10/14/2019

Հնագիտական պեղումներ՝ Տաթեւի վանքի վերականգնողական աշխատանքների շրջանակներում

Հնագիտական պեղումներ՝ Տաթեւի վանքի վերականգնողական աշխատանքների շրջանակներում

Տաթեւի վանական համալիրի վերականգնման աշխատանքների շրջանակներում 2013-15թթ. կատարվեցին հնագիտական պեղումներ, որն իրականացրեց ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախումբը՝ պատմական գիտությունների թեկնածու Հուսիկ Մելքոնյանի ղեկավարությամբ (անդամներ՝ պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյան եւ Դավիթ Դավթյան):

Արշավախմբի անդամներից հնագետ Դավիթ Դավթյանի տեղեկացմամբ՝ 2014թ. հնագիտական պեղումներ են իրականացվել վանական համալիրից հյուսիս ընկած հատվածում՝ պարսպապատի անմիջական հարեւանությամբ, որտեղ ժամանակին եղել է վանքի գլխավոր մուտքը: «Պեղել ենք այդ հատվածը, եւ առաջիկայում ծրագրվում է մուտքն այնտեղից բացել, քանի որ աշխատանքներն այդ մասում ավարտվել են: 2014թ. պեղումները թեեւ ծավալուն չէին, բայց պարզեցին, որ տվյալ հատվածում մշակութային լուրջ շերտեր չկան. փոխարենն ամբողջությամբ բացվեց գլխավոր մուտքի մասամբ ներսային եւ առջեւի մասը, որ խորհրդային տարիներին փակվել էր՝ վերածվելով աղբյուրի: Ըստ ծրագրի՝ աղբյուրը կտեղափոխվի, եւ պեղված հատվածից գլխավոր մուտքը կվերաբացվի», - նշեց Դավիթ Դավթյանը:

Ինչ վերաբերում է 2015թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացված հնագիտական պեղումներին, ապա դրանք կենտրոնացվել են մի քանի տեղամասերում՝ վանքի արեւելյան մասում, որտեղ բացվել է ձորի եզրով անցնող պարսպապատի շարունակությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն արեւմուտքից կից գավիթ-սրահի եւ նրա շարունակությունը կազմող կառույցների հատվածում:

Արշավախմբի անդամներից հնագետ-վիմագրագետ Արսեն Հարությունյանի տեղեկացմամբ՝ 2015թ. իրականացված պեղումներն առավել ծավալուն էին, որի արդյունքում պեղվեց շուրջ 500 քառ. մ տարածք. պեղված պարսպապատի երկարությունը 52 մ է, լայնությունը՝ հյուսիսարեւելյան կողմում՝ 1մ 70սմ, որ, աստիճանաբար նեղանալով, ավարտվում ու հատվում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արեւելյան կողմում գտնվող «զնդան» կոչվող շինությանը. այս մասում պարսպապատի լայնությունը 1մ 20 սմ է:

Պարսպի լայնության նման անհամաչափությունը հնագետները բացատրում են նեղ հատվածի՝ ձորի պռնկին կառուցված լինելով, երբ հաշվի է առնվել բնական անառիկությունն ու անտեղի համարվել պատի ավելորդ ծանրաբեռնումը: Ցավոք, ժամանակի ընթացքում պատի շարերը քանդվել են ու ծածկվել հողով, իսկ վանական համալիրի տարածքում պարբերաբար հողալցման աշխատանքներ են իրականացվել, որի հետեւանքով կառույցի ավերակները մնացել են հողի տակ: Պեղումների շնորհիվ բացվեցին պարսպապատի ստորին շարերի կոպտատաշ քարերը: Մասնագետների կարծիքով՝ կենտրոնական հատվածում պիտի լիներ կիսակլոր աշտարակ, բայց, ցավոք, այդ հատվածն ավերվել էր: Ասում են՝ խորհրդային տարիներին ջրահեռացման համար դրենաժ են անցկացրել այդ մասով, եւ գուցե պատի հատվածի խարխլվածությունը պայմանավորված է դրանով: «Մենք սահմանափակվեցինք պարսպապատի հիմքերը բացելով, քանի որ այդ էր մեր առջեւ դրված հիմնական նպատակը: Նշված հատվածում խարխլված պատի հետքեր նշմարվեցին նաեւ ձորի ուղղությամբ, սակայն հնագիտական տեսանկյունից անկարեւոր համարելով՝ բավարարվեցինք եղածով», - տեղեկացրեց Արսեն Հարությունյանը:

Պեղումներ իրականցվեցին նաեւ վանական համալիրի գլխավոր Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային եւ արեւմտյան կողմերում: Հարավային մասում պեղվեց 1043թ. կառուցված եւ 1931թ. երկրաշարժից քանդված գավիթ-սրահի ողջ տարածքը: Պեղումներով բացվեցին Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային եւ մասամբ նաեւ արեւմտյան պատերի եռաստիճան հիմնաշարը՝ մի քանի տեղ վարպետանշաններին փոխարինող անվան գլխատառերով, ապա նաեւ գավթի պատերի ստորին շարերը:

Պեղումները փաստեցին, որ այստեղ տարբեր ժամանակներում թաղումներ են արվել. այդ են վկայում բացված հարթ ուղղանկյունաձեւ տապանաքարերը: Հնագետների տեղեկացմամբ՝ այստեղ ջրահեռացման խնդիր կար, ուստի պայմաններ ստեղծվեցին նաեւ դրա ապահովման համար: Այդ հատվածից դեպի արեւելք, որտեղ գավիթ-զանգակատուն է եղել, հայտնաբերվեց կղմինդրե կավե փողրակների շար, որով ուշ միջնադարում, ամենայն հավանականությամբ, ջուր է հասցվել սեղանատուն: Շարունակությունը չեն պեղել, քանի որ հսկայական տարածք է: «Մեր առջեւ նպատակ էր դրված բացել եկեղեցու գավիթ-զանգակատան հիմնապատերը, որտեղ բարեկարգման աշխատանքներ պիտի կատարվեն: Գավիթ-սրահը պիտի ամրակայվի, այն ամբողջովին վերականգնել հնարավոր չէ, քանի որ հին քարերը հիմնականում չեն պահպանվել: Բացված կավե խողովակաշարը չափագրեցինք, լուսանկարեցինք եւ հեռացրինք՝ պատի արտաքին կողմը ամբողջովին պեղելու նպատակով: Տարածքում ընկած խաչքարերն ու տապանաքարերը դասավորվեցին հարակից խցերի դիմաց», - նշեցին հնագետները:

«Առհասարակ հնագիտական պեղումներից հետո ջրահեռացման ապահովումը տեղին է: Մենք գործ ունենք միջնադարյան Հայաստանի խոշորագույն վանական համալիրներից մեկի հետ, որի  վերականգնման ու բարեկարգման աշխատանքներում նաեւ հնագիտական խմբի ներգրավումն ինքնին ողջունելի է: Տարածքում կան ավերակ կառույցներ, ինչպես օրինակ, գլխավոր եկեղեցուց հյուսիս ընկած շինությունը, որն անհրաժեշտ է պեղել, քանի որ անպայմանորեն գործ կունենանք հնագիտական նոր գտածոների հետ: Վանքի ողջ տարածքը 50-70սմ հողալիցքով արհեստականորեն բարձրացվել է, որը եւս ցանկալի կլինի հեռացնել», - տեղեկացրեց Արսեն Հարությունյանը:

Պեղումները կատարվում են «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամի հովանավորությամբ, թե ինչ շարունակություն կունենան այս աշխատանքները, հնագետները դեռեւս տեղյակ չեն: Բայց այն, որ թե՛ վանքի տարածքում, թե՛ նրանից դուրս պեղումներ կատարելու անհրաժեշտություն դեռ կա, անվիճելի է: Ծրագրի նպատակը Հայաստանի զբոսաշրջության զարգացումն է: Նկատենք նաեւ, որ Որոտանի կիրճում կան հսկայական հուշարձաններ՝ անհիշելի ժամանակներից մինչեւ ուշ միջնադարին պատկանող, որոնք դեռ սպասում են իրենց ուսումնասիրողին: Բացառված չէ, որ այստեղ մուտք գործող զբոսաշրջիկը ցանկություն ունենա ծանոթանալու նաեւ շրջակա միջավայրի պատմական հուշարձաններին:

Ամբողջ գյուղն ինքնին հնագիտական հուշարձան է՝ շրջակայքում հանդիպող շինություններով եւ անձեռակերտ հուշակոթողներով: Ակնհայտ իրողություն է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հետո զբոսաշրջիկները հետաքրքրված են հենց Տաթեւի վանքով, եւ դրա պատճառը միայն նորակառույց ճոպանուղին չէ: 

«Քանի դեռ պեղումներն ամբողջովին չեն ավարտվել, դրանց վերջնական արդյունքների մասին խոսելը վաղ է: Դրանց վերաբերյալ ընդհանուր հաշվետվություն կներկայացվի, երբ համալիրի ամբողջ տարածքը հնագիտական առումով բացահայտված կլինի», - նշեց Արսեն Հարությունյանը եւ հավելեց, որ շատերը վանք են այցելում նաեւ պահպանված հնություններին, պեղումների շնորհիվ հայտնաբերված գտածոներին ծանոթանալու համար:

Ծրագիր կա նաեւ նախկին ախոռի տարածքում թանգարան բացել, որտեղ կցուցադրվեն այն գտածոները, որոնք դուրս են բերվել պեղումների ընթացքում:

Գտածոներից խոսելիս հնագետները տեղեկացրին, որ առատ է եղել խեցեղեն նյութը. ներկայիս զանգակատան առջեւի հատվածից հայտնաբերվել է 14-15-րդ դարերին հարազատ վերագրվող օղակաձեւ նստուկով թաս՝ կապույտ եւ սեւ ջնարակով պատված՝ արաբերեն մակագրությամբ, որի վերծանությունը դեռ ընթացքի մեջ է: Թասի միայն նստուկի հատվածն է ամբողջական, մնացածը՝ բեկորներով:

Տաթեւի հնագիտությունը հարուստ ու բազմաբովանդակ է: Հետագա պեղումները դեռ նորանոր բացահայտումներ են խոստանում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ   

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: