09/17/2019

Դարձի՛ր գրադարանի բարեկամ

Դարձի՛ր գրադարանի բարեկամ

Հոկտեմբերի 3-ին հանրապետության բոլոր գրադարաններն իրենց հյուրընկալ դռներն էին բացել ընթերցողների առաջ: Գրադարանավարի օրվա կապակցությամբ «Հանդիպման վայրը՝ գրադարան» խորագրով ծրագրի շրջանակներում, որ անց է կացվում տոնին նախորդող շաբաթ օրը, Սյունիքի մարզային գրադարանը ներկայացրեց հետաքրքիր միջոցառումների շարք՝ «Դարձի՛ր գրադարանի բարեկամ» կարգախոսով:

Մարզային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Լիաննա Գասպարյանը նշեց. «Ծրագրի նպատակն է բարձրացնել գրադարանի դերը հասարակության մեջ, արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում կարողանալ պահպանել ընթերցող-գիրք կապը: Գրադարանը միայն գիրք տրամադրելու վայր չէ, սա այն  միջավայրն է, որտեղ գրականության, արվեստի մասին կարելի է բանավիճել, երկխոսել, հանդիպումներ կազմակերպել գրքերի հեղինակների հետ»:

Գրադարանի մանկական բաժնից մեկնարկած միջոցառումները բազմաբովանդակ էին՝ տոնն արժեւորելու յուրօրինակ լուծումներով: Քաղաքի տարբեր դպրոցների աշակերտները, Կապանի մշակույթի պալատի «Նարին» պարային համույթի սաները ներկաներին ողջունեցին ասմունքով եւ պարային համարներով: Նրանց գեղեցիկ խոսքը, պարային կատարումները ոգեւորեցին ներկաներին:

Մատենագիտական տեղեկատվության բաժնի աշխատակիցները ներկաներին մի պահ տեղափոխեցին իսահակյանական հարուստ ներաշխարհ՝ եւս մեկ անգամ ապացուցելով հայ գրականության անկրկնելի վարպետի մեծությունը: Հնչեցին բանաստեղծի գոհարները, երգեր՝ նրա խոսքերով, հետաքրքիր մտքերն ու նրա մասին մեր մեծերի կարծիքները: Վերջում հնչեց Իսահակյանի ուղերձը՝ գրադարանավարներին. «….Հայրենիքում գրադարանն ինձ համար առաջին, օտարության մեջ երկրորդ տունն էր: Գրադարանը սրբություն է, գիրքը՝ սրբություն»:

Դե իսկ արվեստի բաժնում 1970-80-ական թվականներն էին, որ մասնակիցներին հիշեցրին իրենց պատանեկությունն ու երիտասարդությունը՝ հաճելի հուշեր արթնացնելով նրանց հոգիներում: Աշխարհահռչակ երգիչների, նրանց կյանքի նշանակալի դրվագների, այդ տարիների սերնդի դաստիարակության վրա ունեցած ազդեցության մասին խոսեց արվեստի բաժնի վարիչ Ելենա Լալազարյանը: «Ինչպես ընդունված է ասել, «Ռետրո» անվանեցինք մեր միջոցառումը՝ նպատակ ունենալով վերաիմաստավորել, արժեւորել անցյալի երաժշտական ժառանգությունը, որ ունկնդրելով անցան մեր պատանեկության եւ երիտասարդության լավագույն տարիները», - նշեց նա:

Այնուհետեւ արվեստի բաժնում թեւածեց 1960-80-ական թվականների հայկական քաղաքային ֆոլկլորային երգը՝ Լորիկ Հայրյանի նվագակցությամբ եւ Թերեզա Հովհաննիսյանի կատարմամբ: Ներկաների համար իսկական բացահայտում էր տաղանդավոր դաշնակահար Լորիկ Հայրյանը, որի մասին քչերը գիտեն: Ճիշտ են ասում, տաղանդավոր մարդիկ համեստ են լինում: Իր մասին գրեթե ոչինչ չի խոսում, բայց Ելենա Լալազարյանից տեղեկացանք, որ Արցախյան շարժման տարիներին է Կիրովաբադից եկել Հայաստան: Ժամանակին նվագել է Ադրբեջանի ֆիլհարմոնիայում, այժմ բնակվում է Կապանում, բայց նրա երաժշտական տաղանդի մասին քչերին է հայտնի:

Ինչեւէ, «Ռետրո» համերգը մի պահ հետեւում թողեց մարդկանց առօրյա հոգսերը՝ տեղափոխելով հիշողությունների գիրկը:

Սպասարկման բաժնում Եվրոպական քոլեջի Կապանի մասնաճյուղի ուսանողների  մասնակցությամբ «Հավերժ ներկա… բացական (Համո Սահյան)» խորագրով միջոցառումը եւս մեկ անգամ հնարավորություն տվեց բացահայտելու սյունյաց աշխարհի բանաստեղծի մեծությունը, նրա հուզաշխարհը:

Գրականության, երաժշտարվեստի աշխարհից տեղափոխվեցինք տնտեսագիտության աշխարհ, այն է՝ «Քաղաքակրթության» ակումբի կազմակերպած «Շահը մարդկային գործունեության հիմք եւ շարժիչ ուժ» թեմայով քննարկման: Երիտասարդ իրավաբան Հրայր Խաչատրյանը ներկայացրեց իր տեսակետն այս հարցի շուրջ, որից հետո մասնակիցներն արտահայտեցին իրենց կարծիքները:

Մարզի համայնքային գրադարաններում եւ ակումբ-գրադարաններում նույնպես կազմակերպվել էին տարաբնույթ միջոցառումներ՝ նվիրված գրողների՝ այս տարի լրացող հոբելյաններին, տարբեր գրքային ցուցադրություններ, հանդիպում վաստակաշատ գրադարանավարների եւ ժամանակակից հեղինակների հետ:

Շնորհավո՛ր տոնդ, գրադարանավա՛ր…

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: