09/18/2019

Սերո Խանզադյանը՝ ժամանակի առջեւ

Սերո Խանզադյանը՝ ժամանակի առջեւ

«Սյունյաց երկիր» թերթի հարցերին պատասխանում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Հայոց լեզու եւ գրականություն» գիտամեթոդական հանդեսի գլխավոր խմբագիր Դավիթ Գասպարյանը


- Պարո՛ն Գասպարյան, նախատեսում ենք թերթի հատուկ համար թողարկել Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակի առթիվ, ում գրական ժառանգությանը վերջին 15-20 տարում հազվադեպ են անդրադարձել: Ո՞վ պիտի աներ, որ չի արել, ի՞նչն է պատճառը:

- Ամենեւին համաձայն չեմ Ձեր տեսակետին, թե Խանզադյանի «գրական ժառանգությանն այդքան շատ չեն անդրադարձել»: Այդպես չէ: Խանզադյանի ստեղծագործությունը մշտապես գտնվել է հայ քննադատության եւ հանրության ուշադրության ոլորտում: Գրվել են գրախոսություններ, պաշտպանվել են ատենախոսություններ, անվանակոչվել է երկու դպրոց, փողոց…

Հարցնում եք՝ «Ո՞վ պիտի աներ, որ չի արել»: Պատասխանում եմ՝ ի՛նքը պիտի աներ: Գրողը ի՛նքը պիտի իր ներկայության անհրաժեշտությունը հիշեցնի: Եթե չի հիշեցնում, այլեւայլ պատճառներ մի՛ որոնեք: Այսօր ո՞վ է Չարենցին անընդհատ պահում գրական հետաքրքրությունների կենտրոնում. Չարենցին Չարե՛նցն է պահում, ոչ թե ես: Այնպես որ Ձեր հարցի պատասխանը ոչ թե ես պիտի տամ, այլ Սերո Խանզադյանն իր ստեղծագործությամբ:

Ինչ վերաբերում է նրա գրական կերպարին, ասեմ հետեւյալը: Սերո Խանզադյանի նման ստեղծագործողներ՝ հորինելու ձիրք ունեցող անհատականություններ, եղել են ամբողջ միջնադարում: Այդպիսիք եղել են լավ ասացողներ, գյուղի, միջավայրի համուհոտը խտացնող հեղինակություններ, խնջույքները կառավարող եւ միշտ էլ վերեւում նստած սեղանապետեր (կարելի է ասել նաեւ սեղաներեց), այդպիսի խառնվածքի տեր անձինք դարձել են անգամ բանահավաքներ, աշուղներ, բանասացներ, որովհետեւ այդ մտայնությունն է նրանց ծնել, սնել եւ կարեւորել միջավայրում:

Ես պատահական բան չեմ ասում: Սերո Խանզադյանը գրական ասպարեզ է մտել բանահավաքչությամբ. 1940-ականների վերջին լույս է տեսել փոքրիկ մի գրքույկ, որի մեջ ի մի են բերված նորագույն շրջանի բանահյուսական նշմարներ: Այդ գրքույկը կա, եթե կարողանաք գտնել, լավ կլինի: Սերո Խանզադյանն այդտեղ հանդես է եկել որպես բանահավաք՝ իր ներկայությունն առկա է այդ գրքում:

Եղավ մի շրջան, երբ Սերո Խանզադյանի եւ խորհրդային երկրի լավագույն ժամանակներն էին՝ 1937 թվականն անցյալում էր: 1946-1953 թթ. անհատի պաշտամունքի, անկոնֆլիկտայնության, կյանքի գունազարդման շրջանն արդեն անցյալում էր: Կար համեմատական ազատություն, վերացվել էին ստեղծագործական սահմանափակումներն ու արգելանքները, դադարել էին գաղափարական ծանր հալածանքները: Ահա Սերո Խանզադյանն այդ շրջանում՝ 1950-ական թթ. սկզբներին, մտավ գրական աշխարհ եւ իրեն վերապահած չափով իր դերը կատարեց:

Այնքա՜ն կարեւոր է այս ընթացքի մեջ գրողի տեղը, դերն ու նշանակությունը բնորոշող բառերը ճիշտ ընտրելը եւ ճիշտ ներկայացնելը: Շրջանակը պետք է շատ ճիշտ ընտրել, որպեսզի նկարը միջից խոսի եւ ոչ թե լողա: Մինչդեռ սովոր ենք չափազանցության, որ կա՛մ չափազանց գովերգն է, կա՛մ անհարկի թերագնահատությունը: Թեեւ կար գրական «կոլխոզ», կային գրական խմբավորումներ, բայց առաջվա նման սուր չէր պայքարը:

- Որքանով գիտենք,  Սերո Խանզադյանը 1940-ականներին նման գիրք՝ նորագույն շրջանի բանահյուսական նշմարներով, չի հրատարակել, եթե հիմք ընդունենք Թեւոս Պետրոսյանի մանրամասն մատենագիտությունը (1992): Խանզադյանի բանահավքչական պրպտումներին կարելի է ծանոթանալ ժամանակի պարբերական մամուլում, իսկ ամբողջապես դրանք ընդգրկվեցին «Ավանդատուն» ժողովածուում (1976, 1986): Ի դեպ, այդ ժողովածուից Սյունյաց աշխարհի հեքիաթների մի փունջ հետագայում մտավ հայկական ժողովրդական հեքիաթների բազմահատորյակի ակադեմիական հրատարակության մեջ:

- Իմ ասած գիրքը, ավելի ստույգ՝ գրքույկը, ժամանակին ձեռքիս եղել է: Ձեր անտեղի տարակարծությունն ինձ ստիպում է վերստին բռնել գրադարանի ճանապարհը եւ չհավատալ նշված մատենագիտության «մանրամասն» կամ լիակատար լինելուն: Առաջին իսկ հնարավորության դեպքում գրադարանում կփորձեմ ճշտել այդ գրքի մատենագիտական տվյալներն ու կներկայացնեմ բովանդակությունը:

Եվ ահա, այն  ընթացքում, երբ մենք սկսել էինք մեր հարցազրույցը (2014, հոկտեմբեր), և նյութն ամիսներ շարունակ գտնվում էր մշակման, լրամշակման, ամբողջացման, վերջնական խմբագրման փուլում, 2015 թ. ապրիլին գրադարանում կրկին ձեռքս առա  հիշյալ գիրքը, որպեսզի Ձեզ ապացուցեմ իմ իրավացիությունը: Ահա այդ գիրքը. «Գուսանական եւ ժողովրդական երգեր», կազմեց բանահավաք Սերո Խանզադյանը, Երեւան, Հայպետհրատ, 1949, 132 էջ, պատասխանատու խմբագիր` Հովիկ Մելիքյան, տպաքանակը` 3000: Գիրքը բացվում է «Կազմողի կողմից» կարճառոտ խոսքով. ««Գուսանական եւ ժողովրդական երգեր» ժողովածուն իր մեջ ընդգրկում է հայ ժողովրդական և գուսանական ժամանակակից երգերի մի փոքր մասը միայն, որը գրի է առնվել վերջին տասնամյակում: Գրիքը կազմելիս օգտագործել ենք նաեւ Հայկական ՍՍՌ Ժողովրդական ստեղծագործության Տան բանահյուսության բաժնի նյութերը: Ս. Խ.»:

Հաջորդում են Լենինին, Ստալինին, հայրենիքին, պատերազմին, սոցիալիստական շինարարությանը, կոլխոզային կյանքին ու սոցիալիստական առօրյային նվիրված «բանահյուսական գլուխգործոցներ»: Գիրքը փակվում է Սերո Խանզադյանի կազմած 56 աշուղ- բանասացի կենսագրական տեղեկություններով:

Կարծում եմ, առարկություններ այլևս չեն լինի: Միաժամանակ առաջարկում եմ նաև լրացնել Ձեր ակնարկած մատենագիտությունը:

- Անձնական կյանքում ի՞նչ շփումներ եք ունեցել արձակագրի հետ:

- Մտերիմ եմ եղել Սերո Խանզադյանի հետ: Շատերին էր այդպես դիմում, ինձ եւս՝ ախպո՛ր տղա: Մի անգամ զանգահարեց, 1990-ականների սկիզբն էր, Բակունցի կենսագրության հետ կապված մանրամասներ հարցրեց: Հուշեր էր գրում:

Խանզադյանի հետ շրջագայել եմ: Թե ինչը եւ ինչպես կպահպանեք այս հարցազրույցի մեջ, չգիտեմ, բայց ես եղա՛ծը պիտի ասեմ, իրական պատմությունը պիտի ներկայացնեմ:

1994 թ. սեպտեմբերի 20-ին պատահական հանդիպեցինք «Հայաստան» թերթի խմբագրությունում: Դիմեց ինձ, թե՝ ախպո՛ր տղա, Գորի՛ս ենք գնալու, այնտեղից էլ Շուշի, կգա՞ս: Պատասխանեցի՝ իհա՛րկե, կգամ: Ասաց՝ ժամը երկուսին «մաշինը» սպասելու է հրատարակչության շենքի մոտ (այժմյան «Տիգրան Մեծ» հրատարակչության առջեւ): Կարճ ժամանակի ընթացքում որոշ հարցեր կարգավորեցի, Սերո Խանզադյանի խոսքին լսելով եւ օրինակին հետեւելով մի քանի կապ իմ գրքերից վերցրեցի, տնեցիներին տեղյակ պահեցի, եւ ժամը երկուսին շարժվեցինք: Մի «Ժիգուլի» մեքենա էր, ինքն էր ու կինը՝ տիկին Ժենյան: Իրենք նստեցին ետեւի սրահում: Ինձ ասաց՝ նստի՛ր վարորդի կողքին:

Երեւանից նոր էինք դուրս եկել, երբ Սերո Խանզադյանն սկսեց իր պատմությունները: Դա հայոց պատմության դաս չէր, այլ կյանքի առանձին պատմություններ էին, գրական մարդկանց հետ կապված դեպքեր, իր ստեղծագործական առօրյային, կենցաղին, ընտանեկան կյանքին կապված առանձին դրվագներ: Այլ կերպ՝ ճանապարհը կարճող զրույցներ էին: Ինչ ասում էր, կողքից տիկին Ժենյան միջամտում էր. «Սերո՛, սո՛տ ես ասում»: Բայց Սերոն բնավ չէր անդրադառնում  կնոջ դիտողությանը, հե՛չ, իր խոսքը շարունակում էր:

Ճանապարհին մտանք նախկին Քյարքի, ներկայիս՝ Տիգրանաշեն գյուղը: Նոր էր պատերազմը սառեցվել, չեմ ասում ավարտվել: Բաքվից բռնագաղթածներ էին վերաբնակվել հայոց սահմանի մեջ խրված, բայց նախկինում թուրքաբնակ եւ Նախիջեւանի Ինքնավարությանը պատկանող այդ բարեշեն ու հարուստ գյուղում: Սերո Խանզադյանը դեղնավուն թղթերով ինքնաշեն մի տետր էր սարքել, հարցեր էր տալիս, գրառումներ անում, ինձ էլ ասում էր՝ կիրի՛, կիրի՛: Պատասխանում էի՝ Սերո Նիկոլայեւիչ, ի՞նչ գրեմ, Դուք գրում եք, ես էլ լսում եմ: Հարցեր էր տալիս, պատասխանում էին, եւ Սերո Խանզադյանը համբերությամբ արձանագրում էր: Պահը տպավորիչ էր. գրողն իր հերոսներին էր որոնում:

Գնացինք Գորիս, գիշերեցինք քրոջ՝ Լորետայի տանը: Ես այդ տանը Սերո Խանզադյանի առաջնորդությամբ եւ մի քանի գրողների ընկերակցությամբ Ակսել Բակունցի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ եղել էի նաեւ 1984 թ. հուլիսին: Այն ժամանակ մեզ միացավ նաեւ Գուսան Աշոտը, ով ամբողջ գիշեր կնոջ՝ Արաքսյայի հետ երգում էր սրտի խորքից: Ինչպես այդ անգամ, այս անգամ եւս հավաքվեցին Խանզադյանի քույրերը, սիրեցին, փայփայեցին իրենց եղբորը եւ լի հպարտությամբ շրջապատեցին նրան: Ասացին. «Հինգ քույր ենք, եւ հինգս էլ մեր կյանքից տասը տարի նվիրում ենք մեր եղբորը: Արեց 50 տարի»: Հաջորդ օրը Խանզադյանի առաջնորդությամբ այցելեցինք Բղենո Նորավանք, երեկոյան Գորիսի հրապարակում մասնակցեցինք Բակունցի ծննդյան արարողություններին: Ամենուր՝ խոսքով, ներկայությամբ, պատմություններով Սերո Խանզադյանն էր: Հաջորդ օրը նախաճաշից հետո նա մեզ ուղեկցեց դեպի իր բարձրադիր նորակառույց ապարանքը, որ ամենայն հավանականությամբ կառուցված էր որպես ապագա տուն-թանգարան: Այցելեցինք նաեւ Բակունցի տուն-թանգարան, եւ տպավորիչ էին Խանզադյանի բակունցյան տարատեսակ անդրադարձները:

Հաջորդ օրը Սերո Խանզադյանի հետ մեկտեղ Խնձորեսկում մասնակցեցինք Կուրբանթափայի (Մատաղասարի) ազատագրման տարեդարձին: Տոնը կրկնակի էր, որովհետեւ նաեւ Հայաստանի անկախության երեքամյակն էր: Խնձորեսկում հանրահավաք էր: Օդում վառոդի հետ էր, լեռնածերպերի մեջ խցված պատերազմի ձայներ էին, բայց ժողովուրդն ուրախանում էր, եկել էր մեծ հաղթանակի օրը: Խոսեցին շատերը: Խոսեց նաեւ Սերո Խանզադյանը… Թե ինչ ասաց, արձանագրված կլինի որեւէ տեղ, կարող եք գտնել:

- Թույլ տվեք ընդհատել եւ մի փոքր լրացում կատարել ասվածին: ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի քարտուղար Արկադի Ծատուրյանն իր գրքերից մեկում հիշում է այդ միջոցառումն ու Ձեր այցը: Ըստ նրա` Ձեզ հետ էր նաեւ (միգուցե ոչ ձեր մեքենայով) Սիլվա Կապուտիկյանը: Ե՛ւ Սերո Խանզադյանը, ե՛ւ Սիլվա Կապուտիկյանը ելույթ ունեցան: Միջոցառումը վարող Արկադի Ծատուրյանը ելույթ ունենալու առաջարկ արեց նաեւ Ձեզ, բայց Դուք ասացիք. «Քանի որ մեծերն արդեն ելույթ են ունեցել, ապա իմ խոսքն ավելորդ կլինի»:

- Չէ՛, Ձեր հիշած բանաստեղծուհին մեզ հետ չի եղել, առանձին, ուրիշների հետ էր եկել եւ մասնակցում էր արարողությանը: Նա ավելի շատ մտածում էր հավաքվածների վրա իր թողած հեղինակավոր ազդեցության մասին, իրադարձությունների ու ծափահարությունների կենտրոնում լինելու մասին, քան օրվա բուն խորհուրդի: Իսկ իսկական հերոսները չկային, իսկական հերոսներն առանց ծափահարությունների սպասելու եւ տպավորություն թողնելու ինքնասիրահարվածի գայթակղության ննջում էին հողի տակ:

Հրավիրեցին հերոսներից մեկի տուն, ժողովուրդ շատ կար, բանաստեղծուհին ուշադրություն գրավելու դանդաղությամբ քսան դոլար հանեց պայուսակից եւ այնպես տվեց հերոսի այրուն, որ անպայման բոլորը տեսնեն ու լուսանկարեն: Հապա ինչպե՜ս… Պատկերացրեք հայրենիքի հերոսին այդ վիճակում, ով սխրանք գործելուց կամ նահատակվելուց առաջ ձեւ տար իրեն՝ դիրք ընդուներ եւ սպասեր, որ իրեն նկարեն:

Նման տեղերում, այսինքն՝ հանրահավաքներում, ցույցերում, երթերում եւ տոնահանդեսներում ես միշտ քաշվում եմ ելույթ ունենալուց, ամաչում եմ՝ ի՞նչ պիտի ասեմ, որ ժողովուրդը չգիտի: Իսկ օրը հերոսներինն էր, նրա՛նք պիտի փառաբանվեին, եւ ոչ թե մենք երեւայինք:

Անցնենք մեր բուն խոսակցությանը:

Առավոտյան մեկնեցինք Շուշի: Ասեմ, որ իմ առաջին այցն էր Արցախ: Առաջին բնակավայրը Լաչինի Զաբուղ, հիմա եւ հավիտյանս հավիտենից՝ Աղավնո գյուղն էր: Սերո Խանզադյանի հետ շրջեցինք գյուղում, զրուցեցինք վերաբնակների հետ: Եկել էին Ջերմուկից, Վայքից, Եղեգնաձորից, Երեւանից… Հասանք Լաչին՝ Բերձոր: Սերո Խանզադյանն անկեղծ զրույցներ էր վարում տարածաշրջանի կառավարիչ Ալեքսան Հակոբյանի, ժողկրթության եւ մշակույթի պատասխանատու Ռուբեն Օհանջանյանի հետ: Ամեն ինչով հետաքրքրվում էր եւ գրառումները շարունակում:

Այդ ժամանակ գյուղերը բնակեցվում էին, մարդիկ կային, կենդանություն կար, դպրոցներ կային: Ինչպես Խանզադյանը, այնպես եւ ես, հետներս վերցրած գրքերը բաժանելով, նվիրելով, զրուցելով գնում էինք: Դպրոցների համար խոստացանք նաեւ դասագրքեր, ձեռնարկներ, օժանդակ գրականություն, որ հետո ես հավաքեցի եւ ուղարկեցի:

Շարժվեցինք Շուշի: Օրվա երկրորդ կեսին Շուշիում էինք: Նայեցինք, հիացանք: Պատերազմի հետքերն ամենուր էին: Շուշին ասես քարե տապանի վրա լիներ կամ քարե լաստի: Իսկը՝ «Նավը լեռան վրա»: Երեք կողմից անառիկ մի բերդաքաղաք:

Ընդառաջ եկավ քաղխորհուրդի նախագահ Վլադիմիր Կասյանը: Հավաքվեցին մարդիկ: Ու պատմում-պատմում էին: Սերո Խանզադյանը լսում էր, ինքն էլ պատմում եւ հարմար պահի լրացնում էր գրառումները:

Շուշիի հանրահայտ բանտում հանդիպեցինք թուրք պատանդ Զաիբ Սաֆարովին: Տասնվեց տարեկան էր: Խոսում էր հայերեն: Սերո Խանզադյանը նրա հետ խոսեց ադրբեջաներեն: Նայում ես՝ գերության մեջ ընկած եւ տառապանք տեսած պատանյակ է, քիչ է մնում շապիկդ հանես ու տաս: Բայց պատերազմն իր օրենքներն ունի:

Այդպիսի մեկին՝ խեղճության ու թշվառության մի մարմնացում, ավելի ուշ հանդիպեցի մարտակերտցի իմ ծանոթներից մեկի՝ նշանավոր Գիրոյի տանը: Շվի էր նվագում: Միանվագ ու թախծոտ լաց էր… Դարձել էր տան հովիվը եւ այնքան էր միամտացրել տանտերերին, որ հարմար մի պահի փախել եւ հանձնվել էր Կարմիր խաչի ներկայացուցիչներին:

Այո՛, պատերազմն իր օրենքներն ունի:

Օրիորդաց գիմնազիայում, որ վերածվել էր 170 ուսանող ունեցող տեխնիկումի, տնօրենուհին հյուրասիրություն կազմակերպեց, եւ, նայելով Սերո Խանզադյանին ու մյուս հյուրերին, ասաց. «Ես նահապետական ընտանիքի աղջիկ եմ: Տանն ավելորդ խոսակցությունից խուսափելու համար պիտի ձեզ հետ սեղան չնստեմ»: Արտաքինով ժամանակակից կին էր, պատվով՝ ավանդական: Ահա թե ինչ են Արցախն ու արցախցին:

Շրջեցինք քաղաքում: Ամենուր պատերազմի դեմքն էր: Սպիտակ քարից կառուցված, հիմա հրդեհված ու ծխից սեւացած շենքերը դատարկ էին: Նրանց նախկին շուքը հիշեցնում էր ապահովությունը վտանգած արիստոկրատի: Ղազանչեցոցը երկրորդ անգամ էր նորոգվում: Շուշիից պարզ երեւում էր Ստեփանակերտը: Կարծում էի՝ նաեւ պիտի Ստեփանակերտ գնայինք: Սերո Խանզադյանը երկու ոտքը մի կոշիկի մեջ դրեց, ասաց՝ ո՛չ, Ստեփանակերտ չե՛մ մտնելու: Այդպես էլ ինձ անհայտ ու անորոշ մնաց, թե ինչու այդպես վարվեց: Գուցե պիտի դիմավորեին: Գուցե ինչ-որ մեկն ընդառաջ պիտի գար: Թերեւս դրանից նեղացավ: Սա ենթադրում եմ, որովհետեւ չխոսեց այդ մասին: Վերադարձանք Գորիս՝ այդպես էլ Ստեփանակերտ չմտնելով: Հաջորդ օրը վերադարձանք Երեւան:

Այսպես մանրամասն մտաբերեցի, որովհետեւ այս պատմությունը ոչ միայն հիմքեր ունի, այլեւ շարունակություն: Անցավ երկու-երեք շաբաթ, «Հայ զինվոր» թերթի խմբագիր Վրեժ Իսրայելյանը զանգահարեց՝ տեղեկացնելով, թե՝ Սերո Խանզադյանի ակնարկաշարն ենք տպագրում, դու էլ գլխավոր հերոսն ես: Մտածեցի՝ էս ինչ լավ բան է մտածել, ինքը որպես ավագ գրող, ես էլ՝ երիտասարդ, ում ուղեկցում է իր իմացած տեղերով: Այդպես Վերգիլիուսն էր Դանտեին ուղեկցում «Դժոխք»-ի պարունակներով, եւ Դանտեն Չարենցին էր առաջնորդում հայոց պատմության մութ միջանցքներով («Մահվան տեսիլ» պոեմը): Հիմա հերթը Սերո Խանզադյանինն էր ու իմը: Թերթը հոկտեմբեր ամսվա այդ համարը գնեցի, բացեցի «Արցախյան կանչեր» ակնարկը, կարդացի. քրտինքը տվեց ճակատիս` Տիգրանաշեն գյուղը, կարծեմ, դարձել էր Վարդանամուտ: Գյուղի անունը փոխել էր. կա՛մ վրիպել էր, կա՛մ չգիտեմ ինչ: Մարդիկ իրենց իրական կյանքն էին պատմել անունով, փաստերով, հիմա փոխված էին, խառնված էին, շատ բան էլ չէր համապատասխանում իրականությանը: Իրադարձությունների նկարագրության մեջ հորինավին ու սարքովին շատ էր, խոսքը հավաստի ու վստահելի չէր: Այդ պահին հիշեցի տիկին Ժենյայի խոսքը, որ ասում էր՝ Սերո՛, սո՛տ ես ասում: Ակնարկաշարը շարունակվելու էր, մեղքս ինչ թաքցնեմ. զանգահարեցի Սերո Խանզադյանին, ասացի՝ շատ շնորհակալ եմ, որ ինձ հիշել եք, բայց պիտի խնդրեմ մյուս համարներում՝ ակնարկաշարի շարունակության մեջ, գրեք՝ իմ երիտասարդ ընկերը, իմ բարեկամը, մի ընդհանուր բան, որովհետեւ փաստական վրիպումներ կան, Դուք գուցե բացատրություն գտնեք, բայց ինձ համար դժվար է:

Սա ուրիշ ոչ մեկի չէի պատմի, Ձեզ պատմեցի, հետեւյալ եզրակացության համար:  Մենք շեշտը չպիտի դնենք այն սխալների ու վրիպումների վրա, որոնք Սերո Խանզադյանի վեպերում ու ընդհանուր հայրենապատումի մեջ կան: Նախիջեւանի ծնունդ եւ նախիջեւանագետ (ինչ ծանր է հնչում՝ նախիջեւանագետ, ոնց որ ասես ցեղասպանագետ, երնեկ այդ բառերը չլինեին, մարդիկ ապրեին իրենց բնակավայրում, եւ ոչ թե դրանք դառնային գիտական ուսումնասիրության առարկա) Արգամ Այվազյանը հոդված գրեց այդ առթիվ: Որովհետեւ տեղանվան, փաստի, թվի բազում սխալներ կային, նաեւ մոտավոր, չստուգված բաներ կային: Այդպես կարող էր վարվել ասացողը, աշուղը, բայց ոչ գիտնականը, ոչ  գրողը, ոչ Ղեւոնդ Ալիշանը, ում գրքերով ճշտումներ են անում նաեւ այսօր` Հայաստանում քանի բերդ ու ամրոց, տաճար ու մատուռ կա, ինչ կենդանիներ են ապրում եւ ինչ բույսեր են աճում: Մինչդեռ երբեք Հայաստանում չէր եղել:

Եզրակացությունս որն է. շեշտը չպիտի դնել Խանզադյանի գրքերում առկա վրիպումների, անճշտությունների վրա: Շեշտը պիտի դնել այն ոգեղեն ուժի վրա, այն նվիրումի վրա, որ գրողն ուզում էր անցյալի էջերով, պատմության էջերով, պատերազմի էջերով, իր բնաշխարհի էջերով արթնացնել ու ընթերցող դաստիարակել: Իսկ Խանզադյանն իր ընթերցողն ուներ:

Ուսուցիչ հորս քենակալ Սմբատ Ազատյանը մեր տնից տարավ «Մխիթար Սպարապետ»-ն ու չվերադարձրեց: Անընդհատ կարդում էր: Հայրս ասաց՝ թո՛ղ մնա քեզ, ես մեկն էլ ունեմ: Քենակալն արհեստավոր մարդ էր՝ ներկարար: Ձմռան ամիսներին, որ գործ չէր լինում, տանը՝ բազմոցին պառկած, կարդում էր ու լաց լինում: Ուրեմն Սերո Խանզադյանի գիրքը պետք էր մի որոշակի շրջանակի ընթերցողի, իսկ դա քիչ չէ: Թող այսօրվա արհեստավորը ժամանակակից գրողի որեւէ գիրք կարդա ու հուզվի: Չկա՛ այդպիսի բան: Ասածս այն է, որ մեր գրականության գործնական նշանակությունը նաեւ ազգապահպանությունն է, հայի մեջ հայը փրկելը, պահելը, վերականգնելը: Սերո Խանզադյանի գրականությունը լիուլի իր այդ կարեւոր առաքելությունը կատարել է: Այո՛, Սերո Խանզադյանն ուներ իր ընթերցողը: Այդ ընթերցողը կար:

Այդպիսի մի ընթերցող էր նաեւ կնքահայր, մասնագիտությամբ ատամնաբույժ Երվանդ Ղազարյանը, ով մեր տանը ձեռքն առավ Օմար Խայամի քառյակների մանուշակագույն կազմով ժողովածուն եւ սեղանի շուրջ սկսեց մեկ առ մեկ կարդալ ու մեկնաբանել: Վերջում այնքան համառեց, որ հայրս ստիպված այդ գիրքն էլ նրան նվիրեց: Այս գրքից եւս երկրորդ օրինակ ուներ:

Ընթերցողը կար, այդ ընթերցողն ստեղծվել էր, այդ ընթերցողն ամբողջ ժողովուրդն էր, եւ այդ ժողովուրդն էլ ապահովեց Սերո Խանզադյանի ժողովրդականությունը:

- Որքանո՞վ են Սերո Խանզադյանի ստեղծագործություններն ընդգրկված դպրոցական եւ բուհական դասագրքերում, Ձեր կարծիքով ո՞ր ստեղծագործությունները կարելի է ընդգրկել: Հարցն ինքնանպատակ չէ, քանի որ Դուք միջին դասարանների դասագրքերի հեղինակն եք եւ ավագ դպրոցի հումանիտար հոսքի 11-12-րդ դասարանների հայ գրականության դասագրքի հեղինակակիցը:

- Դասագիրքը բարդ հասկացություն է ընդհանրապես: Դասագրքերում այսօր, ցավոք, տեղ չունի այնպիսի հեղինակ, ինչպիսին Երվանդ Օտյանն է: Առանձին դիմանկարներով ներկայացված չեն Հովհաննես Հովհաննիսյանը, Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Վրթանես Փափազյանը, Ավետիս Ահարոնյանը, Վահան Թեքեյանը, Հակոբ Օշականը, Համաստեղը, Վահան Թոթովենցը, Հակոբ Մնձուրին, հայրենի եւ սփյուռքահայ բազմաթիվ այլ գրողներ: Շատ սեղմ է ներկայացված միջնադարը:

Խանզադյանը ներկայացված է ավագ դպրոցի հումանիտար հոսքի 12-րդ դասարանի դասագրքի «Նորագույն շրջանի հայ գրականությունը» բաժնում: Ներկայացված է ակնարկային գլխում, և ոչ թե առանձին դիմանկարով: Քանի որ դասագրքի ընդգրկումը շատ նեղ է, ուստի՝ թեկուզ ակնարկային մասում ներկայացված լինելն արդեն իսկ քիչ բան չէ: Դպրոցից հետո կա բուհ, որտեղ թե՛ Խանզադյանը, թե՛ դպրոցական ծրագրից դուրս մնացած շատ հեղինակներ պարտադիր պետք է ընդգրկված լինեն ուսումնական ծրագրերի մեջ: Այլ բան է, որ արտադասարանական ընթերցանության համար հանձնարարելի է «Մխիթար Սպարապետ»-ը, ինչը եւ որոշ ուսուցիչներ անում են:

- Սերո Խանզադյանի գրական ժառանգությունից ո՞ր ստեղծագործությունը կառանձնացնեիք:

- «Մատյան եղելությանց» վիպակը:

Սերո Խանզադյանի գնահատությունը դյուրին չէ: 18-րդ դարից՝ «Մխիթար Սպարապետ»-ից հետո նա գնաց պատմության ամենախորքերը («Թագուհին հայոց»), եկավ 20-րդ դար` «Խոսե՛ք, Հայաստանի լեռներ», «Նժդեհ», «Շուշի», «Անդրանիկ»: Պատմության բոլոր շրջանները թափանցելու նախասիրություն ուներ, ինչն էլ, ի վերջո, գրողի ստեղծագործական տարերքն է:

«Սերո՛, սո՛տ ես ասում» արտահայտությունը ես հիմա բացատրելու եւ արժեւորելու եմ: Մեծ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսն ասում էր՝ եթե երեխան մի բան է անում եւ դրա փոխարեն մի սուտ է հորինում, մի՛ խանգարեք նրան, նա ապագա ստեղծագործող է. նա ոչ թե ասում է՝ բաժակը ձեռքիցս ընկավ, կոտրվեց, այլ՝ քամին խուժեց սենյակ, պատուհանի փեղկն ուժգին բացվեց, կպավ պատուհանի գոգին դրված բաժակին, բաժակը գլորվեց եւ օրորվելով-շորորվելով ընկավ ու փշուր-փշուր եղավ… Այդպես էլ գրականության մեջ սուտ կա, որ ոչ թե ստախոսության սուտն է, այլ երեւակայության հետ խառնված գեղարվեստական մի շաղախ, առանց որի, հատկապես պատմավեպերում, պարզապես անհնար է անցյալի միջավայր, ժամանակ ու տարածություն ստեղծել: Այդ «սուտը» հետո դառնում է ճշմարտություն՝ նայած թե ինչպես ես դա ներկայացնում: Դարձյալ դիմենք Մարկեսին: Ասում էր՝ պատերազմի նահատակ հերոսներին պիտի ներկայացնեի, որոնց թիվը 30 էր: 30-ը ինձ քիչ թվաց: Ազդեցիկ լինելու համար դիմեցի չափազանցության՝ 30-ը   դարձրեցի 3000: Եվ ինչ, կարճ ժամանակ անց, այդ հարցին նվիրված իր ելույթի մեջ, խորհրդարանի նախագահն օգտագործեց ոչ թե 30, այլ 3000 թիվը: Սուտ էր, բայց ավելի ճշմարիտ էր, քան փաստը, որովհետև մտապատրանքի մեջ վերահաշվարկվել և հասել էր իր լրումին:

Սա մտաբերեցի՝ ասելու, որ գրականությունն ամենեւին էլ հեշտ բնագավառ չէ. փաստից, երեւակայությունից եւ անգամ գեղարվեստական սուտից գրողը հորինում է երկրորդ մի իրականություն՝ նայած ո՞վ է հորինողը, նայած ինչպե՞ս է հորինում: Դա կդառնա՞ արվեստի փաստ, ուրեմն կկոչվի Մարկես, գեղանկարչության մեջ՝ Պիկասո, Դալի, չի՞ դառնա, ուրեմն ընդհանրապես չի հիշվի…

Այսպես իր նյութի մեջ Սերո Խանզադյանն ի՛ր աշխարհն էր ստեղծում՝ իրական եւ երեւակայական, փաստով վկայված եւ հորինովի… Լա՞վ է, թե՞ վատ է՝ իրե՛նն է, ի՛նքն է: Սա իմիջիայլոց չեմ ասում: Պատմական ժամանակի մեջ միջավայր, հարաբերություններ, ներքին կենցաղ ստեղծելը շատ ավելի դժվար է, քան գործողությունների ու իրադարձությունների դիպաշարը: Այստեղից էլ՝ երեւակայության բացառիկ դերն ու հորինելու արվեստը:

Իսկ հորինելը հեշտ բան չէ: Կինը, ծաղիկը, միրգը, բնապատկերը մշտապես աչքի առջեւ են, բայց առանց բնորդի նկարիչները չեն նկարում, ոչ թե չեն կարող, այլ նրանց իրականությունը շատ ավելի տեսողական է, քան հիշողությամբ: Համամասնության, մանրամասների, նրբերանգների հարցեր կան, առանց որոնց անհնար է ստեղծագործել: Նույն կերպ գրականության մեջ կան ժամանակի, տարածության, մասշտաբի հարցեր, կենդանի միջավայր ստեղծելու պահանջ, բաներ, որոնք իրական բնորդներ չունեն, ինչ էլ կա, շատ չնչին է, ահա այստեղ է, որ թափ են առնում ստեղծագործական երեւակայությունը եւ հորինելու անհրաժեշտությունը: Խանզադյանի հորինելու արվեստը՝ այդ գեղարվեստական սուտը, նուրբ գրականագիտական ուսումնասիրության նյութ է: Ես առաջադրում եմ, խնդրե՛մ, թո՛ղ զբաղվեն, թող ա՛յս տեսանկյունից արվեստագետի հայացք ուղղեն Խանզադյանի ստեղծագործությանը:

Ահա, նաեւ այս տեսակետից ես գնահատում եմ «Մատյան եղելությանց»-ը. ըստ իս, նրա լավագույն գործն է: Ունի նաեւ լավ պատմվածքներ: Ժամանակին չճարվող գիրք էր եւ ձեռքից ձեռք էր անցնում «Մխիթար Սպարապետ»-ը: Դասական, ավանդական պատմագրության ոգով, ոճով գրված գործ է:

Նորից եմ կրկնում, չպիտի անտեսենք ընթերցողական շերտերը, ամեն մի շերտ ունի իր նախասիրած գրականությունը: Մի՛ մոռացեք. ի վերջո, Խանզադյանը խորհրդային դարաշրջանի ու մտայնության գրող էր: Իսկ այդ մտայնության պահանջը գրականությունը ժողովրդականացնելն էր: Գործում էր «Արվեստը ժողովրդինն է» կարգախոսը եւ այսպես, թե այնպես լուսավորում ժողովրդական զանգվածներին: Խանզադյանն ա՛յդ գրողն էր եւ դրա համար էլ ստացավ Սոցիալիստական աշխատանքի հերոսի ոսկեձույլ աստղ: Վեպերը թարգմանվում էին ռուսերեն եւ այլ լեզուներով ու վարձատրվում շատ բարձր հոնորարով:

- Սերո Խանզադյանը, ինչպես արդեն նշեցինք, վեպեր է գրել, կուզեինք, որ Դուք արժեւորեիք դրանք, թեեւ դրանց մի մասին մասնակիորեն անդրադարձաք:

- Ես արդեն ինչ-որ չափով անդրադարձա Ձեր հարցին, ուստի շարունակեմ: Դուք պիտի հիշեք 1960-1980, անգամ 1990-ական թվականները, երբ յուրաքանչյուր պատմավեպի համար ժողովուրդը հերթ էր կանգնում, անգամ գրախանութի ցուցափեղկի ապակիներն էին կոտրում: Եղե՛լ է այդպիսի դեպք: Հիշե՛ք խորհրդային ժամանակները, հիշե՛ք, թե դպրոցներում ինչքան ժամաքանակով էր դասավանդվում «Հայոց պատմություն»-ը, ավելի վաղ՝ դպրոցներում ազգային պատմություն ընդհանրապես չէր դասավանդվում, իբր «նացիոնալիզմ» էր. մեր պատմական անցյալի իմացության սով կար մարդկանց մեջ, բռնագաղթի ճանապարհներով անցած հայերն իրար հանդիպելիս ամեն մեկն իր հայոց պատմությունն էր պատմում, բակերում հավաքված ծերունիներն հայոց պատմության դրվագներ էին իրար հիշեցնում, մեկը մյուսին լրացնելով` պարծենում, որ եղել են Անդրանիկի զինվորը: Ահա նաեւ այս տեսանկյունից պիտի գնահատել Խանզադյանի պատմավեպերը: Այո՛, այդ պատմավիպասանությունն ուներ իր ըն-թեր-ցո-ղը: Եվ դա անկախ նրանից` փաստերը ճի՞շտ էին, թե՞ մոտավոր, շա՞տ էին, թե՞ քիչ, մեկնաբանությունները համոզի՞չ էին, թե՞ հարցեր հարուցող: Կրկնում եմ՝ անգամ որոշները, գեղարվեստական տեսակետից բարձրարժեք չլինելով, անհրաժեշտ դերակատարություն ունեին՝ ժողովուրդ էին պահում: Ասեմ նաեւ՝ 1988-ի պոռթկումը նաեւ այսպիսի գործերով է պայմանավորված: Պիտի նաեւ «Մխիթար Սպարապետ»-ը կարդային, որ ոտքի ելնեին, «Թագուհին հայոց»-ը կարդային, ես այսպես եմ գնահատում նրա թե՛ վեպերը եւ թե՛ ամբողջ գրական վաստակը՝ հանրային կյանքում ունեցած արձագանքով ու անդրադարձով:

Այս կապակցությամբ եւս մի միջարկում անեմ: Անկախությունից առաջ էր, Երեւանում զրուցում էի ուկրաինացի հայագետ, թարգմանիչ, հետագայում ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հետ: Խոսում էինք պատմավեպերից, այդ թվում՝ նաեւ Խանզադյանի: Եվ Բոժկոն ասաց. «Ա՛յ, ձեզ թույլ են տալիս ձեր անցյալը ներկայացնող պատմավեպեր գրել, տպագրել ու տարածել: Իսկ մեզ թույլ չեն տալիս: Մեր պատմական անցյալը մեզ համար փակ է, բաց է սոսկ այնքանով, որքանով Ռուսաստանի հետ բարեկամության հարց կա: Այդ իսկ պատճառով մտադիր ենք ձեր բոլոր պատմավեպերը թարգմանել ուկրաիներեն: Դրանք մեզ պետք են»: Մտադիր էին թարգմանել նաեւ Խանզադյանի «Մխիթար Սպարապետ»-ը: Ուկրաինական վերջին դեպքերը, որ սկսվեցին 2013-ի փետրվարից եւ շարունակվում են առ այսօր, եկան համոզելու, որ մեր՝ այդ թվում նաեւ Խանզադյանի պատմավեպերը, իրոք, ոչ միայն մեզ, այլեւ նրանց էին պետք:

- Պարո՛ն Գասպարյան, ասես նրա վերջին պատմավեպերը` «Անդրանիկ», «Նժդեհ», «Շուշի», աննկատ մնացին, ի՞նչն է պատճառը:

- Սերո Խանզադյանն ուներ իր գեղարվեստական համակարգը: Դա պատմողական, նկարագրական, դիպաշարային արձակն է: Այդ համակարգում այս վեպերը կայացած են: Համենայնդեպս, շատ հեռու չեն «Մխիթար Սպարապետ»-ից, ինչը նրա հաջողված պատմավեպն է: Այնպես որ, մեղքը ոչ թե պատմավեպերինն է, այլ ժամանակինը: Հիշե՛ք այդ մութ ու ցուրտ տարիները, այդ ժամանակ ե՛ւ ընթերցողը փոխվեց, ե՛ւ ժամանակը փոխվեց… Խանզադյանը, ինչպես նաեւ շատ գրողներ, կորցրեցին իրենց ընթերցողին: Դա նույնն է, ինչ թատրոնն առանց հանդիսականի, համերգասրահն առանց ունկնդրի… Իսկ գրական մամուլն այլեւս կազմակերպված մոտեցում չուներ գեղարվեստական ժառանգության հանդեպ: Շա՛տ բան փոխվեց: Ինչո՞ւ եք ասում՝ աննկատ անցավ, ի վերջո ընթերցողական մի շերտի հիշողության մեջ մնաց, չէ՞: Իսկ դա եւս քիչ բան չէ: Պետք չէ ամեն մի հարցում առավելապաշտ լինել: Միշտ պետք է հաշվի առնել առկա իրավիճակը: Այո՛, այդ վեպերը նախկինների նման չգրախոսվեցին, մրցանակների չարժանացան, բայց աննկատ էլ չմնացին: Ընդհանուր ստվերային ժամանակ էր, ստվերը ծածկել էր ամեն ինչ, այդ թվում՝ նաեւ գիր ու գրականություն: Եկեք նաեւ չմոռանանք ժողովրդի խորունկ հիասթափությունը. ինչի համար էր պայքարում եւ ինչի հասավ: Սա շատ լայն խոսակցություն է, իսկ ժամանակի հոգեւոր կյանքը՝ այդ թվում Խանզադյանի վիպասանությունը, պետք է դիտենք այս տեսադաշտում, այս պատճառակցական կապերի մեջ: Եթե մարդու տանը լույս չկա, գիրքը տանի, ինչպե՞ս կարդա, եթե հաց չկա եւ ի՛նքն էլ, երեխանե՛րն էլ մրսում են՝ ո՞ւմ համար կարդա…

Որքան էլ ցավալի է, դա գրքերը փողոց թափելու ժամանակ էր, հերթը հասավ նաեւ դասականների հատորներին: Երեւանում այնքա՜ն եմ տեսել: Տեսել եմ նաեւ Սերո Խանզադյանի գրքերը, հատորները: Սա ոչ թե մեր ժողովրդի, այլ մեզ պարտադրվող նոր՝ արդեն իսկ ազգուրաց ժամանակների ամոթն էր, ինքնուրացման տարերքը տանում էր դեպի հիշողության կորուստ, դեպի հրահրվող արտագաղթ. այդ պայմաններում՝ էլ ի՜նչ գիրք, էլ ի՜նչ գրականություն: Ահա այս պահից, հոգեբանական այս շրջադարձից էլ սկսվեց մեր ժողովրդի, այս դեպքում՝ մեր ընթերցողի բարոյական այլասերումը: Իշխանությունների հետ մեկտեղ նաեւ մենք՝ մտավորականներս, համենայնդեպս՝ ազդեցիկ անունները, բազմամրցանակակիր ժողովրդականները ժողովրդին հասցրին այդ վիճակին եւ պե՛տք է այդ պատասխանատվությունը կրեն: Իսկ մտավորական մի լավ շերտ այդ տարիներին դեռեւս կար: Հաղթանակած ժողովուրդը փախչում էր իր հայրենիքից, ասես ոտքերի տակ հողն այրվում էր: Գյուղերից ու քաղաքներից քոչն առած գնում էր մի ամբողջ ժողովուրդ, նաեւ մտավորականություն, նաեւ գրական մարդիկ: Խոսում էիր հետները, դիմացդ արդեն ոչ թե հայն էր, այլ հակահայը: Հիշում էին իրենց նախկին ու ներկա վիրավորանքները և դարձնում ճակատագիր:

Ժողովրդին սթափության կոչողները քիչ էին, քչերից մեկը Խանզադյանն էր, որ անհողդողդ մնաց իր հողին կպած եւ իր պատմական հերոսների ազգային բարոյականությանը հավատարիմ:

Հետո ժամանակային անցումները շատ արագ եղան: Դարաշրջան փոխվեց: Պատերազմը բացեց մարդկանց աչքերը: Նոր ժամանակն արդեն ուրի՛շ բան էր որոնում, իրական հերոսներն աչքի առաջ էին, եւ կյանքի ճշմարտությունը (դաժան բան է) փակում էր գեղարվեստական սուտի ու հորինվածքի ճանապարհը: Ա՛յս էլ կար: Եվ այդ տարիներից սկսած, չգտնելով իր նոր ասելիքը, իր տեղը հանրային գիտակցության մեջ՝ գրականությունը մղվեց ետնախորշ: Գրականությունը կորցրեց ժողովրդին առաջնորդող իր դերն ու նշանակությունը: Ժողովուրդը կտրվեց գրականությունից, որովհետեւ չստացավ իր հարցերի պատասխանը: Բացի դրանից՝ նաեւ ընդարձակվեց տեղեկատվական ցանցը` փակ աշխարհը բացվեց նրա առջև:

Խանզադյանն արդեն ավարտում էր գրական ճանապարհը: Վերջին ծրագրերը համենայնդեպս հասցրեց իրականացնել: Ավելի երիտասարդները մատնվել էին շվարումի: Ի՞նչ գրել, ինչպե՞ս տպագրել, ո՞ւմ համար գրել: Ժամանակ էր պետք կողմնորոշվելու համար, բայց մինչ կկողմնորոշվեին՝ ժամանակը նրանց նո՛ր խնդիրների առջեւ էր կանգնեցնում՝ ազգային, հանրային, սոցիալական, հոգեբանական, քաղաքական:

Անցումային այս ճգնաժամը Խանզադյանը տեսավ եւ ապրեց, բայց ավանդույթ ունեցող նրա ստեղծագործական նկարագիրն իր ճանապարհն ուներ… Եվ պատահական չէ, որ արդեն մահվան մահիճում հրատարակեց «Աղբյուր Սերոբ» գրքույկը (Երեւան, 1998, 16 էջ), որ Անանուն հեղինակի համառոտված հուշագրություն է: Գրողը կյանքից հեռացավ վերջին պարտականությունը կատարած դիրքապահ զինվորի պես:

Իսկ ինչ վերաբերում է այդ ազգապահպան հերոսներին` Անդրանիկ, Նժդեհ, նրանք ինձ համար պատմության մեջ արդեն Վարդան ու Վահան Մամիկոնյանների կողքին են: Հապա մի հիշեք զորքին և ժողովրդին ուղղված նրանց խոսքը ճակատագրական պատերազմներից առաջ: Նրանք ինձ համար նման են նաև մեր տարաբխտ Փոքր Մհերին: Անդրանիկն անժառանգ մնաց, հեռացավ ու փակվեց Ֆրեզնոյում: Ազգային հերոսը, հայրենիքից հալածական, փայտե փոքրիկ աթոռներ` նստակներ էր պատրաստում և հինգ դոլարով վաճառում, որովհետև դեռ պետք է ապրեր: Եվ ֆրեզնոյի հայերը գնում էին, որովհետև Անդրանիկն էր պատրաստել.իրենց աթոռ պետք չէր, իրենք դրանով իրենց հարգանքն էին բերում  Զորավարն:

Զնդաններում փակվեց նաև Նժդեհը…

- Ընդհանուր կարծիք կա, որ մեր օրերում վեպի, մասնավորապես, պատմավեպի ժանրը նահանջ է ապրում, այդպե՞ս է:

- Գրականությունը, դժբախտաբար, հեռացավ իր հիմնական կոչումից, եւ դա զուգադիպեց մեր անկախության տարիներին: Գրականությունն ավելի ներանձնացավ, անհատականացավ, շատ կարեւոր ազգային, հանրային, պատմական, քաղաքական խնդիրներ դուրս մնացին գրողների տեսադաշտից, դա չգիտեմ ինչով բացատրել: Իհարկե, գիտեմ, կբացատրեմ: Մենք ապրեցինք պատմական, քաղաքական վիթխարի տեղաշարժերի մի ժամանակաշրջան՝ ԽՍՀՄ-ի փլուզում, Արցախյան պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ, հետո արմատական փոփոխություններ՝ հիասթափություն ժողովրդավարության կոչերից, համաշխարհայնացում, ազգային արժեքների արեւմտականացում: Այս բոլորը մեզնից յուրաքանչյուրն զգաց իր մաշկի վրա:

Ես չեմ տեսնում այն վեպը, որի մեջ այս ամենն արտացոլված լինի: Իսկ մեր ժամանակի վեպը հենց նման բովանդակություն պիտի ունենա: Եթե այդ վեպը չկա, մնացածը կա՛մ հավելված է, կա՛մ կարող է հետաքրքրական լինել, ուշագրավ լինել, բայց ոչ գլխավոր, ճակատային նշանակություն ունենալ: Այլեւս չես կարող պատմական հայրենիքի ոգեկոչումով առաջվա նման գրականություն ստեղծել, քեզանով հիացող ընթերցող ունենալ: Պատմական հայրենիքի ճանապարհները բաց են, որպես զբոսաշրջիկ գնա՛, շրջագայի՛ր եւ վերադարձի՛ր:

Նոր վեպի, նոր տարածաժամանակային ընդգրկումների, նոր բանարվեստի ժամանակն է: Ասելիքի բովանդակությունն ու ասելու ձեւը պիտի փոխվեն: Այնպես, ինչպես մեր պատմական հայրենիքը ոգեկոչում էին Բակունցը («Ծիրանի փողը»), Դաշտենցը («Ռանչպարների կանչը»), Գալշոյանը («Մարութա սարի ամպերը») եւ ուրիշներ, հիմա այլեւս անհնարին էր: Այդ ամենը նոր իրականության առջեւ դառնում է բանահյուսություն:

Դարաշրջան փոխվեց, ուրեմն նաեւ գեղարվեստական նոր հայեցակարգ պիտի մշակվեր, մինչդեռ չթողեցին, որ մշակվի: Միտքս կիսատ չթողնելու համար ավելացնեմ. սկսվեց անցյալի վերագնահատության մի անհրաժեշտ գործընթաց, բայց դրա դեմ ընդվզեցին անցյալին կառչած ձեր այդ բոլոր տեսակի սիլվակապուտիկյանները, անահիտսահինյանները եւ նրանց պոչը բռնած համեմատաբար երիտասարդ ոչինչները: Մաքրագործումը, զտումը, ինչպես հարկն է, չկայացան: Նրանցը 1937-ի ջարդարարներ, հետո արդեն իրենց գրական հայրեր Նաիրի Զարյանն ու Հրաչյա Քոչարն էին: Նրա՛նք էլ մնացին որպես սրբության սրբոց: Ի՜նչ Չարենցի անտիպներ, ի՜նչ Բակունցի հավատաքննություն, Թոթովենցի եւ շատերի գնդակահարություն, Մահարու, Լեռ Կամսարի եւ մյուսների աքսոր: Ի՜նչ պատմական ճշմարտություն, երբ այդ «ճշմարտությունը» կա՛մ իրենք էին գրել, կա՛մ իրենց ուսուցիչները: Այս դիրքերից սկսեցին ինձ հալածել, զրպարտել, եւ նրանց այդ մտայնությունը շարունակողներ եղան:

Այս բախտորոշ պահին Խանզադյանը պատմական ճշմարտության բացահայտման կողմնակից էր, պաշտպանում էր ինձ, ոգեւորում, խրախուսում: Իմ հոդվածների կապակցությամբ անպայման զանգահարում եւ երկար զրուցում էր: Նրա այս ազնիվ քաղաքացիական պահվածքը ինձ ոգեւորում էր:

Այդուամենայնիվ, Ձեր ակնարկած վեպը նոր ձեւափոխություններով պահպանվեց: Խնդրեմ, հետեւեք այս անուններին՝ Լեւոն Խեչոյան, Վարդան Գրիգորյան, Վահագն Գրիգորյան, Հովիկ Վարդումյան, Բակուր, Պերճ Զեյթունցյան, Մաքսիմ Հովհաննիսյան, Նորայր Ադալյան, Արմեն Շեկոյան, Վարուժան Այվազյան, Ալեքսանդր Թոփչյան, Էդուարդ Խաչիկյան, Ռաֆայել Սահակյան: Օտարագիր հայ գրողներից՝ Վիկտոր Գարդոն (Վահրամ Կաքավյան), Վահե Քաչա, Մայքլ Արլեն Կրտսեր, Դավիթ Խրդյան, Սեւդա Սեւան, Վարուժան Ոսկանյան, Փիթեր Բալաքյան… Ավագներին` Սարոյան, Սյուրմելյան և ուրիշներ, էլ չեմ հիշում: Օտարագիր հայ գրողների ժառանգությունը միջազգային ճանաչում ունի: Լավ է, որ թարգմանվում է հայերեն եւ ընդգրկվում ժամանակակից հայ արձակի ընդհանուր տեսադաշտում:

Անունները թվարկեցի Ձեզ համար՝ Ձեր հարցն անպատասխան չթողնելու նպատակով:

Կա թե՛ պատմությունը՝ հիմնականում 1915 թվականի ցեղասպանություն եւ Արցախյան պատերազմ, թե՛ պատմության անդրադարձը հուշի, վերհուշի ձեւով: Պատմությունն այսպես թե այնպես կա, բայց չկա ժամանակակից ամբողջական մարդը՝ հերոսը, որ այդ ամենն իրականության համադրություններով կրի իր մեջ:

Այդ իսկ պատճառով ես բազմաթիվ հոդվածներով, ելույթներով հանդես եմ եկել, խոսել այդ մասին, որ չկա ամբողջական մարդը, չկա բուն իրականությունը, մենք մի տեսակ խույս ենք տալիս այդ դաժան, կոպիտ, անկիրթ իրականությունից, որտեղ միայն դժգոհ ու վիրավորված մարդիկ են, ովքեր իրար հանդիպելիս ոչ թե մեկը մյուսով են հետաքրքրվում, այլ երկրի պատմական ճակատագրով, որ ոչ թե անցյալի մեջ է, այլ իրենց ներկա օրն է: Մեր երկիրը քանդվում եւ ավերվում է, մեր ժողովրդի կեսը, գուցե եւ ավելին, արդեն դրսում է, ո՞ւր է այս ամենը պատկերող, ներսն ու դուրսն ի մի բերող, հոգեբանորեն վերլուծող գրականությունը: Այո՛, եթե այդ գրականությունը լինի, նորից իր հետ կբերի պատմական փաստերի եւ այլեւայլ իրողությունների հանդեպ ուշադրություն, հետաքրքրություն, ինչպես առաջ էր:

Ես եղած գրականությունը հիմնահատակ չեմ ժխտում, հանկարծ նման տպավորություն չստեղծվի: Թվարկեցի անուններ, ովքեր գրում են ե՛ւ Արցախյան պատերազմի մասին, ե՛ւ ժամանակակից կյանքի տարբեր դրսեւորումների մասին, բայց այն երեւույթ գիրքը, այն գլխավոր գիրքը, որ մարդ ուզենար ունենալ եւ ասեր՝ ահա՛ ժամանակի գիրքը, դժբախտաբար, մեր սեղանին չէ: Կարծում էի՝ Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» կլինի, բայց, չէ՛: Սպասումն ավելին էր: Անհարկի գերագնահատումներ չեմ ուզում անել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: