10/14/2019

Հարթաշենի նոր գյուղապետն ամփոփում է պաշտոնավարման 100 օրում կատարածը

- Պարոն Խաչատրյան, լրացավ Ձեր՝ համայնքի ղեկավար աշխատելու 100-րդ օրը: Ուշագրավ ի՞նչ գործեր եք արել այս ընթացքում եւ ի՞նչ ծրագրեր ունեք հետագա չորս տարվա համար:

- Իմ առաջին աշխատանքային օրվանից սկսած հորդորել եմ աշխատակազմի բոլոր անդամներին լինել կարգապահ եւ բարեխիղճ, ժամանակին կատարել բոլոր հանձնարարությունները, գործել օրենքի տառին համապատասխան, ընթացք տալ համագյուղացիների բոլոր դիմում-բողոքներին եւ առավել եւս նրանց առաջարկներին:

Անցած 100 օրվա ընթացքում մեզ հաջողվել է լուծել մի շատ կարեւոր խնդիր. հավաքել նախկինում չհավաքված հողի հարկի, տեղական տուրքերի, վարձակալության եւ գույքահարկի գումարները՝ նախորդ ամիսների հավաքումը 30-35%-ից հասցնելով 100%֊ի: Տարեկան վերջին բյուջեով նախատեսված բոլոր պլանային պարտավորությունները կատարվել են 100%- ով: Գումարել ենք երեք ավագանու նիստ, որոշ նիստերի հրավիրել ենք նաեւ համագյուղացիների, որպեսզի քննարկումները լինեն ավելի թափանցիկ: Այս պահի դրությամբ 2016թ. բյուջեով նախատեսված հողի հարկի, վարձակալության, գույքահարկի, տեղական տուրքերի մասով արդեն հավաքվել է մոտ 1 մլն դրամ, որը կազմում է 2016թ. հավաքվելիք գումարի 18%-ը:

- Ի՞նչ կասեիք գյուղի փողոցների բարեկարգման եւ սանիտարական վիճակի մասին:

- Սանիտարական վիճակն իմ կարծիքով բավարար է, կատարվում է աղբահանություն, սակայն ինչ վերաբերվում է փողոցների բարեկարգմանը… Իրոք փողոցները գտնվում են անբարեկարգ վիճակում: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ կառավարության կողմից ծրագիր է մշակվել խմելու ջրի ներքին ցանցն ամբողջությամբ փոխելու համար, որը խոչընդոտ է հանդիսանում փողոցների բարեկարգմանը: Նշված աշխատանքները կատարվելուց հետո կկատարվի փողոցների բարեկարգում:

- Մեր համայնքն ունի՞ ֆոնդի հողեր, եթե չունի, ապա՝ ինչո՞ւ:

- 1997թ. սեփակաշնորհումից հետո 230 հա վարելահող մնացել է որպես ֆոնդի հող: Հետագայում այդ վարելահողի հիմքի վրա ստեղծվել է պետական սերմնաբուծական տնտեսություն, որը գործել է մինչեւ 2006թ.: 2006 թվականին սերմնաբուծական տնտեսության լուծարումից հետո 230 հա վարելահողից 175 հա վարձակալությամբ 25 տարի ժամկետով տրվել է մեր համագյուղացիներին: Սակայն մնացած 55 հա վարելահողի ճակատագիրն ինձ հայտնի չէ: Վաղ գարնանն այդ ուղղությամբ կկատարվեն համապատասխան աշխատանքներ:

- Ոռոգման ջրի հարցը համայնքում տարիներ շարունակ անլուծելի էր թվում, կարող ե՞ք արդյոք այդ հարցը կարգավորել:

- Իհարկե, կլուծվի այդ հարցը: Ես համոզված եմ, որ «Որոտան» ջուր օգտագործողների ընկերության հետ (տնօրեն՝ Սեւադա Ադամյան), ըստ նախնական պայմանավորվածությունների, ճիշտ ժամանակին համայնքի բնակիչները կունենան ոռոգման ջուր:

- Ի՞նչ վիճակում է գտնվում անասնապահության ոլորտը:

- Անասնապահության ոլորտում խնդիրները համապատասխանաբար քիչ են: Ունենք անհրաժեշտ քանակությամբ արոտավայրեր, չունենք կերի կուտակման խնդիր: Անասնաբուժական բոլոր ծառայությունները Ռ.Գրիգորյանի բարեխիղճ աշխատանքի շնորհիվ գտնվում են բարձր մակարդակի վրա: Նրա սպասարկման ներքո է գտնվում 1500 խոշոր եւ 1200 մանր եղջերավոր անասուն:

- Արդյո՞ք հնարավոր է գյուղում անցկացնել գիշերային լուսավորություն:

- Անպայման, այս հարցը կարեւոր է, եւ ամռանը համայնքի սեփական ֆինանսական միջոցներով այն կլուծենք:

- Գյուղի մի մասը կոյուղու ցանց չունի, ի՞նչ եք մտածում դրա մասին:

- Հարցը շատ տեղին է եւ հրատապ: Այդ հարցով արդեն դիմել ենք Սուրեն Խաչատրյանին, նրա կողմից տրվել է այդ աշխատանքների կազմակերպման համապատասխան ծրագիր մշակելու առաջադրանք, ինչպես նաեւ ֆինանսական աջակցության հավաստիացում՝ աշխատանքների կատարման համար:

- Հանդիսությունների սրահը վերջապես կարո՞ղ է վերանորոգվել, ապահովվել սպասքով եւ անհրաժեշտ պարագաներով:

- Խնդիրը կապված է ավելի մեծ ֆինանսական միջոցների հետ, որը համայնքային բյուջեի միջոցներով չենք կարող լուծել: Այդ հարցով եւս ունենք պայմանավորվածություն Սյունիքի մարզպետի հետ:

- 2016 թվականի համար ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Ցանկացած դեպքում պետք է լինել լավատես, աշխատասեր, նպատակասլաց, որպեսզի ծառացած խնդիրները կարողանանք լուծել: Բոլորիս հայտնի է, որ ունենք նախկինից կուտակված բազմաթիվ եւ բազմաբնույթ խնդիրներ, որոնց լուծման համար ժամանակ է պետք, միջոցներ են պետք:

Վստահ եմ, որ գյուղապետարանի աշխատակազմի պարտաճանաչ ու արդյունավետ գործունեության շնորհիվ մոտակա վեց ամսվա ընթացքում կվերացվեն նախկին բացթողումները:

Հարցազրույցը՝ ԼՅՈՎԱ ՓԱՐՍՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: