09/19/2019

Տեղեկատվական մարաթոն՝ Սյունիքում

Տեղեկատվական մարաթոն՝ Սյունիքում

Նոյեմբերի 13-ից հանրապետությունում մեկնարկել է հանրաքվեի դրված Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով մարզերում անցկացվող տեղեկատվական մարաթոնը: Կազմվել է երկու խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել է սահմանադրական փոփոխություններին կողմ եւ դեմ 4-ական մասնակից: Մի խումբը լինելու է հյուսիսային, մյուսը՝ հարավային մարզերում:

Սյունիքի մարզում մարաթոնը սկսվել է Մեղրու տարածաշրջանից: «Այո»-ի թիմում են Հրայր Թովմասյանը (ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ անդամ), Արման Սաղաթելյանը (Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ, ՀՀ նախագահի մամլո նախկին քարտուղար), Կարինե Աճեմյանը (ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ), Վարդան Այվազյանը (ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ), իսկ «Ոչ»-ի թիմում՝ Հրանտ Բագրատյանը (ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ), Թամարա Գեւորգյանը («Իրավունքի կենտրոն» հիմնադրամի նախագահ, կառավարման համակարգերի մասնագետ), Վաղինակ Շուշանյանը («Ոչ թալանին» նախաձեռնության անդամ), Ազատ Արշակյանը («Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության նախագահ):

«Այո եւ ոչ» ռեալիթի շոուն 12 ժամ շարունակ ուղիղ եթերով հեռարձակվելու է «Յուքոմ» ցանցի «Արմնյուզ» հեռուստաալիքով եւ «Ա1+» կայքով: Ըստ նախապես կազմված ժամանակացույցի՝ նոյեմբերի 13-ին հանդիպում կանցկացվի Մեղրու, 14-ին՝ Կապանի, 15-16-ին՝ Գորիսի, 17-ին՝ Սիսիանի տարածաշրջաններում:

Հավաքված մարդկանց «Այո» եւ «Ոչ» թիմերի անդամները ներկայացնում են սահմանադրական փոփոխությունների հանդեպ իրենց թիմերի դիրքորոշումը՝ պատասխանելով ներկաների հարցերին: Ընթացքում դեբատներ են տեղի ունենում նաեւ թիմերի անդամների միջեւ:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: