09/19/2019

Բագրատ Զաքարյան. «Չլինի ամենօրյա աշխատանք, մշտական կատարելագործում, մարդ միայն հետընթաց կարող է ունենալ»

Բագրատ Զաքարյան. «Չլինի ամենօրյա աշխատանք, մշտական կատարելագործում, մարդ միայն հետընթաց կարող է ունենալ»

(«Սյունյաց երկրի» հարցերին պատասխանում է Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանը)


Այցեքարտ.

Ծնվել է 1983 թվականին Մեղրու շրջանի Լեհվազ գյուղում: Վեց տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Մեղրի քաղաք: Դպրոց է հաճախել Մեղրիում, իսկ ավարտել է Լեհվազի միջնակարգ դպրոցը: 2000 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որը 2004-ին ավարտել է հրետանավորի մասնագիտությամբ: Զինծառայությունը սկսել է Մեղրու զորամասում որպես հրետանային դասակի հրամանատար: 2009-ին տեղափոխվել է Զորավար Անդրանիկի անվան զորամաս եւ շարունակել ծառայությունը որպես մոտոհրաձգային գումարտակի շտաբի պետ մինչեւ 2012 թվականը, իսկ 2012թ. մայիսից աշխատում էր ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզի փրկարար վարչության Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար:

2015թ. մայիսի 5-ից Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետն է:

Լավագույն ծառայության համար արժանացել է խրախուսանքների:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:


- Սա մեր անդրանիկ զրույցն է «Սյունյաց երկրի» էջերում, ուստի ցանկալի կլիներ ընթերցողին ներկայացնել, թե երբվանից եք սկսել պաշտոնավարել եւ ինչ ժառանգություն եք ստացել:

- Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի պաշտոնը ստանձնեցի այս տարվա մայիսի 5-ին: Ինձ համար  անսովոր ոչինչ չկար, քանզի նոր մարդ չեմ համակարգում: 17 տարեկանից ծառայում եմ ՀՀ զինված ուժերում, հետո տեղափոխվեցի արտակարգ իրավիճակների նախարարություն, այժմ՝ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն: Ժառանգությունը կարելի է համարել բավարար, բայց եղածով չենք բավարարվում, ձգտում ենք ավելիին. մարտական պատրաստության դասընթացներ, համատեղ աշխատանքներ համայնքապետերի, հիմնարկ-ձեռնարկությունների հետ, համագործակցություն՝ առողջապահության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության հետ, որի շնորհիվ շահում է միայն ժողովրդի անվտանգությունը:

- Այս համատեքստում կցանկանայի ներկայացնեիք կադրերով ապահովվածությունը, նրանց պատրաստության մակարդակը, ով-ով, եթե ոչ հրշեջ-փրկարարը միշտ պիտի հոգեպես եւ ֆիզիկապես պատրաստ լինի եւ ունակ գործել արտակարգ իրավիճակներում:

- Այսօրվա դրությամբ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունում, իր ստորաբաժանումներով, ծառայում է 188 հոգի, սրանից առաջ 156-ն էր, ընդունել ենք ֆիզիկապես առողջ, հոգեբանորեն պատրաստ նոր փրկարարներ, եւ այդ ամենը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանի համաձայն, դա արվում է եւ կազմակերպվում սահմանված կարգով, զգալի առաջընթաց կա մեր նախկին ծառայողների պատրաստականության մեջ, կարողանում ենք նրանց ներգրավել դասընթացների մեջ, գործուղում ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա՝ վերապատրաստումների, պարբերաբար անցկացվում են հրամանատարային եւ հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ, որոնց ընթացքում թրծվում-պատրաստվում, իրենց որակավորումն են բարձրացնում հրշեջ-փրկարարները, ընդհանուր պրոֆիլի փրկարարները, վարորդները, ընդհուպ իմ տեղակալները: Ավելորդ չէ նշել վարչության աշխատակիցների կրթական մակարդակի մասին, նրանցից 23-ն ավարտել է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, աշխատակիցներից ոմանք ավարտել են այլ բուհեր, ընդհանուր առմամբ վարչության անձնակազմի մոտ քառասունհինգ տոկոսն ունի բարձրագույն կրթություն: Վարչությունում ձեւավորվել է 48 հոգուց բաղկացած որոնողափրկարարական թիմ՝ զինված անհրաժեշտ սարքավորումներով եւ պատրաստ նույնիսկ մեկնել արտերկիր փրկարարական աշխատանքներ կատարելու:

- Ավելորդ չէր լինի, եթե ներկայացնեիք վարչության կառուցվածքը:

- Սյունիքի քաղաքային համայնքներից յուրաքանչյուրում ունենք մեկ հրշեջ-փրկարարական ջոկատ՝ բացառությամբ Մեղրու տարածաշրջանում կա մի առանձին հենակետ, գտնվում է Ագարակ քաղաքում: Այդտեղ 8 հոգի է աշխատում:

- Ո՞րն է վարչության ամենանեղ օղակը, ի՞նչն առաջնահերթ շտկելու անհրաժեշտություն կա:

- Ամենանեղ օղակը տեխնիկական հավաքակայանն է, ավելի ստույգ՝ խորհրդային տարիներից ժառանգություն մնացած հրշեջ մեքենաները, ամեն հնարավորն անում ենք, որ եղած մեքենաներով իրականացնենք մեր առջեւ դրված խնդիրները, երբեք հուսախաբ չենք անում ժողովրդին: Կապանում ունենք մեկ «Ռենո» մակնիշի մեքենա՝ ամենագնաց մեքենա է, դրա կարիքն ունեն մարզի բոլոր քաղաքային համայնքների ստորաբաժանումները: Այդ ամենագնացները հրատապ անհրաժեշտություն են, եւ իրենց արագընթացությամբ եւ ջրատարողությամբ հնարավոր է յուրաքանչյուր բարդ խնդիր լուծել, մեր ունեցածը «Զիլ-130» հրշեջ-փրկարարական մեքենաներն են, որոնցով կատարում ենք մեր առջեւ դրված մարտական խնդիրները: Եվ կան ստորաբաժանումներ, որոնք ունեն փրկարարական «ԳԱԶ-66» մակնիշի մեքենաներ:

- Իմ վերջին հարցազրույցը մարզային փրկարարական վարչության նախկին պետի հետ կայացել է մեկուկես տարի առաջ, եւ այդ ժամանակ նոր-նոր ձեւավորվում էին վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը եւ «911» ծառայությունը:

- Արդեն տասը ամիս է, ինչ գործում է ճգնաժամային կառավարման կենտրոնը, որ հագեցված է ժամանակակից կապի միջոցներով, Սյունիքի յուրաքանչյուր կետից ցանկացած կապի միջոցից կարելի է հավաքել «911» հեռախոսահամարը, եւ ահազանգն անպատճառ կընդունվի ճգնաժամային կառավարման կենտրոնում, հեռախոսազանգերին մշտապես պատասխանում են, այդ կենտրոնը կարողանում է համախմբել բազմաթիվ կառույցների: Որպես կապ ապահովող ստորաբաժանում, երբեմն 1-03 զանգելու փոխարեն զանգահարում են 911 ծառայության, մենք տասը-տասնհինգ վայրկյանի ընթացքում կանչը փոխանցում ենք բժշկական կենտրոնի շտապ օգնությանը: Ճգնաժամային կառավարման կենտրոնն ունի իր պետը՝ փոխգնդապետ Ռոմա Սահակյան, ավագ եւ կրտսեր հրահանգիչները, կարծում եմ, որ մարզի հասարակությունը վստահությամբ է վերաբերվում ճգնաժամային կենտրոնի «911» հեռախոսահամարին: Օրական այդտեղ մոտ 800 հեռախոսազանգ է ստացվում՝ տարաբնույթ, տարբեր ոլորտներին առնչվող:

- Նոյեմբերի 15-ից անցել եք ձմեռային տարեշրջանի սպասարկման աշխատանքներին, ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել:

- Նախ մինչեւ նոյեմբերի 15-ը մոտ մեկ ամիս ժամանակահատված է հատկացվում՝ տեխնիկան եւ անձնակազմը ձմեռային տարեշրջանին պատրաստելու նպատակով: Նոյեմբերի 15-ից անցել ենք ձմեռային աշխատանքային գրաֆիկի, տեխնիկան եւ անձնակազմը պատրաստ են, աշխատանքի նոր ընդունված հրշեջ-փրկարարները ստացել են ձմեռային հագուստը: Ուզում եմ ասել, որ մեր հասարակությունը թող լիովին վստահի «911» ծառայությանը, ոչ մի խնդիր չկա, բոլոր զանգերին անմիջապես պատասխան կլինի, եւ հրշեջ-փրկարարները միշտ պատրաստ են սպասարկել, նույնիսկ մարզի յուրաքանչյուր ճանապարհահատվածի անցանելիության մասին կարող ենք տեղեկատվություն տրամադրել:

- Մեր ընթերցողներին, անշուշտ, կհետաքրքրեն արտակարգ պատահարները եւ դեպքերն անցած ինը ամսում թվերով եւ փաստերով:

- 2015թ. ինն ամսում տեղի է ունեցել 637 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 31 հոգի, որից երեքն այլ պետության քաղաքացի էր: Ընթացիկ տարում արտակարգ իրավիճակներով պայմանավորված դեպքերը մարզում աճել են 173-ով կամ 37,2 %-ով, զոհերի թիվն ավելացել է չորսով, վիրավորներինը՝ 40 մարդով: Նշված 637 դեպքից 539-ը տեխնածին են, դրանցից 324-ը հրդեհի դեպք, կամ տեխնածին դեպքերի 60,1 %-ը: Հրդեհների թիվը մարզում աճել է 62-ով կամ 23,6 %-ով: Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 53 պատահար, վերջինը Մեղրիում էր, որ երկու երիտասարդի կյանք է խլել, երկուսն էլ պայմանագրային ծառայող: Հաշվետու ժամանակահատվածում մարզում գրանցվել է տարերային աղետի 91 դեպք, այդ թվում ուժգին քամիներ, մի քանի օր առաջ ուժգին քամիները նյութական կորուստներ էին պատճառել Մեղրու տարածաշրջանի Լիճք համայնքին, մասնավորապես վնասվել էին համայնքի տների տանիքները: Վերջին տարերային աղետներից կնշեի նոյեմբերի 7-ին Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ճանապարհի 41-րդ կիլոմետրում տեղի ունեցած քարաթափումը, որի հետեւանքով երկու հազար տոննա քարազանգված թափվեց ճանապարհին: Թեեւ եղանակն անբարենպաստ էր (մառախուղ եւ անձրեւ)՝ քարաթափման հետեւանքների վերացումը կազմակերպված անցավ, եւ երթեւեկությունն առանձնապես կաթվածահար չեղավ:

Սոցիալ-կենցաղային բնույթի 136 դեպք է արձանագրվել, որից չորս մարդ է տուժել: Այդ բնույթի դեպքերն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճել են 28-ով:

- Ինչպես ասում են՝ փրկարարները գործում ինչպես ցամաքում, այնպես էլ օդում եւ ջրում: Մարզում կան լճեր ու ջրամբարներ (այս վերջինները հատկապես Սիսիանի տարածաշրջանում), եւ, ցավոք, արձանագրվում են ջրահեղձման դեպքեր: Մի ժամանակ ջրասուզակների եւ նրանց հանդերձանքի խնդիր էր ծագել:

- Ջրասուզակներ ունենք, նրանք հիմնականում կենտրոնացված են Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ նկատի ունենալով հանգամանքը, որ այդ տարածաշրջանում են մարզի ջրամբարները: Չէի ասի, որ ջրասուզակներն ապահովված չեն անհրաժեշտ հանդերձանքով ու պարագաներով, ինչպես նաեւ չէի ասի, որ գերազանց համալրված են: Ջրափրկարարական աշխատանքներ իրականացվում են, կոնկրետ հուլիսի 3-ին Սիսիանի տարածաշրջանի «Ղարաջղի գյոլ» կոչվող հատվածում մեր ջրասուզակները դուրս են բերել Սիսիանի Սառնակունք համայնքի բնակչի դին: Մի այլ դեպքում խեղդվողի դին դուրս է բերվել Սեւանից կանչված ջրասուզակների կողմից: Ինչպես երեւում է, մեր ջրասուզակները կատարելագործման տեղ տակավին ունեն: Այդ նպատակով նրանք ամռան ամիսներին լինում են Սեւանում՝ վերապատարաստման նպատակով:

- Ովքե՞ր են ձեզ հետ համագործակցում, դուք ո՞ւմ հետ եք կոորդինացնում ձեր աշխատանքները:

- Սերտ հարաբերություններ ունենք բոլորի հետ, բայց գիտեք, թե այս ամռանն ինչ հրդեհավտանգ իրավիճակ ստեղծվեց, եղան անտառային հրդեհներ, համագործակցում էինք «Հայանտառ» անտառտնտեսության մարզային ՊՈԱԿ-ների հետ, սերտ փոխհարաբերության մեջ ենք ոստիկանության, պաշտպանության նախարարության զորամասերի հետ, փրկարար աշխատանքներ իրականացնելու առումով՝ առողջապահական հիմնարկների հետ: Չկա մի կառույց, որոնց հետ նորմալ շփումներ եւ սերտ համագործակցություն չունենանք: Իրականում համատեղ աշխատանքը, գործադրված ջանքերը պտուղներ են տալիս: Ճանապարհաշինարարների հետ ընդհանրապես խնդիր չկա, մանավանդ մեղրեցի ճանապարհաշինարարների: Եթե որեւէ նորագույն տեխնիկա է մուտք գործում մարզ, դա բոլորինս է, գովելի է, որ անհրաժեշտության դեպքում շարքային քաղաքացին էլ մեր կողքին է լինում: Որպես օրինակ, կնշեի հունիսի 13-ին Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի N7 շենքում ծագած աննախադեպ հրդեհը մարելու գործում բնակչության ցուցաբերած արիությունը: Նրանք վտանգելով սեփական կյանքը, փրկեցին շենքի բնակիչներին եւ նրանց որոշ ունեցվածքը: Ես անուններ ներկայացրի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարին, խրախուսանքը չուշացավ: Հաշվետու ժամանակաշրջանում հրդեհներից կառանձնացնեի Ագարակի գազալցակայանում տեղի ունեցածը, որի ծավալներն ահռելի էին, եղան նաեւ վիրավորներ, լավ է, որ խուսափեցինք մարդկային զոհերից: Դա անվտանգության տեխնիկայի կանոնների խախտման հետեւանք էր:

- Այս ամռանը լուրերի թողարկումներում ամենապահանջվածներից էր եղանակի տեսությունը անպակաս էին անտառային հրդեհները, հրո ճարակ դարձան նաեւ հացահատիկային մշակաբույսերի դաշտեր: Այդ մասին մի քիչ ավելի մանրամասն:

- Իրականում աննախադեպ շոգ էր այս ամռանը, հատկապես հրդեհավտանգ իրավիճակ էր ստեղծվել ցածրադիր գոտիներում, Ագարակ եւ Մեղրի քաղաքներում եւ դրանց հարակից գյուղերում, իսկ անտառային հրդեհները հաճախադեպ էին Մեղրու եւ Կապանի տարածաշրջաններում: Չկար, երեւի, մի օր, երբ հրդեհի ահազանգ չլիներ: Լարված գրաֆիկով էին աշխատում Մեղրու եւ Կապանի հրշեջ-փրկարարները: Պատահում էր, որ չէին հասցնում օրվա ընթացքով նորմալ սնվել: Խոշոր հրդեհներ եղան «Արեւիկ» ազգային պարկում, Ներքին եւ Վերին Խոտանան գյուղերում: Սիսիանում նույնիսկ ցորենի արտում հրդեհ բռնկվեց, մոտ 10 հա չափով ոչնչացավ ցորենի բերքը: Դեպքի վայրում էին Սյունիքի մարզպետը, մարզպետարանի գյուղավարչության պետը, երկրապահները: Հատկապես վերջիններիս օգնությամբ հնարավոր եղավ խուսափել բերքի ավելի մեծ կորստից: Այնտեղ, որտեղ չէր հասնում հրշեջ մեքենան, օգնության հասավ գյուղտեխնիկան: Տրակտորը հողը վարում էր, եւ հրդեհը, հասնելով հողի շերտին, մարվում էր:

- Վերեւում կանչերի մասին խոսվեց, դրանցից որո՞նք են գերակշռողը:

- Գերակշռողը սոցիալ-կենցաղային կանչերն են, հրդեհների եւ ճանապարհատրանսպորտային պատահարների մասին ահազանգերը: Ավելի շատ հրդեհների մասին ահազանգող կանչերը, երբ մարդիկ պատրաստ չեն լինում դրանց, իրենց հնարավորությունները չեն բավականացնում հրդեհաշիջման աշխատանքներ կատարել, դիմում են մեզ:

- Նաեւ զավեշտի հասնող զանգեր են լինում, հավանաբար, նաեւ այնպիսիք, որ ձեր իրավասությունների մեջ չեն մտնում:

- Լինում են: Այդպիսի զանգեր ավելի շատ Կապանի տարածաշրջանից են լինում: Մի քանի անգամ զանգել են, թե կատուն բարձրացել է ծառի վրա, ուղիղ պատշգամբիս դիմացն է, մլավում է եւ չի թողնում՝ հանգստանամ: Գնացել եւ կատվին իջեցրել ենք ծառից: Բայց կխնդրեի, անհեթեթ բաների համար չզանգել: Մենք միշտ պատրաստ ենք օգտակար լինել, բայց մի այլ տեղ հնարավոր է՝ անհետաձգելի փրկարարական աշխատանքի կարիք լինի, ու այդ մարտական հաշվարկն մինչ այդ գործը կիսատ թողնի եւ հասնի առավել կարեւոր պատահարի վայր, ժամանակի անտեղի վատնում լինի, եւ կարող է բանը բանից անցնել: Կեղծ զանգեր էլ են լինում, պատահում է՝ երեխան զանգում է «911» եւ ուզում է լսել, թե պարզապես ինչպես է հեռախոսավարը պատասխանում զանգին:

- Պարոն Զաքարյան, մեր նախնական զրույցի ընթացքում հետաքրքրական մտքեր հայտնեցիք սպայի կայացման եւ նրա կոչման մասին:

- Մի անգամ վերադասին գրություն պատրաստելիս իմ նկատառումներն էի արտահայտել, թե ինչպիսին պիտի լինի սպան, հրամանատարն ընդհանրապես: Համեմատել էի առողջ սերմի, կորիզի հետ, որը ճիշտ ձեւով հայրենի հողի մեջ դնելով ու պատշաճ ձեւով խնամք կազմակերպելով, ստանում ես բերքատու մի ծառ՝ ավելի հզորացնելով ու ավելի հոգեհարազատ դարձնելով երկիրը: Ինձ երբեք չեմ առանձնացրել զինվորականից, նույն ծառայությունն է, նույն պատասխանատվությունը եւ առավել եւս նույն պարտականությունները, եթե հարկ լինի նույն համազգեստով կանգնած կլինենք մեր բանակի, նրա զինվորի, հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարի կողքին: Եվ այդ սերմը պիտի դրվի մանկապարտեզից, դպրոցից եւ ժամանակ առ ժամանակ պիտի «հումուսով» հարստացնել, որ «ծառը» ուժեղանա, բերք տա: Եթե չլինի ամենօրյա աշխատանք, մշտական կատարելագործում, մարդ միայն հետընթաց կարող է ունենալ: Անընդհատ պիտի առաջ գնաս, որ հասարակությունը քեզ վստահի: Այս վերջին միտքը մեր «911» ծառայության առումով եմ ասում: Եթե մեր աշխատանքները պատշաճորեն չիրականացնենք, ոչ մեկը չի վերցնի հեռախոսափողը եւ զանգահարի «911» եւ խնդրի մեր օգնությունը:

- Եվ վերջին հարցը. որպես մարզային փրկարարական վարչության պետ, ի՞նչ կփոխանցեիք մարզի բնակչությանը, ի՞նչ կարեւոր բան դուրս մնաց մեր զրույցից:

- Կխնդրեի, մանավանդ երիտասարդներին, ձմռան ամիսներին ավտոմեքենաները վարել ռետինե դողերով, չափազանց վատ եղանակի դեպքում մեքենան վարել խիստ անհրաժեշտության դեպքում, լսեն, կատարեն փրկարար ծառայության եւ ոստիկանության հորդորները, չհայտնվեն վթարային իրավիճակներում: Փորձը ցույց է տալիս, որ ճանապարհատրանսպորտային պատահարների գերակշիռ մասի «հեղինակները» երիտասարդներն են, ովքեր մեքենայի ղեկին են նստում կամ ալկոհոլ օգտագործած, կամ էլ գերազանցում են սահմանված արագությունը:

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: