09/19/2019

Նպատակը՝ որակյալ մասնագետներ պատրաստելը

Նպատակը՝ որակյալ մասնագետներ պատրաստելը

«Մեղրու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հիմնվել է 2001թ. հոկտեմբերի 1-ին դպրոցի տարրական մասնաշենքում: Առաջին տնօրենը Ժորա Միրզոյանն էր, որին հաջորդեց Հաբեթնակ Խաչիկյանը, ներկայումս՝ Թամամ Հովհաննեսյան: Տնօրենի հավաստմամբ՝ ի սկզբանե էլ քոլեջն ունեցել է իր ավանդույթները:

Ի դեպ, Թամամ Հովհաննեսյանը, ով ֆիզիկայի մասնագետ է, 1992-2014թթ. եղել է Ագարակ քաղաքի մանկապարտեզի տնօրենը՝ ստեղծելով հիանալի եւ օրինակելի մանկապարտեզ տարածաշրջանի համար:

Մեղրու պետական քոլեջը ներկայումս միջին մասնագիտական կրթություն է իրականացնում՝ «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում եւ աուդիտ», «Փոխադրումների կազմակերպում եւ կառավարում տրանսպորտում» բաժիններով: «Ի սկզբանե ընտրվել են այն մասնագիտությունները, որոնք Մեղրու տարածաշրջանի համար արդիական են եւ բխում են նրա տնտեսական շահերից: Նախկինում եղել են իրավագիտություն եւ դասավանդում տարրական դասարաններում բաժինները: Բայց հետագայում իրավագիտությունը դուրս է մնացել՝ պահանջարկ չունենալու պատճառով, իսկ դասավանդում տարրական դասարաններում բաժինը դուրս է մղվել, քանի որ դպրոցում աշխատելու համար օրենսդրությամբ պահանջվում է բարձրագույն կրթություն», - նշեց տնօրենը:

Տնօրենի տեղեկացմամբ՝ նախատեսում են ավելացնել բաժինները՝ «Նախադպրոցական կրթութություն» (հեռակա ուսուցմամբ) եւ ելնելով անհրաժեշտությունից՝ «Տուրիզմ»: Տարածաշրջանի մանկապարտեզների աշխատակիցների մի մասը չունի համապատասխան կրթություն, թեկուզեւ օրենքը թույլ է տալիս այդ բնագավառում երկարամյա փորձ ունեցողներին աշխատել: Այս բաժինը բացելու համար արդեն դիմել են նախարարություն, իսկ «Տուրիզմ»-ի համար հավանաբար հաջորդ ուստարում կդիմեն:

Հիմնական կրթությամբ ընդունված ուսանողները հիմնականում սովորում են պետպատվերի շրջանակներում, այս տարի պետպատվերով 41 տեղ է հատկացվել քոլեջին՝ 35-ի փոխարեն: «Դիմել եմ նախարարություն պետպատվերն ավելացնելու խնդրանքով՝ հաշվի առնելով տարածաշրջանի հեռավորությունը, մարդկանց սոցիալական վիճակը: Նախարարությունն ընդառաջեց, եւ արդյունքում ինը պետպատվերով տեղ ավելացավ, - տեղեկացրեց Թ.Հովհաննեսյանը եւ հավելեց, - մենք ամեն կերպ փորձում ենք ոգեւորել ուսանողներին ոչ միայն որակյալ կրթություն տալով, այլեւ նրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելով»:

Տնօրենի կարծիքով՝ 2017 թվականից հիմնական կրթությամբ ընդունվածների համար ուսուցումն անվճար կլինի՝ չնայած ներկայումս մոտ 75 տոկոսն անվճար է՝ օրինակ՝ 20 տեղից 15-ը:

Այս ուստարում քոլեջից մեկ ուսանող ընդունվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղ (արդեն մի քանի տարի է՝ Մեղրու տարածաշրջանից առկա ուսուցման համար մասնաճյուղ ոչ ոք չէր դիմել, այս ուստարում 4 հոգի դիմել է):

Քոլեջում դասավանդում են որակյալ մասնագետներ. «Մնում է ցանկություն հայտնեն աշխատելու: Աշխատավարձը ցածր է, շատերը համատեղության կարգով են աշխատում», - նշեց տնօրենը: Հանրակրթական դպրոցի, հատկապես ավագ դպրոցի ուսուցչի ժամավճարը զգալիորեն բարձր է միջին մասնագիտական ուսումնական հաստատության դասախոսի ժամավճարից, ինչպես նաեւ քոլեջի դասախոսները չեն օգտվում սոցփաթեթից: «Սոցիալական փաթեթից չենք օգտվում, որովհետեւ արտաբյուջե ունենք, այսինքն՝ իրականացնում ենք վճարովի ուսուցում, բայց, կարծում եմ, ժամանակի ընթացքում ե՛ւ այս, ե՛ւ աշխատավարձի հարցերը կվերանայվեն», - պարզաբանեց տնօրենը: Թեկուզ պիտի նշել, որ վերջին տարիներին 2-3 անգամ ավելացել է քոլեջի ֆինանսավորումը:

Կրթության ազգային ինստիտուտի «Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոն»-ը (ՄԿՈՒԶԱԿ) պարբերաբար անց է կացնում վերապատրաստման դասընթացներ թե՛ մայրաքաղաքում, թե՛ քոլեջում: Պարբերաբար իրականացվող վերապատրաստման դասընթացները նպաստում են հատկապես նորագույն մեթոդներն արագ յուրացնելուն, մասնագիտական գիտելիքները կատարելագործելուն: Քանի որ մոդուլային ծրագրի ներդրումը միջին մասնագիտական հաստատություններում դեռեւս կատարելագործման փուլում է, հաճախակի են կազմակերպվում վերապատրաստման դասընթացներ, որին մասնակից դասախոսները տեղում նույնպես անց են կացնում վերապատրաստումներ: «Հանուն արդարության պիտի նշեմ, որ ՄԿՈՒԶԱԿ-ը բավականին արդյունավետ գործունեություն է ծավալում՝ աջակցելով թե՛ կրթական ծրագրերով ու  թե՛ նորագույն մեթոդների կիրառման ուսուցմամբ՝ դրանով նպաստելով հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության եւ մասնագիտական ուսուցման զարգացմանը, - նշեց Թ.Հովհաննեսյանը եւ հավելեց, - հմտություն, կարողություն ձեւավորելու առումով նորագույն մեթոդները լայն հնարավորություններ են տալիս՝ : Կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա ենք»:    

Եվրոպական կրթական համակարգին  ինտեգրումն այսօր այս օղակի առաջնահերթ խնդիրներից է: Տարածաշրջանային քոլեջներում, քանի որ դրանք ունեն հարուստ նյութատեխնիկական բազա, դասընթացներ են անցկացվում եվրոպական կրթական աջակցության ծրագրերի հիման վրա: «Տարածաշրջանային քոլեջն  այդ աշխատանքների համակարգողն է: Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում վերջերս անցկացված հանդիպման ժամանակ Եվրամիության ներկայացուցչական խմբի առաջ ես հարց բարձրացրի մեր քոլեջը նյութատեխնիկական բազայով հարստացնելու եւ լաբորատորիա հիմնելու վերաբերյալ (տարածաշրջանային քոլեջի լաբորատորիաներից մեկը ես շատ եմ հավանել, եւ պայմանավորվածություն ենք ձեռք բերել այնտեղ պրակտիկա անցկացնելու համար): Իմ առաջարկին ի պատասխան՝ ծրագրի պատասխանատուները նշեցին, որ սա դեռեւս առաջին փուլն է, որտեղ կենտրոնում տարածաշրջանային քոլեջներն են: Երրորդ փուլով հավանաբար ուշադրություն կդարձնեն մեր քոլեջներին», - նշեց Թ.Հովհաննեսյանը:

Տնօրենից տեղեկացանք նաեւ, թե ինչպես են կարգավորվում քոլեջի շրջանավարտների եւ գործատուների՝ աշխատանքի տեղավորման հարաբերությունները: «Նախեւառաջ կապ ենք հաստատում տարածաշրջանի գործատուների հետ՝ ուսումնական եւ արտադրական պրակտիկաներն անցկացնելով համապատասխան հաստատություններում: Բացի դրանից՝ քոլեջի կառավարման խորհրդում ընդգրկում ենք նաեւ գործատու կազմակերպությունների ներկայացուցիչների: Ես այն կարծիքին եմ, որ փորձառու ղեկավարն անպայման կնկատի խելացի ուսանողին եւ հետագայում աշխատանք կտա: Ինչ վերաբերում է գործատուին մեզ մոտեցնելուն, եթե այդպես կարելի է ասել, իմ համոզմամբ, առաջին քայլը մենք պիտի կատարենք՝ ցույց տալով մեր աշխատանքի որակը: Գործատուների մոտ իրականացվող պրակտիկաների ընթացքում է միայն հնարավոր նկատել ապագա լավ մասնագետին: Ես նպատակ եմ դրել՝ ցույց տալու քոլեջի տեղն ու դերը, եթե մի քանի տարուց չհասնեմ իմ նպատակին, ապա այն ինձ համար խնդիր կդառնա», - նշեց տնօրենը:

Մարզում նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական հաստատությունների թիվը ժամանակի ընթացքում հավանաբար կավելանա, քանի որ արհեստավորների կարիք միշտ էլ կա: «Որոշել ենք արհեստավորների պատրաստման գործում մեծ ուշադրություն դարձնել կարճաժամկետ ուսումնական ծրագրերին, այսինքն՝ տվյալ մասնագիտության համար կկազմվի պետական ծրագիր, որ հնարավորություն կտա ավելի կարճ ժամկետում յուրացնել մասնագիտությունը: Ագարակի կոմբինատի հետ պայմանավորվելուց հետո վեցամսյա կարճաժամկետ ծրագրեր կիրականացնենք այն մասնագիտությունների գծով, որոնց կարիքն ունի ձեռնարկությունը: Տեսական մասը կանցկացվի քոլեջում՝ դասապրոցեսին ներգրավելով իրենց մասնագետներին, իսկ գործնականը՝ կոմբինատում», - տեղեկացրեց տնօրենը:

Կարծում ենք՝ տարածաշրջանում հանքարդյունաբերության զարգացումն առաջ կբերի նեղ մասնագետների կարիք, որոնց մի մասն էլ, բնականաբար, կապահովի քոլեջը:

Ներառական կրթություն իրականացնելու համար քոլեջից չորս դասախոս վերապատրաստվել է եւ կարող է անհատական ուսումնական պլաններով իրականացնել համապատասխան ուսուցում:

Քոլեջի արտաբյուջեով վերանորոգվել եւ նախատեսում են վերանորոգել լսարանները, որի արդյունքում առաջիկա չորս-հինգ տարում բոլոր լսարանների հարցն այդ առումով կլուծվի: Հրատապ լուծում պահանջող հարցերից են նաեւ նորմալ մարզադահլիճ ունենալը, նյութատեխնիկական բազայով ապահովումը, անհրաժեշտ լաբորատորիաների ստեղծումը եւ դրանց համալրումը: Իսկ նպատակը, ինչպես արդեն նշեցինք, որակյալ մասնագետներ պատրաստելն է:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: