10/22/2019

Թերեզա Ստեփանյանը եկել է, որ մնա…

Թերեզա Ստեփանյանը եկել է, որ մնա…

Հայ պոեզիայի մեջ կանանցից շատերն իրենց առաջին բանաստեղծությունները  լրատվամիջոցներում տպագրելուց կամ լավագույն դեպքում առաջին մեկ-երկու փոքրիկ ժողովածու լույս ընծայելուց հետո ասպարեզում այլեւս չեն երեւացել: Համոզված ենք, որ Թերեզա Ստեփանյանը եկել է, որ մնա, եկել է, որ կանգնի Սյունյաց մեծերի կողքին ու մեծանա նրանց նման:

Թերեզա Ստեփանյանը ծնվել է Սիսիանում: Գերազանցությամբ ավարտել է Երեւանի Օրջոնիկիձեի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1972 թվականին՝ Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ ֆրանսերեն լեզու եւ գրականություն մասնագիտությամբ: Կատարել է մանկավարժական, կոմերիտական, կուսակցական, արհմիութենական աշխատանք: 1995-2002թթ. ղեկավարել է ՀՀ պաշտպանության նախարարության թարգմանչական բաժինը:

Ստեղծագործել սկսել է ուսանողական տարիներից, սակայն առաջին բանաստեղծությունները տպագրել է միայն 2012 թվականին, եւ այն էլ բարեկամների, մտերիմների բազմաթիվ հորդորներից հետո: Դրա փոխարեն իրար հետեւից լույս են տեսել «Առեղծվածներ» (1912), «Անդունդն ի վեր», «Այ կաչաղակ, կաչաղակ», «Կատակով եւ լուրջ» բանաստեղծությունների ժողովածուները, Վ.Հյուգոյի «Ֆրանսիա, Բելգիա» նոթերի թարգմանությունը, բոլորն էլ՝ 2015թ.: Ահա այս գրքերի շնորհանդեսն էր հեղինակի ծննդավայրում, ասել է թե՝ նրա քննությունն էր հայրենակիցների առջեւ: Իսկ այդ «քննությունն» ընդունելու համար Սիսիանի մշակույթի հիմնանորոգված պալատ էին եկել քաղաքի մտավորականության ընտրանին, ուսանողներ, բարձր դասարանցիներ, բազմաթիվ հյուրեր Երեւանից, մարզի բնակավայրերից: Առաջ անցնելով ասենք, որ միջոցառումն անցավ բարձր մակարդակով, որի մեջ, անտարակույս, մեծ էր Սիսիանի երաժշտական դպրոցի մանկավարժների ու սաների դերակատարումը: Այս գնահատականը մերը չէ, այլ միջոցառմանը մասնակցող արհեստավարժ երաժիշտ հյուրերինը: Լսարանում համակ ուշադրություն էր բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյանի ելույթի ժամանակ: Վերջինս առաջին անգամ չէ, որ բարձր գնահատական է տալիս Թ.Ստեփանյանի պոեզիային: Եվ դա արել է ոչ միայն նման լսարանների առջեւ, այլ ավելի լայն շրջանակում՝ «Հայաստանի Հանրապետություն» լրագրի ընթերցողների համար՝ «Անկեղծությամբ եւ բնությամբ թաթախված» (12.03.2015թ.):

Բանաստեղծուհու «Առեղծվածներ» ժողովածուի առաջաբանի «Երկու խոսքում» Շչորս Դավթյանը գրում է. «Մի՞թե զարմանալի չէ, որ բանաստեղծություն գրելու մերօրյա համաճարակից դուրս, մեր կողքին ապրում է մի համեստ անհատականություն, որ ոչ միայն փորձում, այլեւ ուղղակի ստեղծում է մի ինքնատիպ ու հրաշալի քնարերգություն՝ ձեւի ու բովանդակության առումներով՝ կատարելության ձգտող չափանիշներով»:

Խոսելով Թերեզա Ստեփանյանի պոեզիայի մասին, մի այլ առիթով գրականագետը նկատում է. «… Ինձ թվում է, որ հեղինակն ամեն տողի ծննդյան հետ մի կաթիլ արցունք է խառնում, ավելի ճիշտ՝ արցունքով լվանում է տողը»:

Թ.Ստեփանյանի բանաստեղծական պատկերները ծնվում են ինքնաբուխ: Զգացվում է, որ դրանք թղթին հանձնելու համար նա ավելորդ ջանքեր չի գործադրում, ինչպես նկատեց վաստակաշատ ուսուցչուհի Սվետա Համբարձումյանը՝ «բառարանի օգնությանը» չի դիմում: Ստեղծագործ մտքի այդ մանրանկարչական գոհարներն իրար հետ միանալով ստեղծում են մի ամբողջական կտավ: Թերեզա Ստեփանյանի բանաստեղծությունները պարզ են ու միաժամանակ տաղանդով շաղախված, դրանք ծնվել են նրա հոգուց ու սրտից, դրա համար էլ ընթերցողին սրտամոտ են, այնքան սրտամոտ, որ կարդալուց հետո թաքուն մտմտում ես՝ երանի ես գրած լինեի: Թող դատի ընթերցողը.

Անսկիզբ, անհայտ ժամանակից
Արձակված պահ եմ,
Պտույտի մեջ եմ այս քաոսի,
Տիեզերական աստղնյութ եմ,
Շունչ առած կավ եմ,
Հավերժական ոսկրափոշի…
Տիեզերքի լաբիրինթներում
Նյութ եմ, արդյոք, թե՞ հականյութ
Այսքան իրական պատրանքի…

***

Ճերմակ-ճերմակ, մաքրամաքուր
Ձյուն է իջնում երկինքն ի վար,
Ձյուն է գալիս նրբափետուր,
Գորշությունը ծածկում ստվար:
Հաղորդությամբ ճերմակափայլ
Ձյուն է հղում երկինքը վար,
Թողություն է տալիս երկրին
Արարիչը հրաշափառ:
Մերկ ծառերը՝ սառն ու անհույս,
Դառնում են լուռ հարսնացուներ,
Հագնում են ժանյակահյուս
Հազարաթեւ երազանքներ…

***

Գիտեի,
Որ մի օր կիտվելու եմ,
Որ մի օր ամպելու եմ
Ու հետո մաղվելու եմ կամաց…

Գիտեի, որ մի օր լցվելու եմ,
Որ մի օր երգելու եմ
Ու հետո լսվելու եմ կամաց…

Գիտեի, որ մի օր փթթելու եմ
Ու հետո թոշնելու եմ
Ու մի օր անցնելու եմ կամաց…

Գալի՛ք, ինձ ասա՝ իմ կարճ օրերի
Շարանը դեռ կա՞…
Հարցնում եմ, քանզի արագ ես թերթվում,
Որ դառնաս ներկա…

***

Ինչ կորցրել եմ,
Ափսոսում եմ շատ վաղուց,
Ինչ գրել եմ,
Ախր, իմն էր ի վերուստ…

***

Ինչ պահեցի,
Կորավ, գնաց,
Լոկ տվածս
Ինձ հետ մնաց…

***

Թե վաղ կորցնեմ
Ուշ գտածս,
Պիտի ասեմ.
Ողորմած Տեր,
Որ կատակ էր,
Շնորհածդ…

Կարող է թվալ, թե բերված տողերը եւ հատկապես հայրենի եզերքին նվիրված բանաստեղծությունները նմանություն ունեն բանաստեղծուհու մեծ հայրենակցի՝ Համո Սահյանի ստեղծած պատկերներին: Բայց ինչպես նշեց բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյանը՝ իսկ ի՞նչ վատ բան կա դրանում:

Ամիսներ առաջ բանաստեղծուհու գրքերի շնորհանդեսն էր Երեւանում՝ Հայաստանի ազգային գրադարանում: Այնտեղ էլ բազմաթիվ ելույթներ եղան, այդ թվում՝ պոեզիայի իսկական գիտակների ելույթներ: Տպավորվել է հատկապես բանասիրական գիտությունների թեկնածու, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանի ելույթը: «Երբ առաջին անգամ կարդացի Թերեզա Ստեփանյանի մի քանի բանաստեղծությունները, մտածեցի, որ դրանք կրում են Հ.Սահյանի ազդեցությունը: Շարունակեցի կարդալ: Հետո հայտնաբերեցի մեծն Թումանյանի ազդեցությունը, հետո տեսա Տերյանի, Չարենցի, Սեւակի թողած կնիքները: Ինքս ինձ ասացի՝ կանգ առ. ժամանակն է հետեւություն անել: Իսկ հետեւությունս հետեւյալն է. իսկական, կայացած բանաստեղծը պետք է իր մեջ ներառի, կրի տաղանդավոր նախնիների ստեղծածը: Թերեզա Ստեփանյանը կրում է դա»:

Վաստակաշատ մանկավարժ Նինել Աղայանն ափսոսանքով նշեց, որ ինքը շատ ուշ է ծանոթացել բանաստեղծուհու ստեղծագործություններին, բայց դա չխանգարեց, որպեսզի նա բարձր, արհեստավարժ մակարդակով վերլուծի օրվա հերոսի պոեզիան, ինչպես վեր կլուծեր հայ պոեզիայի մեծերի ստեղծագործությունները, ինչպես կվարվեր, եթե գիտական թեզի համար հոդված պատրաստեր: Ելույթի վերջում նա ավելացրեց. «Սիրելի Թերեզա, իմ ձեռքին է քո «Անդունդն ի վեր» ժողովածուն: Ցանկանում եմ, որ շուտով ծնվի հերթական ժողովածուն՝ «Բարձունքն ի վեր» վերնագրով»:

Իր գնահատականների մեջ առատաձեռն եղավ նաեւ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սվետա Համբարձումյանը, որովհետեւ, ինչպես ինքն էր գտնում, Թերեզա Ստեփանյանի ստեղծածն արժանի է դրան:

Հանդիսությունում ելույթ ունեցան նաեւ «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, Սիսիանի պիոներ պալատում աշխատելու տարիներին բանաստեղծուհու սան Իոնարա Ասրյանը եւ տողերիս հեղինակը: Վերջում շնորհակալական խոսք ասաց եւ իր ստեղծագործական ծրագրերի մասին պատմեց բանաստեղծուհին:

Երկու խոսք Թ.Ստեփանյանի թարգմանությունների մասին: Թարգմանությունները ֆրանսերենից են. Ալֆրեդ դը Մյուսե, Բերանժե, Ռեյմոն Դեվո: Ամենածավալուն գործը Վ.Հյուգոյի «Ֆրանսիա, Բելգիա» նոթերի գիրքն է: Ընթերցողի սեղանին է մեծ ֆրանսիացու ստեղծագործության առաջին հատորը: Գրքի երկրորդ կեսը տպագրության ընթացքի մեջ է:

Թ.Ստեփանյանին շատ հոգեհարազատ ֆրանսիացիները մի հրաշալի ասացվածք ունեն. «Ժամանակն անցնում է, նրան արգելք չես հանդիսանա, բայց այնպես արա, որ այն քո կողքով չանցնի»: Անտեսելով ժամանակի անդարձելիության մասին այս հիշեցումը, Թ.Ստեփանյանը կարողացել է իր ընթերցողին 150 տարով հետ տանել ու նրա հետ ճանապարհորդել Ֆրանսիայի ու Բելգիայի մեծ ու փոքր քաղաքներով, Սենայի վրայով ու նրա ափերով, լինել միջնադարյան ամրոցների ավերակներում, հիանալ գոթական ճարտարապետությամբ տաճարների հոյակապ տեսքով: Միայն հատուկ անուններն են հուշում, որ օտար երկրի մասին օտար մարդու գրած երկ ես ընթերցում: Թերեզայի շնորհիվ այն շատ հայկական է ստացվել: Կարդալիս զգում, տեսնում ես մարգագետիների կանաչին նստած վաղորդյան ցողը, նրա թարմությունն ու սառնությունը զգում բոբիկ ոտներիդ: Բանասեր Սվետա Համբարձումյանը նկատեց. «Ես ֆրանսերեն չգիտեմ, բայց կարդալով Թերեզա Ստեփանյանի թարգմանությունները, համոզվեցի, որ նա կատարելապես տիրապետում է թե մայրենուն եւ թե ֆրանսերենին, դրանց, առաջին հայացքից չերեւացող, բայց իրականում գոյություն ունեցող ամենափոքր ու խրթին մանրուքներին»:

Իսկ մնացածն էլ թող ընթերցողն ասի՝ ընթերցելով գիրքը:

Հ.Գ.

Ընթերցողներից շատերի մոտ կարող է հարց առաջանալ՝ ի՞նչ բան է գրքի շնորհանդեսը: Արդյո՞ք գովազդի նորահայտ ձեւ չէ դա: Այդպես է, բայց ոչ միայն դա: Գրքի շնորհանդեսի միջոցով փորձ է արվում վերականգնել ընթերցող-գիրք կապը, որը վերջին տարիներին շատ է թուլացել: Բանը հասել է այնտեղ, որ կյանքի մեծ մասը գիր ու գրականության հետ անցկացրած անհատը եւս հեռացել է գրքից: Իսկ եթե երբեմն-երբեմն էլ նրանք ձեռքները մեկնում են գրապահարաններին, ապա այնտեղից՝ բառարան, լավագույն դեպքում՝ հանրագիտարան վերցնելու համար, եւ միայն հազվագյուտ դեպքերում՝ գեղարվեստական որեւէ երկ:

Իսկ մեր շնորհանդեսը ծառայեց իր նպատակին: Դահլիճից հեռացող ուսանողները, բարձր դասարանցիները, սիսիանցի գրասերներն իրենց հետ տանում էին հայրենակցուհու  մակագրությունը կրող նրա մտքի գոհարները: Համոզված ենք, որ նրանք այդ գրքերը թերթելու են, կարդալու են, փոխանցելու են այլ մարդկանց, համեմատելու համար գուցե նաեւ այլ հեղինակների գիրք են ձեռքները վերցնելու:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: