12/11/2019

Մարդը նրա համար չէ ստեղծված, որ պարտություններ կրի

Ուսուցչի վարքի միայն լավ օրինակն առավել օգուտ է աշակերտին, քան բազում դասերն առանց լավ օրինակի: Իրավամբ այս խոսքը ոչ բոլոր ուսուցիչների վաստակի մասին կարելի է ասել: Մանկավարժի աշխատանքային գործունեությունն ամփոփում են նրա մասին գործընկերների, աշակերտների կարծիքները, այն հաջողությունները, որոնց տարիների ընթացքում հասնում են իր սաները, հասարակության մեջ նրա մասին ունեցած տեսակետները, թեկուզ երբեմն իրար հակասող. չէ՞ որ հակասականությունից նույնպես ծնվում է ճշմարտություն:

«Սուսաննա Օհանջանյանը ուսուցչական սերուցքի երեւելիներից է: Մանկավարժական երկարամյա աշխատանքի սանդուղքի վրա կայացել է որպես ազգային պատմության, մշակույթի ու բանասիրության խորագիտակ անհատականություն: 18 տարի եղել է գյուղական ուսուցման բովում, ճանաչվել որպես առաջատար մասնագետ: Հույժ հուզական ու հուզող է, օժտված է գրական կերպարների հետ վեհանալու, զորանալու, արտասվելու եւ մաքառելու բնատուր-բացառիկ շնորհներով», - գրում է Ռոբերտ Էջանանցին:

1975 թվականից մինչ 2015թ. սեպտեմբեր տեւած մանկավարժական բուռն գործունեություն՝ նպատակներ, սպասումներ, դժվարություններ ու, այդ ամենով հանդերձ, մանկավարժի կոչմանը ողջ կյանքում հավատարիմ մնալու սկզբունք: «Ծնվել եմ Վաչագանում: Գրքերի բազմապիսի ու տիեզերական աշխարհում է անցել ողջ կյանքս. սերը գրքի հանդեպ սերմանեցին ծնողներս՝ գրադարանավարուհի մայրս եւ ուսուցիչ հայրս: Ընթերցում էի նույնիսկ այն գրքերը, որոնց իմաստը չէի հասկանում. գյուղի ավագներից լսելով շատ ու շատ հեղինակների ստեղծագործությունների մասին՝ վերցնում ու ընթերցում էի. այն ժամանակ ինձ համար էական չէր բովանդակությունն ըմբռնելը: Ընթերցելու անհագ ծարավն իմ մեջ ծնեց մանկավարժ դառնալու ցանկությունը», - հիշում է բազմամյա մանկավարժ, հայոց լեզվի եւ գրականության մասնագետ Սուսաննա Օհանջանյանը:

Իր իսկ խոստովանությամբ՝ մանկավարժ դարձել է Լեռնաձորում, որտեղ աշխատել է 1975-92թթ.: Միջավայրը, որ գլխավորում էր տաղանդաշատ Ռոբերտ Գրիգորյանը (Էջանանցի), խիստ մանկավարժական էր: Ռ.Գրիգորյանը մղում էր ստեղծագործական աշխատանքի, անընդհատ պրպտումների: «Ի սկզբանե հայտնվել եմ մանկավարժական բեղմնավոր գործունեության մղող առողջ միջավայրում, որտեղ կային հրաշալի, ապագայի նկատմամբ հավատով լցված մարդիկ. երեւի սա էր  իմ հաջողության հասնելու գրավականներից մեկը: Ես այն կարծիքին եմ, որ լավ մանկավարժ դառնալու համար պիտի սկսել գյուղական դպրոցից, որը, սակայն, պիտի առնվազն հավասարազոր լինի Լեռնաձորի դպրոցին: Իմ ամենամեծ գործընկերը, նախեւառաջ, Ռ.Էջանանցին էր, ում հետ անչափ շատ եմ խորհրդակցել, պարտադիր չէր, որ ես հարց տայի նրան, մեր զրույցներում էին թաքնված իմ հարցերի պատասխանները», - ոգեւորությամբ հիշում է գործունեության լավագույն եւ իր իսկ բնութագրմամբ՝ անաղարտ տարիները:

Աշխատանքային գործունեության կարեւորագույն նախապայմանը խելացի, քեզ գնահատող ղեկավար ունենալն է: Ս.Օհանջանյանի պնդմամբ՝ իր բախտը բերել է, որ հրաշալի տնօրեններ է ունեցել: Հետադարձ հայացք ձգելով՝ նա այսպես է նկարագրում իր ղեկավարներին. «Եթե Ռոբերտ Գրիգորյանը ռոմանտիկ էր եւ մղում էր ստեղծագործական աշխատանքի, Հասմիկ Համբարձումյանն իրականություն էր դարձնում շատ բան, Լեռնիկ Պետրոսյանը տեսնում էր ապագան ու ոգեւորում: Այդ երեք տնօրեններից ես վերցրի առավելագույնը: Առաջինն ինձ գնահատեց Ռ.Գրիգորյանը, ում հետ աշխատելու տարիներին արժանացա ավագ ուսուցչի կոչման: Լ.Պետրոսյանը կրթության բնագավառում լողում էր եւ դեռեւս 2001թ. ստեղծելով վարժարանը` կարելի է ասել ձեւավորեց ներկայիս ավագ դպրոցի գաղափարը, որ սրերով ընդունվեց ժամանակին, բայց, չնայած ամեն ինչին, կայացավ: Նրա օրոք ես արժանացա բազում մրցանակների, քաղաքային եւ մարզային մրցանակներից մինչեւ կառավարական պարգեւ: Եթե ամփոփելու լինեմ, իմ մանկավարժության երջանիկ տարիները Լեռնաձորի դպրոցում են անցել, իմաստնացած տարիները՝ վարժարանում. այդտեղ էլ եղավ մանկավարժական բերքահավաքս»:

40 տարվա աշխատանքային փորձ ունեցող մանկավարժին աշխատելաոճի հստակ բանաձեւն է մշտապես ուղղորդել. «Ուսուցիչը պիտի իր առարկայի առյուծը լինի, բարի ու հոգատար վերաբերմունք ունենա. դեպի երեխայի գլուխը, սիրտը, հոգին տանող միակ ուղին պիտի լինի բարությունը: Պիտի պատրաստ լինես բոլոր մարտահրավերներին, աշակերտն անկանխատեսելի է, բայց նա շատ արագ է ճանաչում ուսուցչին, բացահայտում ե՛ւ գիտելիքները, ե՛ւ բնավորության թույլ եւ ուժեղ կողմերը»:

Իսկ իր հաջողության հասնելու բանաձեւը եղել է այն, որ լավ, բարի մանկավարժներով է շրջապատված եղել, մարդիկ հավատացել են իր կարողություններին ու ըստ արժանվույն գնահատել, վայելել է աշակերտների սերը, քանի որ նախեւառաջ նրանց սիրել ու հավատացել է եւ հետո «կարեւոր է, թե սերմը որտեղ է ծլարձակում. իմ հողը շատ պարարտ էր»: Որպես մանկավարժ՝ երջանիկ է իրեն զգում, քանզի հարյուրների հասնող աշակերտներից յուրաքանչյուրը նրան ինչ-որ բան է տվել, եւ հարուստ է հենց դրանով, նրանցից եկող սիրով:

Հիշում է՝ երբ աշխատանքային առաջին տարում պիտի արձակուրդ գնար, Էջանանցին մի երկտող տվեց, բայց խնդրեց, որ Վաչագանում բացի այն (Ս.Օհ.՝ կարծես եթե ճանապարհին բացեի, տեսնելու էր): Երկտողում գրված էր՝ գտնել Հյուբշմանի լուսանկարը: Եվ այդ երկտողն առիթ հանդիսացավ՝ տեւական ժամանակ անվանի լեզվաբան Աշոտ Աբրահամյանի հետ նամակագրական կապ ունենալ (Ս.Օհ.` երկար տարիներ անվանի մարդկանց հետ նամակագրական կապեր եմ ունեցել):

Միակ ափսոսանքն այն է, որ պատերազմի տարիներին աշխատած ուսուցիչները, ովքեր մեկ րոպե անգամ չեն լքել դպրոցը, որոնց շնորհիվ մեկ օր անգամ չի փակվել դպրոցի դուռը, ըստ արժանվույն չեն գնահատվել: Իսկ ընդհանուր առմամբ ոչնչի համար չի ափսոսում, ինչ նախաձեռնել է, իրականություն է դարձրել, անգամ սխալների համար երբեւէ վատ չի զգացել, քանի որ մարդն անսխալական չէ. ներողություն է խնդրել, եթե դրա անհրաժեշտությունը եղել է:

«Մտահոգությունս՝ սերը բացակայում է, բնությունը մարդուց խռովել է: Ինչպես Մարկեսն է ասել. «Ես չեմ ուզում, որ մարդը մենակ մնա»: Ինչ-որ մեկն է ասել. «Մարդու բոլոր տեսակները սարսափելի են, իսկ ամենասարսափելին փառամոլներն են: Այն տեսակը, որ ուզում ենք մեր կողքին տեսնել, առնվազն ռոմանտիզմի ժանրից է»: Բայց, միեւնույնն է, ես հավատում եմ մարդուն», - նշում է Ս.Օհանջանյանը:

Հազարավոր գրական կերպարների հետ առնչվելով, նրանց հետ ապրելով, դասեր քաղելով՝ այնուամենայնիվ Սուսաննա Օհանջանյանն իրեն նմանեցնում է Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին եւ ծովը» պատմվածքի ծերունուն. «Ես չեմ սիրում պարտություններ կրել, եւ, ինչպես ծերունին է ասում, մարդը նրա համար չէ ստեղծված, որ պարտություններ կրի: Իմ պարտությունները կարճատեւ են եղել, ժամանակավոր, որովհետեւ ես ինձ ուժեղ անհատականություն եմ համարում, երբեւէ հուսահատության գիրկը չեմ ընկել՝ չնայած կյանքումս բազում խոչընդոտների եմ հանդիպել: Ծերունին իմ ուղենիշն է եղել, միշտ իմ աչքի առաջ՝ իր պայքարելու եւ հաղթանակի հասնելու հաստատակամությամբ», - ինքն իրեն պատկերավոր բնութագրում է:

Բռնկուն է, հուզառատ, համարձակ, ճշմարտախոս (խմբ.՝ որի համար հաճախ է տուժել) վիրավորվում է, բայց կարճ է տեւում: «Ներում եմ հեշտ, բայց չեմ ներում դավաճանությունը: Չեմ սիրում թիկունքում գործել. գրական հերոսներից մեկն ասում է՝ փրկի՛ր դեմքդ, եթե կարող ես: Ես այն եմ, ինչպիսին կամ, փրկելու բան չունեմ», - նշում է մանկավարժը:

Վիլյամ Սարոյանի պատմվածքներից մեկի հերոսն ասում է՝ այնտեղ, որտեղ ես ծնվել եմ, մարդիկ բարեկիրթ են: Ընտանիքում մշտապես սերմանել են բարություն, մեծի հանդեպ հարգանք, հավատարմություն. «Մայրս ու հայրս մեզ անչափ շատ բարություն ներարկեցին, որի համար նաեւ վճարում ենք: Լավ է թե վատ, կարեւոր չէ»:

Անձնական կյանքի ամենամեծ ձեռքբերումը դուստրն է՝ Հասմիկը, ով ընտրել է նաեւ մայրիկին հոգեհարազատ մասնագիտություն՝ արվեստաբանություն:  Շատ ընկերներ չի ունեցել, բայց քաղաքում եղել են եւ կան մարդիկ, որոնց հետ զրուցելը հաճույք է պատճառել: Հատկապես առանձնացնում է լուսահոգի Վաչիկ Եփրեմյանին, որի կորստով քաղաքը մի լավ մտավորականից զրկվեց: Երկար չէր զրուցում հետը, բայց նրա ասած թեկուզ կարճ նախադասությունը լցնում էր ողջ օրը, հոգին, մտորելու տեղիք տալիս: Անհատներ կան, որոնց հետ շփումը լցրել է հոգու դատարկ տեղերը:

Գործնական ձեռքբերումը համարում է այն բոլորը, ինչ կարող է մանկավարժը ունենալ՝ աշակերտների սեր, գործընկերների հարգանք, լավագույն մասնագետի համբավ, մեդալակիրներ, առարկայական օլիմպիադաներում մշտապես հաղթողներ, կառավարական մրցանակներ:

Իր գործին նվիրված, նաեւ դպրոցով ապրող մարդուն չեն կարող չմտահոգել դպրոցի առջեւ կանգնած խնդիրները: Հաճախակի դժվարությամբ ընդունվող նորագույն մեթոդների մուտքը դպրոց նա համարում է ժամանակի անհրաժեշտություն, պարզապես դրանք մեխանիկորեն չպիտի կիրառել, պիտի կարողանաս տեղայնացնել՝ գտնելով ոսկե միջինը, նորը հնի հետ քոնը դարձնել եւ օգտագործել: Ցավով պիտի նշեմ, որ դպրոցն աստիճանաբար զրկվում է լավագույն մասնագետներից. երիտասարդներից շատերի հպարտությունը թույլ չի տալիս հարցնել սովորել, իսկ փորձառուները, իրենց շատ արժեւորելով, չեն սովորեցնում. այս սառույցը պիտի կոտրվի: Սերնդափոխությունը մեզանում սահուն չի ընթանում», - իր մտահոգությունն է հայտնում Ս.Օհանջանյանը:

Այն, որ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններն այսօր անհրաժեշտ մակարդակի վրա չեն, անժխտելի փաստ է եւ գլոբալ հարց: Աշակերտը չի ուզում գնալ դպրոց, ինչո՞ւ դպրոցն աշակերտի համար ցանկալի վայր չի համարվում. ուսուցման մեթոդնե՞րն են հին, թե՞ ուսուցիչը չի կարողանում ընդհանուր լեզու գտնել աշակերտի հետ, գրավել նրան: Ս.Օհանջանյանի պնդմամբ՝ խորհրդային տարիներին գուցե կաշկանդվածություն կար այդ հարաբերություններում, բայց ուսման հանդեպ հետաքրքրություն կար, բայց այսօր ե՛ւ հետաքրքրություններն են պակասել, ե՛ւ անկեղծ հարաբերությունները:

Հարցը բազմակողմանի պիտի քննվի, ի վերջո այստեղ միայն աշակերտի մեղավորությունը չէ կամ էլ ժամանակի բարքերի. աշակերտը պիտի վստահ լինի, որ իր առաջ կանգնած է չափազանց խելացի մեկը, ով սիրում է իրեն, հարգում ու վստահում:

«Այսօրվա սերո՞ւնդը. չափազանց շատ եմ սիրում. հետաքրքիր, ազատամիտ, ուրույն մտածելակերպ ունեցող, քեզ հակադրվող, որ մեր տարիներին դժվար թե հանդիպեր: Սերունդ, որն ընդունակ է ամեն ինչի՝ փոքրիկ սխրագործությունից մինչեւ հայրենիքի համար զոհվելը: ՈՒժեղ ու խելացի սերունդ է, որ պարտավոր է այս երկիրն ավելի լավը դարձնելու. ես հավատում եմ դրան», - նշեց նա:

Մանկավարժական գործունեությունից բացի, նրան հրապուրել է լրագրությունը. ժամանակին հրատարակել է «Սլացք» թերթը, պատերազմական տարիներին աշխատել հեռուստատեսությունում, ինչպես ինքն է ասում, լամպի լույսի տակ հեռուստահաղորդում էին պատրաստում: Այդ դժվարին օրերին մեկ օր անգամ չի մտածել հայրենիքը, ծննդավայրը լքելու մասին, «հայրենիքից դուրս ինձ չեմ պատկերացրել, դու ուժեղ ես քո հայրենիքով, քո հողով, քո անցյալով, որ կարող է նաեւ ապագա դառնալ»:

Պատերազմի տարիներին Կապանի քաղսովետի նախագահ Ռադիկ Սարուխանյանի աջակցությամբ Կապանում բացել է «Ասալա»-ի տղաներից Վարուժան Կարապետյանի նկարների ցուցահանդեսը: Երկար տարիներ նամակագրական կապ է ունեցել նրա հետ, այդ ընթացքում Կապանից հարյուրավոր նամակ-դիմումներ հավաքել՝ այն ժամանակվա Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին ուղարկելու՝ նրան ազատելու համար:

Գրել է արձակ բանաստեղծություններ, որոնք չի հրապարակել, որովհետեւ գրել է իր համար:

«Անցել եմ վաստակած հանգստի, որին դեռ մեկ տարի առաջ պատրաստ էի, շփումս աշակերտների հետ շարունակվում է, որոնց, գիտելիքից բացի, տալիս եմ իմ անկեղծ խորհուրդները: Դպրոցից դուրս ինձ հետ տարել եմ նրանց սերը: Շնորհակալ եմ Աստծուց, շնորհակալ եմ, որ կարողացել եմ իրականություն դարձնել իմ երազանքները», - ամփոփեց Սուսաննա Օհանջանյանը:

Սուսաննա Օհանջանյանի՝ որպես ուսուցչի կերպարի մասին կարելի է անվերջ գրել, որովհետեւ նրա հետ զրույցներում թաքնված էին մեր հարցերի պատասխանները: Բարությունից, հազար ու մի բաներից բացի, ես՝ որպես նրա աշակերտուհի, նրա գլխավոր արժանիքը համարում եմ անկեղծությունը, համարձակությունը, հաստատակամությունը, խստապահանջությունն ու նպատակասլացությունը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: