09/19/2019

Սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ

Մինչեւ բուն թեմային անցնելը կցանկանայի անդրադառնալ մի իրադարձության, ինչն, առայժմ, իմ կարծիքով դեռեւս պատշաճ գնահատական չի ստացել: Խոսքը «Սյունյաց երկրի» հատուկ թողարկումներից մեկի մասին է, որն ամբողջությամբ նվիրված էր Ամենայն Հայոց 101-րդ կաթողիկոս Տ.Տ. Մովսես Գ Խոտանանցու (Տաթեւացու) կյանքին ու գործունեությանը: Հիրավի, դա մի եզակի գիտական աշխատություն էր մեր սուրբ հայրերից մեկի վերաբերյալ, ինչի համար կցանկանայի որպես  խոտանանցի եւ պարզապես հայ քրիստոնյա իմ երախտագիտությունը հայտնել «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությանը եւ գլխավոր խմբագիր պարոն Ալեքսանյանին: Վստահ եմ, որ հենց սրբերի դասին կարգված մեր հայրերը պետք է լինեն  հասարակ մահկանացուներիս երկրային ուղին լուսավորող եւ ուղղորդող աստղը: Հուսով եմ, որ մոտակա ժամանակահատվածում գիտական մակարդակով լուրջ անդրադարձ կկատարվի Սյունյաց աշխարհի ամենաերեւելի զավակներից մեկի՝ Սուրբ Մովսես Խոտանանցու թողած ժառանգությանը, ինչը կլինի այն աստվածահաճո քայլերից մեկը՝ ուղղված մեր հասարակության հոգեւոր կրթմանն ու դաստիարակմանը, իրական արժեքների ձեւավորմանը:

Այս օրերին Հայաստանի Հանրապետության քաղաքական անցուդարձում թերեւս ամենաքննարկվող թեմաներից մեկը գալիք հանրաքվեն է՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Անշուշտ, դա մի իրադարձություն է, որը կարող է մեծապես ազդել երկրի հետագա զարգացման վրա, եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէի կարող անմասն մնալ այդ քննարկումներից: Քաղաքական գործիչների բազմաթիվ տեսակետներն ու հարցադրումները կարելի է դասակարգել երկու հիմնական խմբում.

ա) մասնակցե՞լ հանրաքվեին, թե՞ ոչ,
բ) եթե մասնակցել, ապա կո՞ղմ քվեարկել, թե՞ դեմ:

Առաջին հարցադրումն արտահայտելն իսկ անկեղծորեն զարմանք է առաջացնում, քանի որ ինչպե՞ս կարող է իրեն քաղաքական գործիչ կամ ակտիվ քաղաքացի համարող անձը կոչ անել չմասնակցել պետության համար այդքան կարեւոր իրադարձությանը: Փաստորեն, դրանով կոչ է արվում անտարբերություն դրսեւորել սեփական հայրենիքի ապագայի նկատմամբ: Շատ հեշտ է ոչինչ չանել եւ միայն անպատասխանատու քննադատություններ հնչեցնել: Անտարբերությունը, սեփական կարծիքը չհայտնելը թույլ, անդեմ, մարգինալ անձի դրսեւորում է, ինչն ազնիվ չէ, եւ հետեւաբար դժվար է բարոյական համարել: Ուստի, միանշանակ պետք է մասնակցել գալիք հանրաքվեին եւ դրանով ստանձնել պատասխանատվության սեփական (թեկուզ փոքրիկ) բաժինը մեր երկրում տեղի ունենալիք հետագա զարգացումների համար:

Անդրադառնամ երկրորդ հարցադրմանը: Տվյալ դեպքում եւս հարկավոր է առաջնորդվել պարզ, առողջ տրամաբանությամբ: Դեմ արտահայտվողներից շատերն իրենք ոչ վաղ անցյալում առաջարկվող փոփոխությունների ակտիվ ջատագովներն էին. պետության պառլամենտական կառավարում, 100%-անոց համամասնական ընտրություններ, ընդդիմության՝ որոշակի չափով պետության կառավարմանը  երաշխավորված մասնակցություն եւ այլն: Ապա ինչո՞ւ են կտրուկ կերպով փոխվել մարդկանց դիրքորոշումները: Թվում էր, թե իրեն «դեմոկրատ» համարողը պետք է միայն ու միայն ողջուներ առաջարկվող փոփոխությունները (ինչը, իմիջիայլոց,  միաձայն արեց Վենետիկի հանձնաժողովը), բայց՝ ոչ, դեմ ենք: Հետեւելով տարաբնույթ բանավեճերին՝ գալիս ես եզրակացության, որ խնդիրն անձերի մեջ է եւ ոչ թե գաղափարախոսության: Որքա՜ն ենք մենք սիրում անձնավորել ցանկացած երեւույթ: Միգուցե հենց դա՞ է խնդիրը, միգուցե հենց ա՞յդ պատճառով է, որ մեր հայրենիքում  դեռևս կան այսքան չլուծված խնդիրներ, իսկ հասարակության համախմբումը մինչ այժմ մնում է բարեմաղթանքի կարգավիճակում: Վերջիվերջո, պետք է գիտակցել, որ գործող սահմանադրությամբ իշխանության վերարտադրությունն ավելի հեշտ է իրականացնել, որի դեմ պայքարում են այսպես կոչված «ժողովրդավարները»: Անձամբ ես առաջարկվող սահմանադրության նշանակալից նվաճում եմ համարում այն, որ պետության համար կարեւորագույն որոշումները կընդունվեն կոլեգիալ եղանակով եւ ոչ թե միանձնյա, ինչով զգալիորեն նվազեցվում են սխալ որոշումներ ընդունելու ռիսկերը: Կնշեի եւս մի կարեւոր բարեփոխում: Գործող սահմանադրությամբ ուղղակի քվեարկությամբ ընտրվում են ե՛ւ նախագահը, ե՛ւ խորհրդարանը, եւ ստացվում էր այնպես, որ երկուսն էլ ունեն ժողովրդի քվեն: Դա նույնպես իր մեջ վտանգներ է պարունակում՝ հատկապես իշխանության այդ երկու թեւերի միջեւ տարաձայնություններ առաջանալիս: Առաջարկվող փոփոխություններով դա այլեւս անհնար է: Բավականին դրական փոփոխություներ կան կառավարության յուրաքանչյուր անդամի պատասխանատվության բարձրացման հարցում (խորհրդարանն իրավունք ունի անվստահություն հայտնել առանձին որեւէ նախարարի), դատական իշխանությունն ավելի անկախ է՝ սկսած իր ձեւավորման փուլից, մտցվել է «կայուն մեծամասնություն» հասկացությունը, ինչն աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում գտնվող մեր տարածաշրջանի պայմաններում կանխարգելում է իշխանության վակուումի առաջացման հնարավորությունը եւ ապահովում պետության անխափան կառավարումը: Պետական կառավարման մի շարք այլ գործընթացներում առավել հստակ են մատնանշվում կատարողներն ու պատասխանատուները՝ երաշխավորված կարգով նաեւ ընդդիմությանը մասնակից դարձնելով: Կարեւոր եմ համարում նաեւ այն փաստը, որ հոդված 18-ով մատնանշվում է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»: Որախալի է, որ հոդված 30-ում խոսվում է «կանանց եւ տղամարդկանց», եւ ոչ թե անընդունելի «գենդերային» հավասարության մասին: Կան եւս բազմաթիվ այլ դրական փոփոխություններ, որոնք թերեւս մասնագիտական վերլուծության կարիք ունեն:

Չէի ցանկանա, որ այնպիսի տպավորություն ստեղծվեր, թե ամեն ինչ է ինձ, որպես ՀՀ քաղաքացու, բավարարում առաջարկվող նախագծում: Մասնավորապես, հոդված 16-ում ընտանիքի պաշտպանության մասին խոսելիս լավ կլիներ նախ տալ «ընտանիք» հասկացության սահմանումը, որը պետք է հիմնված լինի ընտանիքի մեր ավանդական, ազգային պատկերացումների վրա: Դա կկանխարգելեր արեւմտյան մի շարք այլասերված պատկերացումների հնարավոր ներթափանցումը մեր հայրենիք: Հոդված 17-ում կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը երաշխավորելիս ես այն կպայմանավորեի ազգային անվտանգության հետ: Համաձայն չեմ նաեւ 100%-անոց համամասնական ընտրակարգին: Այն որոշակիորեն նվազեցնում է կոնկրետ պատգամավորի պատասխանատվությունն ընտրողների առաջ, հնարավորություն է տալիս կուսակցություններին իրենց ցուցակներում ավելի շատ ընդգրկել անձանց, ովքեր այնքան էլ չեն համապատասխանում տվյալ կուսակցությունների կողմից հռչակվող գաղափարախոսությանը: Մեծամասնական կարգով ընտրված պատգամավորին ընտրողը գիտի, ճանաչում է, եւ նա շատ ավելի հասանելի է յուրաքանչյուր քաղաքացու եւ պատասխանատու նրա առաջ: Կարծում եմ՝ այստեղ մենք ծայրահեղությունից ծայրահեղության ենք դիմում:

Ինչեւէ, ինչպես եւ յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, պետությունը եւս ունի էվոլյուցիոն զարգացման անհրաժեշտություն, եւ առաջարկվող սահմանադրական բարեփոխումները դիտարկում եմ հենց այդ տեսանկյունից: Կարծում եմ՝ բոլորիս պարտքն է ակտիվորեն եւ մեր խղճին համապատասխան մասնակցել այդ փոփոխություններին՝ լինելով ազնիվ եւ պատասխանատու մեր գործողություններում:

ԽԱՉԱՏՈւՐ ԲԱԴԱԼՅԱՆ
Վերին Խոտանանի միջնակարգ դպրոցի տնօրեն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: