09/17/2019

Աշխարհի առաջնությունից՝ մեկ արծաթ, երկու բրոնզ

Աշխարհի առաջնությունից՝ մեկ արծաթ, երկու բրոնզ

Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում սեպտեմբերի 22-ից 27-ը կայացել է քիքբոքսինգի «WAKO» վարկածով աշխարհի գավաթի «Ադամանդ-2015» մրցաշար: Ներկայացուցչական այդ մրցմանը (մասնակցում էին 40-ից ավելի երկրի մոտ 1800 մարզիկ) հանդես եկան Սյունիքի մարզի քիքբոքսինգի «Գարեգին Նժդեհ» ամումբի չորս մարզիկ: Նրանցից երեքը արժանացան մրցանակի. Շանթ Դավթյանը (57 կգ քաշային կարգ), Արայիկ Ավետիսյանը (37 կգ) դարձան բրոնզե մեդալակիր, իսկ Արտյուշա Ավետիսյանը՝ 52 կգ քաշային կարգում,հասավ մինչեւ եզրափակիչ, բայց վճռական գոտեմարտում պարտություն կրելով, բավարարվեց արծաթե մեդալով:

- 2007-ից ի վեր աշխարհի առաջնության չէինք մասնակցել, տղաները փոքր-ինչ կաշկանդված հանդես եկան, այլապես կարող էին ավելի բարձր տեղեր գրավել, լարվածության պատճառով չկարողացան դրսեւորել իրենց ողջ ունակությունները, - պատմում է ակումբի մարզիչը՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Սարգսյանը եւ ավելացնում, - ռուս եւ ուկրաինացի բռնցքամարտիկների մարզական կարգն էապես բարձրացել է, նրանց հետ մենամարտելը դժվար է, բայց մյուս կողմից բարերար ազդեցություն է ունենում իմ սաների մարզավիճակի բարելավման վրա:

Վերջին ժամանակներում թե՛ ուսումնամարզական հավաքների, թե՛ մրցումների մասնակցելը հովանավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության վարչական տնօրեն Վահե Հակոբյանը, ում երախտագիտություն են հայտնում ինչպես ակումբի մարզիչն ու սաները, այնպես էլ վերջիններիս ծնողները: Ակումբը հրավեր է ստացել մասնակցելու Ուկրաինայում կայանալիք միջազգային մրցաշարի: Մարզիչն ու սաները հուսով են, որ այս անգամ եւս հնարավորություն կունենան դրսեւորելու իրենց կարողությունները:

Ի դեպ, սեպտեմբերի 29-ին կայացել է ՀՀ քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի նիստը, որում ֆեդերացիայի փոխնախագահ է ընտրվել Արայիկ Սարգսյանը:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հոկտեմբերի 6-ին ընդունեց մարզիկներին եւ նրանց մարզչին, շնորհավորեց մրցանակային տեղեր գրավելու առիթով, հետաքրքրվեց նրանց մարզումներով եւ նոր հաջողություններ մաղթեց:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: