10/21/2019

Կապանի լեռնահանքային ձեռնարկության նոր սեփականատերը «Պոլիմեթալ ինթերնեյշնլ» ռուսական ընկերությունն է

Կապանի լեռնահանքային ձեռնարկության նոր սեփականատերը «Պոլիմեթալ ինթերնեյշնլ» ռուսական ընկերությունն է

Մարտի 2-ին տեղի ունեցավ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի մամլո ասուլիս, որի ընթացքում Հրաչ Ջաբրայանը տարբեր հկ-ների ներկայացուցիչներին, լրատվամիջոցներին ներկայացրեց «Դանդի փրիշս մեթալս» ընկերության՝ այսօր հրապարակված մամլո հաղորդագրությունը: Համաձայն դրա՝ կանադական «Դանդի փրիշս մեթալս» ընկերությունը Կապանի հանքավայրի վաճառքի շուրջ հստակ համաձայնության է եկել ռուսական «Պոլիմեթալ ինթերնեյշնլ» ընկերության հետ: Մինչեւ 2016թ. հունիսի 30-ը, համաձայն պայմանավորվածության, առուվաճառքի հետ կապված բոլոր գործողությունները կավարտվեն:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «2006թ. Կապանի հանքը ձեռք բերելուց հետո ընկերությունը մեծ աշխատանք է կատարել Կապանի հանքի արդիականացման ուղղությամբ եւ ներդրումներ կատարել նրա աշխատողների զարգացման համար: Բայց Կապանի հանքը ռազմավարական առումով այլեւս իրենց գործունեությանը չի համապատասխանում: Վաճառքից ստացված հասույթը կծառայի՝ ավելացնելու մեր հաշվեկշիռը եւ նվազեցնելու հետագա կապիտալ ծախսերի հետ կապված պահանջները, որոնք կարող են օգտագործվել մեր բիզնեսի հետագա աճի խթանման համար»:

«Պոլիմեթալ ինթերնեյշնլ» ընկերությունը հանքավայր մշակելու համար ունի բոլոր հնարավորությունները, մասշտաբը եւ տարածաշրջանային փորձը: Այն ռուսական հանքարդյունաբերական առաջատար ընկերություններից է, որ զբաղվում է ոսկու եւ արծաթի արտադրությամբ եւ իր գործունեությունը ծավալել է Ռուսաստանում եւ Ղազախստանում: Այն ունի վեց գործող հանք, երկու հետախուզական եւ երկու հանքավայրի մշակման նախագիծ, եւ աշխատակիցների թիվը հասնում է 9000-ի: Հաղորդագրության մեջ նշված է նաեւ, որ ինչպես «Դանդի փրիշս մեթալս» ընկերությունը, այնպես էլ այս ընկերությունը նպատակադրված է իրենց շահառուների համար ստեղծել բարենպաստ կայուն պայմաններ:

Ինչպես նշել էր հաղորդագրության մեջ «Պոլիմեթալ ինթերնեյշնլ» ընկերության գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսը, Կապանի հանքավայրի ձեռքբերումը կհանգեցնի մեծածավալ արտադրության, տարածքային շահութաբեր հանգույցի, ինչպես նաեւ իրենց պատկանող Լիճքվազի հանքավայրի հետ կապի ստեղծմանը, որն ապագայում կապահովի կայուն գործառնական հարթակ Հայաստանում այլ հնարավորությունների զարգացման համար:

Հրաչ Ջաբրայանը նշեց, որ մինչեւ գործարքի ավարտն ընկերության աշխատանքները կընթանան բնականոն հունով, եւ շնորհակալություն հայտնեց 2006թ. առ այսօր Կապանի եւ Հայաստանի իրենց բոլոր շահառուներին, ընկերության աշխատակիցներին, համայնքին, քաղաքացիական հասարակությանն ու կառավարությանը: «Մենք հավատում ենք, որ այսօրվա հայտարարությունը հիմք կդնի համայնքի եւ պետության բարգավաճման նորացված ժամանակաշրջանին, իր հետ կբերի նորանոր զարգացման ծրագրեր»,- նշեց Հ.Ջաբրայանը:

Նա հավաստիացրեց, որ նման որոշման հանգել են ամիսներ շարունակ թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում եւ թե՛ ընկերության ռազմավարության հետ կապված համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց հետո:

Կադրային փոփոխությունների, աշխատատեղերի կրճատման, աշխատավարձի նվազեցման հետ կապված հարցերին ընկերության տնօրենը չի կարող պատասխանել. հավաստի է միայն այն, որ ընկերության գլխավոր տնօրենը հաստատ կփոխվի մինչեւ հունիսի 30-ը կամ ավելի վաղ: Հարցին, թե ընկերության համար նման որոշում կայացնելը կապված է արդյո՞ք ՀՀ ֆիննախի կողմից նշանակված տուգանքի հետ, Հ.Ջաբրայանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ դեռեւս գործն ընթացքի մեջ է: Իսկ թե ինչու է հասարակությունն ուշացումով տեղեկացվում այդ վաճառքի մասին, պայմանավորված է բիզնեսի էթիկայի կանոններով:

Ի դեպ, հանքավայրի վաճառքի հետեւանքով կանադական ընկերությունը ստացել է 10 մլն դոլար կանխիկ գումար, 15 մլն դոլար արժողությամբ «Պոլիմեթալ ինթերնեյշնլ» ընկերության բաժնետոմս եւ հանքավայրի ձուլարանի շահույթի 2%-ը (չպիտի գերազանցի 25 մլն դոլար):

Հրաչ Ջաբրայանը պատասխանեց նաեւ ընկերության ձեռքբերումներին, բացթողումներին վերաբերող հարցերին, խոսեց այն ծրագրերից, որոնք կիսատ մնացին: «Կապանի հանքավայրի վաճառքը դեռեւս չի նշանակում, որ կանադական ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում. դեռեւս Վարդենիսի եւ Վաղաշենի հետախուզության լիցենզիաներն ընկերության ձեռքում է», - նշեց ընկերության գլխավոր տնօրենը:

Վերջինս հավաստիացրեց նաեւ, որ Կապանում իր բարեգործությունը շարունակվելու է. նա պատրաստվում է կապանյան բիզնեսի ոլորտում ներդրում կատարել:
Հրաչ Ջաբրայանը նշանակվել է «Դանդի փրիշս մեթալս» ընկերության փոխնախագահ:

Հկ-ների ղեկավարները շնորհակալություն հայտնեցին այս տարիների համագործակցության համար՝  հույս ունենալով, որ նոր ղեկավարությունը կշարունակի ընկերության ավանդույթները: Հրաչ Ջաբրայանը խոստացավ, որ ընկերության կատարած աշխատանքների մասին առաջիկայում կհրավիրվի ամփոփիչ մամուլի ասուլիս:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: