09/19/2019

Հաշվետվություն է տվել Կապանի քաղաքապետը

Հաշվետվություն է տվել Կապանի քաղաքապետը

Նոյեմբերի 16-ին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հրավիրած մամուլի ասուլիսում ամփոփվեց 2014թ. նոյեմբերի 1-ից Կապան համայնքի մեկամյա գործունեությունը` իրականացված եւ ընթացիկ աշխատանքների տեսքով:

Կապան քաղաքի 2015թ. բյուջեի եկամուտների գծով պլանը կազմում է 1 մլրդ 245 մլն 622 հազար դրամ: 2015թ. հաշվետու ժամանակահատվածի եկամուտների գծով պլանը 988 մլն 145 հազար դրամ է, որը 16.1 տոկոսով գերազանցում է 2014թ. նույն ժամանակաշրջանի պլանային ցուցանիշը: 2015թ. հաշվետու ժամանակաշրջանում հավաքվել է 876 մլն 168 հազար դրամ կամ նախատեսվածի 88.7 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 13.8 տոկոս: Սեփական եկամուտները հավաքվել են 74.7 տոկոսով: Շուրջ 20.2 տոկոսով հարկերի ու տուրքերի հավաքման մակարդակը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Նույն ժամանակահատվածում Կապանի քաղաքապետարանի ենթակառույցներում համայնքային բյուջեի, տեղական եւ միջազգային դոնոր կազմակերպությունների, անհատ բարերարների, ենթակառույցների սեփական միջոցների եւ ծնողների աջակցությամբ իրականացվել են վերանորոգման եւ գույքով համալրման շուրջ 110 մլն 795 հազար 513 դրամի աշխատանքներ, որից 31 մլն 449 հազար 151 դրամի՝ գույքի ձեռքբերման ծախսեր, 85 մլն 346 հազար 362 դրամի՝ վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես, նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ձեռք է բերվել 11 մլն 567 հազար 199 դրամի գույք եւ իրականացվել 9 մլն 989 հազար 704 դրամի վերանորոգման աշխատանք, որից 4,4 մլն դրամի աշխատանքները՝ «Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում՝ որպես 2014թ. նոյեմբերին խմելու ջրի բարձր ճնշման խողովակաշարի վթարի հետեւանքով հասցված վնասի փոխհատուցում:

Արտադպրոցական կրթության հիմնարկների համար ձեռք է բերվել 2 մլն 435 հազար 513 դրամի գույք:

5 մլն 446 հազար 439 դրամի գույք է ձեռք բերվել մշակույթի կենտրոնի, ակումբագրադարանային միավորման, Շ.Մովսիսյանի անվան պատմության թանգարանի եւ Կապանի կոմունալ ծառայության համար:

2 մլն 990 հազար դրամի վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգում եւ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում. նորոգվել է  հուշահամալիրում գտնվող բաց լողավազանը:

Ընթացքի մեջ է պետբյուջեի միջոցներով Ա.Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի հիմնանորոգումը (28 մլն դրամ):

Որպես սուբվենցիա պետբյուջեից համայնքին տրամադրված 4 մլն դրամով վերանորոգվում են թիվ 8 ՆՈՒՀ-ի Կավարտի մասնաճյուղի սանհանգույցները:

Ասիական զարգացման եւ Եվրոպական զարգացման բանկերի 6 մլն դոլարից ավելի ներդրմամբ իրականացվել է քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի նորոգումը, որի աշխատանքները ներկայումս էլ շարունակվում են:

«Կամրջակ» բարեգործական կազմակերպության օժանդակությամբ հիմնանորոգվել է Շղարշիկ թաղամասի՝ վաղուց չգործող օրվա կարգավորիչ ջրամբարը եւ նոր ջրատար խողովակաշար անցկացվել (մոտ 5 մլն դրամ):

Հոկտեմբերին տեղի ունեցավ վերակառուցված եւ արդիականացված Կապանի բժշկական կենտրոնի բացումը, որը հիմնանորոգվել է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում (1.4 մլրդ ՀՀ դրամի ներդրում):

Ընթացքի մեջ է ՀՀ պետբյուջեի 45 մլն դրամ հատկացումով բազմաբնակարան բնակելի շենքերի 4 լանջավոր, 2 հարթ տանիքների հիմնանորոգումը: Ի դեպ, տանիքների վերանորոգման հարցը մանավանդ այս սեզոնին մտահոգում է շատերին: Քաղաքապետը նշեց, որ շենքի տանիքը, վերելակը, շքամուտքը բնակիչների սեփականությունն են: Հասկանալի է, որ սեփական միջոցներով հիմնականում հնարավոր չէ այդ հարցերը լուծել, ներկայումս քաղաքապետարանում հրատապ լուծում պահանջող 48 տանիք է հաշվառվել, որից 6-ի հարցն արդեն լուծվել կամ էլ ընթացքի մեջ է: Նախորդ տարիներին նույնպես նմանատիպ աշխատանքներ են իրականացվել, ինչը որոշակիորեն մեղմացրել է իրավիճակը: Համայնքային բյուջեն այդքան միջոցներ չի կարող տրամադրել նմանատիպ աշխատանքների իրականացման համար: Գումարը տրամադրվում է պետբյուջեի պահուստային ֆոնդից:

Վերելակների հիմնանորոգման համար այս տարի պետբյուջեից տրամադրվել է 25.8 մլն դրամ, ինչի արդյունքում բազմաբնակարան բնակելի շենքերի 24 վերելակի հարց է լուծվել: «Գումարը քիչ չէ, խնդիրն այն է, թե ինչքան գումարի կարիք ունի համայնքը», - հավելեց քաղաքապետը:

Ավարտական փուլում է «Էլեկտրոնային գրադարանի» ստեղծման ծրագիրը՝ 76,3 մլն դրամ ներդրումով (համայնք, «Դանդի ՓՄԿ» ՓԲԸ, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ», Հայաստանի ամերիկյան համալսարան), որից 64 մլն դրամ հատկացվել է շինաշխատանքներին, 12 մլն՝ գույքի ձեռքբերման համար:

Կավարտ թաղամասի, ինչպես նաեւ Լեռնագործներ եւ Ռ.Մինասյան փողոցների մոտ 200 երեխայի համար կստեղծի նոր ՆՈՒՀ-ի մասնաշենք: «Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի «Դ» մասնաշենքի վերափոխում ՆՈՒՀ-ի» ծրագիրը 150 մլն դրամից ավելի ներդրումով արդեն սկսվել է. 2015թ. համայնքը 20 մլն դրամ է ներդրել այս աշխատանքներում:

«Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի հետ համատեղ քաղաքում իրականացվում են անկանոն տեղադրված փայտանոցների, մետաղյա տաղավարների ու կրպակների ապամոնտաժման, տեղափոխման աշխատանքներ, մասնավորապես, արդեն ապամոնտաժվել են 250-ից ավելի մետաղյա տաղավարներ ու կրպակներ, ինչպես նաեւ Մ.Պապյան եւ Հ.Ավետիսյան փողոցներում շենքերի հարեւանությամբ անկանոն տեղադրված փայտանոցները՝ վերականգնելով տարածքների նախկին տեսքը:

Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների (սանիտարական մաքրման, տուրիստական երթուղիների մշակման, պատմամշակութային օջախների տարածքների մաքրման, համապատասխան վահանակների տեղադրման, տուրիզմի զարգացման եւ այլն) վերաբերյալ ծրագրային փաթեթներ են կազմվել եւ ներկայացվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը, Համաշխարհային բանկի գրասենյակին եւ Շվեյցարական համագործակցության գրասենյակի ազգային ծրագրերին:

«Ուրբան կայուն զարգացման» հիմնադրամի հետ համատեղ Եվրոպական միությանը ներկայացվել է ծրագիր համայնքում պլաստիկ աղբի վերամշակման եւ տուրիզմի զարգացման վերաբերյալ: Կազմվել են ծրագրային փաթեթներ արվեստի մանկական դպրոցի, մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի եւ մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի վերաբերյալ՝ նշված ենթակառույցները «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի» կողմից իրականացվող էներգախնայողության ծրագրում ընդգրկելու նպատակով:

Ընդհանուր առմամբ ծրագրի հայտը ներկայացվել է 700 հազար եվրոյի շրջանակներում (գումարի չափը կարող է հասնել մինչեւ 1.5 մլն եվրո): Նշենք, որ ծրագիրը շահելու դեպքում 10 տոկոսի ներդրում պարտադիր կատարում է համայնքը:

«Զարգացման նախաձեռնություններ» տարածաշրջանային սոցիալ-տնտեսական հկ եւ Կապանի քաղաքապետարանի միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ձեռնարկվում է «Հեծանվային Կապան. կայուն փոխադրամիջոցների ներմուծում Կապան քաղաքային համայնք» ծրագիրը:

Կապանի մշակույթի կենտրոնի արտաքին մասի հիմնանորոգման աշխատանքների մասին քաղաքապետը նշեց, որ դրանք կշարունակվեն 2016թ. երկրորդ կիսամյակում, նախագծային փոփոխություններ դեռեւս տեղի չեն ունեցել, բայց ենթադրվում է՝ պայմանավորված հարակից տարածքներին համահունչ լինելու հանգամանքով:

Քաղաքապետը մանրամասն ներկայացրեց նաեւ վերջին մեկ տարում քաղաքում իրականացված մշակութային, մարզական միջոցառումների, ինչպես նաեւ քաղաքի բարեկարգման, կանաչապատման համար իրականացված եւ ընթացիկ աշխատանքների մասին:

Ամփոփելով վերջին մեկ տարվա աշխատանքները՝ քաղաքապետն ասաց. «Չկարողացանք անել ավելին, քան արել ենք»:

Ինչ վերաբերում է հաջորդ ՏԻՄ ընտրություններին Աշոտ Հայրապետյանի թեկնածության առաջադրմանը, ապա նման որոշում դեռեւս չի կայացվել:

Վերջում քաղաքապետը տեղեկացրեց, որ Գարեգին Նժդեհի հրապարակի նորակառույց շատրվանները գործում են միայն համապատասխան տարեշրջանում (սեզոն) եւ կրկին կգործեն 2016թ. մայիսից:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: