09/19/2019

Լեհվազին չի սպառնում մարող գյուղերի ճակատագիրը

Լեհվազին չի սպառնում մարող գյուղերի ճակատագիրը

Սահմանամերձ համայնքի կարգավիճակ ունեցող Լեհվազում (մարզկենտրոնից հեռու է 73 կիլոմետր, Մեղրի քաղաքից՝ վեց) մի հուսադրող փաստ արձանագրեցինք. գյուղում բնակվում է մինչեւ վեց տարեկան 65 երեխա: «Գյուղը դպրոցով է կանգուն» ճշմարտությունն այստեղ միանգամայն կենսունակ է. Լեհվազի միջնակարգ դպրոցում (ի դեպ, այն հիմնադրվել է 1922 թվականին) 92 աշակերտ է սովորում, այլ կերպ լինել չէր կարող, քանզի այն բացառիկ բնակավայրերից է, մանավանդ Հայաստանի հարավային դարպաս Մեղրու պարագայում, որ երիտասարդությունը մնում է գյուղում:

Համայնքի հետ ծանոթությունը սկսվում է դպրոցից, որի դահլիճում հավաքվել էին սաներն ու մանկավարժները: Պատեհ առիթ է խրախուսելու դպրոցի սաներին, ովքեր աչքի են ընկել ասմունքի մրցույթում եւ շախմատի առաջնությունում: Կրթօջախի սաներ Հեղինե Զաքարյանը եւ Նարե Հայրապետյանն ասմունքում են Վահագն Դավթյան, Գեւորգ Էմին, Համո Սահյան, հնչում են երգեր, հետո նրանց շնորհակալագրեր հանձնելով՝ դպրոցի տնօրեն Վարսենիկ Վարդանյանը (33 տարվա մանկավարժական գործունեությամբ, որից վերջին երեքը՝ որպես դպրոցի տնօրեն) հիշում է Խորենացու ձեւակերպումը՝ մենք էլ փոքր ածու ենք, բայց մեզ մոտ էլ նշանակալի գործեր են կատարվում: Իսկ երբ ավարտվում է հանդիսությունը, տնօրենից որոշ տեղեկություններ ենք իմանում. առաջինում ութ աշակերտ է սովորում, ավարտական դասարանում՝ յոթ: Մանկավարժական կադրերով ապահովված են. «Գյուղի երիտասարդները լավ հարսներ են բերում՝ բարձրագույն կրթությամբ, կադրերի հարցը լուծված է, Սյունիքի մարզպետի օժանդակությամբ վերջերս հատկացվել է մեկ միլիոն դրամի լաբորատոր սարքավորումներ, կարեւոր հիմնախնդիրները լուծված են, մնում է մանր-մունր հարցերը լուծենք», - ասում է տնօրենը եւ տեղեկացնում, որ ձմռան տարեշրջանում կրթօջախում անհրաժեշտ տաքություն է ապահովվում էլեկտրասալիկներով՝ յուրաքանչյուր դասարանում երկու հատ:

Դպրոցն իր էությամբ ավանդական-պահպանողական (այս վերջինը՝ դրական իմաստով) կառույց է, բայց վերջին տարիներին բարեփոխումների անվան տակ փորձակումներ են արվում, եւ տխուրն այն է, որ դրանց վերջը չի երեւում: Ի՞նչ կարծիք ունի այս մասին տնօրենը:

- Ինձ թվում է, որ այդ ամենը խանգարում է կրթական գործին: Գործավարությունն է շատացել, թղթարարությունը, մեր ժամանակն անտեղի վատնում ենք դրանց վրա, երբեմն դրանից տուժում են դասալսումները, բայց ձգտում ենք կրթական գործը պատշաճ մակարդակով իրականացնել:

Խոսք եղավ նաեւ դասագրքային քաղաքականության մասին: «Որպես անգլերենի մասնագետ, կասեմ, որ այդ առարկայի դասագրքերից գոհ եմ, բայց նկատել եմ, որ հայերենի եւ պատմության մասնագետները բողոքում են, որ դասագրքերն անհարկի բարդացված են՝ աշակերտի ուսումնական մակարդակին ոչ հարիր, երբեմն էլ դասագիրքը ծրագրին չի համապատասխանում», - լինում է պատասխանը:

Լեհվազի համայնքապետ Սասուն Զաքարյանի փոխանցմամբ՝ (ով, ի դեպ, պաշտոնավարում է 2000 թվականից) գյուղն ունի 720 բնակիչ: Լեհվազը խորհրդային տարիներին կիսով չափ բնակեցված էր ադրբեջանցիներով: «Գյուղի վերեւի մասում հայերն էին բնակվում, ներքեւում, ինչպես ժողովուրդն է ասում, թուրքի թաղն էր, բայց հետագայում եկան, մեզանից վերեւ տներ կառուցեցին, սկսել էին շատանալ, բախտներս բերեց, Արցախյան շարժման օրերին թողեցին-հեռացան՝ իրենց տեղը զիջելով հարեւան հանրապետությունից բռնագաղթած մեր հայրենակիցներին, - պատմում է մեր զրուցակիցը:

Արդեն նշեցինք, որ երիտասարդությունը մնում է գյուղում, անչափ ուրախալի փաստ, բայց գյուղական յուրաքանչյուր համայնքում հարցերի հարց է զբաղվածության խնդիրը: Համայնքապետը կռահում է տրվելիք հարցս, կանխելով՝ պատասխանում է. «Գյուղի աշխարհագրական դիրքը հարմար է աշխատանքի տեղավորվելու առումով. անմիջապես մայրուղու կողքին է, լեհվազցիներն աշխատում են ճանապարհաշինարարությունում, Մեղրու սահմանապահ ջոկատում, պայմանագրային հիմունքներով ծառայում են բանակում: Աշխատանք գտնվում է. դե հողի հետ աշխատանքը կա ու կա: Գյուղում երեք խանութ կա եւ մի «թեթեւ» հացի փուռ»:

Տեղական բյուջեին, բացի պետության հատկացրած լրավճարից, հողի հարկից եւ գույքի վարձակալությունից, որոշակի գումար են բերում հեռարձակման ալեհավաքները, որ տեղադրված են գյուղի տարածքում («Արմենտելին» եւ «Վիվասելին» պատկանող): Համայնքին կարող է նեցուկ լինել նրա վարչական տարածքում գտնվող ոսկու արդյունահանման ձեռնարկությունը, որ տեւական ժամանակ է, ինչ պարապուրդի է մատնված: Բայց այս գործում ասես հույսի շող է երեւում: Մոտ վեց ամիս է, որ «Էլվի գոլդ մայնինգ» ընկերությունը Լիճքվազի հանքավայրում լեռնահետախուզական աշխատանքներ է կատարում, եւ ապարանմուշի արդյունքները դրական լինելու դեպքում ոսկու արդյունահանման ձեռնարկությունը կվերսկսի աշխատանքը:

Որեւէ բան համայնքում հնարավո՞ր է անել: «Բյուջեի գումարը խնայում ենք, վերջում եթե մի բան է գոյանում, փորձում ենք մի փոքրիկ վերք բուժել: Մի հենապատ էր փլվել, Մեղրու ճանապարհաշինարարների ուժերով կառուցվեց, 2,5 մլն դրամ նստեց, մեկ միլիոն դրամ գյուղապետարանը տվեց, մինչեւ հիմա մյուս մասը պարտք եմ, չգիտեմ ինչպես փակել»:

Հընթացս հետաքրքրվում ենք, թե բերքն այս տարի ինչպիսին է, հողը վարձահատո՞ւյց է եղել իր մշակին, մանավանդ որ եղանակի առումով տարին անբարենպաստ չէր: Ծովի մակերեւույթից 900 մետր բարձրության վրա, որտեղ տարածվել է Լեհվազը, նռան ու խաղողի բերքն այնքան էլ հաջող չի լինում, բայց ահա արքայախնձորն առատ է, այս օրերին գյուղացիները զբաղված են դրա բերքահավաքով: Որքանով տեղեկացանք, այդ պտղի իրացման խնդիր առանձնապես չկա, գինն այս օրերին կիլոգրամը 400 դրամ է, յուրաքանչյուր ընտանիք 5-8 տոննա միրգ է հավաքում, Մեղրու արքայախնձորի գնի վրա կարող է ազդել այն, որ Վրաստանից էլ է այդ պտուղը ներկրվում Հայաստան համեմատաբար էժան գնով, բայց այն իր համային հատկանիշներով զիջում է Մեղրու արքայախնձորին:

Լինելով սահմանամերձ համայնքներում՝ ցավով ենք տալիս հարցը, թե քանի՞ փակ դուռ կա բնակավայրում: «Գյուղում ազատ տուն չկա, վարձով տուն փնտրես, չես գտնի: Կա դեպք, երբ Մեղրիում բնակարանը վաճառել, եկել Լեհվազում են ապրում: Անցյալ տարի այստեղ որդուս համար տուն եմ գնել, այն էլ ասեմ, որ երեք որդուցս ոչ մեկը մտադրություն չունի այլ տեղ գնալու, ասում են՝ Լեհվազից չենք հեռանալու», - մանրամասնում է գյուղապետը:

Լրագրողներիս հերթապահ հարցերից է, եւ կարծում ենք՝ ոչ անտեղի, թե որն է համայնքի առջեւ ծառացած ամենասուր խնդիրը: Համայնքապետը նախեւառաջ նշեց, որ գյուղապետարանից մինչեւ գյուղամեջ ընկած ճանապարհահատվածը խորդուբորդ է, խարխուլ, գյուղի գերեզմանատուն այդտեղով են հասնում եւ. «Ես՝ որպես գյուղապետ, ահավոր վատ եմ զգում, երբ ժողովրդի հետ քայլելով՝ գերեզմանոց ենք հասնում, ամենամեծ պրոբլեմներից մեկը դա է»: Մենք էլ հուշեցինք, որ երբ ավտոմայրուղիով իջնում ես դեպի Մեղրի, մի քանի տեղ աչքի են զարնում աղբակույտերը, ինչը չի սազում Լեհվազի նման համայնքին, որը Մեղրու տարածաշրջանի գյուղական համայնքներից ամենախոշորն է, համեմատաբար բարեկարգը: Համայնքապետը փոխանցեց, որ հիմնախնդիրը տասնամյակների պատմություն ունի, ավանդաբար այդտեղ է թափվել աղբը, հնարավորություն չեն ունեցել հեռու վայր տեղափոխել: Ոսկու արդյունահանման ձեռնարկության նոր սեփականատերերի հետ համաձայնություն է ձեռք բերվել աղբահանման խնդրում օգտակար լինել համայնքին: Քանզի երեք տեղում աղբն ուղղակի թափվում է գետը…

Գյուղի հիմնախնդիրների թվում կարելի է ավելացնել ավտոբուսային կապի բացակայությունը. գոնե Մեղրի հասնելու համար լեհվազցին հույսը դնում է համընթաց պատահական մեքենայի վրա: Եվ դա այն դեպքում, երբ համայնքի բնակիչների մի մասն աշխատում է Մեղրիում եւ Ագարակում:

Ի՞նչ վերաբերմունք ունի Լեհվազի գյուղապետը համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ: Ըստ մեր զրուցակցի՝ համայնքների խոշորացումով գյուղերի քայքայումն ավելի արագ ընթացք է ստանալու, եւ այն համոզմունքն ունի, որ սահմանամերձ, լեռնային գյուղերի հետ կատակ չեն անում… «Սակավամարդ գյուղերը, գոնե գյուղապետարանի շնորհիվ, գոյատեւում են: Այսպես թե այնպես գյուղաբնակը մի տեղ կա, որտեղ կարող է մտնել, իրեն հուզող խնդիրը ներկայացնել: Լեհվազ վեց կիլոմետր հեռավորությունից ջուր ենք բերել, բայց խոշորացման դեպքում ո՞վ է այդ մասին մտածելու», - մտահոգություն է հայտնում գյուղապետը:

Ստացվեց այնպես, որ Լեհվազից հեռանալուց առաջ համայնքի նախակրթարան մտանք: Այդ օրը (նոյեմբերի 5) 19 մանուկ էր հաճախել, ինչը կնշանակի, որ սահմանամերձ այդ գյուղին չի սպառնում մարող-մեռնող գյուղերի ճակատագիրը, ինչպես Սյունիքի շատ գյուղերի դեպքում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: