10/21/2019

Մ-2 միջպետական ճանապարհի Սիսիան-Գորիս հատվածն ուղղակի անանցանելի է

Մ-2 միջպետական ճանապարհի Սիսիան-Գորիս հատվածն ուղղակի անանցանելի է

Ուղիղ երկու տասնամյակ առաջ՝ 1996 թվականի փետրվարի 21-ին, ստեղծվեց «Սիսիանի ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: «Բացարձակապես ոչինչ չունեինք, ավելի ճիշտ՝ դուրս գրված մի ասֆալտագործարան եւ մի քարջարդիչ: Դրեցինք-հավաքեցինք, դարձավ ձեռնարկություն», - ընկերության հիմնադրումն է ներկայացնում տնօրեն Հրաչ Գաբրիելյանը, ով անցել է ճանապարհաշինարարի բոլոր աստիճաններով՝ պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմոբիլային ճանապարհների շինարարության բաժինն ավարտելուց հետո աշխղեկից հասնելով ընկերության տնօրենի պաշտոնին: Ընկերությունը, նախեւառաջ, սպասարկում է Մ-2 միջպետական ճանապարհի Սիսիանի դարպասներից մինչեւ Գորիսի սահմանն ընկած ճանապարհահատվածը: Այս օրերին Սիսիանից Գորիս կամ հակառակ ուղղությամբ երթեւեկելիս վարորդը դժվարությամբ է հաղթահարում միջպետական ճանապարհի 114-119 կմ հատվածը, որտեղ ձմռանից հետո փոսեր են գոյացել: Հրաչ Գաբրիելյանը բացատրում է, որ ասֆալտը տասը տարուց ավելի չի դիմանում, զանգվածաբար քայքայվում է, հինգ տարին մեկ պիտի նորոգել, ասֆալտի նոր շերտ փռել, մանավանդ որ միջպետական ճանապարհի՝ ընկերության սպասարկմանը (ամառային թե ձմեռային) բաժին ընկած հատվածը ծանրաբեռնված է, այդտեղով են անցնում դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Իրանի Իսլամական Հանրապետություն ուղեւորվող ավտոմոբիլները:

«Անցած տարի ձեր նշած հատվածի եւ ողջ միջպետական ճանապարհի փոսային նորոգումների համար 50 մլն դրամ էր հատկացվել, բայց միայն փոսային նորոգումներով ճանապարհ չես պահի: Երրորդ տարին է՝ այդ ճանապարհի ոչ մի կիլոմետրի վրա ասֆալտ չի արվում, ինչքան էլ փոսային նորոգում անենք՝ մեկ է, չի մնալու, կամ փակված փոսի մոտ նորն է գոյանալու», - բացատրում է փորձառու ճանապարհաշինարարը:

«Իսկ վերադաս մարմինները տեղյա՞կ են այդ մասին», - հարց է հնչում: «Իհարկե, տեղյակ են, անցած տարի գրություն էի ուղարկել այդ հատվածի նորոգման համար, գարուն է բացվել, նորից եմ գրելու», - պատասխանում է: Իսկ որպես ժամանակավոր լուծում, խիճ ու ավազ են լցնում փոսերը, որ փոքրիշատե տանելի լինի երթեւեկությունը:

Ասֆալտի ծածկի քայքայումը եւ փոսեր գոյանալը ճանապարհաշինարարը կապում է այն բանի հետ, որ ձյան տեղումներից հետո ճանապարհներին ավազի հետ աղ են ցրում, ինչն էլ քայքայում է ասֆալտը: «Ավելի նպատակահարմար է համարում խարամը (շլաք)», - բացատրում է:

Այս ձմռանն առանձին օրերի ձյան առատ տեղումներ եղան, մանավանդ նոր տարվա նախաշեմին եւ դրանից հետո, պատահել է՝ որոշակի ժամանակով կաթվածահար է եղել միջպետական ճանապարհը, փրկարարներն են օգնության հասել: Ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով խնդրահարույց է մնում Սիսիանի դարպասներ-Գորհայք ճանապարհահատվածը, որ փակվելու վտանգի տակ է լինում միշտ: Եղանակի մասին հաղորդագրություններում էլ հաճախակի հիշատակվում է այդ տեղանքը՝ կամ ձնաբուք է լինում, կամ մերկասառույց: Նրա փոխանցմամբ՝ ձմեռային սպասարկման համար նախատեսված միջոցների զգալի մասը ծախսվում է այդ հատվածը բանուկ պահելու համար: «Պիտի ձնաբքի ժամանակ էլ դուրս գաս, ճանապարհը մաքրես, ասում են՝ տեսանելիություն չկա, միեւնույն է՝ պիտի մաքրվի: Եթե մտածեմ, որ քամին կտրվի, նոր մաքրեմ, հաշվիր, որ ճանապարհը միշտ փակ է լինելու: Դեկտեմբերի 31-ին էլ՝ կեսգիշերին, կոլեկտիվով դուրս էինք եկել», - ներկայացնում է իրողությունը:

«Սիսիանի ճանշինը» սպասարկում է նաեւ մարզային ճանապարհները, առատ ձնատեղումների ժամանակ հեռավոր, լեռնային համայնքները չե՞ն կտրվում արտաքին աշխարհից: «Ամենաբարդը Անգեղակոթ-Շաղատ-Բարձրավան ուղղությունն է, որտեղ հաճախակի են քամիներ լինում, ճանապարհը բացում ենք ձյունից, նորից քամին բերում-լցնում է: Որ ասենք ամեն տեղ լինում ենք, ճշմարտության դեմ մեղանչած կլինենք, եթե ճանապարհը վատ է լինում, գյուղապետը զանգում է, տեխնիկա ենք ուղարկում ճանապարհը բացելու համար, - մանրամասնում է Հ.Գաբրիելյանը:

Հերիքո՞ւմ են պետպատվերի շրջանակում տրվող գումարները ճանապարհների սպասարկման համար: Տեղեկանում ենք, որ անցած տարի յոթ տոկոսով ավելացրել են հատկացվող միջոցները: Բայց ճանապարհաշինարարին այլ խնդիր է հուզում: Մեկ կիլոմետր ճանապարհ սպասարկելու համար նույն գումարն են հատկացնում ե՛ւ Արտաշատի, ե՛ւ Մեղրու ե՛ւ Սիսիանի ճանապարհաշինարարական կազմակերպություններին: Այս դեպքում էլ գործում է համահարթեցման սկզբունքը: Ինչպե՞ս կարելի է Արարատյան դաշտի մեկ կիլոմետր ճանապարհի ձմեռային պահպանության համար նախատեսված գումարը հավասարեցնել Սիսիանի դարպասներ-Գորհայք ճանապարհահատվածի կամ Մեղրու լեռնանցքի մեկ կիլոմետրի համար նույն նպատակով տրվող գումարի հետ: Ճանապարհների ձմեռային սպասարկման համար տրվող գումարների չափը վերանայելու անհրաժեշտություն վաղուց է ծագել:

Նույն նկատառումն ուներ մեր զրուցակիցը շինանյութի առումով: Նույն բիտումով են ասֆալտե ծածկ անում ե՛ւ մայրաքաղաքում, ե՛ւ Սիսիանում, ե՛ւ Մեղրիում: Նա, օրինակ, հիշում է, որ Սիսիանի դարպասների հատվածում հեղուկ բիտումով են տարիներ առաջ ասֆալտե ծածկ արել, մինչեւ հիմա մնացել է: Իսկ այն բիտումը, որ հիմա իրենք օգտագործում են, Սիսիանի պայմաններում չի արդարացնում:

Սիսիան-Գորիս ճանապարհին նախկինում ճանապարհաշինարարի տնակ էր գործում, որ հիմա անտերության է մատնված: Այս ձմռանն արտակարգ իրավիճակների ծառայությունը փրկարարական վրանային հենակետ էր տեղադրել: Հնարավո՞ր չէ կառույցը, որ որպես ճանապարհաշինարարի տնակ էր ծառայում, վերանորոգել եւ ծառայեցնել նախկին նպատակին: Հ.Գաբրիելյանը դեմ չէր այդ կարծիքին եւ պատրաստ է այդ տնակները (դրանք երկուսն են) տրամադրել փրկարարներին, գտնելով, որ այդ տարբերակն էժան ու շահավետ է, քան ամեն ձմռան վրաններ տեղադրելը: Ինչ վերաբերում է «Սիսիանի ճանշինի»՝ տեխնիկայով ապահովվածությանը, ապա կարծես ձեռնարկության հավաքակայանը համալրված է, բայց դրանց վերաբերյալ տնօրենն իր ձեւակերպումն ունի. «1000 տարվա տեխնիկա է, ոնց էլ լինի, մի բան ջարդվում է, մինչեւ սարքում ես, թանկագին ժամանակ ես կորցնում»: Ինչպես չհիշել ժողովրդական իմաստությունը՝ ամեն ինչ նայում է ժամանակին, բայց ժամանակը ոչ մի բանի չի նայում:

Այս անգամ եւս Հրաչ Գաբրիելյանից հետաքրքրվեցինք Մ-2 միջպետական մայրուղուց թեքվող եւ Զորաց քարերի մոտով Սիսիան մտնող 4,4 կմ ճանապարհի հիմնանորոգումով: Հիշեցնենք, որ նորագույն տեխնիկայով այդ ճանապարհահատվածի հողային պաստառը նորմալ տեսքի էր բերվել: Բայց այն երկար կյանք չունեցավ, եւ այժմ վարորդների համար մեծ փորձություն է այդ ճանապարհահատվածը հաղթահարելը: Որպես նորություն իմացանք, որ այս տարում բարեկարգվելու է այն, բայց թե որ ճանապարհաշինական կազմակերպությունը կիրականացնի, կորոշի այդ նպատակով անցկացվող մրցույթը, եթե, իհարկե, մրցույթ անցկացվի:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: