10/21/2019

«Մենք ուրիշ ենք, իսկ մեր չափն էլ անչափն է»

«Մենք ուրիշ ենք, իսկ մեր չափն էլ անչափն է»

Երբ լսում կամ կարդում ենք, որ ինչ-որ մեկը քաղաքական ապաստան է խնդրել կամ խնդրում, ամեն ինչ պարզ ու հասկանալի է թվում: Այս բառակապակցության իմաստն ավելի խորն ըմբռնելու համար շատ բառարաններ եմ թերթել ու դեռ շարունակում եմ թերթել, բայց իմացածիս դեռ բան չի ավելացել: Հետաքրքրությանս հագուրդ տալու համար փնտրտուքս շարունակելու եմ: Իսկ իմացածս հետեւյալն է. մարդը քաղաքական ապաստան է խնդրում մի այլ երկրից, երբ իր երկրի իշխանությունները նրան քաղաքական հայացքների համար հետապնդում ու հալածում են, սահմանափակում են նրա իրավունքները, զրկում են խոսքի, հավատքի ազատություններից, չեն թողնում իրացնել մասնագիտական ունակությունները: Մի խոսքով՝ նա իր հայրենիքում դառնում է սպիտակ ագռավ, որի վրա քար են նետում բոլորը: Գալիս է մի պահ, ու մարդու համբերությունը հատում է, նա գտնում է, որ այլեւս անհնար է նման պայմաններում ապրել, եւ  նա քաղաքական ապաստան է խնդրում այլ երկրից: 

Քաղաքական ազատությունների հարցում նախկին խորհրդային երկրի կազմի մեջ մտնող հանրապետությունների շարքում դժվար թե մեզանից առաջադեմը լինի: Գուցե թե բացառություն կազմեն մերձբալթյան հանրապետությունները: Սակայն դրանով հանդերձ ամեն կերպ Հայաստանից «փախչելու» եւ այլ երկրի քաղաքացիություն ընդունելու համար ինչերի ասես, որ չեն դիմում որոշ «վայ» հայեր: Բանը հասել է նրան, որ առանձին անհատներ քաղաքական ապաստան խնդրելու իրենց դիմումի մեջ որպես պատճառ նշում են, թե իբր հայրենիքում իրենք հալածանքի են ենթարկվում իրենց ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման համար: Օրինակ, վերջին տարիներին Հայաստանի նախկին քաղաքացիներից շատերն այդ ճանապարհով են ապաստան ստացել Նիդեռլանդներում:

Իսկ հավատի ազատության հարցում մեզ հետ հավասարն ուղղակի չկա: Աղանդների ծնվելու համար մեր երկրում այնպիսի պարարտ հող կա, որ դրանք շատանում են սնկի նման: Մի քիչ ուշադիր եղեք եւ ձեր շրջապատում կնկատեք, որ հարեւաններից մեկի տանը, կամ քիչ հեռու մի այլ բնակարանում պարբերաբար հավաքվում են ձեր շրջապատի հետ բոլորովին կապ չունեցող մարդիկ: Եթե քաջատեղյակ մեկից հարցնես, քեզ կպատասխանեն` հավատացյալներ են, ասել է թե՝ աղանդավորներ են: Իսկ եկեղեցին ի՞նչ: Եկեղեցին «սառցալուռ» է (Հ.Շիրազ): Շարունակենք թեման: Լուսավորչական հավատքից երես թեքողների թվի մեծացման հետ նոր թափ է ստանում եկեղեցաշինությունը: Ջիվանու ականջը կանչի: Երգահանի աստվածատուր շնորհի հետ նա հավանաբար նաեւ պայծառատես է եղել ու մեր օրերի համար է ասել. «Մի քաղաք տեսա,  իրենք հաց չունեն ուտելու, յոթ վանք են կառուցել` խելքի աշեցեք»:

Իրոք, մենք ուրիշ ենք, իսկ մեր չափն էլ` անչափն է (Դ.Դեմիրճյան):

Ինչ է ստացվում, անհատը չի կարողանում ապրել մի երկրում, որտեղ ոտնահարվում են նրա քաղաքական հայացքները, ազատությունները, բայց կարող է ապրել մի երկրում, որտեղ ծնվել, մեծացել է, իր ունակությունների չափով նպաստ բերել այդ երկրի կայացմանը, բայց օր ծերության չի կարողանում իր ֆիզիկական գոյությունը պահպանել այդ նույն երկրի տված կենսաթոշակով, առանձին դեպքերում նաեւ աշխատավարձով: Ու նա թողնում, հեռանում է, այլ կերպ ասած՝ տնտեսական ապաստան է փնտրում օտար ափերում, օտար երկրներում: Երբ լսում ենք, որ մեր երկրից ինչ-որ մեկը քաղաքական ապաստան է խնդրել մի այլ երկրից` ազգովի նրան դավաճան ենք անվանում: Առարկություն չունեմ: Շատ դեպքերում ես էլ եմ համաձայն ձեզ հետ:  Հասկանալի է, որ իրենց «երազած» քաղաքացիությունը ստանալուց հետո լքում են մեր երկիրը ու գնում, արժանիորեն վաստակում այդ պիտակը: Դե լավ, իսկ ինչ անուն, ինչ ածական տանք բոլոր նրանց, ովքեր լավ օրից չէ, որ լքում են հայրենիքը, մեկնում են մի կտոր հաց աշխատելու իրենց երեխաների, առանձին դեպքերում` զառամյալ  ծնողների համար:

Ասում ենք` մենք ապրում ենք ազատ, անկախ, իրավահավասար հանրապետությունում: Ասենք թե սա ճիշտ է, բայց ճիշտ է նաեւ այն, որ այդ ազատ, անկախ ու իրավահավասար երկրում մեկն «ունի հազար ձի ու ջորի», մեկն էլ մեկը չունի, որ մեջքը քորի ու դրանով մխիթարվի: Կասեք թե` էն որ ունի, աշխատել-ունեցել է, դու էլ աշխատեիր: Համաձայն եմ, բայց դե ուսուցիչ եմ, բժիշկ եմ, շարքային ինժեներ եմ, աշխատել եմ, այն ցուրտ ու մութ տարիներին ամսական 8-10 հազար   դրամ պայմանական աշխատավարձով: (Պայմանական, որովհետեւ այն տարիներին ուսուցիչները, նաեւ բժիշկները 6-8 ամսով աշխատավարձ չէին ստանում): Աշխատելն էլ ինչպես է լինում, բերանով հո ղուշ չպիտի բռնեի:

2015թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրը հանրային հեռուստատեսության առաջին ալիքի լուրերի թողարկման ժամանակ ծրագրի հյուր մի այլ երկրի քաղաքացի ասաց, որ ինքը ծնված օրից շփվում է հայ մշակույթի հետ: «31-րդ անգամ եմ լինում Հայաստանում: Հայաստանին ու Արցախին հրաշալի ապագա է սպասվում»: Նման խոսքեր լսելիս, մանավանդ օտարից, կուրծքդ ուռչում է, հպարտությունից քիչ է մնում գոռաս, ճչաս, արտասվես, մի խոսքով, մեջդ լցված էմոցիաներդ անսովոր մի ձեւով արտահայտես: Ու երբ այս ֆոնին հանկարծ հիշում ես, որ վաղուց, շատ վաղուց շրջկենտրոնից հայրենի գյուղն ընկած 30 կմ-ոց ճանապարհը չես անցել, հարազատներիդ հետ չես շփվել, ծնողներիդ շիրիմին չես այցելել, որովհետեւ մի 4-5 հազար դրամ չես ունեցել, որովհետեւ հասարակական տրանսպորտը, որպես այդպիսին, վաղուց, շատ վաղուց գոյություն չունի, իսկ տաքսին մի ուղղության համար ճիշտ այդքան փող է պահանջում: Այ, այստեղ էլ սիրտդ քիչ է մնում պայթի: Սա արդեն ոչ թե վիրավորական է, այլ՝ նվաստացուցիչ:

Խորհրդային վերջին տարիներին, երբ խանութներից անհետացել էին միսը, կարագն ու պանիրը, ապագայի մասին մի քաղաքական անեկդոտ էին պատմում. թոռնիկը վեպ ընթերցելիս հանդիպում է «հերթ» բառին, չի հասկանում բառի իմաստը, խնդրում է տատիկին օգնել: Տատիկն էլ շատ է չարչարվում, բայց չի կարողանում թոռնիկին հասկացնել «հերթ» բառի իմաստը: Ստիպված ասում է` այ, երբ մի անգամ մեր խանութը միս ստանա, ես քեզ ցույց կտամ, թե ինչ բան է հերթը: Հետեւում է թոռնիկի երկրորդ հարցը` իսկ ինչ է միսը: Հիմա, մեր երկրի բնակչության զգալի մասի համար այդ ապագան վաղուց է եկել: Նույնիսկ իշխանություններն են հանձն առնում, որ բնակչության 40 տոկոսն աղքատ է, ասել է թե «միս» ասած մթերքը նրանք տեսնում են կամ խանութների ցուցափեղկերում, կամ էլ, ներողություն եմ խնդրում ձեր տեսողությունն ու լսողությունը վիրավորելու համար, մեռելահացի սեղաններին: Անդրծովյան մթերքների մասին էլ չենք խոսում: Մսամթերքի մասնագիտացված խանութներում, ինչպես ասում են, կգտնեք ցանկացած ճաշակի ու որակի միս, բայց դա բոլորովին էլ չի խոսում այս կարեւորագույն մթերքի առատության մասին: Իրական պատկերն իմանալու համար մտեք գյուղ: Գյուղացին խեղճ ու աղքատ եղել, այդպիսին էլ մնում է: Ամբողջ տարին տանջվել, մեկ-երկու անասուն է պահել, որ աշնանը վաճառի ու իր դարդին դարման անի` գնորդ չկա: Ահա թե ինչու է մսամթերքի խանութների արտաքին տեսքն առատության տպավորություն թողնում: Հա, որ գյուղ մտնեք, մտեք նաեւ մեկ-երկու պատահական տան մառան կամ նկուղ: Մի քանի տարի առաջ, նույնիսկ «անցումային շրջանի» առաջին տարիններին, հայ գյուղացին ձմռան համար մառանում ամբարածի հաշվին մի երկու-երեք ընտանիք էլ ձմեռահան կաներ: Հիմա` չէ, չի կարող: Հիմա հազիվ ինքն է յոլա գնում: Բոլոր այն գյուղացիները, որ այսօր քաղաքաբնակ են դարձել (ինձ նման), իզուր են բողոքում գյուղում մնացած հարազատներից, որ վաղուց է` իրենց «տուլիկ» չեն ուղարկում` պատճառաբանելով, որ «եկող մարդ չկա», «տրանսպորտ չկա», ում միջոցով ուղարկեն: Մի հավատացեք, ճիշտն այն է, որ ուղղակի ուղարկելու բան չկա:

Հանրապետության վարչապետը խոսելով 2016 թ. պետական բյուջեի մասին, շեշտում է, որ այն ունի խիստ արտահայտված սոցիալական ուղղվածություն: Բայց ինչ-որ հավատս չի գալիս, որ դրանից շատ բան փոխվի մեր կյանքում: Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքից մի քանի տվյալ եմ բերում` մեկնաբանությունները թողնելով ընթերցողներին: 2013թ. պետական բյուջեից սոցիալական պաշտպանությանն ողղվել է 304.696 մլրդ, 2014-ին 362.033 մլրդ, 2015-ին 390.504 մլրդ դրամ (Sekretariat minfin.am): Ակնհայտ է, որ բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ներդրումներն անընդհատ աճել են, բայց ակնհայտ է նաեւ, որ դրա հետ մեկտեղ ժողովրդի վիճակն ավելի է վատթարացել: Դարձյալ պաշտոնական տվյալներով` աղքատության տոկոսը հասել է 40-ի: Վեց տարի առաջ այս թիվը 27 էր:

Ասում են՝ մի աղքատ երիտասարդի ու հարուստ աղջկա միջեւ սեր է ծնվում: Երբ գալիս է ժամանակը, եւ տղան գնում է աղջկա տուն նրա հորից սիրած էակի ձեռքը խնդրելու` աղջկա հայրը հետաքրքրվում է տղայի եկամուտով, աշխատավարձով: Տղան պատասխանում է, որ ամսական ստանում է 150 ռուբլի աշխատավարձ: Հայրը մերժում է տղային՝ ասելով, թե այդքան փող իր աղջիկը միայն օծանելիքի վրա է ծախսում: Դժվար չի գուշակել տղայի մխիթարական պատասխանը: Հիմա, անիմաստ կլինի ինձ նմանների կենսաթոշակը համեմատել նմանների կոսմետիկ ծախսերի հետ: Հասկանալի է, նախ այն կլինի բազմապատիկ անգամ ավելի, երկրորդն էլ` վիրավորական է: Բայց ինձ թույլ եմ տալիս մի թվաբանական փոքրիկ խնդիր առաջարկել ԱԺ ծխող պատգամավորներին: Նրանք, չեմ կարծում, թե մեկ տուփը մեկուկես հազար դրամից էժան սիգարետ են ծխում: Ամսվա կտրվածքով դա գերազանցում է թոշակառուներից շատերի թոշակը: Հասկանալի է, թոշակառուն իրավունք չունի ծխել ոչ միայն ֆինանսական տեսանկյունից: Ծխելը վնաս է առողջությանը: Իսկ այժմ հարց հարգարժան պատգամավորներին. թոշակառուն իրավունք ունի՞ հիվանդանալ, հյուր գնալ, հյուր ընդունել, տարին մեկ անգամ կինոդահլիճ, երկու տարին մեկ թատրոն կամ համերգային դահլիճ մտնել եւ այլն: Հուշում` ոչ, չունի: Այդ 40-45 հազար դրամով ՆԱ ՊԵՏՔ Է ԱՊՐԻ, բայց քանի որ այդ միջոցներով դա անհնար է` նա ուղղակի «կենում է» (որը նշանակում մի տեղում անշարժ, անփոփոխ մնալ, ինչպես մնում է քարը կամ անշունչ մի այլ առարկա): Հիվանդանալու իրավունք ընդհանրապես չունի (երանի իրավունքով լիներ): Հիվանդ թոշակառուներ կան, որ ստացած թոշակով բժշկի նշանակած դեղերի կեսն էլ չեն կարող գնել: Անչափ ներողություն եմ խնդրում բոլոր թոշակառուներից, բոլոր նրանցից, ովքեր մի կերպ են ծայրը ծայրին հասցնում ստորեւ բերվող համեմատության համար: Անասնապահության բնագավառում գոյություն ունի «կենսապահ կեր» հասկացությունը: Դա կերաբաժնի այն քանակությունն է, որն անհրաժեշտ է կենդանու ֆիզիկական գոյությունը պահպանելու համար: Միայն դրանից ավելի տրված կերի դիմաց է կենդանին մթերք տալիս: Այ, այս կենսապահ կերաբաժինն եմ ես համեմատում մեր կենսազամբյուղի հետ: Կարծում եմ՝ տարբերությունը շատ մեծ չէ:

Ասում են՝ հին Հելադայում, Ալեքսանդր մեծի ժամանակներում, մի սովորույթ կար, համաձայն որի, որոշակի տարիքի հասած մեկը, եթե նա հասարակության մեջ բարձր դիրք ունեցող էր, իր կողմից նշանակված օրը մեծ խնջույք-գինարբուք էր կազմակերպում, հրավիրում իր մտերիմներին: Խնջույքի սկզբում հայտարարում էր, որ հասարակությանը տվել է այն, ինչ կարողացել է եւ որ այլեւս տալիք չունի, ուստի որոշել է կյանքին հրաժեշտ տալ: Դրանից հետո նա հյուրերին է նվիրում ոսկյա եւ արծաթյա այն թասերը, որոնցով նրանք գինի էին ըմպում, բանավոր հայտարարում իր կտակը, որը գրավորից էլ զորեղ էր լինում, իսկ խնջույքի վերջում գինու հետ խառնված թույն խմում, գնում այն աշխարհը: Իսկ հասարակության ավելի ցածր դասի անդամները, որոնցից նույն այդ հասարակությունն այլեւս որեւէ օգուտ չէր ակնկալում, կամ ինքնասպան էին լինում, կամ էլ նրանց կյանքից զրկում էին մի այլ ձեւով: Երկրիս մեջ պայմաններն այնպիսին են, որ բոլորի կամքից անկախ այդ օրենքը կիրարկվում է նաեւ այստեղ: Անընդհատ շատացող ինքնասպանությունների մեծ մասի պատճառները դրանց դիմողների մոտ ծագած տնտեսական պրոբլեմների լուծման անհնարինությունն է:

Մտերիմ բարեկամներիցս մեկին համառոտ պատմեցի այն, ինչ պատմեցի ընթերցողներիս: Նա էլ թե ` «տնտեսական ապաստան հասկացություն» գոյություն չունի:

Գուցեեւ շատերն են համաձայն այս մտքի հետ, ավելի ճիշտ՝ նման ձեւակերպման հետ, բայց այդ գործընթացը միշտ էլ եղել է, նույնիսկ դարեր շարունակ: Ուղղակի, ինչպես ընդունված է մեր օրերում ասել`  այդ մասին չեն բարձրաձայնել: Կարծում եմ՝ եկել է այդ ժամանակը:

Գիտեմ, որ ինչպես ցանկացած երկրի, այնպես էլ իմ երկրի ղեկավարներն ի պաշտոնե բազմազբաղ մարդիկ են եւ դժվար թե ժամանակ գտնեն ու աչքի անցկացնեն «Սյունյաց երկիր» թերթի նման ծայրամասային լրագիրը: Բայց նրանք բազմաթիվ օգնականներ ունեն, որոնցից մեկ-երկուսի պարտականությունների մեջ հավանաբար մտնում է նաեւ ԶԼՄ-ում շրջանառվող լուրերի մասին նրանց տեղյակ պահելը: Հասկանում եմ, որ շոշափվող հարցը նրանց համար նորություն չէ, եւ ոչ էլ առաջին անգամ են նրանք այդ մասին լսում կամ ընթերցում, եւ հետո էլ՝ դա նրանց համար ուղղակի «միզերնի» հարց է: Բայց դե «մենք էլ մարդ ենք» ու մտածում ենք` գուցե ավելորդ չէ մեկ անգամ էլ հիշեցնել, որ այսպես ապրել այլեւս չի կարելի, գուցե մի բան անեն:

Հ.Գ. Վերջում մնում է հիշեցնել, որ հանրապետության վարչապետ Հ.Աբրահամյանն անկեղծորեն խոստովանում է` չնայած պետբյուջեի «ակնհայտ» սոցիալական ուղղվածությանը, չպետք է հույս փայփայել, որ մեկնարկած տարում կարող ենք համեմատաբար լավ ապրել: Այնպես որ՝ ձեր գոտիների վրա ճարմանդի ուղղությամբ մի անցք էլ բացեք:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: