12/13/2019

Ֆերմերը

«Ֆերմեր» օտարածին բառն անցած դարի 20-ական թվականներից սկսած դարձել էր մեր լեզվում արմատացած «մենատնտես», «կուլակ» բառերի հոմանիշը, իսկ այս բառերն էլ խորհրդային պետության, իշխանության թշնամու հոմանիշներ էին: Ֆերմեր, կոմերսանտ, բիզնեսմեն բառերը մարդկանց մոտ բացասական զգացողություն էին առաջացնում:

Մեկին վիրավորելու համար ասում էին՝ կուլակ, կուլակի տղա, կամ էլ «կամերսանտ» պիտակը կպցնում:

Իմ պատմության հերոսը Գորիսի տարածաշրջանում լավ հայտնի շրջկոոպի Վարդգեսի չորս զավակներից մեկն է՝ Արզումանը: Վարդգեսը զոհվեց Արցախյան շարժման սկզբներին՝ Քարաշեն-Խանածախ ճանապարհի վրա: Հայտնի բան է, դժբախտությունը մենակ չի գալիս. դեռ ծանր կորստի յոթը չլրացած, հայտնվեցին մարդիկ, ովքեր հայտարարություններ արեցին, թե իբր Վարդգեսը նրանց մեծ գումարներ է պարտք: Բայց իրականում ճիշտ հակառակն էր, տասնյակները հենց իրենք էին պարտք զոհվածին: Այս մասին գիտեին ոչ միայն հանգուցյալի հարազատները, այլ նաեւ համագյուղացիներից շատերը:

Ասում են՝ դժվարությունները երեխաներին ստիպում են արագ մեծանալ: Օհանյանների ընտանիքի պարագային սա միայն թեւավոր խոսք չէր: Եթե մի պահ մտովի տեղափոխվենք 90-ական թվականների Հայաստան՝ պատկերը պարզ կլինի: Տան սյունը կորցրած ընտանիքը դիմակայեց դժվարություններին: Ինչեւէ, բարեկամների, հարազատների օգնությամբ ընտանիքը ոտքի կանգնեց:

Արզումանը չորս երեխաներից ամենակրտսերն էր: Խորհրդային բանակում զինվորական ծառայությունը ավարտելուց հետո 1990թ. վերադառնում է հայրենի գյուղ եւ 91-ին ամուսնանում Արտուշ Ավետիսյանի դուստր Արեւիկի հետ: Նորահարսն իր հետ հույս ու լույս է բերում: 1992թ. ծնվում է առաջնեկը՝ Վարդգեսը, 1994թ. Վիտալին: Երրորդը 12 տարեկան Իզաբելան է՝ բոլորի սիրելին:

Ժողովուրդն ասում է՝ վաղ ծնված գառը երկու մոր կաթ է ուտում: Արզումանի առնական տղաներն այսօր թեւ եւ թիկունք են իրենց հորը, աշխատանքի ամբողջ ծանրությունը կարողանում են իրենց երիտասարդ ուսերին տանել: Իսկ աշխատանքն, իրոք, ծանր է, համբերություն պահանջող:

Վարդգեսի տնտեսական գործունեությունը սկսվեց այսպես. ազգակից Միշայի խորհրդով Արզումանը նրան հանձնեց ունեցած ամբողջ «անասնագլխաքանակը»՝ թվով 2 մայր ոչխար: Ավելին չուներ: Ինչպես ընդունված է ասել՝ այդ երկու ոչխարով նրա ընտանիքի համար ոչ տաք էր, ոչ էլ ցուրտ: 2002թ. Միշան Արզումանին վերադարձրեց նրա սեփականություն ոչխարի փոքր հոտը՝ 35 մայր եւ երկու խոյ:

Արզումանը որպես անհատ ձեւավորվել է խորհրդային կարգերի օրոք: Հայտնի բան է, խորհրդային մարդկանց ճնշող մեծամասնությունը մտածում էր այսպես՝ ինչո՞ւ իր հարեւանը լավ է ապրում, եւ ամեն ինչի դիմում, որպեսզի նա էլ իր նման վատ ապրի: Արզումանը արագ ձերբազատվեց նման մտածելակերպից. նպատակը հստակ էր. օգտագործելով իր հնարավորությունները, չհրաժարվելով ոչ մեկի օգնությունից ոչխարի գլխաքանակը հասցնել 250-ի: Համառ, ամենօրյա քրտնաջան աշխատանքը, կնոջ, երեխաների հավատն իր նկատմամբ, հարազատների աջակցությունը սպասված պտուղները տվեցին: Այսօր արդեն կայացած ֆերմեր Արզուման Օհանյանի ոչխարի հոտում 500 մայր կա՝ 18 խոյի հետ:

Այո, Արզումանը լսում, ականջալուր է լինում տրվող խորհուրդներին, բայց դրանք բոլորը չէ, որ օգտագործում է պրակտիկ աշխատանքում: Այսպես՝ նրա հարեւան ֆերմերներից շատերը խոյերը տարին կլոր պահում են մայրական հոտում՝ իբր շատ գառներ ստանալու, ասել է թե գերշահույթ ստանալու նպատակով: Արզումանը վաղուց է համոզվել, որ նման աշխատաոճն արագ ծերացնում է մայրական կազմը, ստացված սերունդը լինում է վտիտ, հիվանդոտ: Այստեղ վնասն ավելի շատ է, քան օգուտը:

Արզումանը խոյերը մայրական հոտին է խառնում գարնանը, մոտավորապես մեկ ամիս, որից հետո առանձնացնում: Նա պարտադիր կարգով ստանում է միայն աշնան ծին: Որպես կանոն դեկտեմբեր ամսին նրա հոտում ծինն ավարտված է լինում: Այս տարի 100 մայրից նա ստացել է 130 գառ:

Մի ուրիշ խորհուրդ էլ է նա անտեսել: Շատ են փորձել համոզել Արզումանին գոնե 10-15 օր կթել ոչխարը՝ լրացուցիչ եկամուտ ստանալու համար, ասելով, թե ավելի փողը փոր չի ծակի: Արզումանն անտեսել է նման խորհուրդը՝ ակնարկված եկամուտը նմանեցնելով քամու բերած դարմանին:

Նա սերտ կապերի մեջ է տարածաշրջանի անասնաբուծական եւ անասնաբուժական ծառայությունների հետ: Որպես կանոն անասնագլխաքանակի հիվանդությունները կանխարգելելու նպատակով գարնանը եւ աշնանը ախտահանվում են: Աշխատանքի նկատմամբ նման մոտեցման շնորհիվ է, որ Արզումանի խնամած գառները 6-7 ամսականում ունենում են 45-50 կգ կենդանի քաշ: Քարաշենում (ինչու միայն այնտեղ) ոչխարաբուծությամբ զբաղվող ոչ բոլոր ֆերմերնեը կարող են հպարտանալ նման ցուցանիշով: Ընթացիկ տարում նման քաշով հանձնել է 350 գլուխ գառ: Մի քիչ վերապահումով փորձում ենք իմանալ, թե մեկ գլուխ գառն ինչքան եկամուտ է բերում նրան: Ասում է, որ թաքցնելու բան չունի, գառը վառաճել է 35 հազար դրամով:

Արզումանի հետ զրույցի ընթացքում ավելի ու ավելի եմ համոզվում, որ որեւէ մասնագիտական կրթություն չունեցող այս մարդն իր փոքր տնտեսությունը վարում է գիտականորեն, իր բոլոր կամ համարյա բոլոր ձեռնարկումները տնտեսապես հիմնավորված են: Կենդանիների հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ աշխատանքներում երբեք խնայողություններ չի անում, պարբերաբար հետաքրքրվում է այդ բնագավառի նորություններով: Իսկ ի՞նչ աջակցություն է ստանում պետական կառույցներից, համարյա ոչինչ: Օգնություն կարելի է համարել թերեւս ամառային եւ ձմեռային արոտատեղերը վարձավճարով տրամադրելը:

Մի առիթով մեր լրագրի էջերում խոսել ենք բրդի իրացման պրոբլեմի մասին: Անցել է մեկ տարի: Հետաքրքրվում ենք, թե ինչ փոփոխություններ կան, ոչ մի: Ինքը կարողացել է այս տարվա խուզից ստացած 1500կգ բուրդը իրացնել 1կգ-ը 500 դրամով եւ գոհ է դրա համար:

Մտորելու համար ասենք, որ միջազգային շուկայում այդ գինը 10 անգամ ավելի բարձր է: Առաջվա նման ոչխարաբուծությամբ զբաղվող ֆերմերները խուզից հետո անլուծելի խնդրի առաջ են կանգնում՝ ի՞նչ անել բուրդը: Որոշ դեպքերում դրա ոչնչացումն էլ են ելք համարում: Իմ զրուցակիցը մի արտառոց դեպք պատմեց. ֆերմերներից մեկը խուզն ավարտելուց հետո շատ դռներ է ծեծում բուրդն ամենաչնչին գնով իրացնելու համար, բայց ապարդյուն: Հուսահատված մարդը մոտ երկու տոննա բրդի վրա բենզին է լցնում եւ վառում: Այստեղ էլ վրա են հասնում շրջակա միջավայրի պաշտպանության հրավերով զբաղվողները եւ մի կլորիկ գումարով տուգանում նրան: Ճիշտ եւ ճիշտ Աբու Հասանի մաշիկների պատմությունն է:

Ֆերմերի համար հուլիս-օգոստոս ամիսները համեմատաբար հանգիստ շրջան է: Պատրաստվում են խորհրդային շրջանից ժառանգություն ստացած հովվի օրվա տոնակատարությանը: Մեզ հրավիրում է մասնակցել տոնին: Խոստանում ենք գնալ:

Շարունակում ենք զրույցը: Տարիներ առաջ Հայաստանի կառավարության նախագահի տեղակալ Ալեքսան Կիրակոսյանը Խորհրդային Միության պատվիրակության կազմում լինում է Կանադայում: Այդ գործուղման ծրագրում նախատեսված է լինում այցելություն տեղի ֆերմերներին: Գորիսի շրջանի տնտեսական ակտիվի համար կարդացած դասախոսության ժամանակ նա պատմեց, որ իրեն հյուրընկալած ֆերմերը զբաղվում էր խոշորի մսի արտադրությամբ: Նրա ֆերմայում … էր 300 խոշոր:

Հասկանալի է, որ Կանադայի ֆերմերի տնտեսության մեջ շատ բան է զարմացնում նրան, բայց ամենազարմանալին լինում է այն, երբ ֆերմերի որդին հորից ավտոմեքենայի բանալին է խնդրում՝ տան համար հարեւան ֆերմերից 5 լիտր կաթ բերելու համար: Հյուրն իր զարմանքը չի կարողանում թաքցնել: Տանտերը բացատրում է, որ ֆերմայում ընտանիքի կարիքների համար մեկ կթու կով պահելը տնտեսապես ձեռնտու չէ: Նախ դրա համար պետք է պայմաններ ստեղծի, կթի … ձեռք բերի, խնամող առանձնացնի: Հետո էլ այդ կովն օրական ամենաքիչը տալու է 15 լիտր կաթ: Ի՞նչ անի մնացած 10 լիտրը: Չէ, ձեռնտու չէ:

Այսքանը պատմում եմ Արզումանին ու հետն էլ հարցնում նրա կարծիքը: Երեխայի նման քթի տակ ժպտում է: Պարզվում է, որ մի քանի տարի շարունակ ինքն էլ հոտի հետ 3-4 կով էր պահում, հոտի հետ իջեցնում ձմեռային արոտատեղ՝ ազատագրված տարածքներ, իսկ ամռանն էլ բարձրացնում ամառային արոտատեղ: Արդեն մի քանի տարի է՝ հրաժարվել է կով պահել: Տնտեսապես ձեռնտու չէ, խանգարում է հիմնական աշխատանքին: Ընտանիքին անհրաժեշտ կաթն ու կաթնամթերքը ձեռք է բերում Կանադայի ֆերմերի օրինակով: Իսկ թե ապագայի համար ինչ ծրագրեր ունի՝ դա էլ գաղտնիք չէ: Պատրաստվում է հայրենի գյուղում բացել սուպերմարկետ: Տարակուսում եմ, որ իր գործի մեջ հմտացած մարդը նման կտրուկ որոշում է կայացնում: Իր ձեւով փարատում է իմ կասկածամտությունը: Գաղափարը հանկարծակի չի ծնվել, բայց մտածել էր, թե ժամանակի հետ կանցնի, բայց չէ, չի անցնում: Աչքին ցավ է պատճառում այն, որ իրենից գնված գառան միսը վաճառվում է 2500 դրամով՝ մի կողմ թողնելով երկրորդական հումքը եւ գառան մորթին, որոնք եւս քիչ փող չարժեն: Իր հաշվարկներով գառան միսը 2000 դրամով վաճառելու դեպքում էլ ինքը խանութից բավարար եկամուտ կստանա:

Դե ինչ, Աստված հաջողի: Մեր կողմից էլ լավագույն բարեմաղթություններ՝ ֆերմերին իր դժվարին աշխատանքում:

Հ.գ. Հայտնի ֆիլմի Պավլեի նման հաշվարկ էլ մենք կատարենք. «Հանրապետությունում կա 980 հազար ոչխար (minagro.am): Յուրաքանչյուր ոչխար տարեկան կտա ամենաքիչը 2.5կգ բուրդ: 2.5 անգամ 980 հազար կանի 2 մլն 450 հազար կգ բուրդ: Բրդի 1 կգ համաշխարհային շուկայում արժե 12 ԱՄՆ դոլար: 12 անգամ 2 մլն 450 հազար կանի 29 մլն 400 հազար դոլար:

Հազարավոր տարիներ լավագույն վաճառականի անուն հանած հայ մարդը չի կարողանում վաճառել իր արտադրած ապրանքը ու այն վառում է: Փաստորեն մենք տարեկան վառում ենք 29 մլն ԱՄՆ դոլար: Երբ որեւէ օտար մարդ կամ սփյուռքահայ 0.5-1 մլն դոլարի նեդրում է կատարում Հայաստանում իր բիզնես առաջ տանելու համար, մեր իշխանությունները նրան շքանշան-մեդալ են տալիս ու ազգուտակի լուսանկարներով հեղեղում լրատվամիջոցները:

Գյուղնախարար Սերգո Կարապետյանը հաճույքով է շաբաթական մեկ անգամ հանրապետության բնակչությանը տեղյակ պահում, թե ինչքան միրգ ու բանջարեղեն է արտահանվել:

Երեւում է անասնապահությունը, մանավանդ ոչխարաբուծությունը, գյուղատնտեսության հետ կապ չունեն: Այդպես է ստացվում»:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: