09/19/2019

Հանրաքվեն չի խոչընդոտի որոշ համայնքների ՏԻՄ ընտրություններին

Հանրաքվեն չի խոչընդոտի որոշ համայնքների ՏԻՄ ընտրություններին

Դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն մինչեւ քվեարկության անցկացման օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ պարտադիր ժամկետային զինծառայողները, ձերբակալված կամ կալանավորված անձինք: Թիվ 37 եւ թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողովների նախագահներից տեղեկացանք, որ օրենքին համապատասխան եւ սահմանված ժամկետում ընտրատեղամասերում փակցվել են ընտրացուցակները, որոնք վերջնական տեսքով կտրամադրվեն հանրաքվեից երկու օր առաջ:

Թիվ 37 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը նշեց, որ ընտրացուցակներում տեղ գտած սխալները շատ չեն եւ հիմնականում կապված են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների հետ (նախնական ցուցակի տեղադրման օրը հնարավոր է, որ տվյալ անձի 18 տարին չի լրացել. մինչ հանրաքվեն 18-ը լրանալու դեպքում քաղաքացին դիմում է լիազոր մարմին, այս դեպքում՝ անձնագրային բաժին, եւ հարցը ճշտվում է): «Ինչ վերաբերում է մահացած անձանց անունները ցուցակում տեղ գտնելուն, ապա իմ տեղեկությունների համաձայն թիվ 37 ընտրատարածքում նման խնդիր չի առաջացել. համենայն դեպս ինձ կամ անձնագրային բաժին նման հարցով չեն դիմել», - նշեց Ա.Ստեփանյանը:

Նույն հարցի վերաբերյալ թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը նշեց, որ նախնական ցուցակները հրապարակվելուց հետո դրանց վերջնական ճշտումը երկու ամիս է տեւում: «Հիմնականում քաղաքացիները դիմում են ընտրատեղամասը փոխելու հարցով, հազվադեպ նաեւ մահացած անձանց անունները ցուցակից հանելու դիմում էլ է լինում», -  նշեց նախագահը:

Թիվ 37 ընտրատարածքում ձեւավորվել է 77, թիվ 38-ում՝ 76 ընտրատեղամաս: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն արդեն ձեւավորվել են, համապատասխան դասընթացները՝ անցկացվել: «Ճիշտն ասած, այս տարի հանձնաժողովների որոշ անդամների կողմից պասիվություն նկատվեց, բայց նիստերը կայացել են, քվորումը՝ ապահովվել», - նշեց Ա.Ստեփանյանը:

Ինչպես նախորդ հրապարակման մեջ էինք ներկայացրել, այդ նույն օրը որոշ համայնքներում (Չափնի, Աշոտավան եւ Վաղատուր համայնքներում՝ համայնքի ղեկավարի, Ալվանքում եւ Նժդեհում` ավագանու անդամի) տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, նախագահների հավաստմամբ, որեւէ խոչընդոտ չի լինի, պարզապես այդ տեղամասերի հանձնաժողովի անդամների համար լրացուցիչ աշխատանք կլինի:

Ա.Ստեփանյանը տեղեկացրեց նաեւ, որ խոշորացույցներ են տրամադրվել բոլոր ընտրատեղամասերին՝ թույլ տեսողությամբ ընտրողների համար:

Ինչ վերաբերում է ընտրողների հանրաքվեին մասնակցելու պասիվությանը կամ ակտիվությանը, ապա Ա.Ստեփանյանի կարծիքով՝ հնարավոր է որոշակի պասիվություն նկատվի նախորդ ընտրությունների համեմատ (օրինակ՝ ԱԺ պատգամավորի ընտրության ժամանակ ընտրողը, ունենալով նախընտրած թեկնածու, ավելի շահագրգռված կլինի մասնակցել ընտրությանը), բայց «չեմ կարծում, որ տարբերությունը մեծ կլինի. քաղաքացին հնարավորություն ունի իր կարծիքն արտահայտելու սեփական քվեով», - եզրափակեց թիվ 37 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը:

Սերգեյ Սարգսյանի կարծիքով՝ ժողովուրդը պիտի գիտակցաբար գնա այս հանրաքվեին, քանի որ դրված է երկրի մայր օրենքի հարցը: «Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, սահմանադրական փոփոխությունների կողմնակից եմ, եւ, կարծում եմ, այս ընթացքում համապատասխան քարոզչական աշխատանքները կատարվել են, որպեսզի քաղաքացիներն ավելի շահագրգռված լինեն մասնակցելու այս հանրաքվեին», - նշեց Ս.Սարգսյանը:

Վերջում եւս մեկ անգամ հիշեցնենք, որ նույնականացման քարտ ունեցող անձինք նույնպես իրավունք ունեն մասնակցելու հանրաքվեին:     

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: