09/19/2019

Կոմբինատի արդյունահանման ծավալները կհասնեն 22 մլն տոննայի

Կոմբինատի արդյունահանման ծավալները կհասնեն 22 մլն տոննայի

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է ընդլայնել Քաջարանի հանքավայրի արդյունահանման ծավալները՝ հանքաքարի հանույթը եւ վերամշակումը հասցնելով 22մլն տոննայի: Այդ առիթով հոկտեմբերի 15-ին ձեռնարկությունում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ կապված Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքաքարի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխության հետ: Մասնավորապես՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության: Քննարկմանը մասնակցում էին կոմբինատի գլխավոր տնօրեն Նիլ Ստիվենսոնը, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, տեխնիկական տնօրեն Աշոտ Մարգարյանը, վարչական տնօրեն Վահե Հակոբյանը, ձեռնարկության ստորաբաժանումների եւ ազդակիր համայնքների՝ Կապանի, Քաջարանի, Լեռնաձորի, Սյունիքի, Արծվանիկի, Քաջարան գյուղի, Սեւաքարի ղեկավարներ:

ԶՊՄԿ-ի իրավական աջակցության ծառայության պետ Պերճ Խաչատրյանը հայտնեց, որ անցկացվելու է եւս նման երեք քննարկում, իսկ քննարկման մասնակիցների ողջամիտ առաջարկությունները հաշվի կառնվեն նախագծային փաստաթղթերի մշակման փուլում: Նախագծի փոփոխության տեխնիկական լուծումները ներկայացրեց գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ա.Մարգարյանը, մանրամասնելով, որ նախապես քննարկվել է բաց հանքի մշակման երկու տարբերակ. առաջինը տնտեսապես ավելի շահավետ է եւ նախատեսում է հանքավայրի շահագործում՝ աջակողմյան եւ ձախակողմյան պաշարների ընդգրկմամբ: Երկրորդ տարբերակի դեպքում բաց հանքի մշակումը նախատեսում է միայն աջակողմյան պաշարների ընդգրկումը: «Խնդիրը քննարկեցինք ղեկավարության հետ եւ եկանք այն եզրակացության, որ ձախակողմյանի պաշարների արդյունահանման այս փուլում, այս պահին պատրաստ չենք: Քանզի ունենք չլուծված խնդիրներ՝ բնապահպանական, ֆինանսական, շինարարական, ընտրեցինք աջակողմյան մասը, քանզի այս պահին մեզ համար տնտեսապես լավագույն տարբերակն է, մանրամասնեց Ա.Մարգարյանը, - մենք բաց հանքը մշակելու ենք ոչ թե նոր տարածքներ ընդգրկելու ճանապարհով, այլ դեպի խորքը, դեպի ընդերքը թափանցելու ուղիով: Օգտագործելու ենք հին լցակույտերը, աչքի առաջ ունենալով, որ ծախսերը գնալով շատանալու են, բայց ստիպված ենք մեծ ծախսեր անել՝ զուտ բնապահպանական, սոցիալական նկատառումներից ելնելով»:

Նոր նախագծի իրականացումը ենթադրում է արտադրության տեխնիկական վերազինում, այդ առիթով բանախոսը նշեց, որ ձեռնարկության տեխնոլոգիական հավաքակայանը 80 տոկոսով նորացել է, նախատեսվում է 2016-2017 թվականներին անցկացնել 1,2 մետր տրամագծով հոսքագիծ, որ կբարձրացնի թափուկատարի անվտանգությունը: «Այսօր բնապահպանական պահանջները շատ խիստ են դրված, եւ ձեռնարկությունը վարելու է բնապահպանական առումով պատասխանատու քաղաքականություն», - խնդրո առարկայի առնչությամբ ասաց բանախոսը եւ հավելեց, որ կդրվեն նոր ֆիլտրեր ու զտիչներ, իսկ հանքահարստացուցիչ ֆաբրիկայում կտեղադրվեն ավելի հզոր աղացներ:

Իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն տրվեց նաեւ ազդակիր համայնքների ղեկավարներին: Բայց նրանց խոսքում կառուցողական առաջարկները իրենց տեղը զիջեցին երախտագիտությանը, որ ձեռնարկությունը ավելացնում է իր հզորությունները: Այնուհետեւ քննարկման մասնակիցները հանդես եկան առաջարկություններով, եղան նաեւ հարցադրումներ կապված Գեղիի ջրամբարի, Արծվանիկի պոչամբարի հետ: Մասնավորապես հայտնվեց, որ Սեւաքարի գետի ջրերը երեք կիլոմետր թունելով հասնելու են Աճանան գետ, որ ավելի քիչ քանակությամբ ջուր հավաքվի Արծվանիկի պոչամբարում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: