09/19/2019

Դա մեռածներին պետք չէ բնավ, իսկ ապրողներին շատ է հարկավոր

Դա մեռածներին պետք չէ բնավ, իսկ ապրողներին շատ է հարկավոր

Չկա մի ընտանիք, որին շրջանցած լինի երկրորդ աշխարհամարտը: Մեծ հայրենականի ռազմադաշտերում բազում ընկածների ճակատագիրն անհայտ է, տեղեկություններ չկան, թե որտեղ են ամփոփված նրանց աճյունները: Յոթ տասնամյակ է մեզ բաժանում Մեծ հայրենականի հաղթական ավարտից, բայց, ինչպես ասում են, վերքը չի սպիացել: Մինչեւ վերջերս ոչինչ հայտնի չէր Հայրենական մեծ պատերազմի նահատակ Սավադ Մարտիրոսյանի վերջին հանգրվանի մասին: Նախ նրա եղբոր՝ Հուսիկ Հարությունյանի թոռը Մեծ Հայրենականում զոհվածների մասին կայք-էջից տեղեկանում է, որ պապի եղբայրը զոհվել է, եւ նրա աճյունն ամփոփվել է Ինգուշեթիայի Մալգոբեկ քաղաքում: Բայց դեռեւս հարկավոր էր այդ փաստը ճշտել եւ հավելյալ տեղեկություններ հայթայթել: Հուսիկ Հարությունյանը դիմում է Կապանի զինկոմիսարիատ, որտեղ պահպանված Սավադ Մարտիրոսյանի անձնական քարտում գրված էր, որ հավատարիմ իր երդմանը, դրսեւորելով արիություն ու հերոսություն, զոհվել է Մալգոբեկ քաղաքի պաշտպանության համար: Զոհվածի եղբոր՝ Հուսիկ Հարությունյանի որդին՝ Արմեն Հարությունյանը խնդրեց Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանին կապ հաստատել Մալգոբեկ քաղաքի հետ, որոշ տեղեկություններ քաղել Սավադ Մարտիրոսյանի՝ այդտեղ զոհվելու, հուղարկավորության եւ գերեզմանի առկայության մասին, ինչն արվեց եւ հաստատվեց: Որից հետո որոշվեց մեկնել Ինգուշեթիայի այդ քաղաքը:

Հաջորդ քայլն այն էր, որ պատվիրակություն (զինկոմ Լեոնիդ Գրիգորյան, Կապանի բժշկական քոլեջի տնօրեն Ռոմիկ Սարգսյան, Արմեն Հարությունյան) կազմվեց, որը սեպտեմբերի 7-ին մեկնեց Ինգուշեթիայի հանրապետության Մալգոբեկ քաղաք, մինչեւ տեղ հասնելը Մինվոդիում խմբին դիմավորեցին եւ միացան ռուսաստանաբնակ կապանցիներ, վաստակաշատ կամրջաշինարար Լյուդվիգ Սարգսյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Բունիաթյանը: Պատվիրակությունը Մալգոբեկի զինկոմիսարիատում պատշաճ ընդունելության արժանացավ, որին մասնակցում էին Մալգոբեկի վարչական շրջանի ղեկավար Շարպուտին Մամիլովը, զինկոմ Միխայիլ Գանդալոեւը, տեղական թերթի խմբագիր Ախմեդ Կուլտոեւը, քաղաքային դումայի պատգամավոր Օսման Եվլոեւը, «Եդիննայա Ռոսսիա» կուսակցության տեղական կառույցի ղեկավարը, հասարակական կազմակերպության անդամներ, մասնավորապես ռազմահայրենասիրական կենտրոնի տնօրենն ու տեղակալը եւ ուրիշներ:

Բոլորը ոգեւորված էին այցից, գալիս ծանոթանում էին կապանցիների հետ, մեծերից լսած հուշեր պատմում իրենց քաղաքի համար մղված մարտերի մասին: Իսկ դրանք արյունալի էին եւ բախտորոշ: 1942թ. աշնանը թշնամին հարձակվեց Մալգոբեկի վրա: Այդ ոչ մեծ քաղաքի գրավումով ֆաշիստական զորքերի համար ճանապարհ էր բացվում դեպի Գրոզնու եւ Բաքվի նավթային պաշարները: Խորհրդային զորքերը պաշտպանեցին քաղաքը, այնուհետեւ հետ շպրտեցին հակառակորդին, ինչում մեծ ավանդ ունի 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան (հետագայում՝ Թամանյան): Այդ վճռորոշ մարտերը վերջինը եղան դիվիզիայի շատ մարտիկների համար, այդ թվում եւ Սավադ Մարտիրոսյանի: Նրա աճյունն ամփոփված է Մալգոբեկի թիվ 2 եղբայրական գերեզմանոցում, հայազգի 53 մարտիկ է ննջում այդ գերեզմանոցում: Պիտի փաստել, որ Մալգոբեկի մարտերում է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան մարտական մկրտություն ստացել, այնուհետեւ մարտերով հասավ Բեռլին, եւ ազգային դիվիզիաներից միակն էր, որ մարշալ Ժուկովի ընտրությամբ մասնակցեց ֆաշիստական որջի գրոհին եւ գրավմանը:

Զինկոմիսարիատում ընդունելությունից հետո պատվիրակությունը հյուրընկալողների հետ ուղղություն վերցրեց դեպի Մեծ հայրենականում ընկած մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան, որի վրա նահատակ 335 զինվորի շարքում փորագրված է Սավադ Մարտիրոսյանի անուն-ազգանունը:

Հարգանքի տուրք մատուցվեց կապանցի մարտիկի հիշատակին: Այստեղ եւս մալգոբեկցիներն անընդհատ պատմում էին այդտեղ մղված մարտերի մասին, նաեւ տեղեկացնում, որ Մալգոբեկը՝ Ռուսաստանի Դաշնության 45 քաղաքից մեկը, կրում է «Ռազմական փառքի քաղաք» կոչումը: Քաղաքը երեք ամիս գտնվում էր պաշարման մեջ, նրա պաշտպանության համար զոհվել է 120 հազար զինվոր ու սպա, դեռ ավելին՝ տեղացիները Մալգոբեկի պաշտպանությունը համեմատում էին Ստալինգրադի պաշտպանության հետ: Հյուրընկալողներն իրենց զրույցներում անընդհատ անդրադառնում էին 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի մարտիկների սխրագործություններին: Իսկ տեղի Մարտական փառքի թանգարանի տնօրենը եղբայրական գերեզման էր եկել՝ կրծքին սեղմած դիվիզիայի հրամանատար, գնդապետ Արտաշես Վասիլյանի դիմանկարը, ով զոհվեց 1943 փետրվարին: Հուշարձանի մոտ տեղի ունեցած արարողությունը հեռակապի միջոցով դիտում էր Հուսիկ Հարությունյանը, ով առաջացած տարիքի պատճառով չկարողացավ այցելել եղբոր գերեզմանին:

Մալգոբեկցիները չեն մոռանում հայ հերոսներին, փողոցներից մեկը կրում է Արտաշես Վասիլյանի անունը, պատանեկան կազմակերպությունները կրում են հայ մարտիկների անունը:

Զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը մի դրվագ ներկայացրեց մալգոբեկյան հանդիպումներից. «Երբ բարձրանում էինք դեպի հուշակոթողը, տեսա, որ առաջին աստիճանից մինչեւ վերջ բետոնը ջարդվել, մեծ ճաք էր գոյացել: Տեղացիները փոխանցեցին, թե անցյալ տարի են նորոգել, բայց նորից ճաք է առաջացել: Ասացի, որ պետք չէ այլեւս փակել, հարցրեցին՝ ինչո՞ւ, պատասխանեցի, որ ինչքան էլ փակեք, զոհվածների հոգիները ներսից պատռելու են: Ինչպես երեւաց, ասածս ներգործություն ունեցավ»:

Ի դեպ, Լեոնիդ Գրիգորյանը ռազմական արխիվից հանել է Մալգոբեկի համար զոհված հայազգի մարտիկների անուն-ազգանուն-հայրանունները եւ պատրաստակամություն է հայտնում օգտակար լինել նրանց, ովքեր հետաքրքրված են Մեծ հայրենականում զոհված իրենց հարազատի ճակատագրով: Գուցե մի ընտանիք էլ հոգեկան հանգստություն գտնի՝ ստույգ իմանալով պատերազմում զոհված իր հարազատի գերեզմանի տեղը: «Որպեսզի մարդիկ իմանան, որ ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել», - ասում է զրուցակիցս եւ հավելում, որ այնտեղ մեծ ուշադրություն են դարձնում իրենց քաղաքի ազատագրության համար զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանների տարածքի մաքրությանն ու խնամքին:

Կապանի պատվիրակությունը եղավ Մալգոբեկի Մարտական փառքի սրահում, որի ցուցանմուշների մի զգալի մասը պատմում է 89-րդ հայկական հրաձգային Թամանյան դիվիզիայի, նրա մարտիկների մասին: Հերոսների շարքում փակցված էր Հունան Ավետիսյանի դիմանկարը՝ նրա սխրանքի մասին պատմող տեքստով: «Այդ ամենը հպարտության զգացում էր առաջացնում մեր մեջ», - ասաց Ռոմիկ Սարգսյանը, այցը բավականին տպավորիչ էր, տեսնել էր պետք, թե ինչպես են այնտեղ հարգում ու մեծարում իրենց հարազատ քաղաքի մատույցներում կռված ու զոհված մարտիկներին, եւ բնավ էլ խտրություն չէին դնում, թե այդ տղաները որ ազգին են պատկանում: Կարեւոր էր նաեւ, որ նոր կապեր հաստատեցինք եւ մեզ հյուրընկալողներին առաջարկեցինք այցելել Կապան:

Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, գումարտակի հրամանատար, այնուհետեւ թիվ 97 բրիգադի հրամանատարի տեղակալ Լեոնիդ Գրիգորյանի հետ մեր հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ մերօրյա պատերազմին: Նրա փոխանցմամբ՝ 2006 թվականից սկսած մարտական ընկերներով հանդիպում են, գումարտակի օրը նշելով, այցելում են գումարտակի զոհված մարտիկների գերեզմանները: Իսկ երթուղին սկսվում է Կապանից, շարունակվում Իջեւան, Դիլիջան, Մասիս, Թալին, Արմավիր բնակավայրերով եւ ավարտվում Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում՝ լեյտենանտ Մարտիրոս Հայրապետյանի գերեզմանին ծաղկեպսակ դնելով եւ հարգանքի տուրք մատուցելով: Գումարտակի զոհված երկու զինվորի գերեզմանին զինկոմի նախաձեռնությամբ շիրմաքար է տեղադրվել, կարելի է ասել՝ գումարտակի զոհված տղաների ընտանիքների հետ ջերմ, հարազատական կապեր են ստեղծել, կարելվույն չափով ձգտում են սատար լինել ընտանեկան խնդիրների լուծմանը: Այս ամենը Լեոնիդ Գրիգորյանը դիտարկում է բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: