09/18/2019

80-ամյա երիտասարդ, բայց իմաստնացած տարեգրություն

80-ամյա երիտասարդ, բայց իմաստնացած տարեգրություն

Ինչպես մեր մեծերից մեկն է ասել, հոբելյաններն ազգի շնչառությունն են: Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի այցելուներն այս անգամ եկել էին ութսուն տարվա հեռավորությունից արժեւորելու նրա անցած ուղին, որ, ինչպես ՀՀ վաստակավոր արտիստ Երվանդ Ղազանչյանը նշեց, զարմանալի ու երանելի տարիներ էին:

Ցուցադրված տեսաֆիլմում թատրոնի ականավոր դեմքերը, իրադարձությունները, ներկան ու խոստումնալից ապագան պատկերող դրվագներն էին: Մարդիկ, որոնց կյանքի ու գործունեության լավագույն տարիները կապվում են այս թատրոնի հետ, իրադարձություններ, որոնք ոգեւորությամբ են հիշում ժամանակակիցները, հոտնկայս ծափահարում՝ իրենց խոնարհումը բերելով նրանց վաստակին: Ինչպես թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Մութաֆյանը (ցավոք, արդեն երջանկահիշատակ) նշեց, հատկապես 1980-ականների Կապանի թատրոնի մասին խոսելիս իսկապես պիտի գլխարկ հանենք:

«Սյունյաց երկիր» թերթի մարտի 31-ի համարում մանրամասն ներկայացվել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի 80-ամյա ընթացքը:

Հոկտեմբերի 31-ին կայացած հոբելյանական երեկոյի ընթացքում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հատկապես շեշտը դրեց հետանկախացման տարիների թատրոնի գործունեության վրա՝ նշելով, որ ոչ մի փակ դուռ թատրոնի առջեւ չկա: Նա շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնց եռանդի, ջանասիրության շնորհիվ այսօր գործում է թատրոնը: Մարզպետը Կապանի Ալ.Շիրվանզադեի պետական դրամատիկական թատրոնի 80-ամյակի կապակցությամբ եւ թատերարվեստում ունեցած ավանդի համար մի քանի աշխատակիցների հանձնեց շնորհակալագրեր:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ մեր քաղաքը հանրապետությունում ճանաչում են նաեւ այս թատրոնով, եւ ուրախալի է այն փաստը, որ մեր մեծերի գործը շարունակում են երիտասարդ, շնորհալի դերասանները: Բարեխիղճ եւ անբասիր աշխատանքի համար Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի 80-ամյակի կապակցությամբ քաղաքապետը շնորհակալագրեր եւ պատվոգրեր հանձնեց թատրոնի աշխատակիցներին, տնօրենին՝ հուշանվեր, իսկ թատրոնին՝ դրամական պարգեւ:

Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ իր դաստիարակության գործում մեծ է եղել նաեւ այս թատրոնի՝ ազգային ոգի ներշնչող ներկայացումների դերը: Գովելի է նաեւ թատրոնի համագործակցությունը զորամասերի հետ, որտեղ պարբերաբար ներկայացումներով հանդես են գալիս այս թատրոնի դերասանները: Մ.Սարգսյանը ՊՆ պատվոգրով, «Գարեգին Նժդեհ» մեդալով (թատրոնի գեղարվեստական ղեկավարին՝ Արթուր Գաբրիելյանին) պարգեւատրեց թատրոնի աշխատակիցներին, իսկ տնօրեն Կամո Արզումանյանին՝ «ԵԿՄ 20-ամյակ» մեդալով:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը, շնորհավորական խոսքից բացի, նշեց, որ թատրոնի դռները բաց են երիտասարդ ռեժիսորների առջեւ, ովքեր պատրաստ են իրենց մասնագիտական գիտելիքները կիրառել այստեղ՝ դրանք համապատասխանեցնելով թատրոնի գեղարվեստական արժեքներին ու գաղափարախոսությանը:

ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչը, ներկայացնելով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական ուղերձը, հաստատեց այն փաստը, որ Կապանի թատրոնն ինքնատիպ կամուրջ է երեւանյան թատրոնների հետ, եւ մաղթեց լեփ-լեցուն դահլիճներ:

Հայ թատերարվեստի ոլորտում ունեցած նշանակալից ավանդի եւ երկարամյա ստեղծագործական գործունեության համար, ինչպես նաեւ թատրոնի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե» մեդալով պարգեւատրվեցին դերասաններ Նատալյա Բաղդասարյանը եւ Արտավազդ Գրիգորյանը:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ով 1984թ. նշանակվել էր այս թատրոնի գլխավոր ռեժիսոր, շեշտը դրեց վերջին տարիների գլխավոր ձեռքբերման, այն է՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի Կապանի կուրսի բացումը (այն ղեկավարում է պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը), որ հաստատում է այն հանգամանքը, որ թատրոնում սերնդափոխությունը ճիշտ է տեղի ունենում, եւ այն իր արդյունքը մոտ ապագայում կտա: Նա մտահոգություն հայտնեց, որ մեր հանրապետությունում շատ քաղաքներ թատրոն չունեն, որին հակառակ Սյունիքի մարզում երկու թատրոն է գործում, որ խոսում է այս մարզի քաղաքային եւ մարզային իշխանությունների համապատասխան վերաբերմունքի մասին: Հ.Ղազանչյանը թատերական գործիչների միության պատվոգրեր հանձնեց դերասաններին, իսկ թատրոնին՝ համակարգիչ:

Թատրոնի անցած ուղու, ձեռքբերումների մասին իրենց ելույթներում խոսեցին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը, Հովհ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Մաղալյանը, Հայաստանի թատերական գործիչների միության «Թատրոն» թերթի խմբագիր Յաշա Չախոյանը եւ այլք:

ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հուզիչ ելույթը ներկաներին մի պահ տեղափոխեց 20-րդ դարի կեսեր: Նա, խորհրդանշական նվեր հանձնելով թատրոնին, մաղթեց. «Ձին մուրազ է, ձեզ մաղթում եմ անխոնջ գործունեություն. ձիերի պես խրտնեք, վազեք եւ առաջինը հատեք գիծը»: Նա երիտասարդներին պատգամեց նախ՝ աշխատել, այնուհետեւ՝ պահանջել:

Արդեն 25 տարի թատրոնի ղեկավար, իր գործի նվիրյալ, անխոնջ մշակ, ՀՀ վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Կամո Արզումանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս տարիներին կանգնած են եղել թատրոնի կողքին՝ իրենց չափով ներդրում ունենալով նրա կայացման գործում:

Ինչպես Լեւոն Մութաֆյանը նշեց. «Մեծն Հովհաննես Աբելյանն ասում էր՝ փոքր եկեղեցում անգամ կարելի է մեծ պատարագ մատուցել: Կապանի թատրոնը մեկն է այն բացառիկ թատրոններից, թատերական օջախներից, որը կարողացել է ամենաանհրապույր եկեղեցում անգամ մեծ պատարագ մատուցել»:

Միջոցառումը եզրափակվեց Կապանի կուրսի ուսանողների երաժշտական հետաքրքիր համարով:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ    

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: