմամբ Ագարակում տեղի ունեցածը հնչեղություն ստացավ հանրապետության ողջ տարածքում: Չնայած ես չէի ցանկանա, որ մեր քաղաքի անունը կապվի նմանատիպ արատավոր երեւույթների հետ: Անձը, ով մեղադրում է ինձ այս ամենի մեջ, իրականում կոնֆլիկտային մարդ է եւ տարիներ շարունակ ապօրինի գործունեություն է ծավալել: Երբ ես դեռ քաղաքապետ չէի, նա ինչ-ինչ ճանապարհներով սեփականաշնորհել է քաղաքի հրշեջ ծառայության նախկին շենքը՝ ազգաբնակչությանը տեւական ժամանակ զրկելով այդ ծառայությունից: 2010 թվականից քաղաքապետարանը դատական քաշքշուկի մեջ է նրա հետ՝ կապված քաղաքում կառուցվելիք զբոսայգու տարածքի հետ: Բանն այն է, որ Մեղրի-Ագարակ հիմնադրամի ֆինանսավորմամբ նախատեսվում է կառուցել նոր զբոսայգի, որի նախագծային աշխատանքներն ավարտվել են, ֆինանսական հարցերը՝ լուծվել: Բայց գլխավոր պլանով նախատեսված այդ տարածքից մի հատված ապօրինաբար այդ մարդը ժամանակին զավթել է եւ հիմա հրաժարվում է վերադարձնել համայնքին: Զբոսայգու հատվածում, բացի նրանից, եւս չորս հոգի մասնաբաժին ունեին, բայց առանց պրոբլեմի եւ անշահախնդրորեն վերադարձրին համայնքին: Չորս եւ ավելի տարի է դատական ատյաններում ենք, առաջին ատյանում դատը շահեցինք, վերաքննիչ դատարանում նա բեկանեց գործը, վճռաբեկ դատարանում համայնքապետարանը շահել է եւ որոշել, որ տվյալ տարածքը ենթակա է ապամոնտաժման, բայց նա շարունակում է ընդդիմանալ: Կարճ ասած, իմ կարծիքով անձնական սուբյեկտիվ խնդիրներով է պայմանավորված նրա ներկայիս պահելաձեւը: Մենք ձգտում ենք ուշադրություն չդարձնել այդ ամենին, հանրության լայն շրջանակների վրա էլ նա որեւէ ազդեցություն չունի, իր ելույթներն այլ լսարանի համար են: Գիտե՞ք ինչ, գոյություն ունեն չգրված օրենքներ, բարոյական չափանիշներ, որոնք չպահպանողը հասարակության անունից խոսելու իրավունք չունի:       

- Եվ այնուհանդերձ ինչպե՞ս եք գնահատում Ագարակ քաղաքի օպերատիվ վիճակը, բարոյահոգեբանական մթնոլորտը:    

- Իրականում ցավալի է, որ հանրապետության այս գողտրիկ անկյունում հասարակությունը ժամանակ առ ժամանակ փոթորկվում է: Իմ համոզմամբ՝ չորս տարվա պարբերականությամբ անգամ նման երեւույթը նորմալ չէ: Նորից եմ կրկնում՝ ցավալի է, որ Ագարակը հանրապետությունում, մարզում նաեւ նման քողի տակ է երեւում: Մեր համայնքը թե՛ բարոյահոգեբանական մթնոլորտով, թե՛ ազգաբնակչության մակարդակով, թե՛ օրենքի հանդեպ ունեցած վերաբերմունքով օրինակելի է, եւ նմանատիպ երեւույթները չեն կարող խաթարել քաղաքի զարգացման բնականոն ընթացքը: Բայց, ինչպես ասում են, ընտանիքն առանց այլանդակի չի լինում:   

- Օգոստոսի 16-ին խոշոր պայթյուն է արձանագրվել Ագարակի գազի պահեստներում:  Վերացվե՞լ են արդյոք դրա հետեւանքները:

- Հուրախություն բոլորիս՝ միջադեպն առանց մարդկային զոհերի ավարտվեց: Երիտասարդ գործարար էր, նյութական մեծ վնաս կրեց, մեկ ակնթարթում կորցրեց տարիներով ձեռք բերածը, բայց կարեւորն այն է, որ չի հուսահատվել: Պետությունը նման դեպքերում փոխհատուցում չի տալիս: Պայթյունը տեղի է ունեցել իրանական մեքենայի պատճառով, բայց քանի որ պահեստները կառուցելիս տեխնիկական բոլոր նորմերը պահպանվել էին, երկրորդ պայթյուն չի եղել, ամբարված գազը հրդեհի հետեւանքով վառվել-վերջացել է: Պայթյունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ անվտանգության նորմերը պահպանելը բոլորիս շահերից է բխում:

- ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հերթական աշխատանքային այցն Ագարակում նշանավորվեց բնակարանամուտով: Ձեր հարցազրույցներում մշտապես ուրախությամբ եք նշում քաղաքում նոր շենքի վեր խոյացման մասին:

- Վերջերս Ագարակում տեղի ունեցած միջադեպերի ֆոնին սա, թերեւս, ամենաոգեւորիչ իրադարձություն էր մեր քաղաքում: Ագարակում բնակարանի ոչ բավարար քանակը հիմնախնդիր է: Մինչ այս քաղաքում մեկ այլ շենք էր կառուցվել ՊՆ-ի աշխատակիցների համար: Բնակարանամուտի օրը Սեյրան Օհանյանը նշեց, որ 2016թ. ծրագրերում ներառվել է նոր՝ երրորդ շենքի կառուցումը՝ կրկնակի մեծությամբ՝ 16 բնակարանով: Իրականում նմանատիպ ծրագրերը որոշակի առումով Ագարակում մեղմում են բնակարանային պահանջի հարցը: Այս պահին Ագարակում թե՛ դեմոգրաֆիական առումով, թե՛ սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմամբ իրավիճակն այնպիսին է, որ բնակարանաշինությունն ավելի կնպաստի բնակչության թվի աճին: 

- Այս անգամ քաղաք մտնելու պահին Կարճեւան գետի աղտոտվածությունն ավելի ակնհայտ էր: Ուսումնասիրվա՞ծ է արդյոք դրա ազդեցությունը մարդկանց եւ շրջակա միջավայրի վրա:

- Ագարակ քաղաքի հիմնադրումից ի վեր այդ հեղեղատարը գործել է, որտեղից պարբերաբար կոմբինատի վթարային կեղտաջրերը, պոչանքները թափվել են գետ: Ծրագիր կա խողովակի մեջ անցկացնելով վթարները պակասեցնել: Բայց ծրագիրը կյանքի կոչելու համար ֆինանսական միջոցներ են պետք, որոնք այս պահին չկան: Կոմբինատի թափուկատարը գործում է, բայց վթարի դեպքում կեղտաջրերը լցվում են գետը, որից ազատվելու համար մոտ մեկ շաբաթ պիտի ջուրը հոսի: Պիտի նշեմ, որ արտադրության մեջ հնարավոր չէ բացառել վթարները: Մարդկանց եւ շրջակա միջավայրի վրա ազդեցությունն ուսումնասիրված չէ, բայց նշեմ, որ բնակչությանն այդ հարցն այնքան չի անհանգստացնում, որքան կարող է անհանգստացնել, ասենք, կոմբինատի աշխատանքի դադարը: Համայնքի բնակչության 90 տոկոսն Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում է աշխատում եւ այնտեղ առաջացած յուրաքանչյուր խնդիրը հուզում է բնակչությանը:

- Միջազգային բորսայում մետաղների, հատկապես պղնձի գների առումով ներկայումս ծանր վիճակ է, իսկ Ագարակի ՊՄԿ-ում հիմնականում պղնձի խտանյութն է: Որքանո՞վ է գների անկումն ազդել կոմբինատ-համայնք փոխհարաբերություններին. չէ՞ որ կոմբինատի միջոցներով համայնքում բավակաչափ սոցիալական հարցեր են լուծվում, ծրագրեր՝ կյանքի կոչվում: 

- Այս պահին կոմբինատում ֆինանսական դժվարություններ են առաջացել՝ կապված միջազգային շուկայում պղնձի գների հետ: Դե գիտեք, յուրաքանչյուր կանոնավոր աշխատանքում էլ «վթարներ» են լինում: Ես կարծում եմ՝ այդ հարցերը կլուծվեն, բոլոր դժվարությունները կհաղթահարվեն. սրանից ավելի վատ ժամանակներ էլ են եղել: Նախատեսված ծրագրեր կային, որոնց իրագործումն այս պահին դադարեցվել է: Մենք ըմբռնումով ենք մոտենում ստեղծված իրավիճակին, նրանց խնդիրները մերն ենք համարում եւ բավարարվում նրանով, որ կոմբինատի աշխատանքը չդադարեցվի: Բայց ցավալիորեն պիտի արձանագրենք՝ եթե նախկինում կոմբինատն ուներ զարգացման խնդիր, այժմ ունի եղած մակարդակի պահպանման խնդիր:

- Հանրապետության նախագահի նախընտրական խոստումներից էր նաեւ այս տարածաշրջանի գազիֆիկացումը: Ի՞նչ փուլում են այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները:  

- Անկեղծ ասած համայնքապետարանը ծանոթ չէ այդ ծրագրերին, հուսադրող է փաստը, որ գազիֆիկացման աշխատանքների ծախսերի առյուծի բաժինը, որ խողովակների ձեռքբերմանն է վերաբերում, արդեն լուծված է: Սպասում ենք հաջորդ քայլին. կառավարությունը շինարարության համար գումար պիտի հատկացնի, որ ավելի քիչ է, քան խողովակներ ձեռք բերելու համար նախատեսվածը: Հուսով եմ՝ մոտ ժամանակներս այդ հարցը նույնպես լուծում կստանա:

- Եթե անցնենք միջազգային քաղաքականությանը, պիտի նշենք, որ ամենակարեւոր իրադարձություններից մեկը, թերեւս Իրանի Իսլամական Հանրապետությունից պատժամիջոցները հետ վերցնելն էր: Ագարակում՝ որպես սահմանադուռ եւ այդ երկրի հետ անմիջական կապ ունեցող քաղաք, ի՞նչ է փոխվել Վիեննայի համաձայնագրից հետո, որի արդյունքում տնտեսական պատժամիջոցները չեղյալ հայտարարվեցին:

- Գիտեք ինչ, սա բավականին բարդ գործընթաց է, որի պտուղները քաղելու համար տեւական ժամանակ է հարկավոր: Իմ տեղեկություններով՝ դրանից հետո զգալիորեն մեծացել է Իրան-Վրաստան տրանզիտը: ԻԻՀ-ն բավականին արագ տեմպերով զարգանում է, որ, բնականաբար, իր ազդեցությունն է ունենալու մեր տարածաշրջանի վրա: Բացի դրանից՝ Ագարակն Իրան-Հայաստան սահմանադռնից վերածվեց Իրան-Եվրասիական Միության սահմանադռան: Առայժմ օրենսդրության, հարաբերությունների կարգավորման, ձեւավորման փուլն է: Իմ կարծիքով՝ մենք թեւակոխում ենք տնտեսական բոլորովին այլ իրականություն, որտեղ խաղի կանոններն անպայման վերանայվելու են: Ես մեծ փոփոխություններ եմ ակնկալում, եւ այս ամենը հաշվի առնելով՝ մեծ պատասխանատվություն է առաջանում ավելի զարգացնել համայնքը՝ իր դերին համապատասխան լինելու հստակ նպատակադրմամբ:

- Մեղրու ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրն իրագործման փուլում է: Ի՞նչ ընթացքի մեջ են Ագարակին վերաբերող հատվածում կատարվող աշխատանքները:

- Որքանով տեղյակ եմ, ծրագրի իրագործման երրորդ փուլն է մեկնարկել, նախագծերը պատրաստ են, մրցութային փուլը՝ ընթացքի մեջ:

- Այսօր տարբեր հարթակներում բուռն քննարկումներ են ընթանում նոր սահմանադրության կամ, ինչպես ասում են, սահմանադրական փոփոխությունների մասին: Հետաքրքիր է, որպես համայնքի ղեկավար, ի՞նչ կարծիք ունեք այդ մասին, եւ ինչպես են ագարակցիներն արձագանքում այդ իրադարձությանը:

- Իմ կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների հարցը նեղ մասնագիտական է, եւ մասնագետներն ավելի ճիշտ կներկայացնեն դրա թեր եւ դեմ կողմերը: Առայժմ ամբողջովին չեմ ուսումնասիրել փոփոխությունները, բայց լսելով հանձնաժողովի անդամներին՝ կարող եմ ասել, որ մեծ մասամբ համաձայն եմ առաջարկվող դրույթներին: Ինչ վերաբերում է ընդդիմախոսներին, ապա իմ խորին համոզմամբ, նրանք ընդդիմանում են, որպեսզի ընդդիմանան՝ շատ հաճախ առանց համոզիչ հիմնավորումների: Քաղաքում սահմանադրական փոփոխությունների մասին կարծիքները հակասական են ու իրարամերժ:

- Համայնքների խոշորացման Ձեր դիրքորոշմանը մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել եք: Հիմա, երբ այդ գործընթացն արդեն մեկնարկել է, շարունակո՞ւմ եք մնալ նույն կարծիքին:

- Այո՛, համայնքների խոշորացումը ժամանակի հրամայականն է, եւ կարծում եմ՝ ցանկացած փոփոխություն ավելի դրական տեղաշարժ կբերի, քան ներկայիս վիճակը: Հասարակագիտությունն ուսումնասիրելով՝ կարող եմ ասել, որ ամեն ստեղծված իրավիճակ բնական է եւ տվյալ ժամանակաշրջանի պահանջը, ամեն հետեւանք անպայման իր պատճառներն ունի:

- Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությունից, ինչպես ասում են, պատերազմի հոտ է գալիս: Դուք սերտ համագործակցության մեջ եք Ագարակում տեղակայված զորամասի հետ, ինչպե՞ս եք գնահատում բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը: Հաճախ կարելի է լսել՝ եթե այս անգամ պատերազմ լինի, ներկայիս սերունդն այնպես չի կարողանա պայքարել, ինչպես Արցախյան պատերազմի տարիների սերունդը:

- Ճիշտ են ասում, որ ներկայիս սերունդը տարբերվում է հաղթանակ կերտած սերնդից, բայց միայն ու միայն դրական իմաստով: Իմ համոզմամբ՝ հայի գենի մեջ դիրքը լքելը, սկսած գործը ավարտին չհասցնելը չկա: Վստահաբար կարող եմ ասել, որ այսօրվա մեր զինվորը, հրամանատարն ավելի բարդ խնդիրներ են լուծում,  քան այն տարիներին: Պատերազմից հետո ծնված սերունդը գործ ունի ավելի հզորացած թշնամու հետ եւ տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ առավել ծանր պայմաններում է հայտնվել: Եվ որ ամենակարեւորն է, հաջողությամբ խնդիրներ է լուծում արդեն որպես պետության զինվոր՝ պետական մտածողություն ունեցողի հստակ գաղափարով: Իհարկե, անհամեմատելի է այսօրվա սերունդը միայն ու միայն իր դրական հատկանիշներով պայմանավորված, եթե առաջխաղացում չլինի, ուրեմն ազգը դատապարտված է կործանման: Բանակը մեր հասարակության կարեւորագույն ձեռքբերումն է, մասնիկը, որին քննադատել չի կարելի:  

- Փոքր, միջին բիզնեսի զարգացման առումով վերջին տարիներին ինչպիսի՞զարգացումներ են եղել քաղաքում եւ արդյո՞ք դրա համար կան նախադրյալներ:

- Ես միշտ ասել եմ, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նման հսկայի առկայության դեպքում շատ դժվար կերեւա փոքր եւ միջին բիզնեսի կայացվածությունը: Բայց քայլեր կան՝ կապված մաքսակետի գործունեության հետ: Եթե թվարկելու լինեմ այդ ձեռնարկությունները, ապա պատկերը համեստ կլինի: Ներկայումս գործում են մաքսային տերմինալը, գազի կայանը: Մենք կտրուկ փոփոխության ենք սպասում՝ ոռոգման ջրի առկայությամբ պայմանավորված, որը կնպաստի հատկապես գյուղմթերքների մշակմանը:

Ագարակում աշխատուժի պակաս կա, եւ այն թանկ է գնահատվում: Նույն աշխատանքը, որ իրականացվում է մարզի տարբեր քաղաքներում, այլ վարձատրությամբ է իրականացվում մեր քաղաքում: Եթե թվային տվյալներով ասեմ, մեզ մոտ 20-25 տոկոսով ավելին է: Կոմբինատին կից արբանյակ հիմնարկներ ստեղծելը ռեսուրս է քաղաքի համար, որի մասին մտածում ենք: Այնպես որ այդ առումով դեռեւս պարծենալու բան չունենք:

- Ագարակի արվեստի դպրոցը՝ հիմնանորոգված, կահավորված, արդեն իր դռներն է բացել սաների առաջ: Ձեր վերջնական գնահատականը կատարված աշխատանքների վերաբերյալ: 

- Ագարակի արվեստի դպրոցի հիմնանորոգումը ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից էր, որն այսօր արդեն իրականություն է: Սա քաղաքի համար խոշոր քայլ է, կարեւոր եւ երկար սպասված, եթե մի քիչ չափազանցնենք, պատմական իրադարձություն: Շենքը, որ վթարային էր, բացի դրանից գտնվում էր քաղաքի կենտրոնում եւ ոչ ակնահաճո տեսք տալիս, այսօր ամբողջովին հիմնանոգորվել է, կահավորվել, մերձակա տարածքը նույնպես բարեկարգվել է, եւ քաղաքի այդ հատվածն արդեն հպարտանալու առիթ է տալիս: Ինչպես մեկ անգամ արդեն նշել եմ, 109 մլն դրամ հատկացրել է Հայաստանի սոցներդրումների հիմնադրամը, որ այժմ կոչվում է տարածքային զարգացման հիմնադրամ, 4 մլն դրամ՝  Մեղրի-Ագարակ հիմնադրամը, որի միջոցները գոյանում են քաղաքացիների ներդրումներից եւ 5մլն դրամ քաղաքապետարանը՝ ֆոնդային բյուջեից:

- Ձեր կարծիքը մարզի բարոյահոգեբանական մթնոլորտի, հասարակական-քաղաքական-գործարար իրավիճակի մասին: Ի՞նչն է մեզ պակասում ավելի արդյունավետ գործունեություն ծավալելու համար:

- Գործարար առումով բախտն է պակասում. իմ պաշտոնավարման այս յոթ տարվա մեջ արդեն երկրորդ ֆինանսական ճգնաժամն ենք փորձում հաղթահարել: Մեր մարզում տնտեսությունը կարելի է ասել բեւեռացված է, այսինքն՝ մեծ մասամբ հանքարդյունաբերությունն է գերակայում: Եթե միջազգային շուկայում մետաղի գները բարձրանում են, ոգեւորվում ենք, հեռանկարային ծրագրեր կազմում, բայց եթե իջնում են, կրկին բախվում ենք նոր խնդիրների:

Համարձակ կարող եմ ասել, որ մարզային իշխանությունների կատարողական կարգապահությունը 100 տոկոս է, բազմաթիվ բացասական երեւույթների վերացումը, ինչպիսիք կոռուպցիոն ռիսկեր են, տարբեր թղթավարական, դատական քաշքշուկները, իշխանությունների ուշադրության կենտրոնում են: Ինչպես ընտանիքը, այնպես էլ մարզն առանց այլանդակի չի լինում, եւ, ինչպես ասում են, ոչ մի բարի գործ առանց նախանձողի չի լինում, միշտ էլ գտնվում են մարդիկ, ովքեր փորձում են խառնակչություններ, արատավոր երեւույթներ սերմանել: Ինչքան խառնակչությունները քիչ լինեն, այնքան  իշխանությունը շատ ժամանակ կունենա զբաղվելու երկրի զարգացման գործերով:

Հասարակությունը պիտի հասկանա, որ նմանատիպ արատավոր երեւույթներին տուրք չտալով է պայմանավորված իր  բարեկեցությունը եւ ավելի համախմբված լինի, որպեսզի, ինչպես Գուսան Աշոտն է ասում, չարի սերմը բույն չդնի…

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: