09/19/2019

Մտահոգիչ է մնում զորակոչիկների առողջական վիճակը

Մտահոգիչ է մնում զորակոչիկների առողջական վիճակը

Մեղրու տարածաշրջանում հունվարի 8-ին մեկնարկելու է ձմեռային զորակոչը, որ տեւելու է մինչեւ ամսվա վերջը: Սա առաջին տեղեկությունն էր, որ իմացանք զինկոմիսարիատում: Իսկ այս օրերին ինչո՞վ են զբաղված: Զինկոմ, մայոր Դավիթ Անանյանի փոխանցմամբ՝ զորակոչիկներին, ովքեր կարիք ունեն լրացուցիչ հետազոտության, գործուղում են մայրաքաղաք: Եվ երկրորդը՝ պատվաստումներն են, որոնք արվում են զորակոչից մեկ ամիս առաջ: Զորակոչն ըստ էության արտացոլում է երիտասարդության առողջական վիճակի պատկերը: Զորակոչիկների առողջական խնդիրները շարունակում են մտահոգության առարկա լինել: Դավիթ Անանյանը, ով 1995 թվականից Մեղրու զինկոմիսարիատում է, նախ որպես զինկոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ, 2002 թվականից պաշտոնավարում է որպես զինկոմ, նշում է, որ նախկինում 80 հոգուց երեք-չորս հոգի էին ուղարկում լրացուցիչ ստուգման, այժմ՝ զորակոչվողների մոտավորապես կեսը: Առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկների շրջանում տարածված են սրտային հիվանդությունները, տեսողական խնդիրները եւ հոգեկան շեղումները:

Որ զինակոչիկային տարիք ունեցող երիտասարդներն առողջական խնդիրներ ունեն, համոզվում ենք հանրապետական մամուլից՝ «Չորրորդ իշխանություն» թերթում (24 նոյեմբերի, 2015թ.) տպագրված հրապարակումից: «Պետք է ուշադրության կենտրոնում պահել զորակոչիկի առողջության խնդիրը» հարցազրույցում պաշտպանության նախարարությանն առընթեր հանրային խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը լրագրողի հարցին, թե ընդհանուր զորակոչի գործընթացում որն է համարում ամենամտահոգիչը, պատասխանում է, որ բոլոր պարագաներում մտահոգիչ խնդիր եղել եւ մնում է զորակոչիկների առողջական վիճակը: Հարցազրույցում մի ուշագրավ փաստ էլ է հայտնվում. ամեն զորակոչից հետո ձեւավորվում է քաղաքացիների ու զորակոչիկների դիմումների քննարկման հանձնաժողով: Եվ ահա վերջին երեք զորակոչերին միասին վերցրած՝ հանձնաժողովը ստացել է 861 դիմում-բողոք, որի 90 տոկոսից ավելին առնչվում է զորակոչիկների առողջական խնդիրներին:

Դավիթ Անանյանի համոզմամբ՝ ստեղծված վիճակի համար նախեւառաջ մեղավոր են իրենք՝ պատանիները: «Հիմիկվա սերունդն ալարում է առավոտը մի քիչ վաղ արթնանա, լիցքային վարժություններ կատարի, վազի, պարզապես զբոսնի մաքուր, սառնաշունչ օդում: Էլ չեմ խոսում ֆիզիկական աշխատանքի մասին: Մեր սերնդի եւ այսօրվա սերնդի տարբերությունն ահռելի է այս առումով», - նկատում է մեր զրուցակիցը եւ հավելում, որ տարեցտարի զորակոչային տարիքի երիտասարդության թիվը նվազում է, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողներ այժմ չկան, բայց ահա առողջական խնդիրներով զորակոչիկները շատ-շատ են:

Հետաքրքրվեցինք, թե, արդյոք, կան նախորդ զորակոչերի ժամանակ զինծառայությունից խուսափողներ: Պարզվեց, որ նրանց թիվը 12 է, հիմնականում նրանք են, ովքեր տարիներ առաջ ընտանիքներով տեղափոխվել են Մեղրուց եւ բնակվում են հանրապետությունից դուրս: Ի՞նչ ճակատագիր է սպասվում նրանց: Նրանք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե մինչեւ զորակոչային տարիքը լրանալը ներկայանան զինկոմիսարիատ եւ ծառայեն հայոց բանակում: Այդ հարցը կարգավորվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքով: Կա նաեւ քրեական պատասխանատվությունից ազատվելու մի այլ ուղի. եթե պարտադիր զինծառայությունից խուսափած անձը, ում 27 տարեկանը լրացել է, ինչպես սահմանված է կառավարության որոշմամբ, յուրաքանչյուր զորակոչի համար վճարում է նախանշված գումարը (յուրաքանչյուր զորակոչի համար, որից խուսափել է, կազմում է 100 հազար դրամ):

Հասարակության մեջ կարծիք կա տարածված, թե իբր ղեկավարների ու օլիգարխների երեխաները չեն ծառայում բանակում, մեզ հետաքրքրում էր զինկոմի արձագանքը դրան, այս առիթով մայոր Անանյանն ասաց, որ Մեղրիում նման բան չկա, որ ինչ-որ մեկի երեխան բանակ չպիտի գնա կամ ինչ-որ արտոնություններ ունենա: Իր որդին ծառայության է անցել Սիսիանի զորամասում: Ինչ վերաբերում է այլընտրանքային ծառայությանը, խիստ բացասաբար է վերաբերում երեւույթին, երբ մեկը ինչ-որ համոզմունքներով պայմանավորված՝ զենք չպիտի վերցնի եւ պաշտպանի հայրենիքը: Երեւույթը, բարեբախտաբար, տարածված չէ հանրապետությունում, յոթ-ութ նման դեպք է արձանագրված:

Խոսք եղավ նաեւ ռազմահայրենասիրական դաստիարակության մասին: Բանն այն է, որ անցյալ տարի ՀՀ պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարությունների եւ Երկրապահ կամավորականների միության միջեւ կնքված եռակողմ փոխըմբռնման հուշագրի համաձայն հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց հանրակրթական դպրոցներում ստեղծել «Պատանի երկրապահ» ակումբներ: Ի՞նչ կտա մանկապատանեկան հերթական այս կառույցը նախազորակոչային տարիքի պատանիներին: «Որպես զինվորական գործին մոտ կանգնած մարդ, կարծում եմ, նախաձեռնությունը տեղին է, հայրենիքին նվիրվելու գաղափարը պատանիների եւ աղջիկների մեջ մանկուց պիտի սերմանել, բայց որքանով նկատել եմ, պատանի երկրապահներով այդքան էլ չեն զբաղվում: Հայոց բանակի կամ երկրապահի օրվան նվիրված հանդիսություններին դպրոցականին զինվորական համազգեստ են հագցնում: Միջոցառում անցկացրին, պրծան եւ վերջ: Գաղափարը լավն է, բայց պետական մոտեցում չկա: Իրողությունն այն է, որ երկրապահ կամավորների միությունը խնդիր է դրել տեղերում ստեղծել նման ակումբներ, եթե մեկն այդ գործի համար վճարվեր, կարծում եմ՝ գործը սրտացավորեն առաջ կտաներ: Ըստ իս՝ հիմնական շեշտը պիտի դնել դպրոցներում ռազմագիտություն առարկայի ուսուցումը ամուր հիմքերի վրա դնելու վրա», - մանրամասնում է զինկոմը, ինչին հետեւում է հարցը՝ իսկ առարկայի դասագիրքը բավարարո՞ւմ է:

«Դասագիրքը երբեք չի բավարարել, այլ բան է, որ ունենանք լավ մանկավարժներ: Դպրոցներում օգտակար կարող է լինել մերօրյա ազատամարտի քուրայով անցած զինվորականների փորձը»: Դավիթ Անանյանը նշում է Մեղրու N1 միջնակարգ դպրոցի զինղեկ Սամվել Հայրապետյանի անունը (գնդի հրամանատարի տեղակալ է եղել, հրետանավոր), ում ղեկավարած դպրոցականների թիմը հաղթող է ճանաչվել նախազորակոչային տարիքի պատանիների մարզային մրցույթում: «Պարտադիր չէ ամեն ինչ դասագրքով ուսուցանես, մի բան էլ դրանում կարող է բաց թողնված լինի, որը զինղեկը կարող է լրացնել իր մարտական փորձով: Խնդիրը ռազմագիտության դասարանների կահավորումն է, ինչը դպրոցի ուժերով հնարավոր չէ իրականացնել, իսկ հովանավորների թիվը գնալով նվազում է ցամաքող աղբյուրի պես»:

Մայոր Դավիթ Անանյանն Արցախյան պատերազմի ակտիվ մասնակիցներից է, 1990 թվականին ընդգրկվել է ինքնապաշտպանական ջոկատներում եւ մասնակցել Մեղրու պաշտպանության համար մարտական հենակետերի կառուցմանը: 1991-ի օգոստոսին եղել է Մեղրու շրջանի անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող Նյուվադի (այժմ՝ Նռնաձոր) գյուղի ազատագրման համար մղվող մարտիկների թվում: Մասնակցել է նաեւ մարտական այլ գործողությունների: Տեղեկացնում է, որ Մեղրու տարածաշրջանից մերօրյա պատերազմում 18 զոհ է եղել, այժմ զինկոմիսարիատում 20 հաշմանդամ է հաշվառված: «Պատշաճ վերաբերմունքի արժանանո՞ւմ են նրանք». հարցադրում, որ հնարավոր չէ շրջանցել: «Երբ ինչ-որ բան այն չի լինում, նեղսրտում են, բայց Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, բոլորն էլ զենք են վերցնելու: Մենք որ գնում էինք, մեզ ո՞վ էր ասում՝ գնացեք: Ամեն անգամ, երբ մեկնում էի մարտի դաշտ, համբուրում էի փոքրիկներիս, ամեն ինչ պատահում է պատերազմում, կյանք էր, էլի: Նախախնամությունն իմ կողմն էր»:

Զինկոմիսարիատն այն մարմինն է, որտեղ ստույգ տեղեկություններ կան նաեւ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների մասին: Հետաքրքիր է՝ Մեղրու տարածաշրջանից քանի՞սն են ողջ նրանցից, վետերանների շարքերը, հատկապես վերջին տասնամյակում ահագնորեն նոսրանում են: Տեղյակ են պահում, որ Երկրորդ աշխարհամարտի քառուղիներով անցած մարդկանց թիվը Մեղրիում չի անցնում երկու տասնյակից: Տասը տարի առաջ, երբ տոնվում էր Մեծ հաղթանակի 60-ամյակը, վետերանները 85-ն էին, այժմ 15-ն են մնացել, հինգը՝ Մեղրիում, չորսը՝ Լիճքում, երեքը՝ Ագարակում, մեկական՝ Շվանիձորում, Տաշտունում եւ Գուդեմնիսում: Ամենատարեց վետերանը 1918 թվականին ծնված Գրիգոր Պողոսյանն է, «ամենաերիտասարդը» 1925 թվականին ծնված Գրիգոր Ազատյանը, ով տակավին չի կտրվել սեփական այգուց, որ տնից երեք կիլոմետր հեռավորության վրա է: Պատերազմի դժվարին օրերին ծանրությունն իրենց ուսերին առած եւ թիկունքում աշխատած ու ռազմաճակատայիններին նեցուկ կանգնածների թիվը 55 է: Մեծ հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ արժանին մատուցվեց 1418 օր Մեծ հայրենականի քառուղիներով անցած մարդկանց: Իզուր չի ասված՝ «Եթե մեծին չհարգես, նրա տարիքին չես հասնի»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: