09/18/2019

Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի կարծիքը

Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի կարծիքը

- Պարո՛ն Հայրապետյան, այս օրերին մեր երկրի համար օրակարգային թիվ մեկ հարցը դեկտեմբերի 6-ին անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է: Դուք «Այո»-ի թիմից եք, ինչո՞ւ:

- «Այո»-ի կողմնակից եմ եւ ոչ միայն այն պատճառով, որ իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչ եմ: Ինքս, կարելի է ասել, մանրամասն ծանոթ եմ առաջարկվող փաստաթղթի դրույթներին, եւ համոզված եմ, որ, այո՛, ներկայացված առաջարկը ողջունելի է, մյուս կողմից՝ որպեսզի մանրամասների մեջ չմտնենք, կարող եմ ասել հետեւյալը. չէ՞ որ գործող սահմանադրության դրույթներին նույնպես մեր ազգաբնակչության մեծամասնությունը գրեթե ծանոթ չէր: Այսօր փորձել մեր համաքաղաքացիներին, մեր բնակիչներին ուղղորդել դեպի «ոչ», մի փոքր անազնիվ կլինի: Մարդիկ պիտի ծանոթանան առաջարկվող փաստաթղթին, դրանով ընձեռված հնարավորություններին եւ այնուհետեւ կազմելով սեփական կարծիք՝ մասնակցեն հանրաքվեին եւ ճիշտ որոշում կայացնեն:

- Որպես համայնքապետ ի՞նչ կտա նոր սահմանադրությունը Ձեզ եւ ազգաբնակչությանն առհասարակ:

- Որպես համայնքապետ, բնականաբար, առաջարկվող նախագծում ինձ պիտի հետաքրքրի, թե ինչքանով համայնքի ղեկավարը կարող է կաշկանդված լինել կամ, ընդհակառակը, ձեռք բերել լրացուցիչ իրավասություններ: Առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագիծը որեւէ կերպ համայնքի ղեկավարի լիազորությունները չի կաշկանդում, երկրորդ՝ նաեւ սահմանում է ընտրելու եւ ընտրվելու տարիքային նախաշեմը՝ 18 տարեկան. որպես համայնքի ղեկավար՝ ինձ համար կարեւոր է, որ մեր համաքաղաքացիներն ունենան այդ ընտրելու եւ ընտրվելու իրավունքը: Որպես քաղաքացի՝ կասեմ, որ եթե որեւէ մեկը, այդ թվում նաեւ ես, փորձենք համոզել մարդկանց, որ որ այս փոփոխությունը կլուծի մեր բոլոր խնդիրները, եւ սահմանադրության նախագիծն անցնելու դեպքում դեկտեմբերի 7-ին մենք կարթանանք բոլորովին մեկ այլ երկրում կամ մեկ այլ պայմաններում, դա առնվազն աբսուրդ է: Բայց մենք կարող ենք ենթադրել, ակնկալել, որ սահմանադրական փոփոխությունները մեր վաղվա օրվա, գալիք սերունդների համար խնդիրներ կլուծի:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: