09/18/2019

Շինուհայրում բացվեց քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Շինուհայրում բացվեց քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Նոյեմբերի 20-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Շինուհայրի գյուղապետարանում մասնակցեց Շինուհայրի «Քաղաքացիների սպասարկման գրասենյակի» պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցեցին նաեւ  ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության երեւանյան գրասենյակի համաղեկավար Լուկաս Լուշերը, գյուղական համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, Գերմանիայի Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ եւ Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության եւ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի նպատակն է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի համաձայն ծառայությունների կենտրոնացված մատուցումը քաղաքացիներին, տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետության, թափանցիկության եւ հասանելիության բարձրացումը, քաղաքացու եւ գյուղապետարանի միջեւ առավել մատչելի եւ դյուրին հաղորդակցության ապահովումը: Այսուհետ քաղաքացիները կստանան իրենց հետաքրքրող տեղեկատվությունը եւ ծառայությունները մեկ վայրում: Մասնակիցներն այցելեցին նաեւ  Հալիձորի գյուղապետարան, որտեղ ծանոթացան  ՀՀ վարչատարածքային բարեփոխումների իրականացման ընթացքին եւ  գյուղապետարանում կիրառվող տեղեկատվական համակարգերը՝ որպես բարեփոխումների համատեքստում համայնքային կառավարման եւ քաղաքացիներին վարչական ծառայությունների տրամադրման հիմնական գործիքներ:

Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը գործելու է համայնքների   խոշորացման ծրագրում ընդգրկված Սյունիքի ութ գյուղում:

Սյունիքի մարզպետարան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: