09/18/2019

Օրակարգային է մնում մարզի որոշ համայնքների սեփական եկամուտների հավաքման հարցը

Օրակարգային է մնում մարզի որոշ համայնքների սեփական եկամուտների հավաքման հարցը

Նոյեմբերի 24-ին հրավիրված մարզխորհրդի նիստում հիմնականում որոշ վարչությունների կատարած աշխատանքի տարեկան հաշվետվությունն էր:  

Մասնավորապես պետբյուջեով մարզին եւ համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորման եւ դրանց նպատակային օգտագործման մասին ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հարություն Հովհաննիսյանը:

Ընդհանուր առմամբ 2015թ. համար պետբյուջեից մարզպետարանին տարբեր ծառայությունների գծով նախատեսված 8 մլրդ 752 մլն 927 հազարից դրամից փաստացի ֆինանսավորում կատարվել է 7 մրդ 28 մլն 762 հազար, այսինքն՝ ամբողջի 80.3%-ը:

Նոյեմբերի 23-ի դրությամբ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին 2015թ. բյուջեով նախատեսված 524 մլն 113 հազարից փաստացի տրվել է 441 մլն 899 հազար դրամ: Ֆինանսավորումը բնականոն ընթանում է՝ հաշվի առնելով, որ դեռեւս տարվա 11-րդ ամիսը չի ավարտվել: Կրթության ոլորտում՝ 4 մլրդ 576 մլն 418 հազարից փաստացի ֆինանսավորումը կազմում է 3 մլրդ 820 մլն 25 հազար դրամ (ընդհանուրի 83.5 տոկոս): Համայնքների դոտացիաները կազմում են 2մլրդ 425 մլն 118 հազար դրամ, որից այս պահի դրությամբ փաստացի հատկացվել է 1 մլրդ 923 մլն 113 հազար դրամ կամ 80%-ը: 

Վարչության պետը մանրամասն ներկայացրեց մարզին հատկացված գումարները՝ ըստ առանձին ծառայությունների:

Համայնքներում սեփական եկամուտների հավաքման մասին զեկույցում նախատեսված չէր խոսել, բայց Հ.Հարությունյանը հարկ համարեց եւս մեկ անգամ համայնքապետներին հիշեցնել, որ տարին ավարտվում է, եւ դրանց հավաքումը պիտի 100 տոկոսի հասցնել: Մարզում կան համայնքներ, որտեղ նույնիսկ 50 տոկոսի չի հասցվել սեփական եկամուտների հավաքումը:

Մարզի համայնքներում հողային պետական տեսչական ստուգումների արդյունքների եւ անելիքների մասին ներկայացրեց հողաշինության եւ հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մուշեղ Կոստանդյանը:

Համաձայն հողային հաշվեկշռի՝ 2014թ. հուլիսի 1-ից մինչեւ 2015թ. հուլիսի 1-ը մարզի համայնքներում պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի մասով իրականացվել է մոտ 1500 գործարք, այդ թվում՝ ուղղակի վաճառքի՝ 215, աճուրդ-վաճառքի՝ 76, անհատույց օտարման՝ 6, վարձակալության իրավունքի՝ 318, կառուցապատման իրավունքի՝ 412, հողի  նպատակային նշանակության փոփոխության՝ 218, հողամասի գործառնական նշանակության փոփոխության՝ 89, կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման՝ 18 եւ այլ գործարքներ՝ 148:

Չբավարարվելով միայն ընդունված իրավական ակտերի ուսումնասիրմամբ, մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության կողմից, համայնքներում վարչական հսկողության աշխատանքների իրականացման ժամանակացույցին համապատասխան մարզի թվով 36 համայնքում իրականացվել են ընթացիկ ստուգումներ՝ հողօգտագործման բնագավառում հողային օրենսդրության պահանջների կատարման, հողամասերն ըստ նպատակային եւ գործառնական նշանակության օգտագործելու, պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման եւ օգտագործման տրամադրման գործընթացների նկատմամբ:

Ստուգումների արդյունքներով արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնք առնչվում են հիմնականում հողային տվյալների հաշվառման, գրանցման, հողաշինարարական գործերի կազմման, իրականացված մրցույթների կամ աճուրդների արձանագրությունների ձեւակերպման, մեկնարկային գների հաշվարկման, տարածած հայտարարությունների ձեւակերպման հետ: Ստուգումների արդյունքներով արձանագրված խախտումների վերացման նպատակով համայնքների ղեկավարներին տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ սահմանելով կատարման իրատեսական ժամկետներ:

Ամփոփելով ելույթը՝ վարչության պետը հույս հայտնեց, որ համայնքների ղեկավարների եւ խնդրին առնչվող գերատեսչությունների ներկայացուցիչների հետ միասին կարող են էլ ավելի կարգավորել առկա վիճակը, եթե դրսեւորեն ավելի մեծ պատասխանատվություն, ոլորտին առնչվող օրենսդրության անհրաժեշտ իմացություն եւ գործառույթների կատարման գործում կարգապահություն:

Փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը կոչ արեց համայնքապետներին առավել պատասխանատու լինել եւ գործել օրենքի տառին համապատասխան՝ հետագա լուրջ իրավախախտումներից խուսափելու համար: 

ՀՀ օրենսդրական եւ գերատեսչական առանձին իրավական ակտերի եւ դրանցում կատարված փոփոխությունների մասին մանրամասն ներկայացրեց մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Աշոտ Ասրյանը: Հատկապես շեշտը դրվեց ՏԻՄ-ի, տեղական տուրքերի եւ վճարների,  քաղաքաշինության մասին ՀՀ օրենքներում, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների վրա:

Մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄՀ վարչության պետ Սեյրան Ավետիսյանը ներկայացրեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում կատարված որոշ փոփոխությունների մասին:

Տոլորսի գյուղապետ Մարատ Առաքելյանը ներկայացրեց համայնքում իրականացված աշխատանքների եւ մտահոգիչ խնդիրների մասին: Նա նշեց, որ հատկապես նշանակալից իրադարձություն էր Շաքե-Սիսիան-Տոլորս ճանապարհի, Սիսիան-Դաստակերտի ճանապարհի Սիսիան-Տոլորս հատվածի ամբողջական հիմնանորոգումը, ինչի համար շնորհակալություն հայտնեց իշխանություններին: Համայնքի համար օրակարգային հարց է մնում գյուղի միջնակարգ դպրոցի հիմնանորոգումը եւ 400մ երկարությամբ խմելու նոր ջրագծի կառուցումը: Գյուղապետը նշեց, որ համայնքն էլ իր հերթին պարտավորվում է մասնակցել կատարվելիք աշխատանքներին եւ կատարել հնարավոր չափով ներդրում:

Շինուհայրում կատարված մեծածավալ աշխատանքների մասին ներկայացրեց գյուղապետ Սմբատ Երեմյանը: Նա նշեց, որ գազիֆիկացվել է ողջ գյուղը, հիմնանորոգվել են գյուղի միջնակարգ դպրոցը եւ նախակրթարանի երկու մասնաշենքը, լուսավորվել է կենտրոնական մայրուղին, 10 բազմաբակարան շենքից 2-ի տանիքը հիմնանորոգվել, մյուսներում կատարվել է մասնակի վերանորոգման աշխատանք, փոխվել է 1.4կմ երկարությամբ խմելու ջրագիծը եւ այլն: Ս.Երեմյանը խոսեց նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության մասին: Նա նույնպես շնորհակալություն հայտնեց իշխանություններին աջակցության համար եւ նշեց, որ համայնքում հրատապ լուծում պահանջող երկու հարց կա՝ խմելու եւ ոռոգման ջրագծերի ամբողջական վերանորոգում:

Ամփոփելով մարզխորհրդի նիստը` մարզպետ Սուրեն Խաչատրյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նիստի օրակարգում քննարկված հարցերի վրա, մասնավորապես՝ հողային հարաբերությունները եւ համայնքներում վարչական հսկողության աշխատանքների իրականացումը կարգավորող, պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման եւ օգտագործման տրամադրման գործընթացների օրենսդրական պահանջների կատարում, սեփական եկամուտների պատշաճ մակարդակով հավաքում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: