09/18/2019

Դոնորական արյան անվարձահատույց տրամադրում Կապանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ

Դոնորական արյան անվարձահատույց տրամադրում Կապանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ

Նոյեմբերի 27-ին Կապանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի եւ ենթակա կառույցների աշխատակիցների արյան կամավոր հանձնման ակցիա է կազմակերպվել՝ «Արյուն՝ ի հիշատակ» միջազգային նախագծի շրջանակներում: Ծրագրով նախատեսվել է մինչեւ 2015թ. ավարտը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ զոհերի հիշատակը ոգեկոչելու նպատակով, ամբողջ աշխարհում կազմակերպել մեկուկես միլիոն արյունատվություն:

«Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ տնօրեն Արթուր Առաքելյանը քաղաքապետարանի աշխատակիցներին ծանոթացրեց արյան դոնոր դառնալու պայմաններին՝ մասնավորապես նշելով այն բոլոր կետերը, որոնց պիտի համապատասխանի դոնորը:

Ա.Առաքելյանը տեղեկացրեց, որ տարիքային շեմ ընդհանրապես սահմանված է 18-60 տարեկանը, բայց իրենք սահմանել են 18-50 տարեկան: Արյան դոնոր դառնալու ցանկություն հայտնած կանանց քաշը պիտի 50-53 կգ եւ ավելի լինի, տղամարդկանցը՝ 60 կգ եւ ավելի: Այս ակցիայի առաքելությունը տարածաշրջանում արյան պաշարների համալրման խնդիրներով է պայմանավորված: «Ոչ միայն մեր տարածաշրջանի մարտահրավերներն են պատճառը նմանատիպ ակցիաներ կազմակերպելու, այլեւ տարերային աղետների, խոշոր վթարների հավանականությունը, որոնց ընթացքում մեծ ծավալի արյուն է հարկավոր: Պետությունը բավականին միջոցներ է տրամադրում արյան դոնորի համապատասխան հետազոտության համար, որ բավականին թանկ արժե, բայց դոնոր դառնալու դեպքում անվճար է կազմակերպվում», - նշեց տնօրենը:

Արտակարգ իրավիճակների արյան բանկը համալրելու համար հանրապետությունում պարբերաբար իրականացվում են նմանատիպ ակցիաներ: Արդյունքում արյան առանձին բաղադրամասերի պաշար է կուտակվում, որ օգտագործվում է տարբեր իրավիճակներում: Արյուն վերցնելուց առաջ նախեւառաջ ստուգվում է դոնորի արյան հեմոգլոբինի չափը, զարկերակային ճնշումը, քաշը եւ այլն: Արդեն վերցված արյունը արյան փոխներարկման կայանում համապատասխան լաբորատոր հետազոտության է ենթարկվում՝ ստուգելու արյան միջոցով փոխանցվող մի շարք հիվանդություններ՝ ՄԻԱՎ, ՁԻԱՀ, սիֆիլիսի տարատեսակներ, բրուցելոզ, հեպատիտ B եւ այլն: «Դոնորական արյունը վերցնում են կամավոր, անվարձահատույց, թե ինչքանով այն պիտանի կլինի, կորոշվի համապատասխան հետազոտությունից հետո», - տեղեկացրեց Արթուր Առաքելյանը:

Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը նշեց, որ արյան դոնորը ինքն է որոշում, թե ինչ նպատակով եւ որտեղ տրամադրի արյունը:

Չնայած շատերը ցանկություն հայտնեցին արյան դոնոր դառնալու, բայց ակցիայի մասնակիցներից միայն 12 հոգի կամավոր սկզբունքով անհատույց դոնորական արյուն հանձնեց (մյուսները չէին համապատասխանում արյան դոնոր դառնալու նախապայմաններին):

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: